Համլետ Դավթյան. «Ոչ իրավաչափ եմ համարում Արթուր Գեւորգյանի խափանման միջոցը կալանքն ընտրելը»

24.03.2016 18:00
2632

Մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ առավել հավաստի տեղեկատվություն ստանալու համար զրուցեցինք որպես մեղադրյալ կալանավորված եւ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Գեւորգյանի փաստաբան Համլետ Դավթյանի հետ:


 - Պարոն Դավթյան, մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ միջադեպի տարբեր մեկնաբանություններ կան, բայց հավաստի տեղեկություններ ենք ուզում իմանալ, եւ առավել հավաստի ինֆորմացիայի աղբյուր ու իրազեկ անձ, քան դուք եք, որպես այս գործում ներգրավված փաստաբան, կարծում ենք՝ չկա: Ի՞նչ է տեղի ունեցել…

- Այդ ամենն արտացոլված է համացանցում տեղադրված տեսանյութում, տեղի ունեցածի առիթով քրեական գործ է հարուցվել: Նախաքննության գաղտնիության սկզբունքից ելնելով՝ ընդամենը կարող եմ մեկնաբանել տեսանյութում տեղ գտած իրադարձությունները: Կողմնակի դիտորդի համար էլ այն տպավորությունն է ստեղծվում, որ Արթուր Գեւորգյանը տվյալ իրադարձությունների մեջ զոհի դերում է: Եվ այս պահին էլ նա իրեն որպես զոհ է կարծում, չնայած նրան է մեղադրանք առաջադրված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Տեսանյութից էլ երեւում է, որ Արթուր Գեւորգյանն ընդամենը միջամտել է՝ չիմանալով հանդերձ, որ նա ոստիկանության բաժնի պետն է, իր ընկերոջ նկատմամբ բռնություն գործադրողին ուղղակի դիտողություն է արել… Եվ դրա հետեւանքով ինքն է դարձել հաջորդ զոհը: Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի օրինական գործողություններին, կապված իր ծառայողական պարտականությունների կատարման հետ, դիմադրություն ցույց տալու, նրա նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կապակցությամբ, որ նախատեսում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կալանք մինչեւ մեկ ամիս կամ ազատազրկում մինչեւ հինգ տարի ժամկետով: Եվ մեղադրանքի հետ կապված միջնորդություն է ներկայացվել դատարան: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: Ասեմ նաեւ, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունը դեռեւս մեզ ներկայացված չէ, փորձաքննություն անցկացված է: Տեղյակ եմ, որ Արթուր Գեւորգյանի վրա կան մարմնական վնասվածքի հետքեր, իսկ ոստիկանապետի վրա չկա, միայն վերնաշապիկի կոճակներն են պոկվել եւ կարծես թե պարանոցի ոսկյա շղթան:

- Պարոն Դավթյան, ցանկանում ենք ավելի մանրամասնել, ամսի ութին՝ երեկոյան, ոստիկանապետը գնացել է «Դիանա» ռեստորան, ինքը մենա՞կ էր, թե՞ դատախազն ու քննչական վարչության պետն էլ հետն էին:

- Դատելով մեղադրական նյութերից՝ ոստիկանապետը գործնական հանդիպում պիտի ունենար «Դիանա» ռեստորանային համալիրում, ինքը ներկայացել է համալիր, երբ այնտեղ է գտնվել դատախազը, իսկ քննչական վարչության պետը երեւում է տեսանյութի մեջ:

- Մի քիչ տարօրինակ չէ՞ այսքան վիճելի հարցերի առկայության պարագայում որպես խափանման միջոց կալանքն ընտրելը:

- Խափանման միջոցը կալանքն ընտրելը տարօրինակ է այնքանով, որ նույնիսկ եթե հաստատված էլ համարվի հանցանքը, նախատեսվում է նաեւ այլ տեսակի պատժամիջոց, բացի ազատազրկումը մինչեւ հինգ տարի ժամկետով, նաեւ կալանքի ու տուգանքի ձեւով: Եվ ասեմ՝ միջազգային ատյանների՝ Եվրախորհրդի, նաեւ նախարարների կոմիտեի հանձնարարական կա, ուղղակի ցուցում կա ազգային դատարաններին, որ խափանման միջոցն ընտրելիս հաշվի առնվի մեղադրվող արարքի համար նախատեսված նվազագույն պատժաչափը, այսինքն՝ եթե նվազագույն պատժաչափն էական է, կարող է եւ կիրառվել կալանքի միջոցով խափանման միջոցը: Այս դեպքում նվազագույն պատժատեսակը տուգանքի ձեւով է: Կա նաեւ մեղմ մի այլ պատժատեսակ՝ կալանքի ձեւով մինչեւ մեկ ամիս ժամկետով: Եվ այս դեպքում, կարեւորություն չտրվեց նշված հանգամանքներին ու կիրառվեց կալանքի ձեւով խափանման միջոցը:

- Այսինքն՝ պատժամիջոցը ոչ իրավաչա՞փ էր:

- Այո, կարծում եմ, որ իրավաչափ չէր դատարանի նման որոշումը, ինչից ելնելով բողոքարկել ենք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Վերաքննիչ բողոքը կլսվի մարտի 25-ին ժամը 12-ին:

- Իսկ որպեսզի արդարություն ապահովվի, ժամանակավորապես դադարեցվել են Գորիսի ոստիկանապետի լիազորությունները:

- Այդ կապակցությամբ Արթուր Գեւորգյանի անունով դիմում ուղարկեցինք ՀՀ ոստիկանապետի հասցեով, որ գործի նախաքննության ժամանակահավածում գոնե ժամանակավորապես կասեցվի նրա գործունեությունը, քանի որ կարող էր ազդել գործի քննության վրա: Դիմումը դրական ընթացք ստացավ ոստիկանապետի կողմից:

- Իսկ չե՞ք կարծում, որ քննչականի պետը եւ դատախազը նույնպես կարող էին ազդել նախաքննական գործընթացի վրա:

- Իհարկե, կարող էին ազդել: Ըստ երեւույթին դա էլ հաշվի առնելով՝ գլխավոր դատախազը գործը Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթից հանել եւ ուղարկել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

- Ամեն դեպքում տեսանյութը դիտելիս շատ վատ ենք զգում, որ այդքան բարձրաստիճան իրավապահների ներկայությամբ մարդ է ծեծվում: Ուզում ենք կատարվածի բարոյական գնահատականը լսել ձեզանից:

- Բարոյական գնահատական ճիշտ կլինի տալ, երբ իրավական գնահատականը վերջնական կլինի: Այս պահի դրությամբ կփորձեմ ձեռնպահ մնալ: Սպասենք մինչեւ նախաքննության ավարտը:

- Պատասխանելով տարբեր լրատվամիջոցների հարցերին՝ դուք անդրադարձել եք ձեր պաշտպանյալի առողջական խնդրին եւս:

- Առողջության հետ կապված այս պահի դրությամբ ինքը գանգատներ չի հայտնել: Ես չգիտեմ, բայց վնասվածքներ՝ կապված այդ իրադարձության հետ, ունեցել է, տեսանելի են, դրանք արձանագրվել են, ներկայացվել դատաբժշկին, դատաբժշկական փորձագետին, եւ սպասում ենք արդյունքներին, թե ինչ աստիճանի վնասվածքներ կարող են լինել:

- Մի հանգամանք էլ ուզում ենք շոշափել մեր զրույցում. Արթուր Գեւորգյանին ծեծում են, խափանման միջոցն ընտրում են կալանքը, եւ հանկարծ եղբորն էլ աշխատանքից ազատում են, ով դեպքի հետ որեւէ առնչություն չունի. սա էլ արտառոց մի բան է, ձեր կարծիքը կուզեինք իմանալ:

- Եթե պատահական զուգադիպություն է, դա այլ հարց է, բայց եթե կապված է եղբոր հետ, կարծում եմ՝ շուտափույթ կատարվեց: Ճիշտը, սխալը, արդարը, անարդարը մեկը մյուսից զատելուց հետո կարելի էր միայն եղբոր հետ որեւէ կերպ վարվել: Մինչեւ Արթուր Գեւորգյանի արարքին վերջնական գնահատական տալը չէր կարելի նրա հետ այդպես վարվել:

- Այս ամենից հետո անհասկանալի իրադարձությունների մի շղթա է հառնում մեր դեմ…

- Այդպես է ստացվում: Փաստերի պարզ համադրումը հանգեցնում է դրան:

- Եվ դուք մենա՞կ եք ընդգրկված այդ գործում:

- Առայժմ, այո:

- Չե՞ք ուզում կանխատեսում անել, կկարողանա՞ք ճշմարտությունը վեր հանել:

- Ես հույսս չեմ կորցրել ոչ մի անգամ. ոչ նախկինում, ոչ հիմա, ոչ ապագայում: Արդարությունը կհաղթի:

- Իսկ տարածված այն խոսակցությունը, որ Արթուրին չեն թողնում հանդիպել հարազատների, մերձավորների հետ, ճի՞շտ է:

- Ես տեղակացա քննիչից, որ նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Արթուր Գեւորգյանին հարազատների, ազգականների հետ տեսակցությունների սահմանափակման վերաբերյալ: Նման լիազորություն ունի քննիչը՝ որոշում կայացնել սահմանափակելու տեսակցությունները: Դա ժամանակավոր բնույթ է կրում, եւ անպայման որոշումը պատճառաբանված պիտի լինի՝ ելնելով գործի բնույթից: Դա չի տարածվում փաստաբանի հետ տեսակցությունների վրա:

- Որքանով տեղյակ ենք, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը եկել է Գորիս, եւ զուգահեռ ծառայողական քննություն է ընթանում:

- Չեմ կարող ասել ծառայողական քննության մասին: Ես տեղյակ եմ, որ դեպքի հաջորդ օրը ոստիկանության կենտրոնական ապարատից եկել են բաժին: Որքանով տեղյակ եմ, փոխոստիկանապետը եկել էր ներկայացնելու Մեղրու բաժնի պետին եւ Գորիսի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին:

- Այսինքն ոստիկանության վարչության պետի տեղակալ Վարդան Ծատրյանին Մեղրու բաժնի պետ նշանակելը, իսկ վարչության պետ Վախթանգ Ավագյանի վրա (իր հիմնական պարտականություններին զուգահեռ) Գորիսի բաժնի պետի պարտականությունները դնելը կապ չունի՞ մարտի 8-ի իրադարձությունների հետ:

- Չեմ կարծում:

- Մի անհեթեթ լուր եւս շրջանառվում է՝ այս ամենն ինչ-որ կերպ կապել Սյունիքի մարզպետի անվան հետ:

- Մեծագույն անհեթեթություն է… Ոստիկանապետը գնում է ռեստորան, մուտքի մոտ կռիվ հրահրում, իսկ հետո ենթադրություններ անում: Լուրջ չէ այդ ամենը…

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53