Հաղթանակի եւ խաղաղության տոնը՝ Կապանում

10.05.2017 17:14
2124

Հայ ժողովրդի պատմության մեջ մայիսը պատահական թե ճակատագրի բերումով հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը նշանավորվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակով, Շուշիի ազատագրմամբ եւ Արցախի բանակի ստեղծմամբ:

Մարզկենտրոնում հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ կազմակերպված համաքաղաքային միջոցառումների շարքը մեկնարկեց Գարեգին Նժդեհի հրապարակից, որտեղ վաղ առավոտից տոնական տրամադրություն էր տիրում: Հայրենական մեծ պատերազմի վետերանների՝ արդեն նոսրացած շարքերը շարունակում են իրենց մեդալներով ու շքանշաններով ծանրաբեռնված հագուստով բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: Տարբեր սերնդի ներկայացուցիչները, մոտենալով նրանց, շնորհավորում են տոնի առթիվ, ծաղիկներ նվիրում եւ խոնարհվում նրանց վաստակի առաջ:

Նոր սերունդը Հայրենական մեծ պատերազմի մասին պատկերացումները երբեմն զուգորդում է Արցախյան երկու պատերազմի հետ: Հատկապես ապրիլյան վերջին իրադարձություններից հետո մատաղ սերունդն առանձնահատուկ հետաքրքրությամբ է ուսումնասիրում հրապարակում ցուցադրված մարտական տեխնիկայի եւ զինամթերքի նմուշները, հուզող հարցերի պատասխանները ստանում զինվորականներից: Արժեւորելով անցյալի հաղթանակները, գնահատելով ներկայիս իրավիճակը՝ շնորհավորական խոսք հղեցին Կապանի N զորամասի հրամանատար Կարեն Միրզոյանը,  ԵԿՄ Կապանի բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի ղեկավար Վարդան Ստեփանյանը, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: ՀՀ ԶՈՒ առաջին  զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ուղերձը ներկայացրեց զորամիավորման հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արմեն Թումանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը: Առաջին զորամիավորման հրամանատարի անունից, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձերի, պատվոգրեր ստացան մի քանի վետերաններ ու զինվորականներ:

Ներկաներին իրենց մարտական հմտություններն ու կարողությունները ցուցադրեցին Կապանի N զորամասի զինվորները, որից հետո տեղի ունեցավ զինվորականների, ինչպես նաեւ պատանի երկրապահների մասնակցությամբ հանդիսավոր երթ:

Բաղաբուրջի հուշահամալիրում մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, բազում կապանցիներ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: Ի դեպ, նախօրեին Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ այստեղ մոմավառություն էին կազմակերպել ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեությունն ու ՀՅԴ ՀԵՄ «Ռոստոմ» խումբը:

Օրվա առթիվ ծաղիկներ դրվեցին նաեւ Հունան Ավետիսյանի հուշարձանին, ինչից հետո սակավաթիվ վետերանների համար (Կապանի տարածաշրջանում ներկա պահին կա 16 վետերան) կազմակերպված դաշտային խոհանոցում համտեսվեց զինվորական ուտեստը, ավանդական «100 գրամով» շնորհավորվեց տոնը՝ հաճելի հիշողություններ արթնացնելով պատերազմական թոհուբոհով անցածների սրտերում:

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպված տոնական համերգի ընթացքում երգերի միջոցով Հայրենական մեծ պատերազմից սահուն անցում կատարեցին դեպի Արցախյան ազատամարտ, Շուշիի ազատագրում՝ այդկերպ նշանավորելով մեր երկու հաղթանակները: Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի շնորհակալագրերին արժանացան մի խումբ զինվորականներ եւ ազատամարտիկներ:

Դե իսկ տոնի առթիվ հնչող խաղաղության, ստեղծարար աշխատանքի, անկոտրում կամքի, նորանոր ձեռքբերումների եւ հաջողությունների բարեմաղթանքներին եկավ ամբողջացնելու երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի հետեւյալ խոսքը. «Ազգ մը չապրիլ միայն իր նյութական բարիքներով, չապրիլ միայն իր մտքի եւ զգացումի արտահայտություններով, ինչպես են արվեստներն ու գրականությունը, չապրիլ միայն հանճարեղ անհատների գործերով, այլ կապրի նաեւ իր պատվի եւ արժանապատվության զգացումներով, իր մենքի գիտակցությամբ եւ զոհաբերության ոգիով, իր ազատ եւ հպարտ ապրելու կամքով, մեկ խոսքով՝ իր բարոյական նկարագրով»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24