Գորիսում կրկին զորակոչ էր

09.07.2025 15:02
744

Հուլիսի 8-ին Գորիսում տեղի ունեցավ Սյունիքի մարզի ամառային շրջանի չորրորդ զորակոչը: Մարզում առաջինը Գորիսում տրված մեկնարկից հետո հանդիսավորությամբ բանակ ճանապարհվեցին Գորիսի, Կապանի, Սիսիանի տարածաշրջանների զորակոչային տարիքի բազմաթիվ նորակոչիկեր։ Առաջիկայում այն կեզրափակվի Մեղրիով:

Զորակոչի օրերին Գորիսի զինկոմիսարիատին հարող տարածքը միշտ լի է մարդկանցով: Հայրենասիրական երգերի ու երաժշտության հնչյունների ներքո այստեղ են հավաքվում Գորիս, Տեղ և Տաթև համայնքների բազմաթիվ բնակիչներ, որպեսզի բանակ ճանապարհեն իրենց զավակներին, եղբայրներին, բարեկամներին, ընկերներին...

Գորիսի զինկոմիսարիատի հատուկ առանձնացված կաբինետներում մասնագիտական տարբեր ուղղվածության՝ Գորիսի ճանաչված բժիշկներից կազմված բժշկական հանձնաժողովը՝ Շողիկ Թունյանի ղեկավարությամբ, բուժզննում է իրականացնում․․․

Հանդիսավոր միջոցառման գեղարվեստական մասի ղեկավար Նելլի Արզումանյանի հաղորդավարական խոսքերն այս անգամ շաղախված էին Սյունյաց Անդոկ իշխանի ու Անդրանիկ Զորավարի ոգեղեն կերպարներով։

Անդոկ Սյունին Հայաստանի թագավորների օրոք Սյունիքի ամենամեծ այրուձին ու մեծաքանակ զորք ունեցող իշխանն էր, ով, որպես առանձնահատուկ պատվի նշան, որպես երկրի գլխավոր ռազմաստրատեգ, թագավորական ժողովներին միշտ նստում էր թագավորի աջ կողքին։

Անդրանիկ Զորավարը Գորիսում, ըստ մեր նշանավոր հայրենակից Ղազար Մալինցյանի շուրթերով շշպռեց անգլիացի զորավար Թոմսոնին, որը հնդիկների շքախմբով եկել էր Գորիս, որպեսզի հայոց Զանգեզուրը բռնակցի Ադրբեջանին․․․

Միջոցառմանը հնչեց Հայաստանի օրհներգը:

ՀՀ ԶՈՒ զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագ Մկրտչյանն աղոթեց նորակոչիկների համար և օրհնության խոսք ասաց:

Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Վահրամ Հարությունյանն իր ելույթում կարևորեց նորակոչիկների մարտական պատրաստվածությունը, նրանց կարգապահ ծառայությունը, շնորհավորեց նորակոչիկներին՝ հայոց բանակի շարքերը համալրելու կապակցությամբ, մաղթեց անփորձանք ծառայություն, բարի վերադարձ:

Ելույթներ ունեցան շարքային Ռազմիկ Մատինյանը, նորակոչիկի ազգական Անահիտ Մինասյանը, ով եկել էր իր թոռնիկի հետ: Փոքրիկ Ինեսայի արտասանած սարդարապատցի բանաստեղծուհի Անահիտ Ազիզյանի «Խոսք նորակոչիկին» բոցաշունչ բանաստեղծությունն այնքան բնական էր ու հուզիչ, որ մարդկանց հոծ բազմությունը փոքրիկի արտասանության ժամանակ նույնիսկ շշուկ չարձակեց․․․

 

Որդիս, մեծացար, բանակ ես գնում,

Պիտի ծառայես հայոց բանակում։

Ամեն օրվա հետ մի հույս եմ կապել,

Ես այս թանկ օրվան երկար սպասել։

Ահա, գնում ես, խոսքս լավ հիշիր․

Մեր հողը սուրբ է, այն լավ պահպանիր։

Ապուպապերդ արյուն են թափել,

Հողը պահպանել ու քեզ են տվել։

Դու էլ պիտի տաս քո զավակներին,

Այսպես՝ շարունակ, գալիք սերունդին։

Առանց այն էլ, շատ ենք հալածվել,

Շատ ենք բզկտվել ու մի բուռ դարձել։

Գիտե՛ս, սերունդն ես դու քաջ Վարդանի,

Աստված քո կյանքը պահի, պահպանի,

Թե գա ժամանակ ու դու երկմտես,

Քո և հողի միջև ընտրություն անես,

Իմացիր, որդիս, պիտի պայքարես,

Ոսոխի ոտքը դու պիտի կոտրես,

Որ չգա, հասնի քո սուրբ քույրիկին,

Ձեռք չբարձրացնի տատիկիդ վրա,

Որ նա չջարդի մեր խաչքարերը,

Հանկարծ չպղծի շիրմաքարերը։

Թանկ բանի համար թանկ են վճարում,

Հողը ոչ մեկին էժան չի տրվում,

Թե հարկ էլ լինի՝ կյանքդ պիտի տաս,

Որ խղճիդ առաջ պատասխան չտաս։

Այս խոսքս է՛լ հիշիր, - քեզ շատ ենք սիրում

Տանդ դուռը բաց, քեզ ենք սպասում․․․

-Խորն է ցավդ, մա՛յր, լավ եմ հասկանում,

Լսիր, թե որդիդ քեզ ինչ է ասում․

-Թշնամին փորձեց տրորել հողս,

Վառել էր մեր մեջ վրեժի ոգին,

Պիտի տեր կանգնենք մեր հող ու ջրին,

Մեր բազկի զարկից դողա՛ թշնամին։

Դուք պատվիրեցիք հողը պահպանել,

Մենք էլ խնդրում ենք՝ միշտ աղոթք անել։

Ձեր սրտում պահեք մոմերը լույսի,

Ձեր սրտում վառեք մոմեր հավատի,

Վառեք մոմերը վառ արշալույսի,

Որ հանկարծ քամին այն չհանգցնի։

Որ մոր աղոթքը Աստծուն հասնի,

Որդին անվնաս գա իր տուն հասնի,

Մեծ սիրով դու ինձ ճամփու դրեցիր,

Այդ նույն սիրով էլ կգա՛մ, սպասի՛ր․․․

 

Անգելինա Խաչատրյանը ասմունքեց նորակոչիկ եղբոր պատվին․․․

Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքի խոսք ասաց ու հայրենասիրական երգով հանդես եկավ «Անի» վոկալ-գործիքային անսամբլի մեներգիչ Բաբկեն Մկրտչյանը։

«Լիլի Նարինյան» պարային ստուդիայի սաները հիասքանչ կատարումով ցուցադրեցին «Յարխուշտա» ռազմական պարը։

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն: Նորակոչիկների հաջող ծառայության, հաջող վերադարձի համար աղոթք բարձրացրեցին և նորակոչիկներին օրհնեցին եկեղեցու հոգևորականները:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08