Հանրահավաքը հույսեր չի ներշնչում. էյֆորիկ վիճակում գտնվող իշխանությունը կարող է շատ արագ ընկնել

13.08.2018 11:00
795

«Ես այդ հանրահավաքի իմաստը չեմ հասկանում. կարծում եմ, որ աշխարհի ցանկացած նորմալ երկրի նորմալ ղեկավար այդ օրը պատասխանում է հարցերի, որովհետև մարդիկ անհամբեր սպասում են, թե երբ է 100-րդ օրը լրանալու, որպեսզի, եթե փոփոխություններ եղել են այդ ընթացքում, այդ փոփոխությունների մասին խոսեն, իսկ եթե փոփոխություններ չեն եղել կամ շատ քիչ են եղել, ապա հարցեր տան, ու ի դեպ՝ այդ դեպքում շատ դաժան հարցեր են տրվում ղեկավարներին։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փոխել այդ ավանդույթը և, հարցուպատասխանի փոխարեն, հանրահավաք կազմակերպելը շատ նման է նրան, ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այսինքն՝ հանրահավաքների միջոցով, ոչ թե ժողովրդի կարծիքը հարցրին, և անցկացվեցին ընտրություններ, այլ Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելության ալիքի վրա վեր բարձրացավ ինչ-որ մեկը և առանց ընդդիմախոսների դարձավ վարչապետ։ Հիմա նույն ճանապարհով Նիկոլ Փաշինյանն ուզում է շարունակել, ինչը իմ գնահատմամբ՝ բավականին պարսավելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ղեկավար Աշոտ Գրիգորյանը՝ անդրադառնալով օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, որը կազմակերպվելու է իր պաշտոնավարման 100 օրվա լրանալու կապակցությամբ։

Այս համատեքստում Աշոտ Գրիգորյանը հավելեց նաև. «Այդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխաներ հարցերի, մեզ համոզեր, որ ինքը չընտրված վարչապետ է, բայց՝ այո՛, արժանի վարչապետ է, և ցույց տար իր կատարած աշխատանքները և, հավանություն ստանալով, շարունակեր իր գործունեությունը, բայց անկեղծ գտնվենք՝ կա՞ արդյոք մեկը, ով այս ընթացքում տնտեսական փոփոխություններ է նկատել իր կյանքում, կարծում եմ՝ ոչ, ճշմարտությունը հո չե՞ս կարող թաքցնել։ Մտավորականության 90%-ն արդեն տարակուսում է, թե այս ինչ է կատարվում, ո՞ւր են այն սպասելիքները, որ մենք ունեինք նոր կառավարությունից, ո՞ւր է այն տնտեսական «BOOM»-ը, որը, անկասկած, պիտի հաջորդեր հեղափոխությանը: Այս առումով արդեն աջուձախ կարող եք տեսնել տարակուսանքներ, և ես, ցավոք սրտի, պատկանում եմ այն խմբին, որը գտնում է, որ մեր սպասելիքները ոչ միայն չեն արդարացել, այլև ամսեամիս ժողովուրդը հուսախաբվելու է, հիասթափվելու է, և ստեղծվելու է մոտավորապես այն իրավիճակը, որը կար, այսպես կոչված, հեղափոխությունից առաջ, իսկ հեղափոխությունն այսպես կոչված եմ անվանում, քանի որ, ինչպես տեսնում ենք, սա իշխանափոխություն էր՝ Սերժ Սարգսյանի սարսափելի, հակազգային, հակապետական ռեժիմը փոխարինվեց վառ հույսեր ունեցող պատանիներով, որոնք, սակայն, բացի հույսեր ունենալուց՝ ուրիշ ոչինչ չունեն, այսինքն՝ գիտելիքներ չունեն, փորձ չունեն, արհեստավարժություն չունեն։ Ամենասարսափելին այստեղ այն է, որ երբ այդպես թռիչքային վերելք են ապրում այդպիսի երիտասարդները՝ ներքևից միանգամից բարձրանալով ամենավերև, մեծամտանում են ու կարծում են, թե իրենք ամենակարևոր դեմքերն են, ինչը անթույլատրելի է»։

Աշոտ Գրիգորյանի բնորոշմամբ՝ էյֆորիկ վիճակում գտնվող իշխանությունն ունակ չէ որևէ հակառակ խոսք հանդուրժելու, իր հասցեին հնչող օբյեկտիվ քննադատություն լսելու, իսկ նման պարագայում, Գրիգորյանի խոսքով՝ «որպես կանոն, այդ իշխանությունը շատ արագ ընկնում է, և իշխանության են գալիս այնպիսի մարդիկ, ովքեր իսկապես կարողանում են ինչ-որ բան անել»։

«Սեպտեմբեր-հոկտեմբերին կտեսնեք, թե արդեն հասարակության քանի տոկոսը կասի այս մտքերը, ինչ-որ հիմա ես եմ հայտարարում ու կրկնում եմ՝ այդ հանրահավաքը անհասկանալի մի հատ չգիտեմ ինչ է լինելու: Չեմ բացառում, որ այդտեղ ներկաներին գուցե հնարավորություն ընձեռվի վարչապետին հարցեր տալու, բայց դա չի նշանակում, որ սա նորմալ երևույթ կլինի, որովհետև այդ հարց տվողները կլինեն մի քանի տասնյակ հազար ամբոխի տրամադրության տակ ու հարցերն էլ շատ զգուշավոր կտան, իսկ քննադատական հարցեր տալու դեպքում ամբոխը կհակադրվի։ Արդեն պարզ է, որ նման իրավիճակում գիտակից մարդիկ կաշկանդված են լինելու ճշմարտացի հարցեր տալ»,- հավելեց նա։

Դիտարկմանը, թե հաշվի առնելով վերոնշյալը՝ կարո՞ղ ենք ասել, որ Դուք չեք աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, Աշոտ Գրիգորյանը հակադարձեց. «Ճիշտ հակառակը՝ շատ եմ աջակցում: Այն, ինչ ես եմ անում այս կառավարության համար, ուրիշ ոչ մեկը չի անում. մենք զբաղվում ենք արտադրությունների վերականգնմամբ՝ այն, ինչ կառավարությունը պիտի աներ, այսինքն՝ մենք կառավարությանը զուգահեռ աշխատում ենք՝ այն դեպքում, երբ նրանք պետք է ինձ ու իմ նմաններին կանչեին ու խնդրեին, որ դա անենք, բայց մենք ենք եկել ու անում, իսկ նրանք մեզ օգնելու փոխարեն՝ խանգարում են:

«Նաիրիտ»-ն աշխատեցնելու հուշագիրը մեծ ճնշումների տակ ստորագրվեց, և սկսել էինք աշխատել, բայց ես աջուձախ բամբասանքներ եմ լսում իմ ու իմ հոլդինգի հասցեին, ավելին՝ ԱԳՆ-ն արգելել էր իմ մամլո ասուլիսը, «Голос Армении» թերթն իմ դեմ մի խայտառակ զրպարտություն էր տպել, ու ես նրանց դատի եմ տալու. մի՞թե նման վերաբերմունք կարելի է… Ներկայիս արտգործնախարարը, որը Էդիկ Նալբանդյանի շարունակությունն է, նույն կարգի թափթփուկ է, ինչ Էդիկ Նալբանդյանն էր, «Նաիրիտ»-ի չվերագործարկման թիկունքում հենց ԱԳՆ-ն է կանգնած, ու նրանք զրպարտանքներ են ուղարկում Սլովակիայի իմ այն գործընկերներին, ովքեր ինձ հետ միասին սատարում են այս կառավարությանն ու ուզում են Հայաստանում ինձ հետ միասին ներդրումներ անել։ Արդյոք սա հայրենադավություն չի՞… և այս ամենը կատարվում է Նիկոլ Փաշինյանի օրոք: Չեմ կարծում, որ Փաշինյանն այս ամենի մեջ մաս ունենա, նա գուցե դրանից առանձնապես տեղյակ էլ չէ, որովհետև զբաղված է այլ հարցերով, բայց մյուս կողմից էլ՝ կներեք, իսկ մենք դեռ ինչքա՞ն պետք է սպասենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես զբաղվի այն գործերով, որն ազգի համար ավելի քան կարևոր է, այսինքն՝ տնտեսության վերականգնմամբ ու արդյունաբերության վերաթողարկմամբ, որպեսզի ժողովուրդը նորմալ ապրի, որպեսզի մենք զենք գնելու փող ունենանք, որպեսզի մեր դիվանագիտությունն առաջ մղենք, իսկ դիվանագիտության հիմքում հզոր տնտեսություն պիտի ունենաս, դու չես կարող հիվանդ ու թույլ տնտեսությամբ դիվանագիտական հզոր քայլեր անել աշխարհում։ Սրանք են այն կարևոր հարցերը, որոնցով այս իշխանությունը պիտի զբաղվի»։

Այն բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները, որոնք կուտակվել են մեր տնտեսության մեջ՝ 7 միլիարդ ԱՄՆ դոլար պետական պարտքը, գործազրկության և աղքատության բարձր մակարդակը, արդյունաբերության գրեթե բացակայությունը, արդյո՞ք հնարավոր են ընդամենը 100 օրում կամ մի քանի ամսում կարգավորել և կարճ ժամկետներում արդարացնել հասարակական այն բոլոր սպասումները, որոնք կան՝ հետաքրքրվեցինք Աշոտ Գրիգորյանից։ «Ոչ մեկի մտքով չի անցնում երեք ամսում «Նաիրիտ» վերականգնել, բայց մեր մտքով անցնում էր, չէ՞, երեք ամսում այնպիսի կառավարություն տեսնել, որ մեր գործերը կհեշտացներ, ոչ թե կդժվարացներ։

Երեք կամ 6 ամսում կարելի՞ է տնտեսությունն այնպես փոխել, որ բոլորը շշմեն՝ իհարկե, ոչ, կարելի՞ է երեք տարում տնտեսությունն այնպես վերափոխել և այնպիսի հիմքերի վրա դնել, որ բոլորը զարմանան՝ իհարկե, այո, կարելի՞ է 5 տարուց ստանալ այնպիսի Հայաստան, որը եվրոպական միջին մակարդակի հետ մրցունակ լինի՝ իհարկե, այո։

Մի խանգարեք մեզ ու մեր նման մարդկանց և շուտով արդյունքը կտեսնեք, իսկ չխանգարելն այն է, որ զրպարտանքներ չտարածեն մեր հասցեին, թե Աշոտ Գրիգորյանը կամ մյուսները միլիարդներ չունեն, որ բերեն և ներդնեն մեր տնտեսության մեջ. այո՛, մենք միլիարդներ չունենք, որովհետև միլիարդներ ունենում են գողերն ու ավազակները, բայց մենք ունենք ներդրումային գումարներ, բանկային խոշոր երաշխիքներ ու ներդրումային ծրագրեր, որոնք հայրենասիրական մղումներից ելնելով կարող ենք իրականացնել, ու ժողովուրդն էլ դրա արդյունքը տեսնի։ Միայն այդպես է հնարավոր մեր տնտեսությունը ոտքի հանել»,- պատասխանեց նա։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25