Հայրենի ոստան Մեղրին որպես գրական ճակատագիր...
Գրական վիթխարի ժառանգություն և արժանի հռչակ...
Գրականության պատմության մեջ տարբեր կերպ են դասավորվում հայտնի գրողների ճակատագրերը։
Ոմանք ճանաչում և փառք են ձեռք բերում վաղ հասակից` երիտասարդության տարիներից, մյուսները այդ ամենին հասնում են առավել ուշ` լիովին հասուն տարիքում։
Ներսես Խառատյանը` հայ և հայաստանցի գրողը պատկանում է երկրորդ խմբին։ Այո՛, նրա գրական տաղանդը փայլատակեց, երբ հասուն տարիքում էր և երիտասարդությունը մնացել էր հեռվում։ Սակայն գրական ձիրքն իրեն զգալ էր տվել դեռևս դպրոցական տարիներից և երբեմն տպագրվել էր շրջանային մամուլում։
Ներսես Խառատյանը ծնվել է Հայաստանի Հանրապետության ամենահարավային քաղաքում` Մեղրիում, ուր կյանքը դրախտային շղարշներով էր լեցուն։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել են Երևան, սակայն հոգեկան և ֆիզիկական կապը ծննդավայրի հետ կենսունակ է պահել մինչև օրս։ Ավելին, իր արձակ ստեղծագործության բազմաթիվ կերպարներ գալիս են ծննդավայրից, իր մանկության և պատանեկության արևաշող քաղաքից, որն իր գույներով, վարքուբարքով, մաքուր, անբիծ միջավայրով ընդմիշտ դրոշմվել է նրա հոգևոր աշխարհում։ Մանկության եզերքի մասին շատ է գրել` պատմվածքներ, բանաստեղծություններ, վիպակներ...
Սակայն էլի ասելիքը թերի ու կիսատ է մնացել և հետագա գործերում նորից է շաղ տալու իր մանկության մոլորակի տաք, գույնզգույն բույրերն ու երանգները։
Այո՛, ծնունդով մեղրեցի գրողը գրական իրականության մեջ ձևավորվեց իր ծննդավայրի աստվածային գեղեցկությունից, հայրենակիցների ջինջ երազանքներից ու խորին խորհուրդներից։
Ու շուտով Մեղրին իր բնականությամբ, իր մեծ ու փոքր հերոսներով, աննշան և նշանավոր այրերով, դեպքերով և իրադարձություններով դարձավ արձակ և չափածո գրականության նյութ։ Հայ ընթերցողները հետայսու նաև Ներսես Խառատյանի ստեղծագործությունների շնորհիվ պիտի նրբին ընկալումներով կապվեն Հայաստանի հարավային եզերքի հետ, սիրեն ու փայփայեն այդ աշխարհը։
Ներսես Խառատյանի գրական անուրանալի տաղանդի և երևակայության շնորհիվ, հայոց փոքր ոստանը` արևաշող ու արևաբույր Մեղրին երկնում է գրական կատարյալ կերպարներ, որոնք նաև շատ իրական են։ Նրա պատմվածքներում և վիպակներում փոքր քաղաքը` հնաբույր Մեղրիի մեծ ու փոքր, աննշան ու նշանավոր մարդիկ ստեղծում, կերտում են այն կարևորագույնը, առանձնահատուկն ու եզակին, որով Մեղրին ու մեղրեցիները առանձնանում ու նշանավորվում են հոգեկան ու բարոյական ուրույն որակներով։
Խառատյանական կենսափիլիսոփայությունը
Յուրաքանչյուր գրող հաստատում է իր գրական դավանանքը` կենսափիլիսոփայությունը։ Այն ամենը, ինչով և ինչպես է տեսնում, զգում և իմաստավորում աշխարհն ու մարդկանց։
Ներսես Խառատյան գրական անհատականությունը մարդկանց հոգիներին բերում է իր խորունկ կենսափիլիսոփայությունը, հաստատում իր բարոյական արժեքային համակարգը։
Նախևառաջ պետք է հստակ արձանագրել, որ Ն. Խառատյանը երբեք չի սահմանափակվել միայն իր ծննդավայրի շրջանակով։ Առհասարակ, նա այն գրողն է, ով յուր հոգեկան սլացքով, ստեղծագործական նպատակադրումներով կարողանում է անվրեպ և «անտես» կերպով անձնականից ընթանալ դեպի համամարդկայինը, մեկ մարդու հորիզոնից` դեպի բյուր մարդկանց հորիզոնը։
Նա իր բազմաթիվ հերոսների տեսքով ու կերպով այս աշխարհում քարոզում է իր բաժին ճշմարտությունը, որը սահմաններ չճանաչող բարություն է, արդարասիրության և արդարամտության զորեղ զգացողություն, հայրենի երկրի, նրա բնության և ժողովրդի հանդեպ գուրգուրանքով լեցուն արժանապատիվ վարքագծի ու վարքուկանոնի դրսևորում։ Ըստ իս, Ներսես Խառատյանը դասական պարզության արձակագիր է և նրա ստեղծագործական աշխարհում զգացվում և հետագա շարունակություն են գտնում հայ դասական արձակի լավագույն ավանդույթները։
Պարզ սյուժե, իրական կյանք և իրական հերոսներ, պարզ և ճիշտ ասելիք, ահա՛ մեղրեցի գրողի ստեղծագործությունը բնութագրող հիմնական լեյտմոտիվը։ Ի տարբերություն այլոց, որ երբեմն բոլորովին արհեստական իրականություն են կերտում, Խառատյան արձակագիրը գեղարվեստի դաշտում վարպետորեն վավերագրում է իր տեսածը, ապրածն ու զգացածը և գլխավորապես հայրենի եզերքի բնաշխարհն ու մարդուն։ Փոքր արձակում նրա կերտած հերոսները գալիս են մանկության ու պատանեկության ջերմ ու բարի ժամանակներից, իր ապրած մաքուր, վառ ու ջինջ օրերից։ Նրանք հնարովի կերպարներ չեն, այլ շա՜տ իրական` իր հետ ծնված և տարիներով ապրած առօրյա,ամենօրյա կերպարներ։ Նրանցից ամեն մեկը հետաքրքիր ու կոլորիտային է և անկրկնելիորեն յուրովի։ Գաբոն, Ղեյրաթի Վանեսը, Հենրիկը (սնդիկը), Ռուբիկը, Գեղանիկը, դեղատան Լյովան, Մելիլքսեթը և շատ այլ կերպարներ այնքան բնական են, առանց արհեստական հարդարանքների, որ ամբողջովին համաներդաշնակ են իրենց ժամանակի ու միջավայրի զուգորդումներին։
Կյանքի մեծ ու համոզիչ ճշմարտությունն է ասվում փոքր ծավալի նրա գործերում։
Եվ ասվում է պարզ ու հասարակ, գեղեցիկ ու վճիտ։
Խառատյանական արձակի հերոսները սկզբունքային մարդիկ են, որոնք ոչ մի հանգամանքում չեն ուզում և չեն կարող հրաժարվել կյանքի ընթացքում որդեգրած սկզբունքերից ու դավանանքից։ Նրա հեղինակած պատմվածքները հրաշալի հոգեբանական դրամաներ են` կյանքի և մահվան պահի և հավերժության, նյութական գծուծ արժեքների ու գաղափարական բարձր սկզբունքների հակասությունների ու շուրջ։
Հոգեբանական նրբին դրամատիզմով և խորությամբ առանձնացող գործերից մեկը «Լավագույն պատմվածքը» նովելն է, որը մարդկային ճակատագրի անիմանալի, հանելուկային բնույթի մեկնության փորձ է, իր իսկ` հեղինակի կենսագրության հիման վրա։ Ճակատագիր, որի գիրը ոչ ոք ի վիճակի չէ նախապես ընթերցել ու բացահայտել։ Նովելի սկզբում և վերջում որպես ինքնախոստովանանք լսվում է հետևյալ մրմունջ-շրշյունը. «Աշխարհում ստեղծված ամեն հրաշալի և կատարյալ բան սիրո արդյունք է, սիրո ծնունդ։ Այդ մաքուր, արևային զգացումը այս ունայն ու անցողիկ կյանքի բարձրագույն արժեքն է` շռնդալից, հոգեպարար ու արարչագործ, որ մարդուս մղում է ամենավեհին ու ազնվագույնին»։
Բարերար և հզոր սիրո ձգողական անկաշկանդելի ուժն է հեղինակին մղել հաղթահարելու բազում խոչընդոտներ և նվաճելու շատ ու շատ բարձունքներ, բեկելով նրա ճակատագրի սովորական և միապաղաղ ընթացքը։
Հանրային լայն ճանաչում և գրական անբիծ համբավ...
Ճակատագրի անմեկնելի, անիմանալի ընթացքով էր պայմանավորված Ներսես Խառատյան անուն–ազգանունով հեղինակի հաջող մուտքը հայ գրականության անդաստան։ Իրավաբանական փայլուն կրթություն ստացած և մասնագիտական անթերի առաջխաղացում ունեցող այրը ճակատագրի քմայքով պիտի հայտնվեր գրական իրականության մեջ, քանզի ինչ- որ մի բան «...խանգարում էր լիարժեք վայելելու վաստակածի բերկրանքը` դրա նշանակությունը մղելով հետին պլան` այն ստորադասում մեկ այլ, անհայտ ինչ-որ բանի կարևորությանը»։
Վերոնշյալ անհայտ, ինչ-որ կարևոր բանը գի՛րն էր, հազարամյա հայոց գրի և գրականության կանչը, որն էլ, ի վերջո, ստիպեց հեղինակին գրիչ վերցնել և ճերմակ թղթին գեղարվեստորեն շարադրել զգացածն ու ապրածը։ Եվ կարճ ժամանակում մեր ժողովրդի գրասեղանին դրվեցին նրա բազմաթիվ գրքերը (երկու տասնյակից ավելի), որոնք ջերմորեն են ընդունվել լայն հանրության կողմից։ Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար հրատարակվում են հանրապետական և մարզային գրական մամուլում, տարբեր հանդեսներում, ընդգրկվում գրական անթոլոգիաներում։ Նրա գործերը հաճախակի թարգմանվում են ռուսերեն և այլ լեզուներով։ «Литературная Армения» հանդեսում հրատարակված «Խաղ մահվան հետ» պատմվածքը ընդգրկվել է վերջին 25 տարիներին վերոնշյալ հանդեսում լույս տեսած լավագույն ստեղծագործությունների անթոլոգիայում։ Բացի այդ, ռուսերեն լեզվով թարգմանվել է նրա արձակ և չափածո ստեղծագործությունների ընտրանին։
Ն. Խառատյանի վեպերից չորսը արժանացել են գրական հեղինակավոր մրցանակների։ ՀՀ գրողների միության 2016 թ. ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր է։
«Ով սպանեց Էլենին» վեպը արձակի ժանրում արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին, «Մերժվածները» վեպը` Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների լոսանջելեսյան գրական հիմնադրամի մրցանակին, «Վերջինը» վեպը` ՀՀ գրողների միության Սևանի ստեղծագործական տան մրցանակին։ «Ցուգցվանգ» վիպակը արժանացել է Ռուսաստանի հայերի միության, Արարատյան «Ալյանս» մտքի կենտրոնի և ՀՀ գրողների միության 21¬րդ դարի գրական մրցանակաբաշխության արձակի անվանակարգի մրցանակին։ Իսկ «Գործուղում Վիեննա» դեդեկտիվ վեպը 2024 թ. կրկին արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին։ 2024 թ. հոկտեմբերի 2-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ամփոփվել է Ստեփան Ալաջաջյանի 100-ամյակին նվիրված մրցանակաբաշխությունը և արձակի ժանրում (դեդեկտիվի անվանակարգում) մրցանակի է արժանացել Ներսես Խառատյանի «Գործուղում Վիեննա» վեպը։ Բավականաչափ մեդալների և շքանշանների հավաքածու ունի անվանի գրողը։ Այսպես, Հայաստանի գրողների միությունը նրան պարգևատրել է «Գրական վաստակի համար» մեդալով, Միջազգային անվտանգության ակադեմիան` «Մեծն Տիգրան» և «Գարեգին Նժդեհ» շքանշաններով։ Իսկ 2023 թ. հոկտեմբերին արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի։ Բացի այս ամենից, Ն. Խառատյանը արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի` տրված մշակութային, հայրենասիրական և ռազմահայրենասիրական կազմակերպությունների կողմից։
Սակայն, այս ամենին զուգահեռ, հատկապես կարևորվում և իմաստավորվում է ընթերցողական խավի վերաբերմունքը, որն արտահայտվում է համացանցում՝ նամակների և կարծիքների տեսքով, նաև անձնական ու հրապարակային հանդիպումների ընթացքում հնչող հարցադրումներով և ելույթներով։
Վաստակաշատ գրողը ամեն տարի մի շարք հանդիպումներ է ունենում մայրաքաղաքում և հատկապես մարզային բնակավայրերում։ Քիչ է ասել, որ նրան ջերմ են դիմավորում, ունկնդրում սիրալիր և ճանապարհում հուզված։
Այդ հանդիպումների ընթացքում նա նորանոր ոգեշունչ ազդակներ ու հանձնարարականներ է ստանում ընթերցողներից`շարունակելու հույժ կարևոր հանրօգուտ և ազգօգուտ գործունեությունը։
Եվ նա ունկնդիր է լինում իր երկրպագուների թախանձանքներին` շարունակելով օր ու գիշեր աշխատանքը երևանյան առանձնատանը և Մեղրիում։ Անցած տարի լույս տեսավ «Խաղից դուրս» վերնագրով հերթական դեդեկտիվ վեպը (ի դեպ, դեդեկտիվ ժանրում նա արարել է արդեն ութ վեպ և վիպակ)։
Սակայն ամեն ինչ դեռ առջևում է։
Նրան սպավում են նորանոր ջերմ ու բովանդակալից հանդիպումներ, հանրապետական, ազգային և միջազգային ճանաչման առավել շքեղ հանգրվաններ...
Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող