Մայիսի 14 ից-20-ը Վրաստանում կայացավ Պոեզիայի միջազգային փառատոն, որին անհատապես հրավիրվել էին բանաստեղծ-թարգմանիչ Գագիկ Դավթյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը: Այդ առիթով Սամվել Ալեքսանյանը հեռախոսազրույց ունեցավ Գագիկ Դավթյանի հետ:
– Պարոն Դավթյան, Ձեր գրական ժառանգության մեջ պատկառելի է վրացական պոեզիայի հայերեն վերարծարծումների բաժինը: Նկատի ունեմ 34 բանաստեղծների գործեր ամփոփող ձեր «Վրացական պոեզիա» ստվարածավալ հատորը, էլ չեմ խոսում Ձեր թարգմանությամբ մեզանում հրատարակված վրաց հեղինակների գրքերի մասին: Մեր ընթերցողին հետաքրքիր կլիներ իմանալ՝ որտեղի՞ց է գալիս ձեր սերն ու նվիրումը, առանց որի անհնար կլիներ այս ամենը:
– Հաճելի հուշեր եք արթնացնում: 1985-ին, ուղիղ 40 տարի առաջ, առաջին անգամ եղա Վրաստանում՝ մասնակցելու հին ու բարի այն ժամանակներում յուրաքանչյուր տարի Վլադիմիր Մայակովսկու ծննդավայր Բաղդադի գյուղում անցկացվող պոեզիայի միջազգային օրերին: Մտերմացա վրացի իմ սերնդակիցներից շատերի հետ, հաղորդվեցի նրանց ստեղծագործությանը և ընդհանուր շատ բաներ գտա նրանց ու մերոնց գրական կենսագրություններում, թեպետև, իմ տպավորությամբ, նրանք շրջապատված են եղել արտակարգ հոգատարությամբ ու սիրով, ինչը, այդպես էլ, երազ մնաց գրական իմ սերնդի համար: Հենց միայն այն փաստը, որ Վրաստանում երիտասարդության համար սահմանված էր Վ. Մայակովսկու անվան պետական մրցանակ՝ 1000 ռուբլի դրամական բաղադրիչով, կարծում եմ, մեկնաբանության կարիք չունի: Եվս մի մրցանակ էլ սահմանված էր այլազգի մասնակցի համար: Այդ մրցանակը և 1000 ռուբլին շնորհվեց ինձ, մյուս մրցանակը՝ երկու վրացիների, նրանց միջև կիսելով մրցանակային ֆոնդը: Ոգևորությանս չափ չկար: Մրցանակի հանձնմանը՝ իմ թռուցիկ շնորհակալական խոսքում, բավական էր խոստանայի, որ ի պատասխան պատրաստ եմ թարգմանելու նմուշներ վրացական պոեզիայից, որպեսզի ընդամենը 20-25 օրում Կապանի իմ տան հասցեով հոսեին ավելի քան երեսուն մամուլ ծավալով արտակարգ բարեխղճությամբ ու որակով արված տողացիներ:
Այդպես ստեղծվեց և 1988-ին լույս տեսավ վրացական պոեզիայի իմ առաջին անթոլոգիան՝ «Սիրո ժառանգորդները», որ ընդգրկում է 23 հեղինակի գործեր: Հետո, ինչպես լինում է ռեստորաններում, երբ հայերը մի շիշ են ուղարկում վրացիների սեղանին, սրանք ի պատասխան՝ երկուսը, հայերը՝ 4-ը և այդպես շարունակ… Արձագանքը եղավ կայծակնային: Չորս բանաստեղծներ ձեռնարկեցին և նույն թվին հրատարակեցին վրացերեն իմ առաջին գիրքը՝ «Արևն ու մենք» վերնագրով: Խոստումնալից հեռանկարով մեր այս համագործակցությունը, սակայն, ցավալիորեն կարճ տևեց: Եկան սարսափելի 90-ականները: Արցախյան պատերազմ, կայսրության փլուզում, կտրուկ շրջադարձեր մեր երկու երկրի պետական-քաղաքական համակարգերում, որ հանգեցրին մշակութային խնդիրների հանդեպ մնացորդային վերաբերմունքի և մեր գրական կազմակերպությունների կապերի շուրջ 20-ամյա ընդհատման:
Աշխուժությունը վերսկսվեց 2006-ին, երբ մեր երկու միությունների նախագահների՝ երջանկահիշատակ Լևոն Անանյանի և Մաղվալա Գոնաշվիլիի ջանքերով պոեզիայի օրեր կայացան Վրաստանում և Հայաստանում:
Մեկ տարի անց հրավիրվեցի Վրաստան, մի ամբողջ ամիս աշխատեցի այնտեղ և հրատարակեցի իմ երկրորդ անթոլոգիան, որի շնորհանդեսը 2007-ին՝ Երևանից ու Թբիլիսիից բացի, կայացավ նաև Գորիսում ու Կապանում՝ վրացի 10 գրողի ներկայությամբ: Այսպիսով սկիզբ առավ բեղմնավոր համագործակցության մի նոր շրջան: Թբիլիսիում հրատարակվեց իմ երկրորդ վրացերեն գիրքը և 40 հեղինակ ընդգրկող հայ պոեզիայի ժողովածուն: Ես հրատարակեցի «Ուղեկիցներս Քարթլոսի տնից» գիրքը և Ձեր նշած անթոլոգիան, Մաղվալա Գոնաշվիլիի և Գուրամ Օդիշարիայի բանաստեղծական ժողովածուները: Թբիլիսիում ոչ միայն կայացան այդ գրքերի շնորհանդեսները, այլև հանդիսավորությամբ նշեցին իմ ծննդյան 70 և 75-ամյակները… Ահա, թե որտեղից է գալիս իմ սերն ու նվիրումը, առանց որի, ինչպես դուք եք նշում, չէր կարող լինել այս ամենը:
– Մասնակիցների ինչպիսի՞ կազմ և ի՞նչ առաքելություն ուներ փառատոնը: Պատմեք Ձեր տպավորությունների մասին:
– Փառատոնը բոլորիս համար նախ և առաջ հին բարեկամներին հանդիպելու լավ առիթ էր, և իհարկե, նոր ծանոթություններ ու կապեր ստեղծելու, համագործակցության ուղիներ նախանշելու առաքելություն ուներ: Տվյալ իմաստով այս փառատոնը ոչնչով չտարբերվեց այն բազմաթիվ փառատոներից, որոնց հրավիրյալ մասնակիցն եմ եղել տարբեր երկրներում: Ինչպես ամենուր, այստեղ էլ, բարի գալստյան արարողությամբ սկսվեց այն՝ մասնակցությամբ Իտալիան, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Չինաստանը, Ավստրիան ներկայացնող բանաստեղծների և թարգմանիչների:
Գրողների տան դահլիճում էին իմ վաղեմի բարեկամները՝ նորավեպի հռչակավոր վարպետ, Նոբելյան մրցանակի նոմինանտ, Գորիսի համալսարանի պատվավոր դոկտոր Ռևազ Միշվելաձեն, գրականագետ, այսօր արդեն ակադեմիկոս Սոսո Սիգուան, ով իմ երկու անթոլոգիաների առաջաբանների հեղինակն է: Այստեղ էր իմ գրքերի թարգմանիչներից մեկը, ԳՄ համանախագահ Բաղաթեր Արաբուլին, ով Սպիտակի երկրաշարժին առաջինը հասած վրացի փրկարարների շարքերում է եղել, վրացական մամուլը ողողել ցավի և կարեկցանքի հրապարակումներով: Ներկա էր բանաստեղծ-արձակագիր- հրապարակախոս Գուրամ Օդիշարիան, ով այն սև օրերին ընտանիքով ինձ Սուխում՝ իր տուն էր հրավիրում՝ մեղմելու համար աննախադեպ տարերային աղետի թողած հետևանքներն իմ հոգում: Անսպասելի էր դահլիճում տեսնել իտալացի հայտնի բանաստեղծ Կլաուդիո Պոցցանիին, ում հանդիպել ու մտերմացել էի տարիներ առաջ Չինաստանում: Բոլորին չես թվարկի…
Միության «Գրողի թերթը» մագաղաթատիպ հատուկ թողարկման մեջ ամբողջ մի էջ էր հատկացրել հայ պատվիրակներիս՝ լուսանկարներով, կենսագրականներով և բանաստեղծություններով:
Միջոցառումների առաջին իսկ օրը նվիրված էր Հայաստանի և Իսրայելի արդի գրականությանը: Այն կայացավ Թբիլիսիի «Կարվասլա» մշակութային կենտրոնում՝ «Խոսքեր առանց սահմանի» օրակարգով: Խոսելով հայ - վրացական գրական կապերի մասին, մեր պատվիրակությանը ներկայացրեց, հայալեզու «Վրաստան» շաբաթաթերթի երկարամյա խմբագիր Վան Բայբուրթը: Խոսեցինք նաև մենք, ապա հայերեն և վրացերեն հնչեցին մեր բանաստեղծությունները:
Անդրադառնալով վրացի սերնդակիցներիս հետ տասնամյակների համագործակցությանը՝ նմուշներ ներկայացրի Մաղվալա Գոնաշվիլիի, ինչպես նաև հանդիսությանը ներկա Վանո Չխիկվաձեի, Բաղաթեր Արաբուլիի և Բադրի Քութաթելաձեի ստեղծագործություններից:
Հաջորդ երկու օրերին փառատոնը շարունակվեց Աջարիայում:
Բաթումում, գրողների տանը կայացած երեկույթը, որ վարում էր միության երկարամյա նախագահ Դավիթ Թեդորաձեն, նվիրված էր Իտալիային: Արդի իտալական պոեզիայի մասին համառոտակի խոսքից հետո Կլաուդիո Պոցցանիին ներկայացրեց և նրա ստեղծագործություններից իր թարգմանությունները կարդաց իտալաբնակ վրացուհի, թարգմանիչ Նունու Գելաձեն: Տպավորիչ էր Պոցցանիի՝ իր բանաստեղծությունների ասմունքը: Ինձ համար հաճելի անակնկալ էր պատրաստել բաթումցի բանաստեղծուհի Բելա Քեբուրիան: Նվեր ստացա 12 լեզուներով հրատարակված իր ժողովածուն, որում ներկայացված են նաև իմ թարգմանությունները:
Վրաց ուղղափառ եկեղեցին մայիսի 17-ին երկրում տոնում էր «Ընտանիքի սրբության օրը»՝ ընդդեմ աշխարհում օրեցօր բազմացող սեռաշեղվածների: Բազմամարդ էր Բաթումի կենտրոնում խոյացող սուրբ Մարիամ աստվածածին տաճարի շրջակայքը, որտեղ գտնվում է Աջարիայի մեծերի Պանթեոնը: Մարդիկ եկել էին ոչ միայն պատարագի, այլև հարգանքի տուրք մատուցելու այստեղ ննջող վրաց մեծ բանաստեղծ Փրիդոն Խալվաշիի հիշատակին, ում 100-ամյա հոբելյանի օրը զուգադիպել էր «Ընտանիքի սրբության օրվա» հետ: Ի դեպ, Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում ուսանելու տարիներին նա եղել է Պարույր Սևակի մտերիմների շարքում: Հավարտ բանաստեղծի շիրմին կատարված հոգևոր արարողության, մոմավառության ու ծաղկադրումի, Ճորոխ գետի հունն ի վեր ուղևորվեցինք լեռնային Աջարիայի Գեգելիձեեբի գյուղ, որտեղ ծնվել է Խալվաշին: Բազմամարդ էր նաև նրա այստեղ գտնվող տուն - թանգարանը: Ելույթներ շատ եղան: Խոսեցի նաև ես ու թանգարանին նվիրեցի վրացական պոեզիայի իմ երկրորդ անթոլոգիան, որում ներկայացված է նաև Խալվաշիի պոեզիան: Օրն ավարտվեց ճոխ հյուրասիրությամբ երկնամերձ Ծղալթա գյուղում: Մեզ պարգևած երկու արևոտ օրերից հետո Բաթումը կիտել էր հոնքերը և առավոտյան արտասվում էր մանրամաղ, ասես նախազգում էր, որ պիտի լքենք իրեն: Ծրագրով Թբիլիսիի ճանապարհին կանգառ էր նախատեսված Վրաստանի առաջին մայրաքաղաք Մցխեթում: Այստեղ մշակույթի կենտրոնում մեզ սպասում էին երիտասարդ բանաստեղծները, որոնցից ոմանք, ի դեպ, անցյալ տարի գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը հայ գրչակիցների հետ մասնակցել են երիտասարդ գրողների ավանդական հավաքին: Այստեղից էլ այն ջերմությունը, որով երեկոյի ընթացքում շրջապատված էր հատկապես մեր պատվիրակությունը: Եվ սկսվեց հերթական բանաստեղծական մարաթոնը: Իրենց ստեղծագործություններով և թարգմանություններով հանդես եկան վրացին ու թուրքը, ադրբեջանցին ու հրեան, իտալացին, հայն ու չինացին: Ուշ երեկոյան հասանք Թբիլիսի:
Փառատոնի եզրափակիչ ակորդը հնչեց Ռուսթավելիի անվան թատրոնի լեփ - լեցուն դահլիճում: Մայրաքաղաքի մտավորականության սերուցքը, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, պետական այրեր, գրականության պարզապես շարքային սիրահարներ վայելեցին գրական - գեղարվեստական սքանչելի մի երեկո, որ երկար կմնա բոլորի հիշողության մեջ: Մրցանակներ հանձնվեցին փառատոնի բոլոր մասնակիցներին: Ինձ շնորհվեց «Սայաթ - Նովայի» անվան մրցանակը, որը հանձնելուց հետո բեմ հրավիրվեցի երկրորդ անգամ: Ռուսթավելի համավրացական ընկերության նախագահ, բանաստեղծ Դավիթ Շեմոքմեդելին հրապարակեց ընկերության նախագահության որոշումը ինձ «Վրաստանի բարեկամ» տիտղոս շնորհելու մասին և հանձնեց հավաստագիրը:
Ինձ սպասվում էր ևս մի անակնկալ: Փառատոնի փակմանը եկել էր վաստակավոր նկարիչ Ռեզո Ադամիան, ում գեղանկարները զարդարում են ազգային և արտասահմանյան շատ թանգարաններ, իսկ վրձնած սրբապատկերները հանգրվանել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի ննջասենյակում և պահվում են Վրաստանի ավելի քան 25 եկեղեցիներում։
Մեծանուն նկարիչը հռչակված է նաև որպես խորը և պայծառ ակնարկագիր, Շոթա Ռուսթավելիի, Վաժա Փշավելայի, Գալակտիոն Տաբիձեի, Տերենտի Գրանելիի, Նիկո Փիրոսմանիի ստեղծագործությունների վերաբերյալ ուշագրավ մտորումների հեղինակ, իսկ առաջացած տարիքում ընթերցողի սեղանին է դրել «Սուրբ Նինոն» վեպը, որը Կապադովկիայի կույսի՝ Վրաստանի լուսավորչի մասին վրացական գրականության պատմության մեջ առաջին ստեղծագործությունն է:
Պատիվ ունեմ ոչ միայն ճանաչելու ծերունազարդ արվեստագետին, այլև իմ հարկի տակ ունենալու նրա երկու գեղանկարները, որ ընծայագրով նվիրել է ինձ Թբիլիսիում կայացած իմ 70 և 75-ամյակներին նվիրված հանդիսությունների ժամանակ:
Եվ ահա երրորդ հանդիպումը:
Իմանալով, որ Վրաստանում եմ, ծերունազարդ նկարիչ-գրողը եկել էր թանկագին նվերով՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցու մեծագույն սրբերից մեկի՝ Գիորգի Վիշապաքաղի իր հեղինակած սրբապատկերով:
Ահա այսպիսի Վրաստան, այսպիսի վրացիներ, այսպիսի փառատոն: Մնաս բարով, Քարթլոսի տուն, բանաստեղծության տաճար, արվեստների և արհեստների երկիր: Մինչ նոր հանդիպում: