Կորուսյալ հայրենիք. 28 տարի առաջ հայաթափվեց ու բռնազավթվեց Շահումյանը

12.06.2020 20:50
710

Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը 1992թ. հունիսին ամբողջովին հայաթափվեց ու բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։ Շահումյանի մի շարք գյուղեր հայաթափվել էին դեռևս 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին խորհրդային զորքերի և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրականացված «Օղակ» ռազմաոստիկանական գործողության արդյունքում։ Սակայն Ադրբեջանի նպատակը Շահումյանի վերջնական հայաթափումն ու բռնազավթումն էր, որն էլ իրագործեց 1992թ. հունիսին։ 28 տարի առաջ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Շահումյանի տասնյակ հազարավոր բնակիչներ բռնագաղթվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ՝ երբեք չմոռանալով իրենց կորուսյալ հայրենիքն ու այդ օրերին տեսած ու ապրած դաժանությունները։

Ծննդավայրի բռնազավթմանն ականատես է եղել Սվետլանա Ղուլյանը, որը հանգրվանել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում։ Նա Բաքվի պետական մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո դասավանդում էր Շահումյանի շրջանի համար մեկ հայկական դպրոցում, որտեղ ստացել էր նաև իր միջնակարգ կրթությունը։ Ս. Ղուլյանն իր մանկավարժական գործունեությունը շարունակում է իրականացնել նաև Սակրամենտոյում։ Նա այստեղ մեծ շաբաթօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին և ուսումնական մասի պատասխանատուն է,  հայկական եկեղեցու երգչախմբի պատասխանատուն, միևնույն ժամանակ նրա ջանքերով հիմնադրվել ու հրատարակվել է Սակրամենտոյի մինչ օրս միակ հայալեզու թերթը։

Սվետլանա Ղուլյանը մեզ հետ զրույցում կիսվեց իր հայրենի Շահումյանում ապրած կյանքի ու բռնազավթման մասին հիշողություններով։

Նա պատմում է, որ Մռավ Լեռան լանջին գտնվող Շահումյանը երեք կողմից շրջապատված էր սաղարթախիտ անտառներով, բերքառատ դաշտերով ու այգիներով։ Բերրի հողի շնորհիվ շահումյանցիներն ապրում էին բարենպաստ ու երբեք չէին տրտնջում. «ոնց որ մեր շահումյանցիներն էին ասում՝ «մեկ սերմ էինք ցանում, տասը բերք էինք վերցնում»», - ասում է տիկին Սվետան։ Նա նշում է, որ Շահումյանում կար մեծ սպիտակ քարով քարահանք՝ «Լիտրի հանքը» և Վերին Շեն գյուղում՝ գիպսի հանքը, որոնց շնորհիվ շահումյանցիները նաև քարի ու փայտի պակաս չունեին։ Գրեթե բոլոր բնակիչների տները երկու կամ երեք հարկանի էին, հազվագյուտ էին մեկ հարկանի տները։

Տիկին Սվետան հիշում է, որ Լենինգրադից մասնագետներ էին եկել գիպսի հանք և ցանկանում էին, որ շահումյանցիները տեղում այն մշակեն ու արտահանեն։ «Բայց ադրբեջանցիները չհամաձայնեցին. դա իրենց շահավետ չէր, քանի որ շահումյանցիները կունենային աշխատավայրեր, աշխատանք։ Դրա համար այդ գիպսը մեքենաներով նրանք էին տեղափոխում ու մշակում։ Ահա այդպիսի ճնշումներ ենք մենք ունեցել  ժամանակի ընթացքում»,- ասում է նա։

Ս. Ղուլյանի խոսքերով՝ ադրբեջանցիները նույնիսկ արգելում էին հայկական եկեղեցիների զարգացումը։ Նա հիշում՝ ինչպես է Գյուլիստան գյուղից մի հարս Աստվածաշունչն ու դրա պոկված կազմը փաթաթել մետաքսե կարմիր կտորի մեջ ու փախուստի ժամանակ փրկել։ Գյուլիստանցի այդ կինը հետագայում պատմել է, որ, երբ հավաքվել են իրենց տանը աղոթելու, ադրբեջանցիներ են եկել, որ վերցնեն Աստվածաշունչը՝ ասելով, որ իրավունք չունեն Աստվածաշունչ կարդալ։ Գյուլիստանցի կինը մետաքսե կտորի մեջ փաթաթած կազմն է ցույց տվել և ասել, որ իրենց ղեկավարներից արդեն իսկ եկել ու պոկել են կազմը Աստվածաշնչից։ «Աստվածաշունչ չկա։ Կազմն ենք դնում սեղանին ու աղոթում։  Կազմն էլ որ տանեք, աղոթելն էլ հո չե՞ք կարող արգելել»,- հիշում է լսած պատմությունը տիկին Սվետան։

Նա նշում է, որ չնայած այսպիսի բազմաթիվ բռնություններին ու ճնշումներին, 20 000 հայությունը շարունակել է համերաշխ ու իրար օգնելով ապրել Շահումյանի շրջանի Շահումյան ավանում, Վերին Շեն, Էրքեջ, Գյուլիստան, Մանաշիդ, Բուզլուխ, Խարխափուտ, Հայ Պարիս, Ղարաչինար և այլ գյուղերում։  «Երբ 1988 թ.-ին Ղարաբաղը ինչպես միշտ պահանջում, խնդրում ու դիմում էր ղեկավարությանը միանալ Հայաստանին, Շահումյանը շրջափակման մեջ հայտնվեց։ Անջատեցին հոսանքները, գազերը, բայց քանի որ մենք անտառով հարուստ էինք, այդ պակասը չէինք զգում։ Վառարանը վառում էինք փայտով, չէինք տրտնջում, ամեն տեսակի ուտելիք վերցնում էինք մեր այգիներից... Իմ ընտանիքը մեղվաբույծ էր, 70-80 փեթակ մեղու էինք պահում, պահածոների գործարան ունեինք»,- ասում է նա։ Շահումյանի բնակչությունը նույնիսկ 1988թ. Սումգայիթում ջարդերից հետո չէր մտածում, որ իրենց վրա հարձակում կլինի։ «Ինչ-որ տեղ մտածում էինք Սումգայիթն ադրբեջանական քաղաք էր, բայց Շահումյանը հայկական է, հայ բնակչությամբ ու հայկական անվանումով։ Հնարավոր չէ, որ Շահումյանի վրա հարձակվեն։ Չէինք հավատում»,- նշում է նա։

Տիկին Սվետան հիշում է, որ 1990թ.-ին օգոստոսի 25-ին գնում են դպրոց ու տեսնում՝ ՕՄՕՆ-ի զորք է տեղակայված Շահումյան ավանի համար մեկ հայկական դպրոցի շենքում։ Դպրոցը ուներ 60-ից ավել ուսուցիչ ու 500 աշակերտ։ Բողոք են բարձրացնում, որին ի պատասխան ասում են, թե «վերևից են ուղարկել, որ իբր Շահումյանի շրջանում ֆիդայիններ կան ու շրջանը պաշտպանում են նրանցից»։

1985թ., Շահումյան ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր ուսումնական տարվա առաջին զանգի տողանին. լուսանկարը՝ Սվետլանա Ղուլյանի Ֆեյսբուքի էջից

«Այսպիսի շատ ծանր օրեր ապրեցինք, բայց մեր առօրեա կյանքով ապրեցինք», – ասում է տիկին Սվետան ու շարունակում, որ նույնիսկ այն ժամանակ, երբ շրջանի վերևում անընդհատ «Կրակադիլ» տիպի ուղղաթիռներ (Մի-24 հարվածային ուղղաթիռներ՝ հեղինակ) էին պտտվում ու ռմբակոծում, ժողովուրդը խուճապի մեջ էր ու վախեցած, միևնույն է շարունակում էին իրենց առօրեան ու նույնիսկ հարսանիքներ անում՝ իրենց ավանդույթներով ու 400-500 մասնակցով։ «Որովհետև ասում էինք, այս ամենը ժամանակավոր է, չի կարող հարձակում լինել։ Ո՞նց կարող է մի ամբողջ շրջան, 20 000 մարդ տեղահանեն կամ կոտորեն։ Բայց փաստորեն եկավ մի պահ, որ Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերը հայաթափվեցին ու բնակչության մի մասը հանգրվանեց Շահումյանում»,- պատմում է Ս. Ղուլյանը։

Շահումյանի հայաթափման նպատակով  հարձակումներն ու գնդակոծությունները նոր թափով սկսվում են 1992թ. տարեմուտին։ Հունվարի մեկին, երբ աշակերտները ամանորյա ելույթներ էին ունենում տոնածառի շուրջ, պաշտպանական կետերում ռմբակոծություններ էին։ Իսկ ահա հունվարի 13-ին ռմբակոծություններ են սկսվում նաև շրջկենտրոնում։  «Սկսեցին կրակել «Գրադից»։ Եթե մինչ այդ կրակում էին «Ալազանից», 1992թ. հունվարի 13-ին առաջին անգամ կրակեցին Գրադից»,- վկայում է տիկին Սվետան։ Նա հիշում է, որ գնացին դպրոց ու տեսան, որ աշակերտներն ու ուսուցիչները վազում են դպրոցի հարևանությամբ գտնվող հիվանդանոց, քանի որ բազմաթիվ վիրավորներ կային։ Ծանր վիրավորվել էին նաև ինքնապաշտպանական ջոկատներում կռվող Ս. Ղուլյանի քրոջ երկու որդիները։  «Ամբողջ Շահումյանը լցվել էր հիվանդանոցի բակն ու գոռում էր՝ «ինձնից արյուն վերցրեք»։ Որովհետև վիրավորների կյանքը փրկելու համար արյուն էր հարկավոր...»։

«Այդ օրը միանգամից 17 զոհ ունեցանք՝ Աշոտ  Մովսիսյան, Հայրյան Արսեն՝ սկեսրոջս հորեղբոր թոռը, միակ տղան, իմ աշակերտ Ղարագաղյան Մովսեսը… Ամբողջ ավանը սգի մեջ էր։ Ղահրամանյան Յուրիկի հղի աղջիկը, որի ծննդաբերելու ժամանակներն էր՝ մյուս երեխան գրկում, իրենց բակում գրադի հարվածից երկու մասի է բաժանվում… «Գրադը» էլ տուն չթողեց, էլ ընտանիք չթողեց, զոհ տվեցին բոլորը...»,- արցունքներն աչքերին պատմում է տիկին Սվետան։ 

 

Մայիսմեկյան շքերթ  Շահումյանում. Լուսանկարը՝ Ս. Ղուլյանի Ֆեյսբուքի էջից

Հունվարի 13-ից հետո շրջանի բնակիչները իրենց բակերում թաքստոցներ են պատրաստում ու հրետակոծությունների ժամանակ պատսպարվում այդտեղ կամ նկուղներում ու բաղնիքներում։ Բայց արկերը հասնում էին նաև թաքստոցներին։ «Մի անգամ ռումբը ընկավ մեր դիմացի երեք հարկանի տան վրա ու այն ամբողջովին ոչնչացրեց։ Բազմազավակ ընտանիք էր, բոլորը փախան անտառ, այնտեղ վրան սարքեցին ու մնացին։ Բայց կրակոցները հասան նաև անտառ.. Մենք մի ձոր ունեինք, «Նահատակի ձոր» է կոչվում, որտեղ մահմեդականները քրիստոնյաներին նահատակել էին, գերեզմանոցներ էլ կային։ Հարմար էր պատսպարվելու համար։ Գնում էինք այնտեղ, ճրագ վառում։ Բայց ռումբերը այնտեղ  էլ հասան...»։

Շահումյանցիները հասկանում են, որ ռումբերն ու հրետակոծությունները հետապնդում են իրենց ամենուր։ Հուսալքված ժողովուրդը ստիպված է լինում փախչել լեռնային գյուղեր։ Մարտ ամսվա երկրորդ կեսից սկսվում է մեծամասշտաբ տեղաշարժ դեպի Գյուլիստան, որոշ ժամանակ անց այստեղից էլ՝ Մարտակերտ։ Մինչ այդ ոմանք արդեն իսկ հեռացել էին շրջանից։ Գյուլիստանում յուրաքանչյուր տան մեջ պատսպարվում էր  12-13 ընտանիք։ Ս. Ղուլյանի հորաքույրը՝ Նունիկ Բեգլարյանը ևս իր հարկի տակ պատսպարել ու կերակրել է 53 հայրենակցի, որոնց անունները տիկին Սվետան հետագայում գրառել է իր օրագրերում։ «Բայց եկավ մի օր, որ ուղղաթիռներով ռուսերեն, ադրբեջաներեն, հայերեն գոռում էին «դուրս եկե՛ք, դո՛ւրս եկեք, դուք շրջափակված եք…»։

Ս. Ղուլյանը հիշում է, որ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը երիտասարդները գոռում էին, որ ԲՏՌ-ներով (զրահափոխադրիչ), տանկերով, ուղղաթիռներով շրջապատված են։ Հայտնվելով շրջափակման ու ռմբակոծությունների տակ՝ նրանք փախչում են անտառ, որտեղից էլ օրեր շարունակ գիշեր-ցերեկ, սոված ու ծարավ քայլելով լքում իրենց հայրենիքն ու ծննդավայրը…  «Յոթ օր ու գիշեր ոտքով գնում էինք։ Ի՞նչ կարող էինք հետներս վերցնել։ Ով գրպանում մի կտոր չոր հաց ուներ՝ տալիս էր երեխաներին։ Անտառում ճիչ ու աղաղակ էր։ Ոմանք գոռում էին իրենց հոր կամ մոր անունը՝ հարցնում չե՞ք տեսել, կորցրել ենք… »,- հուզմունքը զսպելով հիշում է տիկին Սվետան։ Նա պատմում է, որ իր հարևանուհիներից մեկը, որը ներկայումս Սակրամենտոյում է բնակվում, իր երեխային գրկած երեք օր անտառում մոլորվել էր…

Տիկին Սվետան, չկարողանալով զսպել արցունքները, պատմում է, որ հենց մի քիչ դանդաղում էին՝ վերևից կրակում էին… Այսպես շահումյանցիները օրեր շարունակ անտառներում տեսնում են ամեն տեսակ դժվարություններ, ականատես լինում բռնի տեղահանության արդյունքում զոհերի ու նույնիսկ ծննդաբերության… «Վելյան Մուրադը քայլելելիս սայթաքեց ու ընկավ ձորը։ Կինն ու երեխաները հետևից գոռում էին՝ Մուրա՜դ, ո՞ւր գնացիր... բայց ի՞նչ անեին...շարունակում էին ճանապարհը»։

Նա ցավով է նշում, որ այսպես շահումյանցիները ցրվեցին աշխարհով մեկ. ընտանիք չկա, որ զոհ տված չլինի, վիրավոր չունենա, անհայտ ճակատագրեր… ովքեր անկողնային էին, մնացին ու զոհվեցին… «Իմ հարևան Էլոն չորս երեխա ուներ, տղան՝ Անդրանիկը, միացավ պաշտպանական ուժերին ու մինչև օրս անհայտ կորած  է...»,- ասում է նա։

Տիկին Սվետան նաև հիշում է, որ այդ օրերին ուժեղ անձրևում էր և իրենք բողոքում էին։ Եվ միայն հետագայում են հասկացել, որ, եթե անձրևը չլիներ, ավելի շատ զոհեր կունենային տապից ու ծարավից։

Ի վերջո, Ս. Ղուլյանը կարողացել է հասնել Մայկոպ և հետագայում տեղափոխվել Սակրամենտո։ Տիկին Սվետայի հիմնադրած թերթի, որը առժամանակ չի հրատարակվում, նպատակն էր խոսել հոգու ու Շահումյանի մասին։ Եվ հենց «Մռավ սարը» թերթում էլ նա խոսում է Շահումյանի մասին։ Ս. Ղուլյանն ապրում է հայրենի Շահումյանի կարոտով։ Նա առավել շատ կարոտում է շահումյանցիներին ու մանկավարժական կոլեկտիվին։ «Դրախտավայր էր մեր Շահումյանը… Սակրամենտոյում մի ամբողջ Շահումյան կա»,- ասում է նա։

Գոհար Գրիգորյան

armenpress.am

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19