Հապաղելու ժամանակ չունենք. ըստ փորձագետի` ՀՀ–ն 1 տարի ունի ատոմակայանի հարցը որոշելու

01.02.2024 11:21
643

էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը  հայտնել է, որ  կառավարության «կարճ ցանկում» այս պահին 3 առաջարկ է քննարկվում` ՌԴ–ի, Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի։

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցում կողմնորոշվելու համար իրականում շատ ավելի քիչ ժամանակ ունի, քան իր հարցազրույցում նշել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նման տեսակետ հայտնեց էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով Լիխաչովի խոսքերը։

«Եթե որոշվի հզոր ատոմակայան կառուցել, իսկ դա իմ և մասնագետների մեծամասնության կողմից գնահատվոմ է որպես ամենաճիշտ որոշումը` անկախ նրանից, թե որ երկրի առաջարկը դա կլինի, ապա, կարծում եմ, դրա համար 10-12 տարի անհրաժեշտ կլինի։ Հետևաբար, Հայաստանը պետք է շատ ավելի արագ կողմնորոշվի ու որոշում կայացնի»,– ասաց փորձագետը։

Հիշեցնենք`«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես – երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։

Արթուր Ավետիսյանի խոսքով` Հայաստանն այս տարվա ընթացքում արդեն պետք է հստակ հաշվարկի, թե ինչ հզորությամբ ատոմակայան է պետք իրեն` հնարավոր ներքին ու արտաքին ինչ պահանջարկի առումով` Իրան, Վրաստան, այնտեղից` ՌԴ և ԵՄ երկրներ արտահանելու նպատակով, և դրա համար ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, և դրանից ելնելով որոշում կայացնի։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ կառավարության short list–ում (խմբ.– կարճ ցանկ) այս պահին 3 առաջարկ է դիտարկվում` ՌԴ–ի, Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի։

«Կորեան և Ռուսաստանն առաջարկել են մեծ հզորությամբ ատոմակայաններ. Ռուսաստանը` 1200, Կորեան` 1400 ՄՎտ հզորությամբ։ Ամերիկյան առաջարկը փոքր մոդուլային կայան է` փոքր հզորությամբ։ Բացի փոքր հզորությունից, մոդուլային կայանը առհասարակ խնդրահարույց է, որովհետև դրա առաջին իրական արդյունքների մասին մենք կիմանանք ոչ շուտ, քան 2030թ–ին։ Իսկ դա շատ ուշ է որոշում կայացնելու համար»,– նշեց Ավետիսյանը։

Նա նաև հայտնեց, որ ներկա պահին առաջարկ ներկայացրած 3 երկրներից միայն Ռուսաստանն է, որ ՀՀ կառավարությանը նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ տեխնիկա–տնտեսական հիմնավորումներ է ներկայացրել։ Ավելին` ՀՀ կառավարությունն էլ իր հերթին այդ փաստաթուղթը` որոշակի դիտողություններով, վերադարձրել է ՌԴ–ին` վերանայման։

2023թ–ի դեկտեմբերի 15-ին Երևանում գումարված Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվեց համաձայնագիր` Մեծամորի ատոմակայանի գործող` երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ: Մինչ այդ կառավարությունը արդեն հավանություն էր տվել «Ռուսատոմ Սերվիս»-ի հետ նույն նպատակով 65 մլն դոլարի համաձայնագրի նախագծին։ Փորձագիտական որոշ շրջանակներում այս համաձայնագիրն ընկալվեց, որպես նաև նոր ատոմակայանի հարցում ՀՀ դիրքորոշման հստակեցում։

Արթուր Ավետիսյանն այս տեսակետը չի կիսում` նշելով, որ ուղղակի կապ արդեն ստորագրված պայմանագրի ու նոր ատոմակայանի կառուցման հարցերում, չկա։ Միաժամանակ, սակայն, փրձագետն արձանագրում է, որ անկախ քաղաքական գնահատականներից, ՌԴ–ն այսօր աշխարհում առաջատար է թե՛ միջուկային վառելիքի, թե՛ հզոր ատոմակայանների կառուցման հարցում։

Հետևաբար, ՀՀ ատոմային էներգետիկայի առաջիկա մի քանի տասնամյակների զարգացման վերաբերյալ որոշում կայացնելու հարցում Ավետիսյանը ՀՀ կառավարությանը հորդորում է չտրվել քաղաքական մանիպուլյացիաների, այլ առաջնորդվել նախ և առաջ մասնագիտական կողմնորոշումներով։

«Ես հասկանում եմ` ինչու է հապաղում այս որոշումը։ Այստեղ մեծ պատասխանատվություն կա։ Բայց մենք շատ հապաղելու ժամանակ չունենք, և պետք է օբյեկտիվ իրողությունները դնենք մեր որոշման հիմքում»,– նկատում է Արթուր Ավետիսյանը։

Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին) այն երկարացվել է մինչև 2026 թվականը։

Ռուսական կողմի հետ 2023—դեկտեմբերին կնքված նոր պայմանագրով գործող էներգաբլոկը կվերազինվի, ինչի արդյունքում դրա շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվականը։ Մինչ այդ ժամկետի ավարտը Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել` Մեծամորի ԱԷԿ–ի աշխատանքի դադարեցման արդյունքում էներգտիկ ճգնաժամի առաջ չկանգնելու համար։

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38