Գորիսյան պատում. հատվածներ

15.11.2013 15:00
2735

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ


Ռաիսա Ալբերտի Ղարագյոզյան (Բոժկո): Ուկրաինայի գրողների միության անդամ 1988 թվից: Հայաստանի գրողների միության արտասահմանյան անդամ 2001 թվից: Ուկրաինական գեղարվեստական գրականության հայ թարգմանիչ: Ծնվել է 1948թ. հոկտեմբերի 27-ին Գորիս քաղաքում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը (1973թ.), սովորել է Երեւանի պետական կոնսերվատորիայի մեներգչության ֆակուլտետում, աշխատել է Ալ.Սպենդիարյանի անվան Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում` երգչախմբի արտիստուհի (1971-73թթ.), 1974թ.` Կիեւ տեղափոխվելուց հետո` Կիեւի դրամատուրգների կոմիտեում (1978-88թթ.), Ուկրաինայի ազգության գործերի կոմիտեում (1992թ.): Ուկրաիներենին կատարելապես տիրապետելով՝ Ռաիսա Ղարագյոզյանը դարձավ բնագրից ուկրաինական գեղարվեստական գրականության առաջին հայ թարգմանիչը, եղել է «Միասնական ընտանիքի զգացում» գրական մրցանակի ժյուրիի անդամ: Նրա թարգմանությամբ հայերեն լույս են տեսել ուկրաինական ժամանակակից եւ դասական գրողների հետեւյալ գործերը. Գրիգոր Տյուտյուննիկի «Կլիմկո» վիպակը, «Պիոներ» ամսագիր, N,N6-10, Երեւան, 1980թ., Ուկրաինական ժամանակակից պատմվածքի անթոլոգիան` «Կենաց ծառը», «Սովետական գրող» հրատարակչություն, Երեւան, 1981թ., Ուկրաինական մանկական խաղերի ժողովածուն` «Ծաղկուն այգի» (կազմող), «Սովետական գրող» հրատարակչություն, Երեւան, 1982թ., Վ.Զեմլյակի «Կարապների երամը» վեպը, «Սովետական գրող» հրատարակչություն, Երեւան, 1982թ., Պ.Զահրեբելնու «Եվփրաքսիա» վեպը, «Սովետական գրող» հրատարակչություն, Երեւան, 1984թ., Ուկրաինական ժողովրդական հեքիաթների ժողովածուն, «Արեւիկ» հրատարակչություն, Երեւան, 1988թ., Գրիգոր Տյուտյուննիկի «Ասպետի մահը» պատմվածքների ու վիպակների ժողովածուն, «Սովետական գրող հրատարակչություն», Երեւան, 1989թ., Լեհական ժողովրդական հեքիաթների ժողովածուն, «Արեւիկ» հրատարակչություն, Երեւան, 2006թ., Ուկրաինական ժողովրդական հեքիաթների ժողովածուն (խմբագրված, լրացված եւ թարգմանչուհու առաջաբանով), «Արեւիկ» հրատարակչություն, Երեւան, 2010թ., Մ.Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները», վիպակ, Ս.Փարաջանով, «Հավերժական շարժում», Էսսե, «Նաիրի» հրատարակչություն, Երեւան, 2012թ., ինչպես նաեւ ուկրաինական դասական ու ժամանակակից գրողների` Յ.Յանովսկու, Օլ.Գոնչարի, Մ.Ստելմախի, Վ.Բլիզնեցի, Գր.Տյուտյուննիկի, Ի.Չենդեյի, Վ.Յավորիվսկու, Վ.Շկլյարի, Ե.Պաշկովսկու, Օ.Գովդայի, Օ.Ուլյանենկոյի եւ այլոց պատմվածքներն ու նովելները, որոնք տարբեր տարիների լույս են տեսել հայկական պարբերական մամուլում:


Շատ տարիներ են անցել այն օրից, երբ Գորիսի N2 միջնակարգը, իսկ ավելի ճիշտ` Օհանյանի դպրոցը, ավարտելուց հետո լքեցի սիրելի Գորիսը` Սյունյաց աշխարհի այդ մարգարիտ քաղաքը, որի մոգական հմայքը չկարողացան դժգունացնել ո՛չ ինձ ծնունդ տված քաղաքից հեռու ապրած տարիների կուտակը, ո՛չ կիլոմետրերը, ո՛չ էլ օտար քաղաքակրթություններում գտնվելս: Վերջերս` որոշ ժամանակով դադարեցնելով թարգմանչական աշխատանքս, ներքին մի պահանջով որոշեցի հասուն մարդու իմ մտորումներն ու հիշողությունները թղթին հանձնել: Այդ կերպ մտածելով` սկսեցի հետպատերազմյան Գորիս քաղաքի, նրա բնակիչների, իմ մանկական ու աղջկական աշխարհի հենքը կազմող մարդկանց մասին յուրօրինակ աշխարհընկալմամբ իմ պատումը: Եվ ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում այդ պատումից մի քանի հատված:

Կորուսյալ աշխարհ

Տիեզերքի մի հյուլե, երկրագնդի մի կետ, կիկլոպյան ժայռերի` հրաշագեղ մանյակով կուրծքը զարդարած սարերի մեջ շշկլված, հազար ու մի գաղտնիք ու պատմություն պահած, վառվռուն ու խենթ մարդկանց վարքը պարտակած այդ քաղաքը շարունակ հետս է, միշտ իմ մեջ:

Գորի՜ս... Քաղաքը, որ դրոշմվել է իմ մանկական ուղեղում, աղջկական հիվանդագին տպավորության վերածվել, դարձել հասուն մարդու ցնորք, այդ քաղաքն արդեն չկա: Չկա այնքանով, որքանով չկա ժամանակը, որ ցավագին հուշ է դարձել, կորսված հայրենիքի, տանուլ տված պատմության, քանդված հուշարձանների եւ բազում հետաքրքիր ու վառ ճակատագրերի հուշ... Ես հաճախ եմ մտածում այդ ցնորքի մասին, ուզում եմ միս ու արյուն տալ նրան, խոսեցնել... Միտքս թթխմորի պես բարձրանում է, բորբոքում ուղեղս: Հիշողությունները, լավայի հրեղեն լեզու դարձած, հոսում են, տարածվում, դառնում շքեղաշուք ժայռեր, Գորիս-գյուղ, բազալտե ճարտարապետություն, խստակյաց նիստուկաց, լայն հրապարակի վրա կախված զարդաքանդակ պատշգամբներ եւ շենքերի հետեւում քողարկված մի մե՜ծ, վիթխարի, համենայն դեպս կիտված տարիների գագաթից այդպիսին թվացող մի բակ, քաղաքի ամենանշանավոր բակը, որտեղ բազում կյանքի ուղիներ են հատվել, ճակատագրեր բախվել, բնավորություններ թրծվել... Այո՜, թրծվել, քանզի այդ բակը կյանքի ու կենցաղի մի իսկական քուրա էր, որում անցած ու մոռացված տարիներում ծնվել ու մեծացել ենք ես ու շատ-շատերը:

Զարմանալի բան է ժամանակը, նա մի կախարդանքով այդ քուրան վերածում է աստվածաշնչային եդեմի, որում, թե չլիներ տարիների կուտակը, ես այնպե՜ս ապահով կզգայի ինձ` վերստին մանկացած... Ես քանդում եմ մտքիս կծիկը, թելը ձգվում է տասնամյակների ոլորապտույտ խորքերը, հասնում իմ այն խենթուկրակ ու սիրելի քաղաքի կենտրոնը, մթին թունելի, բայց վերջում լույսը երեւացող թունելի պես երկար մուտքով հայտնվում մի մեծ ու աղմկոտ աշխարհում, որ կարծես մի վիթխարի խլթխլթան կաթսա լիներ: Օդն այնտեղ առավոտ ծեգից մինչեւ ուշ երեկո հագեցած էր լինում երեխաների ճիչ-աղաղակով, մեծահասակների կանչով ու կշտամբանքներով: Հետո դրանք սովորաբար վերածվում էին թունդ անեծքների ու հայհոյանքների, որին մեր` երեխաներիս, ականջները սովոր էին ի բնե, քանզի բազալտե այդ խստիվ աշխարհում թե՛ սերն ու փայփայանքը եւ թե՛ չսիրելն անպատճառ թունդ խոսքի հնչողություն էին ունենում: Երեխայի ժիր վարքով ջերմացած մայրը կասեր. «Վու՛յ, թաղեմ քեզ, ա՛յ սատանի ճուտ», իսկ թոռնուհուն սիրող ու դասը սերտելու կանչող տատը բոլորովին էլ չէր քաշվի նզովել. «Ախչի, այ մարդամե՜ռ, դասերիդ կաց...», ամենեւին էլ միտք չունենալով չարագուշակորեն կանխատեսել իր թոռան` հորիզոնում նույնիսկ դեռեւս չնշմարվող ամուսնու վախճանը:

Կալեյդոսկոպ

Չի կարելի կարծել, թե Կլավա-Կլավդիա, Դուսյա-Եվդոկիա անունները տարաշխարհիկ էին Գորիսում: Ո՛չ, քաղաքի բնակիչները միանգամայն բարյացակամորեն, նույնիսկ մի առանձին պարծանքով էին փոխառում եւ իրենց ժառանգներին օտար անուններ շնորհում` դրանով հավերժացնելով ժողովուրդների բարեկամության գաղափարը եւ աշխարհին հավաստիացնելով անխտիր բոլոր ժողովուրդների հանդեպ իրենց անհուն սերը: Օրինակի համար, մի հանգամանք, եթե չի էլ ենթադրում մարդկային այդ ջերմ զգացման առկայությունը, ապա գոնե այդ քաղաքի բնակիչների ավանդական սրտաբացության եւ լայնահոգի լինելու անժխտելի ապացույցն է: Նկատի ունեմ հին դարերում Ակ-կոյունլու եւ Կարա-կոյունլու ցեղերի ժառանգների մեջ տարածված անունների ամենաբազմազան տեսականու առատությունը Գորիսում` Ջավադ, Գյուլնազար, Ջավահիր, Ջահանգիր, Գյուլեր, Գյուլում, Ջիվան, Շամխալ, Գյուլնարա, Բախճի, Սայիդա, Միրզա, Արզուման, Փարսադան, Քալանթար եւ այլն: Չնայած այդ ցեղերի ներկայացուցիչների` Զանգեզուրը կուլ տալու անհագ ախորժակի մասին ամենքը գիտեին: Արդյո՞ք դա անհիշաչարության եւ սրտաբացության սրտառուչ օրինակ չէ: Անկասկած: Ինչ էլ չլինի` հարեւաններ ենք: Բայց զարմանալի է` ինչո՞ւ թուրքը երբեք իր երեխային Անահիտ, Աստղիկ, Արտավազգ, Արամ, Ռուբեն կամ Վահան անունը չի տալիս: Համենայն դեպս երբեք չեմ լսել: Միակողմանի հարեւանությո՞ւն ասեմ, թե՞ միակողմանի բարեկամություն:

«Աստված պահի քեզ, Նժդե՛հ», – օրհնում էր տատս, բայց եւ երախտագիտությամբ հիշում քաղաքի հրապարակով անցնող եւ հանգրվանելու տեղ փնտրող քարավանի պառավ թրքուհուն, որը սիրալիրորեն իր յաբուի գոլ կաթով բուժել էր իմ` իր թոռնիկի, բրոնխիտը...

Սակայն արեւելյան հարեւանների հանդեպ իրենց սերը հավերժացնելուց բացի իմ սիրելի քաղաքի բնակիչները տեսնեիք, թե ի՜նչ ջանասիրություն են հանդես բերում` անվանաբանության ուսումնասիրությունների ասպարեզը լայնացնելու գործում, միեւնույն ժամանակ ապացուցելով պրոլետարական հեղափոխության գաղափարին իրենց անմնացորդ նվիրված լինելը: Շատերն իրենց զավակների անունով պարզապես հեղափոխության խորհրդանիշներն էին անմահացնում: Օրինակ, մաթեմատիկայի իմ սիրելի ուսուցչի անունը Կոմբրիգ էր` Կարմիր գեներալի պես մի բան, մի ուրիշին կոչում էին Լենդրոշ, այսինքն` Լենինյան դրոշով, Մառլեն, Կառլեն անունները` Մարքս-Լենին-Էնգելս եռյակի հապավումն էր, Կոմունը` երեւի թե կոմունան է, եւ այլն:

Իսկ եվրոպական, սլավոնական եւ այլ ժողովուրդների անունների առատությամբ դժվար թե ուրիշ մի այլ քաղաք գտնվեր աշխարհում: Անշուշտ, Գորիսն անչափ մարդասիրական, քաղաքակիրթ, կոմունիստական գաղափարախոսության տեսակետից էլ նույնիսկ ինտերնացիոնալ քաղաք էր: Ինչ անուններ ասես չէիք գտնի այնտեղ` է՛լ Համլետ, Օֆելյա, Դեզդեմոնա, Մեդեա, Մելանյա, Նորա, Գրիզելդա, Մադուրա, է՛լ Ալիսա, Լարիսա, Ռաիսա, Լյուսյա, Անժելա, Ռոզա, Գրետա, Մադլեն, էլեոնորա, է՛լ Զոյա, Լաուրա, Սպարտակ, Ռոմիկ, Լիպարիտ, Էդուարդ, Ասյա, Քրիստափոր, Ժենյա եւ է՛լ ինչ ամենատարբեր անվանաբանական տեսականի, ու շատ հազվադեպ` Անահիտ, Անուշ, Աշխեն, Վահան, Վարդան եւ այլն: Մնում է եզրակացնել, որ քսաներորդ դարի աշխարհացունց իրադարձություններից մեր քաղաքը հետ չէր մնում, չնայած աշխարհագրական տեսակետից լեռնագոգում իր, մի տեսակ, թաքնված լինելուն: «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», – ակամա հիշում ես բանաստեղծի տողերը եւ, ինչ խոսք, հպարտանում հայրենի քաղաքի առաջադիմական եւ կրթամշակութային հակումներով: Համաշխարհային գրականության, մշակույթի նմուշների եւ պատմական իրադարձությունների ու դեմքերի հավերժացման այնքա՜ն շատ օրինակներ կարելի է գտնել Գորիսում` Շեքսպիրի «Համլետը», «Օթելլոյի» Դեզդեմոնան, Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում», Հյուգոյի «Թշվառները», Հոլիվուդի Գրետա Գարբոն, կարմիր պարտիզան Զոյա Կոսմոդեմյանսկայան, լեգենդար ճանապարհորդ Քրիստափոր Կոլումբոսը, եւ էլ ինչ ասեմ ու ինչ թողնեմ... Բայց օտար անունները հնչյունափոխվում, դառնում էին միայն քաղաքի բնությանը հատուկ: Գորիսը կարողանում էր ամեն ինչ ծամել, մարսել, դարձնել իրենը, եւ Համլետը Համո էր դառնում, Հենրիկը` Հենո, Օֆելյան` Օփել, Դեզդեմոնան` Դեզիկ, Գրիզելդան` Գեզո, Էսմերալդան` Էսմա, Լիպարիտը`Լիպո, Մադլենը` Մադո, Լաուրան` Լավուր, Իզաբելան` Զաբել եւ այլն: Իսկ այն, ինչ հնչյունափոխության չէր ենթարկվում, այդպես էլ հավերժանում էր` Իդա, Աիդա, Ֆրիդա, Նորա...

Գորիսը սիրում էր Եվրոպան,
որովհետեւ եվրոպական էր:
Գորիսը սիրում էր Արեւելքը, որովհետեեւ նաեւ արեւելյան էր:
Գորիսն, ի՜նչ արած, սիրում էր խորհրդայինը, որովհետեւ դա պատմության իր էջն էր:
Գորիսը սիրում էր աշխարհը, որովհետեւ ինքն աշխարհի մի քաղաք էր:
Եվ, վերջապես, Գորիսը պարզապես ապրում էր իր կյանքով:

Սամսոն եւ... Դալիլա՞

Ասում են՝ անունը բախտորոշ նշանակություն ունի մարդու կյանքում, որ այն իբր նրա ճակատագրի մոգական բանաձեւն է, եւ անուն տալիս պետք է զգույշ լինել: Ասենք, դու նշանավոր պատմական կամ առասպելական անձի անվան կրողն ես, օրինակ` Նապոլեոն, որը, ի դեպ, հազվադեպ չէր Գորիսում: Անշուշտ, դժվար թե քեզ հաջողվի երբեւէ քո կյանքում հին Եվրոպան վերաձեւած եւ ֆեոդալիզմի կապանքներից ազատած այդ ռազմի աստծո գործունեության գոնե մի հյուլեն իրականացնել: Արդյո՞ք քո մեջ անլիարժեքության բարդույթ արմատանալու վտանգ չես զգում: Ոչ ոք չի կարող դա երաշխավորել, քանզի նման անունն անչափ հավակնոտ է, պարտավորեցնող: Իսկ Սամսո՞նը: Երբ հիշում եմ այս անունը` «Սամսոն», ենթագիտակցաբար ավելացնում եմ` «եւ Դալիլա»: Աստվածաշնչային լեգենդում կնոջ նենգամիտ դավաճանության թեմա՞ն է խորապես տպավորվել իմ մեջ, թե՞ Դալիլայի թավշահունչ մեներգի հանճարեղությունն է նման զուգորդություն ստեղծում, չգիտեմ:

Սամսոնը մեր պատին կից հարեւանն էր: Թեեւ այդ անունը տալիս լսողական զգայարանս ինքնաբերաբար գցում է ինձ լեգենդների ու երաժշտության զգայացունց աշխարհը, ու ոչնչով աչքի չընկնող, առեւտրի ցանցում մի կերպ իր գլուխը պահող եւ հնադարյան Քանանի առասպելական հերոսի անունը կրող այդ խեղճուկրակ մարդու կողքին դնում փիլիսթիմցի Դալիլային` աշխարհի պատմաբեմում հազիվ թե գոյություն ունեցած, գուցե եւ վաղուց չքացած այդ ժողովրդի չքնաղ դստերը, այնուամենայնիվ զուգահեռաբար հիշում եմ, որ Սամսոնի կողակիցն Աստղիկն էր` մեր բակին կից հացի խանութի համեստ վաճառողը, որին հենց այդպես էլ կոչում էին` Հացի խանութի Աստղիկ, որովհետեւ նա այդ խանութի միակ աշխատողն էր, խանութի «տիրուհին»: Չնայած Սյունիքը պատմության ոլորաններում միշտ անկախության է ձգտել, նույնիսկ մի քանի հարյուրամյակ անկախ թագավորություն եղել, այնուամենայնիվ մեր քաղաքում մարդիկ սիրում էին, որ անպատճառ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի պատկանելիս լինեն, ու այդ պատճառով շատ հարգի էր պատկանելություն ցույց տվող սեռական հոլովը, անկասկած, հազիվ թե սիրելով քերականության կանոններ սերտելը: Քաղաքում հայտնի մարդիկ էին, օրինակ` Բաղնիքի Արմիկը, Գրախանութի Արտոն, Բուլվարի Ջահանգիրը, Կինոյի Հազարվարդը, նույն մեր Հացի խանութի Աստղիկը, Իշխանի Սիրանը, Նուբարի Վալոդը եւ այլն: Պատկանելության այդ հոլովը քաղաքում կարծես թե մարդու անհատականացման կոդի որոշիչն էր:

Հայկական դիցաբանության կարկառուն աստվածուհու գեղեցկությամբ դժվար թե Աստղիկն աչքի ընկներ, բայց որպես մայր` հայրենի քաղաքի դեմոգրաֆիական գործընթացում նա իր լիարժեք լուման էր ներդրել` Սամսոնի հետ երեք զավակ աշխարհ բերելով: Յուրիկն ամենամեծն էր, արդեն դպրոցական, հետո գալիս էր Էդիկը, ամենափոքրն արդեն աղջիկ էր` շքեղաշուք մի անունով` Էլադա: Այդ փոքրիկ, վտիտ, թխադեմ աղջնակն ամենեւին գաղափար չուներ, որ ինքը հնադարյան մի մեծ ժողովրդի` եվրոմշակույթի հիմնասյան` հելենների երկրի անունն էր կրում: Միշտ անլվա, չսանրված, երկար մազերով եւ հեզ ու ականջը կախ այն աստիճան, որ իրենից ավելի մեծ երեխաներիս ամենաաներեւակայելի չարաճճիությունների կարծես փորձակենդանին լիներ. Էլադան անտրտունջ ենթարկվում էր խաղերի մեր ստեղծագործական ցանկացած պոռթկումին: Նա ե՛ւ մանկան դերում էր լինում, ե՛ւ մեծի, հարսանքի արարողության մեջ հարսնացու էր դառնում, թաղման արարողության մեջ, ինչ մեղքս թաքցնեմ, մեռյալ: Աստված մի արասցե, սիրելի իմ Էլադա՛:
Այսպիսով` Էլադա, Սամսոն, Էդուարդ, Յուրի, Աստղիկ... Պատմական, դիցաբանական հերոսներ ու ժողովուրդներ անմահացնող անունների մի շենշող աստղաբույլ` հացի խանութի Աստղիկի ընտանիքում:

Կայսրության լուծը թոթափած, պրոլետարական հեղափոխության հարուցիչն աշխարհով մեկ տարածելու անհողդողդ հաստատակամությամբ տոգորված կոորդինատների նոր համակարգում հայտնվելը, ինչ խոսք, նոր ավյուն էր տվել իմ քաղաքի բնակիչներին, ամենայն հավանականությամբ, ոչ առանց ֆրանսիական հեղափոխության «Liberte, Egalite, Fraternite» նշանաբանի ազդեցության: Ժառանգներին նման արտասովոր անուններ տալով` այդ կերպ երեւի թե նրանք փորձում էին տեսանելիության իրենց հորիզոններն ընդարձակել եւ գոչել, որ իրենք աշխարհի ազատ քաղաքացիներ են: Այդ կերպ գոնե ազատ են...

Մինչդեռ բիբլիական անունից բացի` Սամսոնը եւս մի անուն ուներ, ասել կուզի մականուն` Կանտուժին, այսինքն` կոնտուզիա ստացած, նյարդերից հիվանդ մարդ, այսինքն` մի քիչ գիժ: Հենց այդպես: Հայտնի չէ, թե ով էր նրան առաջին անգամ այդպես կոչել, գուցե թե կինը` Աստղիկը, պատերազմում խեղված ջղերով իր ամուսնու ամենօրյա խոսքուկռիվների եւ տուրուդմբոցների զոհը, որի արդյունքը հաճախ` առավոտյան հացի խանութի վաճառասեղանի հետեւում կանգնած փարթամ կոնքերով գործակատարի մուգ կապտուկներն էին լինում, չնայած «աստղային» ընտանիքը կերակրելու հոգսը հիմնականում ընկած էր նրա ուսերին:

Իսկ Սամսոնը քաղաքի առեւտրային ցանցի գրասենյակային մանր աշխատող էր: Դժվար թե այդ գործից ընտանիքի բյուջեն դրական որեւէ փոփոխության ենթարկվեր, մանավանդ որ Սամսոնը թունդ ծխող էր եւ հեթանոս Բաքոսի երկրպագուն: Դրանից չէի՞ն արդյոք նրա աչքատակի կապույտ ստվերները: Իսկ սուր դիմագծերով ու լայն խորշոմներով, մի տեսակ ճմռթված, օրումեջ սափրվող դեմքը, միշտ նույն մաշված գորշ բաճկոնը, չարդուկվող տաբատը եւ ջղային խոսելաձեւը, անշուշտ, նրա աներջանիկ կյանքի ապացույց չպահանջող վկայություններն էին: Այդուհանդերձ, նա տան տղամարդն էր, տան գլուխը` ներքնահարկում տեղավորված իր փոքրիկ, մեն-մի կիսամութ սենյակից ու չորս հպատակից` կնոջից ու երեք երեխայից, բաղկացած տիրության մեջ, որտեղ նա կարող էր հագուրդ տալ իր կրքերին` հիվանդությունը մեջ բերելով որպես մեղմացուցիչ հանգամանք:

Մեր բակը մի մե՜ծ, վիթխարի կարուսել էր, եւ մենք բոլորս` մեծ ու փոքր, այս կարուսելային շրջապտույտի հեծյալներն ու հանդիսատեսները:

«Էս սարն իմն է, էս ծառն իմն է»

Մեր բակն ամեն ինչ էր, այս անգամ էլ`թատերաբեմ, այնտեղ խլխլացող կյանքը` մտապատրանքային արարներից բաղկացած ներկայացում: Այդ բակում ապրող մարդիկ, առանց որեւէ բացառության, քաղաքում հորձանվող նոր կյանքի ողբերգազավեշտության մեջ գործող վառ դերակատարներ էին, երկատված հոգով մարդիկ, խորհրդային փորձանյութից ծնված մի-մի դոկտոր Ջեկիլներ: Այդ մարդիկ կարող էին ե՛ւ բարի լինել, ե՛ւ չար, ե՛ւ անսահման մեծահոգի, մեկ էլ կոպիտ ու դաժան, մի օր կարող էին ժլատ լինել, մյուս օրը` շռայլ, նրանք երջանիկ էին եւ դժբախտ, սիրում էին իրենց հինավուրց անցյալն ու ջատագովում խորթ ներկան: Այնտեղ կհամոզվեիր, որ սիրուց մինչեւ ատելություն, իրոք, ընդամենը մի քայլ է...

Այդ ներկայացման մի կարեւոր գործող անձը բակի մի հեռավոր ծայրում աճող սաղարթախիտ թթենու տակ սեւ ագռավի պես մշտապես իր աթոռին թառած սեւազգեստ Կաղ Մանուշն էր: Նրա անվանը «Կաղ» էին կպցրել, որովհետեւ խեղճն իսկապես կաղ էր: Բայց ախր միշտ չէ, որ կաղին հենց այդպես էլ անվանում են` «Կաղ»: Կա վերջապես մարդու մարմնական արատի հանդեպ այնպե՜ս անհրաժեշտ կարեկցանքի կամ նրբանկատության մի համամարդկային չգրված կանոն ասեմ, թե սկզբունք: Մի՞թե այն չէր գործում մեր բակում, թե՞ այնտեղ ապրող մարդիկ պարզապես անբռնազբոս էին, անսեթեւեթ այն աստիճան, որ իրերն իրենց անունով կոչելը մի սովորական բան էր նրանց համար:

Այդ հարցերին ես հիմա եմ փորձում պատասխան տալ...

Կաղ Մանուշն ապրում էր մեր շենքի մի ծայրի ներքնահարկում, որ ուներ մի առավելություն` տեղավորված էր հինավուրց թթի ծառի ուղիղ դիմաց: Միշտ նույն չթե լայնածավալ սեւ զգեստով, որ ավելի շուտ պարաշյուտի էր նման, քան շրջազգեստի, ու սեւ գոգնոցը փորին կապած, իր անբաժան աթոռին նստած` Կաղ Մանուշը զօրուգիշեր հսկում էր հաստաբուն թթենին նույնիսկ այն ժամանակ, երբ թթենու վրա կանաչ սաղարթից բացի ուրիշ ոչինչ չէր լինում: Ոչ ոք չգիտեր, թե նա երբ է արթնանում ու երբ քնում: Արեւը ծագած-չծագած, Մանուշն արդեն նստած էր լինում ծառի տակ իր աթոռին` կքված ու ձեռքերը դարսած ձեռնափայտին: Եվ այդպես մինչեւ ուշ երեկո: Երեկոներն էլ չգիտեինք, թե ինչպես է նա վերադառնում իր տուն: Բակի բնակիչների համար այդ կարճ ճանապարհորդությունը` թթենուց մինչեւ իր տունը եւ ցայգալույսին` տնից մինչեւ ծառը, մնում էր անհայտ, եւ ամենքը հակված էին մտածելու, թե Կաղ Մանուշը մի գերբնական արարած է, որը ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ու միշտ այդպես էլ նստած է իր աթոռին:

Ամենքը, հատկապես քաղցր թութ ըղձացող երեխաները, գիտեին ժլատ Մանուշի ձեռնափայտի, նրա այդ ամենահաս զենքի զորությունը, ուստի ոչ ոք սիրտ չէր անում մոտենալ թթենուն, անցնել ծառի սաղարթի գծած ստվերի սահմանը, այլապես չար պառավի ձեռնափայտը շմփալու էր սահմանախախտի մեջքին, եւ ամենաչնչին առիթով անգամ բակով մեկ հնչող նրա հայհոյանքների ու անեծքների տարափը մի նոր ուժով տեղար վրան: Այդ կարկտալի տարափի տակ ընկնում էին ամենքը` ե՛ւ Մանուշի միակ թոռն ու աղջիկը, ե՛ւ խմող փեսան, ե՛ւ խաղացող երեխաներն ու հարեւանները: Վերջիններս չարախնդությամբ ու մի անթաքույց բավականությամբ էին Մանուշին «Կաղ» մականունը կպցնում, իհարկե, այնպես, որ պառավը չլսի, թեեւ, կասկած չկար, որ նա տեղյակ է դրան: Նրա ամբարիշտ, չար բնավորությունից, անվերջ լուտանքներից ու ճղճղոցներից հոգնած մարդիկ այդ կերպ, կարծես, վրեժխնդիր էին լինում` իրենց սիրտը հովացնելու համար, գլխի չընկնելով, ավա՜ղ, որ պառավի չարությունը գալիս է հենց ֆիզիկական անկարությունից` նրա կաղ լինելուց: Համաշխարհային մշակույթի արժեքների ու գործիչների նկատմամբ աչքի զարնվող հետաքրքրությամբ ու սիրով տոգորված իմ աչքաբաց քաղաքացիները մի՞թե չէին ընդունում, որ այդ լայնասաղարթ, հաստաբուն թթենին, ձեռնափայտով զինված Կաղ Մանուշը` ծավալուն հետույքին կարծես թե գամված աթոռի հետ միասին մի ուրույն ամբողջություն են, որ նրանք Մոկնանց բակը կոչված մտացնորական այդ զարմանալի ներկայացման մի սքանչելի տեսիլն են, եւ որ առանց նրանց մեր բակը պարզապես մերը չէր լինի: Թվում էր, թե նրանք միասին էին այս մեղսավոր աշխարհը եկել եւ միասին էլ պետք է լքեին այն:

Ոչ ոք չգիտեր, թե ով է Մանուշը, ումից է ծնվել նրա աղջիկը, ով է եղել Մանուշի ամուսինը, եւ թե արդյո՞ք եղել է նման մեկը: Հայտնի չէր նաեւ` ի ծնե՞ է Մանուշը կաղ, թե՞ դժբախտ պատահարն էր նրա հաշմության պատճառը: Գլխավորն այն էր, որ բախտի շնորհած այդ զուգադիպությունը` իր կացարանն ու հենց դիմացն աճող քաղցր թթենին, հնարավորություն էին տալիս պառավին մշտական պահակակետից անդադրում աչալրջորեն հսկելու ոչ միայն թթենու բերքը, այլեւ ղեկավարելու իր միակ դստեր` մորից ոչ պակաս ընչասեր Էսմայի, նրա ամուսնու` ավելի հաճախ հարբած, քան զգաստ Կոմունի, եւ նրանց տղա ժառանգի ու իր թոռան կյանքը: Չէր կարելի կարծել, թե այդ կյանքն առանձնապես քաղցր է, չնայած որ թութը քաղցր պտուղ է...

Ժամանակները խորհրդային էին, բայց Մանուշի մոտ, անշուշտ, ուժեղ էր հին կարգերում թերեւս ինչ-ինչ սեփականության տեր իր նախնիների արյան ձայնը, ու քանի որ նաեւ հաշմանդամ էր, ըստ այդմ էլ խղճահարության զգացումից ելնող ակնհայտ մի արտոնության տեր, ապա նա այդպես էլ, առանց այլեւայլության, բնության քմայքով, թե հոգատար մեկի ջանքով տնկված մեր բակի միակ թթենու լիիրավ տիրուհին էր իրեն համարում: Եվ ինչպե՞ս կարելի է չհիշել «Չարի վերջի» հայտնի` «Էս սարն իմն է, էս ծառը իմն է»-ն ու չենթադրել, որ Կաղ Մանուշը կասեր.
– Էս ծառն իմն է, էս թութն իմն է...

Ի հակադրություն մասնավոր սեփականություն սիրելու իր հակման, որ կոմունիզմ կառուցող հասարակության անդամին լիովին խորթ մոլություն էր, այնուամենայնիվ Կաղ Մանուշն անհատի պաշտամունքի խանդավառ կողմնակից էր: Երբ գարնան մի ցուրտ առավոտ պարզվեց, որ պաշտամունքի այդ առարկան արդեն հպատակվել է մահաբեր Հադեսին, Մանուշը, անհուն վշտի մեջ հետույքն աթոռից պոկելով, չտեսնվա՜ծ բան, լքեց իր տիրությունը եւ, ձեռնափայտն ուժգին թխկթխկացնելով ու մի ոտքի վրա լոք-լոք անելով, մեկ էլ հայտնվեց մեր դռան առաջ ու չգիտես` ի դեմս կուսակցական իմ տատի հուսալով գտնել իր պես անկեղծորեն Ստալինի մահը ողբացող մեկի՞ն, թե՞ հարգելով կոմհամալսարանյան նրա կրթվածությունը, ձեռքերը հուսահատորեն ծնկներին զարկելով, ծկլթաց.

– Աշխե՜ն, բա չե՞ս իմացել, ա՛յ Աշխե՜ն, Ստալինը մեռել է՜, էս ի՜նչ զուլում եկավ գլխներիս, վու՜յ, բա հիմի ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք ապրելու, հը՞...

37-ի ահաբեկչությունն ապրած, սիբիրներում որդի կորցրած, որբ թոռնիկի հոգսն ուսած տատս չափազանց լավ գիտեր, թե ինչ ասել է «Ստալին» եւ, ծաղրանքով նայելով Կաղ Անուշին, գոչեց.
– Աստծո լույսը մեզ վրա, խելքդ պակաս, ի՜նչ ես հիմար-հիմար դուրս տալիս: Էն շան ցնգնածի վրա՞ ես սուգ անում: Շատ էլ լավ է արել, որ մեռել է, քարը` փորին: Ոնց ապրել ենք` էնպես էլ ապրելու ենք: Սուգ անելու բա՜ն է գտել... Գնա՛, գնա՛, տեղդ վեր ընկի:

Տատս իր զայրութի մեջ անողորմ էր, քամահրող: Խորհրդային հիմնարկներում պետ լինելն իր գործն արել` պողպատի կոշտություն էր տվել նրա բնավորությանը:

Խեղճ Մանուշը վայրկենապես սսկվեց եւ դադարեցրեց սուգը: Դժվար թե դրանից հետո նա այնպես պաշտեր Ստալինին:

Եթե դա այդպես է, ապա բոլշեւիզմից պողպատացած տատս այդ առավոտ պետք է որ կարեւոր բան արած լիներ:



Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25