«Գրական Տաթեւ». սպասված ժողովածու Սյունիքում

28.09.2025 13:12
500

Սեպտեմբերի 27-ին տաթեւացիները նախ այցելեցին Արցախյան 3-րդ պատերազմում հինգ տարի առաջ հերոսաբար նահատակված համագյուղացի Լեւոն Դանիելյանի ու Հարութ Մուրադյանի շիրիմներին եւ ոգեկոչեցին նրանց հիշատակը...

Այնուհետեւ Տաթեւի Սուրեն Առաքելյանի անվան միջն. դպրոցի դահլիճում շնորհանդես էր՝ Ռոմիկ Հարությունյանի խոնարհ տքնությամբ հրատարակված «Գրական Տաթեւ» 3-րդ գրքի շնորհանդեսը:

Դեռեւս 2018-ին նպատակ էր դրվել ի մի բերել եւ առանձին ժողովածուով հրատարակել տաթեւացի հեղինակների գրական ստեղծագործությունները:

Եվ նույն տարում լույս տեսավ «Գրական Տաթեւ» անվամբ ժողովածուի 1-ին գիրքը, որում հրատարակվեցին ծագումով տաթեւացի՝ առնվազն Սյունիքում հայտնի հեղինակների, այնպես եւ գրական ոլորտում նոր-նոր քայլեր անող համագյուղացիների ստեղծագործությունները:

Նախաձեռնությունը հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն համագյուղացիների շրջանում: Այդ հանգամանքն էլ հավելյալ գործոն եղավ, որպեսզի 2024-ին հրատարկվի ժողովածուի 2-րդ գիրքը: Դրանում տեղ գտան 1-ին գրքից ընթերցողին ծանոթ դեմքեր, նաեւ նոր անուններ:

Եվ ահա ընթերցողի սեղանին է ժողովածուի 3-րդ գիրքը (2025 թ.), որի շնորհանդեսին հավաքվել էին ոչ միայն գրքում ընդգրկված հեղինակներն ու նրանց մերձավորները, այլեւ դպրոցականներ, գյուղի բնակիչներ:

Գիրքը նվիրված է Մեծ հայրենականում Խորհրդային Միության ժողովուրդների տարած հաղթանակի 80-ամյակին: Արյունահեղ այդ պատերազմին մասնակցություն են ունեցել նաեւ Տաթեւի բնակիչները: Ճակատ մեկնած 550 տաթեւացիներից 278-ը զոհվեցին պատերազմում, իսկ համագյուղացի Սուրեն Առաքելյանն արժանացավ Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման:

Այս գրքում նույնպես ընդգրկվել են նախորդ թողարկումներից ծանոթ դեմքեր, ինչպես եւ նոր ստեղծագործողներ՝ Սուրեն Գրիգորյան, Հայկ Պետրոսյան, Ռոմիկ Հարությունյան, Սուրեն Վարդանյան, Աշխեն Հարությունյան, Վիկտորիա Պետրոսյան, Վարդիթեր Խաչատրյան-Վարդանյան, Ղուկաս Սիմոնյան, Մարինե Հակոբյան, Էդուարդ Հարենց, Վարդան Իվանյան, Անի Վարդանյան, Նելլի Պետրոսյան, Նավասարդ Խաչատրյան, Լիլիթ Պողոսյան:

Շնորհանդեսին ընտրվել էր հեղինակներին ու նրանց ստեղծագործությունները ներկայացնելու յուրօրնակ ձեւ. որոշ հեղինակներ անձամբ էին ընթերցում իրենց ստեղծագործությունները՝ Վարդիթեր Խաչատրյան-Վարդանյան, Վարդան Իվանյան, Ռոմիկ Հարությունյան, Սուրեն Վարդանյան:

Մյուս հեղինակների որոշ ստեղծագործություններ ընթերցեցին դպրոցի աշակերտուհիներ Սվետլաննա Վարդազարյանը եւ Միլենա Մինասյանը:

Այդ ամենին հաջորդեցին Տաթեւի միջն. դպրոցի աշակերտների երաժշտական-պարային կատարումները՝ շնորհանդեսը վերածելով գրական-երաժշտական գեղեցիկ ցերեկույթի:

Խոստովանենք՝ հետաքրքիր էր ունկնդրել ներկայացվող ստեղծագործություններից ամեն մեկը: Եթե դրանց մի մասը գեղարվեստական առումով, բանաստեղծականացման տեսակետից դեռեւս ճանապարհ ունեն անցնելու, ապա գաղափարական առումով, ասելիքով, առանց չափազանցության, հստակ ու անթերի էին:

Տաթեւացի ստեղծագործողների խոսքը պարուրված էր ազգային-հայրենասիրական-քրիստոնեական արժեքների հանդեպ ունեցած հավատամքով, մեր նախնիների փառքը ոգեկոչելով. Ավարայր ու Սարդարապատ, Արցախյան գոյամարտ, Հայոց մեծ եղեռն, Սրբազան Արարատ ու Գյազբել, Արամազդ ու Մեծ Իշխանասար, Դավիթ Բեկ ու Գարեգին Նժդեհ...

Այդ ստեղծագործությունները, կարծեք, իրական Հայաստան փնտրողներին յուրովի հիշեցնում էին՝ իրական Հայաստանը հենց Սյունիքն է՝ մեր ազգային ու քրիստոնեական արժեքների հանդեպ ունեցած անբեկանելի հավատարմությամբ:

«Գրական Տաթեւ» ժողովածուի լույս ընծայման առիթով Ռոմիկ Հարությունյանին երախտագիտության խոսք հղեցին Սուրեն Վարդանյանը, ՀԳՄ Սյունիքի բաժանմունքի ներկայացուցիչ Վարուժան Գալստյանը, Տաթեւի Սուրեն Առաքելյանի անվան միջն. դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանը, «Սյունյաց երկիր» թեթի եւ «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

***

Ինչպես նշվեց՝ «Գրական Տաթեւ» ժողովածուի հրատարկման նախաձեռնողն ու հեղինակը Ռոմիկ Հարությունյանն է:

Միաժամանակ՝ 1-ին գրքի հրատարակումից հետո, նախաձեռնությանն ավելի կանոնակարգված ընթացք տալու եւ գեղարվեստական հուն մղելու նպատակով ստեղծվել էր խմբագրական խորհուրդ՝ մասնակցությամբ Էդուարդ Հարենցի, Սուրեն Վարդանյանի, Նորվարդ Մովսիսյանի եւ Ռոմիկ Հարությունյանի:

Եվ, այդքանով հանդերձ, կուզենայինք, որ նախաձեռնության հեղինակի մասին ընթերցողն ավելին իմանար:

Ռոմիկ Հարությունյանը ծնվել է 1945 թ. Տաթեւում, քիմիական գիտությունների դոկտոր է եւ պրոֆեսոր, 2007-ից (11 տարի շարունակ) Երեւանի պետական համալսարանի անօրգանական եւ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչն էր, «Հայ քիմիկոսներ. կենսագրական  հանրագիտարան»-ի համահեղինակը (2021 թ.):

Քիմիայի ոլորտում ճանաչված գիտնականը՝ միեւնույն ժամանակ, իր ծննդավայրի նվիրյալներից է: Հայրենանվեր գործերից հատկապես հիշատակման արժանի է «Հավերժի ճամփորդներ» գրքի, ինչպես եւ (Դավիթ Հարությունյան որդու հետ մեկտեղ) «Տաթեւի տեղեկատու հանրագիտարան»-ի (2023 թ.) հրատարակումը, որոնք, հիրավի, սկզբնաղբյուրային նշանակություն ունեն:

Ռոմիկ Հարությունյանը հեղինակ է նաեւ մի շարք արձակ ու չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասին ծանոթացանք «Գրական Տաթեւում»:

Ստեղծագործությունների քնարական հերոսը բնօրրան Տաթեւն է, հայրենի եզերքը: Ակնհայտ է նրա մտահոգությունը հայոց պետականության ճակատագրիՙ Սյունյաց աշխարհի վաղվա օրվա, հայոց արժանապատվության հանդեպ:

Շնորհանդեսի ընթացում չէր կարելի չնկատել՝ Ռոմիկ Հարությունյանն ամբողջապես տեղյակ էր ժողովածուում ընդգրկված յուրաքանչյուր հեղինակի ստեղծագործական աշխարհին, ստեղծագործությունների թույլ եւ ուժեղ կողմերին, չէր թաքցնում հիացմունքն ու ակնկալիքը, որ գրական այդ ծիլերի մի մասն ժամանակի ընթացքում անպայման կաճի, կհասունանա...

Հայրենի եզերքի նվիրյակ Ռոմիկ Հարությունյանի օրինակը, անշուշտ, ընդօրինակման արժանի է:

Սյունյաց աշխարհի հոգեւոր-մշակութային անդաստանը, որ իսկապես բացառիկ է ու աստվածատուր, իր սահմաններն ավելի կընդլայներ, եթե մարզի ամեն մի բնակավայրում նման հետեւողականությամբ ի հայտ բերվեին ստեղծագործող անձինք ու հանրայնացվեին նրանց ուշագրավ գործերը:

Աննա Ալեքսանյան

 

 

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38