Սասուն Ավետիսյանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշոր կազմակերպիչներից է։ Նրա կենսագրությունը ներառում է մի շարք ընկերությունների հիմնում, ղեկավարում, զարգացում և այնպիսի ցուցանիշների գրանցում, որոնց շնորհիվ այդ ընկերություններից շատերը խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում են վերին հորիզոնականներ։
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը, որն այն ժամանակ ամենահեղինակավորներից էր։
Բուհում ստացած գիտելիքները լայն կիրառություն են գտել նաև հանքարդյունաբերության բնագավառում։
2005 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Վանդ-Սա» ՍՊ ընկերությունը, որը հիմնադրման 3-րդ տարվանից դարձել է հանքարդյունաբերության ոլորտում պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների խոշորագույն մատակարար։
2006 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Վանդ-Գասս» ՍՊ ընկերությունը, որն իրականացնում է երկրաբանահետախուզական աշխատանքներ։
2007 թվականին գործընկերների հետ ձեռք է բերել ճանապարհաշինական, քաղաքաշինական կառուցապատման և այլ շինարարական աշխատանքներ իրականացնող «Ապառաժ» ՍՊ ընկերությունը, որը սկզբնապես ունեցել է աննշան ֆինանսական շրջանառություն, իսկ ձեռք բերելուց կարճ ժամանակ անց դարձել է խոշոր հարկ վճարող։
2010 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Ապառաժ մայնինգ» ՍՊ ընկերությունը․ հաջորդ տարում Քաջարան քաղաքում կառուցվել և գործարկվել է էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության առաջին ու դեռևս միակ գործարանը Հարավային Կովկասում։ Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներքին արտադրության առկայությունն էապես նպաստել է, որ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտն անկախ լինի այդ արտադրանքի արտաքին մատակարարումից և ներմուծման հնարավոր խաթարումներից։ Արտադրությունը կազմակերպված է Եվրոպական հանրահայտ Orica ընկերության մշակած տեխնոլոգիայով։
2013-2014 թվականներին, որպես գլխավոր տնօրեն, ղեկավարել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը, որի կառավարումը ստանձնելու ժամանակահատվածում գործընկերների հետ իրականացրել են հարստացուցիչ ֆաբրիկայի և հանքի համալիր վերազինում, բարելավվել են գործունեության բնապահպանական բնութագրերը, արտադրողականությունը բարձրացել է ավելի քան 30 տոկոսով, ինչի արդյունքում ընկերությունը դուրս է եկել վնասաբերության գոտուց ու գրանցել շահույթ։
2015 թվականի մայիսին հիմնադրել և մինչ 2025 թվականը որպես գլխավոր տնօրեն ղեկավարել է «Էս ընդ Էյ մայնինգ» ՍՊ ընկերությունը, որը ծավալել է տնտեսական գործունեություն Կապանի լեռնահարստացման կոմբինատի ստորգետնյա հանքում՝ լեռնային աշխատանքների կատարման ծառայությունների մատուցմամբ։ Ներկայում ստորգետնյա և բաց լեռնային աշխատանքների կատարման ծառայություններ առաջարկող միակ մասնագիտացված կազմակերպությունն է Հայաստանում։
2019 թվականի դեկտեմբերին ձեռք է բերել և որպես գլխավոր տնօրեն մինչ օրս ղեկավարում է «Լիճքվազ» ՓԲ ընկերությունը, որը ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից արդյունահանում է տարեկան մինչև 200 հազար տոննա հանքաքար։ Արդյունահանված հանքաքարը վերամշակվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում։ Լիճքվազ-Թեյի հանքավայրը հետախուզվել է դեռևս խորհրդային տարիներին։ Բազմաթիվ փորձեր են արվել հանքավայրի հիման վրա տնտեսական գործունեություն իրականացնելու, այդ թվում՝ ռուսական հայտնի «Պոլիմետալ» մասնագիտացված ընկերության կողմից, սակայն որևէ տնտեսվարող հաջողություն չի գրանցել։ «Լիճքվազ» ՓԲ ընկերությունը ձեռք բերելու և կառավարումը ստանձնելու հաջորդ տարվանից ընկերությունը գրանցել է իր պատմության մեջ առաջին շահույթը և երկրորդ տարվանից ներառվել ՀՀ խոշոր հարկատուների ցանկում՝ 4.2 միլիարդ ՀՀ դրամ ցուցանիշով։
Խմբի գրեթե բոլոր ընկերությունները ներառվել են ՀՀ խոշոր հարկատուների ցանկում, իսկ դրանցից չորսն անդամակցում են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիային։
2023թ․ հոկտեմբերին Սասուն Ավետիսյանը ձեռք է բերել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը և ներկայում այդ ընկերության կառավարման խորհրդի նախագահն է։
Ընկերության կառավարումը ստանձնել է տեխնիկական հավաքակայանի և խոշոր սարքավորանքի ծայրահեղ անբարվոք վիճակում ու ֆինանսական անկումային ցուցանիշներով։
Ընկերությունում հրատապ կարգով իրականացվել են կազմակերպական խորքային բարեփոխումներ, տեխնիկական վերազինման մասշտաբային ծրագրեր, որոնք ՓԲԸ-ի գործունեությունը բարձրացրել են տնտեսական արդյունավետության բոլորովին նոր մակարդակի։
Իրեն ուղղված հարցերին Սասուն Ավետիսյանը պատասխանում է պարզ ու անկեղծ ոճով։
– Ծնվել եմ Քաջարանում, որտեղից մեր ընտանիքը մի քանի տարի անց տեղափոխվել է Վարդենիս։ Հայրս ժամանակին և՛ Քաջարանում, և՛ Վարդենիսում աշխատել է հանքարդյունաբերության ոլորտում ու գործունեությունը շարունակել նաև Երևան տեղափոխվելուց հետո։ Մոսկվայում ավարտելով լեռնամետալուրգիայի ինստիտուտը՝ նա վերադարձել է հայրենիք ու աշխատել նախընտրած մասնագիտությամբ։ Մայրս նույնպես աշխատել է այդ բնագավառում՝ գլխավոր հաշվապահ։ Այսինքն՝ աչք եմ բացել մի ընտանիքում, որն արդեն մասնագիտացել էր հանքարդյունաբերության ոլորտում։ Վեց տարեկան էի, երբ հայրս առաջին անգամ ինձ տարավ հանք։ Այդ օրվա տպավորություններս հիշում եմ մինչև հիմա։
– Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կբնութագրեիք Կապանի լեռնահարստացման կոմբինատի տեղն ու դերը Հայաստանի, Սյունիքի մարզի տնտեսության մեջ և, իհարկե, Կապան համայնքում։
– Կապանի կոմբինատը Հայաստանի ամենահին գործող արտադրություններից է։ Բառի խորքային իմաստով համայնքաստեղծ ձեռնարկություն է. առաջին հերթին այն առումով, որ Կապան քաղաքում ու հարակից բնակավայրերում ապրողների համար կոմբինատը տասնամյակներ շարունակ եղել է, կա ու կլինի աշխատատեղ ու եկամտի աղբյուր։ Բացի դրանից՝ արդյունաբերական այդ միավորը յուրահատուկ կանոնակարգված ռիթմ, կենսակերպ և նույնիսկ մտածելակերպ է հաղորդել հարակից համայնքների ու մասնավորապես Կապան քաղաքի բնակչությանը։ Համայնքն իր հերթին որոշակի ազդեցություն է ունեցել կոմբինատի առանձնահատկությունների վրա։ Այդ առումով՝ Կապանի կոմբինատն իր պատմական, սոցիալական, մշակութային միջավայրին սերտաճած, առանձնահատուկ միավոր է, ինչը համանման իրավիճակ է ստեղծում տնտեսվարողի համար, ով կհավակնի տնօրինել ու կառավարել այս կոմբինատը։ Երբ փորձել են դա անել միայն ծախսեր-շահույթ, կորզում-կորուստ, ներդրում–հետգնում և այս կարգի այլ չափորոշիչներով, առանձնապես չեն հաջողել։ Կոմբինատն առաջին հերթին մարդիկ են․ նրանց հասկանալու, նրանց ներուժը համարժեք գնահատելու և այդ ներուժով բարիք ստեղծել կարողանալու համար պետք է խորապես ճանաչել նրանց, լինել նրանցից մեկը։
Այս կարգի ձեռնարկությունները Հայաստանում, ցավոք, շատ չեն. ամենախոշորը, վստահ եմ՝ գիտեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Քաջարանի պղնձի և մոլիբդենի հանքավայրը Հայաստանում գունավոր մետաղների միակ հանքավայրն է, որը դասվում է համաշխարհային կարգի։ Դրանով պայմանավորված՝ այն շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն անվերապահորեն առաջատարն է ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, այլև տնտեսության իրական հատվածում ընդհանրապես։ Այդ հանքավայրն ու կոմբինատը հսկայական ներուժ ունեն։
Մյուսը Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատն է, որը կարող է համարվել տարածաշրջանային նշանակության հանքավայր։ Տվյալ համալիրը համեմատաբար նոր է կառուցված, հագեցած է ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով։ Այդտեղ ևս զարգացման մեծ ներուժ կա։
Ոլորտի խոշոր ձեռնարկություններից են Ագարակի կոմբինատը, Սոթքի ոսկու հանքավայրն ու Արարատի հարստացուցիչ ֆաբրիկան, Շամլուղի պղնձի հանքի հիմքի վրա գործող Ախթալայի կոմբինատը, Մեղրաձորի հանքը և այլն։
Հանքարդյունաբերությունում՝ վերջին շրջանում, սպասվում է նաև նոր համալրում՝ Ամուլսարի լեռնահանքային համալիրի գործարկում, որն էապես ավելացնելու է ոլորտի ներդրումը Հայաստանի տնտեսական զարգացման գործում։
Զգալիորեն ավելացրել ենք կոմբինատի մասնակցությունը Կապան համայնքի սոցիալական զարգացման գործում՝ ֆինանսական արտահայտությամբ այն հասցնելով տարեկան 300 մլն դրամի: Աջակցության ծրագրերն ընդգրկում են տրանսպորտային, կրթական, առողջապահական, ճանապարհաշինության, մշակութային և այլ ոլորտներ։
Եթե հանքարդյունաբերության ոլորտում և Հայաստանի տնտեսության մեջ Կապանի կոմբինատի տեղն ու դերն արձանագրելուց ղեկավարվենք այն չափանիշով, թե որքան հարկ է վճարվում ՀՀ պետական բյուջե, ապա 2025 թ. և 2026 թ. առաջին վեց ամիսների ցուցանիշներով «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն երկրորդ խոշոր հարկ վճարողն է հանրապետության ընդերքօգտագործողների շարքում՝ Քաջարանի կոմբինատից հետո։
2026 թվականի առաջին վեց ամիսներին «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել 15.7 միլիարդ ՀՀ դրամ, որն էապես գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը։
Տնտեսական ցուցանիշների բարելավմանը զուգահեռ ընկերությունում ստեղծվել է ավելի քան 800 նոր աշխատատեղ, բարձրացվել են աշխատավարձերը, բարելավվել են աշխատանքային պայմանները, անվտանգային և բնապահպանական բնութագրերը։
– Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, և ինչի՞ շնորհիվ եք հասել Կապանի կոմբինատի այդպիսի դրական դինամիկայի։
– Ինչպես արդեն նշեցի՝ առանցքում մարդիկ են՝ աշխատողները։ Հաջողության գրավականը լավ թիմ ստեղծելն է. թիմային աշխատանքով հասանելի են դառնում հանգամանքներ, որոնք ավելի են, քան առանձին անհատների ջանքերի պարզ հանրագումարն է։ Լավ թիմը ենթադրում է նաև որակյալ մասնագետների ճիշտ ընտրություն։ Յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում, և այդ դեպքում նրանց միասնական գործունեությունը կնմանվի լավ աշխատող ժամացույցի մեխանիզմի։ Հանքարդյունաբերության ոլորտը նման է այդ մեխանիզմին։ Եթե կարևոր բաղադրիչներից մեկը խափանվի, ապա ամբողջ համակարգի աշխատանքը կխաթարվի։
Այդքանով հանդերձ՝ յուրաքանչյուր կառույց պետք է ունենա արհեստավարժ ղեկավար, հմուտ մասնագետ, ով լավագույնս տիրապետում է իր գործին, հասկանում է աշխատանքի յուրահատկությունները, իր հերթին ընտրում է ունակ տեղակալներ ու ենթականեր՝ հերթափոխի պետից մինչև բանվոր։
Երբեք կողմ չեմ եղել ամեն ինչ ինքնուրույն և միայնակ անելու գործելաոճին։ Ղեկավարը պետք է զբաղվի արտադրության հետ կապված գլոբալ հարցերով։ Բացառված է, որ խոշոր ձեռնարկությունում տնօրենը զբաղվի բոլոր հարցերով, և այդ ձեռնարկությունը հաջողության հասնի։ Տնօրենը պետք է կարողանա կողմնորոշվել՝ ում կարելի է վստահել, ում և ինչ կարելի է պատվիրակել, պետք է ապահովի թիմային ներդաշնակ աշխատանք, բոլոր օղակների փոխգործակցություն։ Ժամանակի ընթացքում այդ ուղղությամբ կատարել ենք մեծածավալ աշխատանք, որպեսզի հետագայում 24 ժամ շարունակ հենվենք կուռ և աշխատող թիմի վրա։
– Լավ թիմը, որքան տեսնում ենք, հաջողության բանաձևի հիմնական բաղադրիչն է, սակայն, կարծում ենք, անհրաժեշտ էին նաև ներդրումներ, որպեսզի առողջացման ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչվեին։
– Արտադրական միավորները ճգնաժամից դուրս բերելու որոշակի փորձ արդեն կուտակել էինք Ախթալայի և Լիճքվազի օրինակներով։
Կապանի ԼՀԿ-ն մեզ փոխանցվեց ֆինանսական այնպիսի վիճակում, որ նույնիսկ Ախթալայում ու Լիճքվազում ինձ հետ միասին հաջողություն գրանցած մեր որոշ թիմակիցներ դրությունը համարում էին անհույս։
Հենց սկզբից յուրաքանչյուր ծախսվող դրամի վրա հաստատեցինք խիստ վերահսկողություն, որովհետև անհնար էր այդքան պարտքերը միաժամանակ սպասարկել, զուգահեռաբար մարել բանկային վարկը, վճարել հարկերը, աշխատավարձերը…
Բանակցեցինք բոլոր պարտատերերի հետ, համաձայնեցրինք վճարումների նոր ժամանակացույց և դա այլևս չխախտեցինք։ Այդ մարդկանց համար կոմբինատն այլևս անհուսալի պարտապան չէր, այլ՝ վստահելի, պարտաճանաչ գործընկեր։
Վերահսկելով բոլոր գործընթացները՝ դուրս եկանք ճգնաժամային իրավիճակից։ Ու երբ ձևավորվեցին ազատ միջոցներ, որոնք նույնպես ներդրվեցին ընկերության զարգացման մեջ, սայլը հետզհետե տեղից շարժվեց։
Ի սկզբանե տարանջատեցինք կարճաժամկետ ու միջնաժամկետ անելիքները, ինչը բխում էր մեր ռազմավարությունից։
2023 թվականից՝ կոմբինատը ձեռք բերելու շրջանում, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարների համար մշակվեց երկու տարբեր պլան։ Միաժամանակ զբաղվեցինք զարգացման հեռանկարային ծրագրերով։
Կապանի կոմբինատը չուներ պահուստային պաշարներ, իսկ հանքը՝ գոնե հազար տոննա հանքաքար։ Այժմ հասել ենք այնպիսի հանգրվան, որ պաշարները բավարար են անխափան աշխատանքի համար։
– Մեծամասշտաբ այդ ծրագրերի իրականացումը, անշուշտ, կարելի է պատկերացնել ընկերության աշխատակիցների պատշաճ մոտիվացմամբ, նրանց սոցիալական պաշտպանվածությամբ։
– Մեր աշխատակիցները գիտեն, որ խոստացածը կյանքի ենք կոչելու։ Ներդրվել է աշխատակիցների մոտիվացման բազմաշերտ համակարգ, ձևավորվել են ներկոլեկտիվային առողջ գործնական կապեր, փոխօգնության մթնոլորտ, բոլորն աշխատում են ասես մեկ մեծ ընտանիքում։ Նրանք վստահ են՝ իրենց աշխատանքը պահանջված է ու գնահատված, և խնդիրներ ունենալու դեպքում մյուսներն անպայման կաջակցեն իրենց։ Ղեկավարությունը, իր հերթին, պարտաճանաչ վարքագծով օրինակ է ծառայում աշխատողներին՝ նրանց մոտիվացնելով ու տրամադրելով ստեղծագործ աշխատանքի։
2025 թվականից ձեռնարկություններում ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգ։ Ընտրել ենք բավականին լավ փաթեթ, որի շրջանակում անձնակազմը սպասարկվում է հանրապետության լավագույն բժշկական կենտրոններում։ Այդ քայլը բավականին մեծ արձագանք է ստացել, մեր խմբի մաս կազմող համեմատաբար փոքր ընկերությունները նույնպես միացել են առողջության ապահովագրության փաթեթին։
– Ի՞նչ կանխատեսում ունեք Հայաստանի հանքային ոլորտի ապագայի վերաբերյալ։ Վերջերս Համաշխարհային բանկը Հայաստանի առնչությամբ հաշվետվություն էր հրապարակել, որում բավականին հոռետեսական գնահատական էր տրվում ոլորտի ապագային։ Ձեր գնահատականը։
– Ինձ ծանոթ է այդ հաշվետվությունը։ Նշված որոշ խնդիրների ուղղությամբ արդեն շոշափելի առաջընթաց ունենք, բայց հիմնական մասը դեռևս պահպանվում է։ Ամենակարևորը, իհարկե, ընդերքօգտագործման ոլորտի ձեռնարկություններն օգտակար հանածոյի պաշարներով՝ երկարաժամկետ հեռանկարում ապահովելու հարցն է, որովհետև այդ ձեռնարկությունների կյանքը կախված է հաստատված պաշարների քանակից՝ լինի 10, 20, թե 50 տարվա կտրվածքով։ Անհրաժեշտ է իրականացնել ապագային միտված հետազոտություններ, կատարել համապատասխան ներդրումներ։
Այդ հաշվետվության մեջ մեկ այլ խնդիր է մասնագիտական հանրության վերարտադրության և սերնդափոխության շարունակականության ապահովումը։ Անհրաժեշտ է իրավիճակին արձագանքել արագ, ամենօրյա ռեժիմով աշխատել իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Կապանի կոմբինատը մեր կառավարման շրջանում էապես ավելացրել է կրթական հաստատությունների հետ համագործակցությանն ուղղվող միջոցները։ Ծրագրեր են իրականացվում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ․ համագործակցության նոր ճակատ ենք պլանավորել, որում համատեղում ենք վերը նշված երկու խնդիրները լուծելու ջանքերը. Կապանի կոմբինատի՝ երկարաժամկետ հեռանկարում հումքային բազայի ընդլայնում և նոր մասնագետների պատրաստում։
Համագործակցություն ենք սկսել նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ։
Սա զարգացման այն ուղղությունն է, որը կարող է թույլ չտալ, որ ՀԲ բացասական կանխատեսումներն իրականանան։ Ոլորտը հեռանկար կունենա Հայաստանում, եթե այդ ապագան ապահովելու համար պատշաճ աշխատենք։
Հաշվետվության մեջ կարևոր տեղ է հատկացված նաև բնապահպանական խնդիրներին։ Շրջակա միջավայրի պահպանությունը մեզ համար անվերապահորեն առաջնահերթություն է։ Մեր խմբի ընկերությունների ղեկավարների առջև խնդիր է դրված՝ համակարգված կերպով ապահովել շրջակա միջավայրի պատշաճ պահպանություն, իրականացնել մշտադիտարկում, կազմակերպել համալիր միջոցառումներ, որոնք կնպաստեն ազդակիր բնակավայրերում և տարածքներում կենսաբազմազանության պահպանությանը։
– Ի՞նչ դեր ունի կամ կարող է ունենալ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան՝ ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու, ոլորտի առաջընթացն ապահովելու գործում։
– Հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների միջև ձևավորվել են կառուցողական երկխոսության ու փոխգործակցության հստակ կանոններ, և բոլորը հիմնականում հետևում են այդ կանոններին։
Խնդիրները բազմաշերտ են ու խորքային։ Շատ խնդիրներ ընդհանուր են գրեթե բոլոր ձեռնարկությունների համար, ու այդ առումով կարևորում ենք Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի դերակատարությունը։ Դա ուշագրավ և պահանջված հարթակ է՝ ոլորտի հարցերը միասին քննարկելու համար։
Ասոցիացիան ու նրա անդամները համատեղ անելիքներ ունեն։ Եվ այն, անշուշտ, կարողանում է ճիշտ կազմակերպել իր գործառույթները՝ համախմբելով ճյուղի շահագրգիռ կողմերին։ Բոլորս պետք է համատեղ ջանքերով անենք հնարավորը, որ այդ կառույցն առավել արդյունավետ աշխատի։
Հարցազրույցը՝
Էմանուել Մարգարյանի