Համլետ Պետրոսյան. «Տիգրանակերտի հուշարձանն արժանի չէ նման վերաբերմունքի»

18.08.2017 14:32
1945

Հունիսի 27-ին Արցախի Հանրապետություն կատարած հերթական այցելության ընթացքում հանդիպեցինք Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ, ում հետ զրուցեցինք Արցախի Տիգրանակերտի հայտնաբերման, ուսումնասիրության, կատարվող աշխատանքների եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց Համլետ Պետրոսյանը, գիտական հիմնական հետաքրքրությունը հայ քրիստոնեական մշակույթն է, նրա զանազան դրսեւորումները, զբաղվել է խաչքարային մշակույթի, միջնադարյան բնակավայրերի, աշխարհընկալման, ինքնության դրսեւորման, ներկայումս` զբաղվում է կոնկրետ Արցախի, մասնավորապես Տիգրանակերտի ուսումնասիրության խնդիրներով:


Արցախի Տիգրանակերտում պեղումներ սկսելու նախապատմությունը


ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005 թվականից սկսած պեղումների շնորհիվ հայտնաբերել է հայոց արքա Տիգրան Մեծի (մ.թ.ա 95-55թթ.)՝ Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը: Սա Տիգրանի անունով միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն բացահայտված է: Պեղումները, ինչպես եւ սպասելի էր, երեւան են բերում մեծ եւ հզոր քաղաքի կառուցապատման եւ մշակութային հարուստ կյանքի մանրամասները: Գետնի տակից վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել լեռան լանջն ի վեր (արհեստական դարավանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:

«Միշտ կարծել եմ, որ Տիգրանակերտի մասին իմ պատկերացումները հեքիաթային են, նյութերը` աղքատիկ, եւ միայն ենթադրություններ կարելի էր անել: Այնտեղ պեղումներ իրականացնելու խնդիրը ծագեց անսպասելի», - խոստովանում է Համլետ Պետրոսյանը: Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ արցախցիները եկվոր են, եւ իբր փաստերը ցույց  են տալիս, որ 19-րդ դարում ռուսներն են Իրանից եւ Թուրքիայից հայերին այստեղ բնակեցրել, այդ փաստը հերքելու ապացույցներ գտնելու անհրաժեշտություն առաջացավ: «2005թ. սկսվեցին աշխատանքները, երբ պեղումներ էի իրականացնում Շուշիում: «Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հկ-ների միության նախագահ Սեւակ Արծրունու առաջարկով սկսեցինք աշխատանքները, որոնց նպատակն այն էր, որ նախեւառաջ ադրբեջանցիներին ապացուցենք, որ սա նրանց պատմական հողը չէ: Սեւակ Արծրունու աջակցությամբ, այդ կազմակերպության ֆինանսավորմամբ սկսեցինք աշխատանքները: Նախ՝ ուսումնասիրեցի պատմական աղբյուրները, այնուհետեւ, հավաքելով Հայաստանի լավագույն հնագետներին, եկանք Արցախ՝ Խաչենագետի ներքնահովիտի հուշարձաններն ուսումնասիրելու, - պատմեց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով. - Մեր բախտը բերեց, եւ գտանք հայոց արքա Տիգրան Բ Մեծի (մ.թ.ա. 95-55թթ.)՝ Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը: Ի դեպ, այստեղ նշեմ ֆենոմենալ ժայռափոր ջրանցքի մասին, որ, իմ կարծիքով, նույնիսկ ուրարտական ժամանակաշրջանի հետքեր ունի, Խաչենագետից թեքվում է Տիգրանակերտ, ու էլ հետքեր չկան»: Ի հավելումն նշենք, որ ադրբեջանցիները գրեթե 20 տարի այստեղ աշխատել են, այս տարածքում բանտ է եղել, որ ստեղծվել է կրաքարի հայտնի հանքերը շահագործելու նպատակով: Մինչ օրս հանքերի մնացորդները երեւում են եւ լրիվ ավերել են:

Հնագիտական արշավախմբի աշխատանքները, ինչպես արդեն նշեցինք, ղեկավարում է Համլետ Պետրոսյանը: Արշավախմբի մշտական կազմի մեջ են Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Վարդգես Սաֆարյանը, Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Տատյանա Վարդանեսովան, Արմավիրի հնագիտական արշավախմբի ղեկավար Ինես Կարապետյանը, հնագետներ Արմինե Գաբրիելյանը, Նժդեհ Երանյանը, Ռուբեն Հովսեփյանը, ճարտարապետ Լիլիթ Մինասյանը:


Տիգրանակերտի հետազոտություններին մասնակցություն են ունեցել նաեւ Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Ռուբեն Վարդանյանը, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Ժորես Խաչատրյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Աղավնի Ժամկոչյանը, հնագետներ Նորա Ենգիբարյանը, Հայկ Հակոբյանը, Հասմիկ Մարգարյանը: Քարայրային-պաշտամունքային համալիրի հունարեն արձանագրություններն ուսումնասիրելու նպատակով արշավախմբի աշխատանքներին մասնակցել է Լեչեի համալսարանի (Իտալիա) Հռոմի պատմության պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան, հնաբուսաբան Ռոման Հովսեփյանը, հայտնի ֆրանսիացի մարդաբան Պոլ Բեյլին, Ֆլորենցիայի համալսարանի հնագետներ եւ այլք: «Մի խոսքով՝ սա լուրջ մասնագիտական կազմ է, եւ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի կատարված եւ կատարվող աշխատանքներում», - նշեց Համլետ Պետրոսյանը:


Մինչ 2008թ. հնագիտական աշխատանքների ֆինանսավորումն իրականացրել է «Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հկ-ների միությունը (նախագահ՝ Սեւակ Արծրունի), իսկ 2008թ.-ից՝ Արցախի Հանրապետության կառավարությունը: «Ֆինանսավորման համար, իհարկե, շատ շնորհակալ ենք, բայց պետք է փաստեմ, որ ֆինանսավորումը համեստ է, ինչի հետեւանքով մեր աշխատանքների տեմպը դանդաղում է: Այսօրվա դրությամբ պեղել ենք հուշարձանի տարածքի միայն 3-4 տոկոսը, ինչն ավելի շատ եզրակացություններ անելու հնարավորություն չի տալիս: Մինչեւ հիմա չենք հասցրել բացել մուտքը. հայերեն արձանագրություն, վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի երկու եկեղեցի ենք բացել, մեկ սկավառակ ենք գտել, որին հայերեն գրված է. «Ես Վաչագան ծառայ Տիառն աստծո»…. Այս շարքը կարելի է շարունակել: Տարեկան 17 մլն դրամ ֆինանսավորմամբ ամեն տարի կարող ենք պեղել ընդամենը 1000 քառ. մետր տարածք. սա այն դեպքում, երբ հուշարձանի ընդհանուր տարածքը զբաղեցնում է 70  հա: Այս հուշարձանն արժանի չէ նման վերաբերմունքի:

Համոզված եմ՝ եթե այն լիներ մեր հարեւան երկրներից մեկում, համաշխարհային բրենդ կդառնար:

Այսօր սա հայերի ներկայությունն այս տարածաշրջանում ապացուցող ամենազորեղ փաստարկն է, ուրիշ նմանը գոյություն չունի», - իր մտահոգությունն է հայտնում արշավախմբի ղեկավարը:

Պատմական աղբյուրները

«Այս տարածքը մոտավորապես համապատասխանում է պատմական Արցախի Մեծ Իրանք գավառին, որ որոշ տեղերում հիշատակվում է Մեծառանք կամ Մեծարանից գավառ, որ հայտնի է Սուրբ Հակոբա վանքով՝ որպես վաղ միջնադարյան կարեւոր հոգեւոր կենտրոն մինչ Գանձասարի վանական համալիրի կառուցումը: Դա եղել է եպիսկոպոսանիստ գավառ, եւ ենթադրություններ կան, որ այն հաճախ կոչվել է Տիգրանակերտի գավառ, եւ ըստ էության Պարտավի մերձակայքն ու Մեծիրանքն առանձնացել են այս գծով (Տիգրանակերտը եղել է սահմանային բնակավայր)», - պարզաբանեց Համլետ Պետրոսյանը:

Արցախի Տիգրանակերտի ճշգրիտ տեղադրության ապացուցման համար ամենահիմնական հիշատակությունը հանդիպում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի «Պատմութիւն Հերակլի» աշխատության մեջ: Այն հիմնական ու օբյեկտիվ փաստարկ է համարվում, քանի որ ոչ մի կերպ չի նկարագրել Տիգրան Մեծի թագավորությունը, ժամանակաշրջանն ու գործունեությունը: Նա նկարագրել է Բյուզանդիայի կայսր Հերակլի 622-624թթ. պարսիկների դեմ արշավանքները:

Սեբեոսը պատմում է, որ այդ պատերազմի դրվագներից մեկում բյուզանդական կայսրն իրեն հետապնդող պարսիկներից խույս տալու նպատակով փորձում է Սյունիքից անցնել Վրաստան, սակայն պարսկական մի զորաբանակ, Գարդմանի կողմից դեպի հարթավայր իջնելով, կտրում է նրա ճանապարհը մյուս Տիգրանակերտի մոտ: Կայսրը փորձում է հետ դառնալ եկած ճանապարհով, բայց այս անգամ էլ նրան հանդիման դուրս է գալիս մի ուրիշ զորախումբ` արդեն Տիգրանակերտ ավանի մոտ: Այսպիսով, Սեբեոսը հիշատակում է երկու Տիգրանակերտ, որոնցից մյուս Տիգրանակերտը գտնվում էր հյուսիսում, իսկ Տիգրանակերտ ավանը` հարավում: Ավելի քան հավանական է, որ հեղինակը Տիգրանակերտերից մեկը մյուս է կոչում` այն Տիգրանակերտ ավանից տարբերելու համար: Ինչ վերաբերում է ավան տերմինին, Սեբեոսի աշխատությունում այն որպես կանոն օգտագործվում է նշանակելու ամրացված բնակավայրը` որը մի դեպքում կարող է լինել շուրջանակի պարսպապատված, իսկ մի այլ դեպքում` ամրոցին կից կամ նրա շուրջ փռված: Այս տեղեկությունները բացարձակապես արժանահավատ են, քանի որ հեղինակն այս բնակավայրերը հիշատակում է Տիգրան Մեծի եւ նրա ժամանակի հետ որեւէ կապ չունեցող դեպքերի նկարագրության ժամանակ, որպես Հերակլի զորաշարժի կետեր: Սեբեոսի վկայությունից արվող ամենաանմիջական եզրակացությունն այն է, որ 7-րդ դարի սկզբներին Արցախում եւ Ուտիքում կային Տիգրանակերտ անունով երկու բնակավայր: Եթե նկատի ունենանք, որ կայսեր բանակը շտապ Վիրք հասնելու համար պիտի գնար բանուկ ճանապարհով, ապա ավելի քան հավանական է, որ Տիգրանակերտերը գտնվել են արցախյան լեռների ու Ուտիքի հարթավայրի ձուլման եզրով դեպի հյուսիս գնացող ճանապարհից ոչ այնքան հեռու կամ նույնիսկ նրա անմիջական մերձակայքում:

Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Հերակլի բանակը դեպի Տփղիս իր ճանապարհին սկզբում դադար էր առել Տրտու (այժմ` Թարթառ) գետից հարավ ձգվող հեղեղատի ափին` Կաղանկատույք գյուղի մոտ, ապա հենց Տրտուի հեղեղատին կից` Դյուտական գյուղի մոտ: Կաղանկատվացու այս եւ մի քանի այլ տեղեկությունների քննությամբ կարելի է պարզել, որ Սեբեոսի հիշատակած Տիգրանակերտերից հարավայինը` Տիգրանակերտ ավանը, գտնվում էր Թարթառից հարավ, Պարտավից ոչ այնքան հեռու, այնտեղ, որտեղ արցախյան լեռներն ավարտվում են, եւ սկսվում է Ուտիքի տափաստանային հատվածը:

Թեեւ Մովսես Կաղանկատվացին իր պատմության այս մասում որեւէ Տիգրանակերտ չի հիշատակում, սակայն 8-րդ դարի սկզբներին հայոց Եղիա կաթողիկոսի՝ Պարտավում հրավիրած ժողովի մասին թղթում, որը ներառված է եւ Կաղանկատվացու անունով հայտնի Պատմության մեջ, տեղեկություն կա այն մասին, որ այդ ժողովին ի շարս այլոց մասնակցում էին նաեւ Կաղանկատույքի վանական Դավիթը եւ Տկռակերտի վանական (տվյալ դեպքում ուղղակի` քահանա) Պետրոսը: Նախ՝ կարելի է ենթադրել, որ Տկռակերտը Տիգրանակերտի տեղական արտասանությունն է, երկրորդ՝ հավանական է, որ այն այնքան էլ հեռու չէր Կաղանկատույքից (քանի որ հիշատակվում է նրանից անմիջապես հետո)` այսինքն՝ խոսքը նորից Տիգրանակերտ ավանի կամ Արցախի Տիգրանակերտի մասին է: Այս ժամանակ Տիգրանակերտի՝ կարեւոր բնակավայր լինելու հանգամանքը հավաստվում է նաեւ այն փաստով, որ հենց բնակավայրից մի քանի հարյուր մետր հեռու՝ լեռան գագաթին, 7-րդ դարի վերջերին կառուցվել է խաչաձեւ կենտրոնագմբեթ տաճար: Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի պեղումները երեւան են բերել 5-6-րդ դարերում կառուցված բազիլիկ եկեղեցու մնացորդները: Կարծում ենք, որ Պետրոսը հենց այս եկեղեցու քահանան էր:

Խաչենի իշխանության զորեղացման շրջանում` 12-13-րդ դարերում, երբ Հասան Ջալալի տիրապետության սահմանները հասնում էին մինչեւ Կուր գետ, Խաչենագետի ներքնահովտի նախալեռնային եւ հարթավայրային հատվածը` Տիգրանակերտ ավանի անունով, կոչվում էր Տիգրանակերտ: Խաչենագետի վերին հոսանքի վտակներից մեկի մոտ գտնվող Կոշիկ անապատի 13-րդ դարի մի արձանագրության մեջ հիշատակվում է Տիգրանակերտի երկիրը, որտեղից եկած մի ոմն Հակոբ նվիրատվություն էր արել վանքին: Այդ ժամանակ Տիգրանակերտը խոշոր բնակավայր էր, վկայում են կենտրոնական թաղամասի 2006-2007թթ. հետախուզական պեղումները, որոնք երեւան են բերել 12-13-րդ դարերին պատկանող հարուստ քաղաքային մշակույթ:

Արցախի Տիգրանակերտի մասին ընդհուպ մինչեւ 18-րդ դարի կեսերը, ցավոք, այլ տեղեկություններ չկան: 18-րդ դարի կեսերին այստեղ բխող Շահբուլաղ կոչվող աղբյուրների կողքին ամրոց է կառուցում Արցախի մելիքությունների կատաղի թշնամի Փանահը: Ընդ որում՝ ամրոցի առաջին շարքերը շարվում են 5-6-րդ դարերի բազիլիկ եկեղեցուց բարբարոսաբար պոկված սրբատաշ քարերով, որի շքեղ ավերակները դեռ կանգուն էին: Սակայն այդ ամրոցը շուտով ավերվում է Արցախի մելիքների կողմից:

Այսօր կանգուն է Շահբուլաղի ամրոց-դղյակը, որտեղ գործում է Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, որի երեք սրահում ներկայացված են Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով հայտնաբերված տարբեր դարաշրջանների գտածոներ՝ սկսած մ.թ.ա. 1-ին դարից:

Շահբուլաղի հետ կապված իր դիտարկումն արեց Համլետ Պետրոսյանը՝ մասնավորապես նշելով. «Մեր հայագիտական միտքը բավականին ճկուն չէ եւ երբեմն սխալներ է թույլ տալիս՝ կապված նաեւ այս ամրոցի հետ: Փանահը (18-րդ դար) եղել է թուրք ցեղախմբի առաջնորդ, ով, զանազան հանգամանքներով պայմանավորված, բավականին ուժ եւ հարստություն է կուտակել, բայց նա խոսել է պարսկերեն, պալատական վարք ու բարքը եղել է պարսկական: Այն ժամանակ դավանաբանական, մշակութային կողմնորոշումը միանշանակ պարսկական շիական մշակույթն էր: Եթե նա որեւէ բան էր կառուցում, ապա միայն ու միայն պարսկական չափանիշներով: Այստեղ խնդիրն այն չէ, որ եթե ասում ենք Փանահն ամրոց է կառուցել, ապա այն ադրբեջանցիների մշակույթին պետք է վերագրել: Սա միանշանակ սխալ մոտեցում է, եւ Փանահն ինչ կառուցել է, տվյալ ժամանակաշրջանում ընդունված պարսկական չափանիշներին համապատասխան է արել: Ինչպես օրինակ՝ Շուշիի բերդի դեպքում, որ պարսկական չափանիշներով է կառուցված, բայց 80 տոկոս հայկական մշակույթին համապատասխան:

Այստեղ որեւէ այլ խնդիր չկա»:

«Հիմա նոր աղբյուրներ էլ եմ գտել. Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի օրագրում կա մի արձանագրություն, որ Տիգրանակերտից է, որ այժմ կոչվում է Շահբուլաղ: Կաթողիկոսը բերում է եւս մեկ արձանագրության օրինակ՝ Վանքասարի եկեղեցուց, որում գրված է. «Սա է գիր Տիգրանակերտու, որ այժմ ասի Շահբուլաղ», - նշեց արշավախմբի ղեկավարը:


Ո՞ր Տիգրանակերտն է


Համլետ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ թե քանի Տիգրանակերտ ենք ունեցել, հայոց պատմության մեջ նման հարց չի քննարկվում: Դինաստիական անուններով քաղաքների անվանումն ընդհանուր երեւույթ էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների արդյունքում առաջացած հելլենիստական աշխարհում: Օրինակ՝ հելլենիստական միապետների անուններով կոչվել են բազմաթիվ Ալեքսանդրիաներ, Սելեւկիաներ, Անտիոքներ: Հայաստանում էլ մինչեւ Տիգրան Մեծ արքաների անուններով ստեղծվել են Երվանդաշատ, Երվանդակերտ, Արտաշատ քաղաքները, մի քանի Զարեհավաններ ու Զարիշատներ:

Այս ավանդույթը շատ ավելի մեծ թափ ստացավ Տիգրան Մեծի օրոք, քանի որ նրա հսկայածավալ նվաճումները հարստության, աշխատուժի եւ սինոյկիսմոսի (համաբնակեցում) ավելի մեծ հնարավորություններ էին ստեղծում: Բացի Աղձնիքում հիմնած Տիգրանակերտ հանրահայտ մայրաքաղաքից, որի մասին հիացմունքով են խոսում հունահռոմեական մի շարք պատմիչներ (Ստրաբոն, Ապպիանոս, Պլուտարքոս)՝ պատմական Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Տիգրանի անունով մի շարք այլ բնակավայրեր էլ են հայտնի: Օրինակ՝ Գողթնում հիմնվել է Տիգրանակերտ ավանը, Մարաստանում` Տիգրանա բնակավայրը, Ամանոսում` Տիգրանուկոմեն: Հարկ է նկատել նաեւ, որ այդ բնակավայրերից եւ ոչ մեկի, ներառյալ եւ մայրաքաղաք Տիգրանակերտի ճշգրիտ տեղադրությունը, հայտնի չէ: «Տիգրանակերտ անունով մեզ հայտնի է 7-8 բնակավայր, բայց կարող ենք ենթադրել, որ այդ անունով տասնյակ բնակավայրեր են եղել: Ասել, թե քանի Տիգրանակերտ ենք ունեցել, պատմագիտորեն սխալ կլինի: Մեզ պատմականորեն հայտնի է 7-8 բնակավայր, ընդ որում՝ նույնիսկ Տիգրանակերտ մայրաքաղաքի հետ կապված մի քանի տիգրանակերտների մասին է խոսքը: Այսօրվա դրությամբ Տիգրանակերտ մայրաքաղաքի տեղը հնագիտորեն ապացուցված չէ: Այսօր միակ հնագիտորեն ապացուցված ճշգրիտ տեղադրությունն Արցախի Տիգրանակերտինն է, - նշեց Հ.Պետրոսյանը՝ հավելելով. - Տիգրանակերտը հայտնաբերել նշանակում է ցույց տալ նյութական մշակույթի այն մնացորդները, որոնք պատկանում են Տիգրանակերտի ժամանակաշրջանին: Մեր հայտնագործությունը հանգեց նրան, որ մեզ հաջողվեց տարածքում գտնել Տիգրան Մեծի ժամանակաշրջանին պատկանող հզոր քաղաքի մնացորդները, որ որեւէ մեկը մինչ մեզ չէր վավերացրել»:


Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ երբ առաջին անգամ եկան այս տարածք, տեսան կտրտված ժայռեր:

Ժամանակին Յան Պոլսկին, որ հայտնի ակադեմիկոս է, ազգությամբ հրեա, Ադրբեջանի ակադեմիայի անդամ եւ ստեղծել է Աղվանից տեսությունը, որի համաձայն՝ աղվաններն ադրբեջանցիների նախնիներն են, մի հոդված է գրել Վանքասարի եկեղեցու մասին, որտեղ նշում է, որ այն աղվանական է՝ չնայած շեշտելով վարպետների նշանների՝ զգալի մասի հայերեն տառեր լինելու փաստը, որ նույնական են Սիսիանի 7-րդ դարի տաճարի նշաններին: Ըստ այդ հոդվածի՝ եկեղեցին այնքան կարեւոր է եղել, որ ուխտավորների համար ճանապարհ են բացել: «Քանի որ Յան Պոլսկին ժայռերի փորվածքները համարել է ճանապարհ, հետագայում ադրբեջանցի հնագետները, ովքեր վերականգնել են Փանահի ամրոցը, բավականին շատ հող են փորել, հարթեցրել, շատ նյութեր հանել, բայց ուշադրություն չեն դարձրել, քանի որ իրենց ակադեմիկն ասել է, որ այն ճանապարհ է, - նշում է Համլետ Պետրոսյանը: - Երբ մենք այդ կտրվածքները, որ համարվել է ճանապարհ, ուսումնասիրեցինք, պարզվեց, որ դրանք պարսպի հետքեր են, ինչն ադրբեջանցիները չեն հասկացել»: Այդ պարսպի շարվածքը հատուկ տեխնիկա ունի, որ հելլենիստական դասական շարվածք է, ինչպիսին են օրինակ՝ Արտաշատի, Հին Մցխեթայի պարիսպները: Այդ շարվածքի մասին Փիլոն Բյուզանդացին հատուկ տրակտատ է գրել. «Այսինքն՝ դա զուտ արցախյան կամ դասական հայկական ձեւ չէ, այլ՝ դասական հելլենիստական, որ հայերը մշակել են: Այդ նորմերին համապատասխան է կառուցվել տվյալ ժամանակաշրջանի պարսկական ամբողջ Արեւելքը: Երբ հասկացանք, որ պարսպի հետքեր են, պեղեցինք եւ գտանք այդ շրջանում տարածված գունազարդ խեցեղեն (միագույն՝ վրան կարմիր, դարչնագույն, երբեմն սեւ ներկեր), որ թվագրվում է հստակ ժամանակաշրջանի, այն է՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչեւ մ.թ. 2-րդ դար: Սա մեզ թույլ է տալիս վստահաբար ասել, որ այստեղ եղել է Տիգրանի ժամանակի հզոր ամրոց՝ համապատասխան նյութերով, որ մինչ մեզ ոչ ոք չէր հայտնաբերել: Այնուհետեւ գտանք անտիկ այլ թաղամասեր եւս, հետո՝ վաղքրիստոնեական թաղամաս, ի վերջո պարզեցինք, որ քաղաքը մինչ 13-րդ դարի կեսերը գոյատեւել է եւ զբաղեցրել 70 հա տարածք»:


Հարցին, թե աշխարհին որքանով է հետաքրքրում Տիգրանակերտ հուշարձանը, Համլետ Պետրոսյանը պատասխանեց. «Աշխարհն արձագանքում է այնքանով, որքանով հուշարձանը հետաքրքրում է գիտական շրջանակներին եւ ասել, որ քաղաքական շրջանակներին եւս հետաքրքրում է, ճիշտ չի լինի»:

Մարսելում կատարված անալիզների շնորհիվ հաստատվեց, որ հայտնաբերված երկու եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի վերջին եւ 6-րդ դարի սկզբին Վաչագան Բարեպաշտի բարեփոխումների ժամանակ, ինչպես եւ կարծում էին հնագետները: «Մեկուկես տարի չարչարվեցի, մինչեւ գտա 840 եվրո այդ անալիզներն անելու համար: Հիմա Մարսելում նյութեր կան, որոնց ուսումնասիրության համար համապատասխան գումար չկա», - նշեց Հ.Պետրոսյանը: Այս տարիներին արշավախմբի ղեկավարը տարբեր երկրներում հանդես է եկել զեկուցումներով այն չափով, որքանով կարողացել է ուրիշների գիտական հետաքրքրություններին համահունչ լինել. «Ակադեմիզմը չի սիրում հայրենասիրություն»:

Արշավախմբի ղեկավարի փոխանցմամբ՝ պեղումների  ընթացքում հայտնաբերված բոլոր գտածոներն էլ արժեքավոր են. անտիկ գունազարդ, միջնադարյան ջնարակապատ խեցեղենի բեկորների, ճարտարապետական մանր դետալների, ապակյա ապարանջանների ամենաշքեղ հավաքածուն Տիգրանակետն է տալիս, հունարեն, վաղ քրիստոնեական շրջանի եւ այլ արձանագրություններ, պարսպապատերի կվադրերի համար նախատեսված ժայռափոր ժապավեններ, հարթակներ ու կիսաշրջան, լիաշրջան եւ ուղղանկյուն աշտարակների հիմքեր. ծիծեռնակապոչ կապեր…

«Նախաքրիստոնեական շրջանի հայերեն հստակ արձանագրություններ դեռեւս չենք հայտնաբերել, բայց ակնկալում ենք մուտքերը բացելիս գտնել: Հատկապես պարիսպների շարվածքը վկայում է վարպետների առանձնահատուկ տաղանդի մասին. պեղումներին զուգահեռ նաեւ սովորում ենք», - նշեց Համլետ Պետրոսյանը:

Երկու կարեւոր խնդրի մասին


Ինչպես վերեւում նշեցինք, ամենակարեւոր խնդիրը ֆինանսական միջոցների սղությունն է: «Այսօրվա ամենակարեւոր խնդիրներից մեկը Տիգրանակերտի դամբարանադաշտերի հայտնաբերումն է. դրանցից որոշների տեղը գիտենք, բայց պեղումներ անելն այնքան էլ էֆեկտիվ չէ. կարող է պեղենք, գտնենք կամ էլ չգտնենք: Կա մագնիսական սկանավորման եղանակ, բայց թանկ հաճույք է. մեկ հա տարածքի՝ այդ եղանակով ուսումնասիրությունն արժե 1 մլն դրամ, մեզ անհրաժեշտ է առնվազն 150 հա տարածքի սկանավորում», - պարզաբանեց Հ.Պետրոսյանը՝ հավելելով, որ, օրինակ, Արտաշատի հայաստանյան հնագիտական արշավախմբերը համագործակցում են լեհական հայտնի հաստատությունների հետ եւ շատ խնդիրներ նրանց միջոցով լուծումներ են ստանում: «Բայց Արցախի Հանրապետության ներկա կարգավիճակով պայմանավորված՝ չենք կարողանում համագործակցել այլ երկրների համապատասխան հաստատությունների հետ: Քանի որ քաղաքականապես ճանաչված չենք, հնարավոր չէ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար որեւէ մեկի հետ պայմանագիր կնքել», -  նշեց արշավախմբի ղեկավարը:

Հ.Պետրոսյանի փոխանցմամբ՝ հաջորդ խնդիրն արցախյան տեղական իշխանությունների հետ փոխհարաբերություններն են: «Շատ կցանկանայի, որ մեզ նման նվիրված աշխատող մարդկանց մի քիչ գնահատեին, ավելի լավ վերաբերվեին», - զրույցն ամփոփեց Համլետ Պետրոսյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25