Գրչի դեմ՝ գրչով, ո՛չ թե հրկիզումով…(19-րդ դարավերջի «Արմենիայից» մինչեւ 21-րդ դարասկզբի «Սյունյաց երկիր»)

21.02.2019 11:26
1253

Հայ ժողովրդի կյանքում միշտ էլ կարեւորվել են տպագիր մամուլի դերն ու գործառույթները: Հայ անդրանիկ պարբերականը լույս է տեսել դեռեւս 18-րդ դարում՝ 1794 թվականին: Այն կրում էր «Ազդարար» անունը, որն անչափ խորհրդանշական իմաստ ունի: Այո՛, հնդկահայ գաղութում լույս տեսած «Ազդարարը» եւ նրանից հետո հրատարակված մեր բոլոր պարբերականները, որոնք տասնյակ հազարների են հասնում, հիմնականում մեր ժողովրդի կյանքում հենց ազդարարի դեր են կատարել: Նրանք ազդարարել են հայությանն ամեն ինչի մասին: Ե՛վ լավ, ե՛ւ վատ երեւույթների մասին:

Մամուլը հոգեւոր-բարոյական, գրական ու գեղագիտական առումներով կրթել, դաստիարակել է մեր ժողովրդի միտքն ու հոգին,  սերմանել առողջ ապրելակերպ ու կենսակերպ: 

Մամուլը զուտ հանրային, հասարակական հնչեղության երեւույթ է եւ այն միշտ դրսեւորվել, կայացել է հանրային ջանքերով: Որովհետեւ այստեղ կա երկու կողմ՝ թերթն իր խմբագրակազմով, թղթակիցներով եւ այն տարածողներով: Մյուս կողմում հանրային, հասարակական լսարանն է՝ հարյուրավոր ու հազարավոր ընթերցողներով: 

1885թ. արեւմտահայ նշանավոր մտավորական Մկրտիչ Փորթուգալյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում սկիզբ դրեց «Արմենիա» պարբերականի հրատարակությանը: Նա բնատուր խելքով եւ ձիրքով ճշգրիտ պատկերացնում էր համահայկական մի ազատ պարբերականի դերը վարչական ու քաղաքական սահմաններով իրարից տարբաժանված հայության տարբեր հատվածները հոգեւոր ու բարոյական կապերով միմյանց  շաղկապելու գործում: Հենց այդ կարգի լրագրերի միջոցով կարելի էր նպատակ եւ ուղղություն ցույց տալ ժողովրդին՝ զգուշացնելով նրան ազգավնաս ընթացքներից ու հիմնավորապես առաջ մղելով դեպի բարին, դրականն ու օգտակարը: Մի որոշ ժամանակ անց Փորթուգալյանը վերստին հիմնավորելով լրագրի անհրաժեշտությունը, նշում էր, որ այն այնպիսի «հանրածանօթ բան մ է հիմա աշխարհի վրայ, որ կիսավայրենի ժողովուրդներն անգամ սկսած են այդ պէտքը զգալ» («Արմէնիա», 1897թ., թիվ 9):

Ինչո՞ւ այսքան հեռվից սկսեցի:

18-րդ դարի վերջերից մինչեւ մեր ժամանակները հայ իրականության մեջ այս հիմնախնդիրները, հարցերն ու հարցադրումները մնում են օրակարգում, ուժի մեջ: Կարծես ոչինչ չի փոխվել: Նույն «Արմենիա» պարբերականը 20-րդ դարի սկզբներին անընդհատ բարձրաձայնում էր հայ ազգային կյանքում արմատավորված տգեղ, ստոր, բացասական երեւույթների մասին: 

Նախ ափսոսանք էր հայտնում, որ հայ ազգը զարգացման այն աստիճանին չի հասել, որ ինչպես օժանդակում է իր դպրոցին ու եկեղեցուն, նույնպես նաեւ իր ազգային մամուլի օժանդակության կարիքը զգար ու հարկ եղած չափով օգներ նրա տարածմանն ու զարգացմանը:

Ընդ որում՝ «Արմենիայի» մեծավաստակ խմբագիրը մեծ ուշադրություն էր դարձնում, ընդգծում, շեշտադրում, որ ազգերի առաջադիմությունը մեծապես հիմնված է լրագրային գործի վրա: Նա մեծ ուշադրություն էր դարձնում լրագրական բարքերում ազնիվ եւ արդարացի մոտեցումների կիրառման ու պահպանման վրա: «Արմենիայի» էջերում հաճախ էին քննադատվում այն պարբերականները, որոնք խախտում էին լրագրական էթիկան: «Արմենիայի» խմբագրությունը գտնում էր, որ յուրաքանչյուր վիճաբանություն իր համար պետք է սահման ունենա, որից «անդին անցնիլը ներելի չէ»: Սակայն այն ժամանակ էլ հայ լրագրական աշխարհում տեղի ունեցող անցուդարձը երբեմն ընդունում էր այնպիսի աղետալի, խայտառակ երեւույթ, որ թվում էր, թե պատերազմական վիճակում են գտնվում այդ լրագրերը: Այդ կապակցությամբ «Արմենիան» հրավեր էր կարդում արտասահմանի գրական ասպարեզի վրա գտնվող գործիչներին, որ «… այս մասին Զինադուլ մ՛ընեն» («Արմէնիա», 1902թ., թիվ 23):

Պարբերականի էջերում բուռն բողոք ու ցասում արտահայտվեց ճանաչված հայ գրական ու քաղաքական գործիչ Արփիար Արփիարյանի դաժան սպանության կապակցությամբ: Դատապարտելով ոճրագործությունն ու ոճրագործներին, որ խմբակի կամ հոսանքի պատկանելիս լինեն, ընդգծվում է նաեւ այն հանգամանքը, թե ազատության անունից խոսողները «… ելած են այժմ սպանել մարդկային ամենաթանկագին իրաւունքն եղող ազատութիւնը, մտածումի ազատութիւնը» («Արմէնիա», 1908թ., թիվ 39): Արփիարյանի չարանենգ սպանության շուրջ կապված բազմաթիվ արձագանքներ հետագայում եւս  տեղ  գտան թերթի էջերում: Ինքը՝ պարբերականի հայրենասեր խմբագիրը, «Վայրենական բարքեր» հոդվածում հետեւյալ ուշագրավ ու դիպուկ հարցադրումներն է անում. «Բայց մինչեւ ե՞րբ պիտի տեւեն մեր մէջ այս վայրենական բարքեր: Թիւրքէն կը գանգատէինք թէ կարծիքի ազատութիւնը, մամուլի ազատութիւնը կը խեղդէ գրաքննութեան ենթարկելով. հօս, արտասահմանի ազատ երկիրներին մէջ, հայեր կան, որոնք ոչ թէ թիւրքին պէս հայերին կարգիլեն գրելը, այլ կը սպաննեն ազատ գրողները եւ զիրենք արդարացունելու համար մատնիչ կանուանեն զանոնք» (1908թ., թիվ 3):

Փորթուգալյանն ի լուր հայ քաղաքական բոլոր ուժերի վճռականորեն հայտարարում է, թե պետք է  վերջ տալ այս վայրենական բարքերին եւ պետք է ազատել հայ ստեղծագործ միտքն ու գրիչը տգետների ու ազատության թշնամիների բռնություններից:

Ահա՛ այսպիսիք են փաստերն ու իրողությունները: 

Փորթուգալյանի եւ «Արմենիայի» ժամանակներից անցել է մեկից-մեկուկես դար: Սակայն ի՞նչ է փոխվել մեր իրականության մեջ: Զարմանալի է, որ մեր հանրային մտածելակերպն ու վարք ու բարքերը մնացել են նույն հարթության ու նույն մակարդակի վրա:

Սամվել Ալեքսանյանը որպես խմբագիր, լրագրող, հանրային գործիչ վաղուց է  հայտնի ոչ միայն Սյունյաց երկրամասում, այլեւ ողջ հանրապետությունում: 

Նա որտեղ աշխատել է, բարեխիղճ ու պարտաճանաչ ծառայել է հայ հասարակությանը:

Նրա մտածողության, ինտելեկտի, հայացքների, գրական անուրանալի ձիրքի եւ լրագրողական տաղանդի մասին վկայում են հարյուրավոր ու տասնյակ հարյուրավոր հոդվածները, ակնարկները, հարցազրույցները, խոհերն ու այլ նյութեր: Նա այսօր նույնքան դժվարին կացության մեջ է հրատարակում «Սյունյաց երկիր» լրագիրը, որքան Փորթուգալյանը՝ «Արմենիա» լրագիրը: Ես նախեւառաջ նկատի ունեմ նյութական ո՛չ բարվոք պայմանները եւ մամուլի հանդեպ եղած վերաբերմունքը:

Ի բարեբախտություն մեզ, ե՛ւ իր ժամանակին Փորթուգալյանը, ե՛ւ ներկայումս Սամվել Ալեքսանյանը պարզապես խիզախում են իշխող անբարենպաստ հանգամանքների դեմ: Քանզի իրենց հոգում հայրենի երկրին ու ժողովրդին անշահախնդրորեն ծառայելու իղձը, տենչն ու մարմաջն ունեն: 

Սակայն, ցավոք, այսօր եւս հայ խմբագրի, հայ լրագրողի դեմ ոմանք պայքարում են ոչ թե գրչով կամ խոսքով, այլ դավադիր ու ստոր մեթոդներով՝ խմբագիրներին ահաբեկելով, խմբագրության վրա հարձակումներով, խմբագրության ունեցվածքի հրկիզումով:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրի մեքենան առաջին անգամ չէ, որ հրկիզվում է կամ պայթեցվում: 

Եվ առաջին անգամ չէ, որ խանգարվում եւ հիմնովին խաթարվում է խմբագրության նորմալ, բնականոն աշխատանքը:

Բազմաթիվ անգամ եւ բազում ձեւերով  փորձել են ընդհատել, արգելակել «Սյունյաց երկիր» պարբերականի ընթացքն ու երթը, եւ դա արել են ոչ թե գրչով, այլ ապօրինի, անօրինական ձեւերով ու մեթոդներով: 

Հարց է ծագում. ինչո՞ւ, ինչո՞ւ եք այդպես վարվում պարոնայք: Մի՞թե Սամվել Ալեքսանյանին լռեցնելով եւ նրա պարբերականը փակելով, հայրենի երկրին որեւէ օգուտ եք տալիս: Ուզո՞ւմ եք, որ Սամվել Ալեքսանյանը ձեզ հաճո լինի եւ աչք փակի ձեր ապօրինի գործերի վրա… Այդ դեպքում նա կդադարի իր մասնագիտական ու քաղաքացիական պարտքն ու պարտավորվածությունը կատարելուց եւ կդառնա պարզապես մի վարձու գրչակ (ի դեպ, մեզանում այդպիսինները քիչ չեն…):

Սամվել Ալեքսանյանի դեպքում այդպիսի բան չի կարող լինել, քանզի նա ծանր, անձնազոհ ջանքերով է  նվաճել իր անբասիր հարգանքն ու հեղինակությունը հանրության լայն շերտերի շրջանում:

Անտարակուսելի է նաեւ, որ ժողովրդականության դափնիներ շահելու համար չէ, որ հանդես է գալիս «Սյունյաց երկիր» պարբերականը, այլ ժողովրդին, հանրային գործերին ու գիտակցությանն օգտակար լինելու, հասարակական շահերին ճշմարտապես ծառայելու նպատակով: 

Նորից ու վերստին վկայակոչում եմ Մկրտիչ Փորթուգալյանին՝ արեւմտահայ այդ խիզախ մտավորականին: 

Որքան ճշմարտացի եւ իրավացի էր նա, երբ լրագրի ու լրագրողի գործը համեմատում էր պատերազմի դաշտում գտնվող ռազմիկի հետ, այն տարբերությամբ, որ «… պատերազմին դաշտին վրայ գնդակահար մի քանի վայրկենի մէջ մեռնիլը չէ այնչափ դժուար, որչափ ամբոխի տգիտութեան եւ նախապաշարումներին դէմ կռուիլը եւ երկար տարիներ իր ազգի համար հոգեմաշ տանջանքների մէջ չարչարուելով եւ ամեն օր մաս առ մաս սպաննուելով գործելը» («Արմէնիա», 1905թ., թիվ 45):

Այո՛, սա առանց չափազանցության, ճշմարիտ համեմատություն է, քանզի հայ խմբագիրն ու գրողը, ուսուցիչն ու դաստիարակը տարիներ ու տասնամյակներ շարունակ անում էին եւ անում են շատ ավելի ծանր ու տառապալից գործ, քան հեղափոխականն ու զինվորը՝ մարտի դաշտում: 

Հայ քաղաքական իրականության մեջ գործող հետադեմ ու խավարամիտ ուժերին կհորդորեի հետեւյալը. 

- Պարոնայք, ձեռքներդ հեռու «Սյունյաց երկրից» ու Սամվել Ալեքսանյանից: Միեւնո՛ւյնն է, չե՜ք հաջողելու…  
 

Արմեն Կարապետյան

Պատմական գիտությունների թեկնածու,

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող,

ՀՀ լրագրողների միության անդամ

 

 

 

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19