«Արմամաքս Սյունիք» ՄՌՏ հետազոտության կենտրոնի մասին պատկերացումն ամբողջացնելու համար կարևոր համարեցինք հարցազրույցը կենտրոնի բժիշկ–ռադիոլոգ Մանե Ավետիսյանի հետ։
– Հարգելի բժշկուհի, երբ քիչ առաջ մտանք Ձեր աշխատասենյակ, զբաղված էիք հեռախոսային խորհրդատվությամբ։ Հաճա՞խ եք այդկերպ խորհրդատվություն իրականացնում։
– Բավականին հաճախ, դա մեր աշխատանքի անբաժանելի մասն է։ Ասել է թե՝ մեր գործառույթները չեն սահմանափակվում միայն ՄՌՏ հետազոտությամբ ստացված պատկերներ դիտարկելով կամ վերծանելով։
Չնայած ժամանակակից աշխարհում ռադիոլոգի աշխատանքն իր մեջ ոչ միշտ է ներառում հետազոտությունների իրականացում (այն կատարում է ռենտգեն–տեխնիկը), բայց բժիշկ–ռադիոլոգը նաև դրանով է զբաղվում։
Մենք պատասխանատու ենք նաև հետազոտության ընթացքի վերահսկման համար։ Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջանում փոխել սկանավորման ռեժիմը։ Կամ հետազոտության ընթացքում ի հայտ է գալիս խնդիր, որը պահանջում է, օրինակ, կոնտրաստ նյութի կիրառում։ Այսինքն, ամեն մի հետազոտություն պետք է կատարվի բժիշկ–ռադիոլոգի վերահսկողությամբ, որպեսզի բարձրակարգ արդյունք ունենանք։
– Եվ հիմնականում ովքե՞ր են խորհրդատվության համար Ձեզ դիմում՝ բուժառունե՞րը, թե՞ բժիշկները։
– Ե՛վ բուժառուները, և՛ բժիշկները...
Բուժող բժիշկները պատկերացում ունեն, թե իրենց պրոֆիլով ինչ հետազոտություններ պետք է կատարվեն․ օրինակ, փոքր կոնքի օրգանների պարագայում սոնոգրաֆիան է, ՄՌՏ–ն է, որ հանդիսանում է «ոսկե ստանդարտ»․ դա միզապարկն է, ուղիղ աղիքն է, իգական և արական սեռական օրգաների հետազոտություններն են։
Լինում են դեպքեր, երբ բժիշկների մոտ հարցեր են ծագում՝ կապված հետազոտման մեթոդի հետ, այսինքն՝ ո՞ր մեթոդն ավելի նպատակահարմար կլինի՝ սոնոգրաֆիա, կոմպյուտերային տոմոգրաֆիա՞, թե՞ ՄՌՏ։ Նման իրավիճակներում բժիշկները խորհրդակցում են ռադիոլոգի հետ՝ ճիշտ կողմնորոշվելու համար։
– Քանի՞ տեսակի հետազոտություն է կատարվում կենտրոնում։
– Առայժմ միայն ՄՌՏ հետազոտություն։
Հնարավոր է ապագայում ավելացնենք ինչպես հետազոտական, այնպես էլ բուժական ծառայությունները։ Բայց դա կախված է հիմնադրի որոշումներից, ֆինանսական, տեխնիկական ու կադրային հնարավորություններից։
– Որքան հասկացանք՝ Սյունիքի մարզում միայն «Արմամաքս Սյունիք»–ն է ՄՌՏ հետազոտություն իրականացնում, թե՞...
– Կապանի բժշկական կենտրոնում ևս կա նման ծառայություն:
Բայց մարզում կա միայն մեկ ՄՌՏ բժիշկ–ռադիոլոգ, ով էլ աշխատում է այս կենտրոնում, ով էլ այս պահին Ձեր զրուցակիցն է։
– Իսկ որքանո՞վ է արդյունավետ առցանց ռեժիմով աշխատելը, հետազոտության արդյունքը հեռավար եղանակով բուժառուին ուղարկելը։
– Մեր համոզմամբ՝ բժիշկը պետք է տեղում լինի՝ բուժառուի կողքին։ Յուրաքանչյուր հետազոտություն պահանջում է բժշկի անմիջական ներկայություն և հսկողություն․ լինում են նրբություններ, որոնք տեխնիկը (ունենալով միջին մասնագիտական կրթություն) չի կարող նկատել ու գնահատել։
– Եվ ի՞նչ ասել է ՄՌՏ հետազոտման մեթոդը։
– ՄՌՏ–ն կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ոչ ճառագայթային հետազոտության մեթոդ է։ Եթե առավել պարզեցված ներկայացնեմ․․․ Այն հիմնված է էլեկտրամագնիսական դաշտի աշխատանքի վրա։ Սարքավորման մեջ տեղադրված հատուկ պարույրները (катушка) ուժեղացնում են մագնիսական դաշտը տվյալ հատվածում՝ ապահովելով անհրաժեշտ որակի պատկեր։ Արդյունքում ստացվում են բարձր հստակությամբ պատկերներ՝ առանց բուժառուին ճառագայթման ենթարկելու։
ՄՌՏ–ի հիմնական առավելությունն այն է, որ անվտանգ է բոլոր տարիքային խմբերի համար՝ սկսած նորածիններից մինչև տարեցներ։
Քանի որ մեթոդը ճառագայթային ազդեցություն չի ունենում, հնարավոր է անվտանգ կերպով հետազոտել անգամ հղի կանանց՝ հղիության 12-րդ շաբաթից հետո, երբ ավարտվում է պտղի օրգանների ձևավորման փուլը (օրգանոգենեզը)։
ՄՌՏ–ն լայնորեն կիրառվում է երեխաների մոտ։ Սակայն կա մի սահմանափակում՝ հետազոտության ընթացքում անհրաժեշտ է լիարժեք անշարժություն։ Հատկապես փոքր տարիքի երեխաները չեն կարող երկար ժամանակ անշարժ պառկել, ուստի և նրանց համար հետազոտությունն ացկացվում է անզգայացման (նարկոզի) միջոցով՝ մանկական անեսթեզիոլոգ–ռեանիմատոլոգի հսկողությամբ։
Նորածինների և երեխաների ՄՌՏ հետազոտությունն արդեն երկար տարիներ է՝ իրականացվում է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ շաբաթական երկու անգամ։
– Ասում են՝ ՄՌՏ հետազոտման մեթոդը բժշկության մեջ փոխարինելու եկավ ռենտգեն հետազոտությանը․ իսկապե՞ս այդպես է։
– Իհարկե այդպես չէ, ՄՌՏ–ն ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու եկավ։
Որպես բժիշկ–ռադիոլոգ կարող եմ վստահաբար ասել՝ ախտորոշիչ մեթոդներն իրար փոխարինող չեն, այլ միմյանց փոխլրացնող։
Այս դեպքում՝ ՄՌՏ–ն լրացրեց այն բացը, որտեղ ռենտգենը, ԿՏ–ն կամ սոնոգրաֆիան երբեմն բավարար տեղեկատվություն չեն տալիս։
Երևի նկատած կլինեք՝ երբեմն բուժառուն դժգոհում է միանգամից մի քանի հետազոտություն նշանակելու պարագայում։ Շատ դեպքերում այդ դժգոհությունն առաջանում է թյուրըմբռնման կամ չիմացության պատճառով։
Բայց, հավատացեք, նման մոտեցումը երբեք կապված չէ ոչ կոմերցիոն նպատակների, ոչ էլ բժշկի սուբյեկտիվ ցանկությունների հետ։ Դա բժշկական անհրաժեշտություն է։
Ինչպես նշեցի, հետազոտությունները մեկը մյուսին չեն փոխարինում, այլ փոխլրացնում են, օգնում բուժող բժշկին՝ կազմելու ամբողջական պատկեր տվյալ պաթոլոգիայի կամ հիվանդության վերաբերյալ։
ՄՌՏ–ի առավելություններից մեկն էլ այն է, որ մարդու օրգանիզմում գտնվող օրգանների մեծ մասը տեսանելի են դառնում։
ՄՌՏ–ն համարվում է «ոսկե ստանդարտ» գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի, հոդերի, որովայնի և փոքր կոնքի օրգանների, ինչպես նաև փափուկ հյուսվածքների հետազոտման համար։ Դրանք կարող են ներառել, օրինակ, պարանոցի և վերջույթների փափուկ հյուսվածքները։
Մի խոսքով՝ այն արժեքավոր և անփոխարինելի գործիք է ժամանակակից ախտորոշման պրակտիկայում։
– Իսկ կա՞ ռիսկ կամ սխալի հավանականություն ՄՌՏ հետազոտության դեպքում։
– ՄՌՏ-ն մասնագետից խիստ կախված հետազոտության մեթոդ է։ Այո, որոշ չափով միշտ կա սխալվելու ռիսկ։ Դա կարող է լինել, օրինակ, երբ հետազոտությունը կատարվում է ոչ լիարժեք, որևէ հատված բաց է մնում կամ ընտրվում են ոչ ճիշտ ռեժիմ։ Սակայն այդ ամենը հնարավոր է նվազեցնել՝ մասնագիտական պատրաստվածության և պատասխանատվության շնորհիվ։
Համոզված եմ՝ յուրաքանչյուր բժիշկ պարտավոր է մշտապես աշխատել իր վրա։ Եվ դա վերաբերում է ոչ միայն բժիշկներին՝ այլ բոլոր մասնագետներին ընդհանրապես։ Դա ենթադրում է շարունակական վերապատրաստումներ, աշխատանքային փորձի կուտակում, միջազգային նշանակության մասնագիտական գրականության ուսումնասիրում...
Մեր մասնագիտության առանձնահատկությունն այն է, որ ուսուցումը երբեք չի ավարտվում բժշկական համալսարանում կրթություն ստանալով։ Մեր կրթությունը, կարելի է ասել, շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ դա միակ ճանապարհն է՝ բարելավելու սեփական մասնագիտական որակը և նվազեցնելու սխալի հավանականությունը։
– Կարողանո՞ւմ եք հետևել համաշխարհային և ազգային առաջավոր փորձին, նորարարություններին։
– Նախևառաջ, մեզ մոտ գործում է շատ ակտիվ ու արդյունավետ մասնագիտական կառույց՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիան։ Կարծում եմ՝ այն բժշկական ամենագործուն ու կենդանի ասոցիացիաներից է։ Ասոցիացիան տարեկան կազմակերպում է 6-7 գիտաժողով, որտեղ մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի առաջատար մասնագետներ։
Այդ հանդիպումները մեծ նշանակություն ունեն, քանի որ տեղի մասնագետները կարողանում են ներկայացնել սեփական փորձը, իրենց գործնական արդյունքները, իսկ արտասահմանից հրավիրված մասնագետները՝ հիմնականում Եվրոպայից ու ԱՄՆ-ից, ներկայացնում են առաջատար կլինիկաների փորձը։ Նման շփումը մեզ հսկայական գիտելիք ու պրակտիկ հմտություններ է փոխանցում։
Երկրորդ կարևոր աղբյուրը միջազգային մասնագիտական հարթակներն են, որոնք հասանելի են առցանց ձևաչափով։ Դրանց մի մասին կարելի է անվճար բաժանորդագրվել, իսկ որոշ դեպքերում հնարավոր է նաև մասնակցել եվրոպական կոնֆերանսներին՝ նույնիսկ առցանց կամ ֆիզիկապես ներկա գտնվելով։ Ուստի և, եթե կա զարգանալու, ինքնակրթվելու ցանկություն, ապա հնարավորություններ կլինեն։
- «Արմամաքս Սյունիք» կենտրոնը գործում է 2024 թ. նոյեմբերից։ Ըստ Ձեր դիտարկումների՝ ի՞նչ նշանակություն կամ ազդեցություն ունեցավ կենտրոնի հիմնումը Սյունիքի մարզի առողջապահական համակարգի վրա։
– Անմիջապես կասեմ՝ մեծ ազդեցություն։ Չնայած ինքս մեր աշխատանքը գովաբանել չեմ սիրում, բայց փաստերը խոսում են ինքնըստինքյան։ Արդեն հասցրել ենք օգնել բազմաթիվ հիվանդների, շատ դեպքերում՝ ծանր և սուր իրավիճակներում գտնվող։
Օրինակ, ունեցել ենք ավելի քան տասը դեպք, երբ հետազոտության ընթացքում հայտնաբերվել է անևրիզմա։ Այդ բուժառուներն անհապաղ ուղեգրվել են Երևան՝ վիրաբուժական միջամտության, և այսօր շարունակում են ապրել։ Իսկ ինչպես հայտնի է, անևրիզմայի պատռման դեպքում մահվան հավանականությունը չափազանց մեծ է։ Եվ, շնորհիվ ժամանակին արված հետազոտության, այդ կյանքերը փրկվել են։
– Մենք այսօր ծանոթացանք կենտրոնի տեխնիկական հնարավորություններին և նկատեցինք՝ օգտագործվում են նաև դեղամիջոցներ։ Կասե՞ք այդ մասին։
– Այո,որոշ դեպքերում ՄՌՏ հետազոտությունների ժամանակ օգտագործվում է կոնտրաստային նյութ։ Մեր կենտրոնում կիրառվում է գերմանական «Bayer» ընկերության «Գադովիստ» կոնտրաստ նյութը, որն ապահովում է բարձր որակի պատկերներ և ունի անվտանգության բարձր մակարդակ։ Կոնտրաստի կիրառումը հատկապես կարևոր է որոշ պաթոլոգիաների՝ օրինակ ուռուցքային հիվանդությունների, անոթային խանգարումների և այլ բարդ դեպքերի առավել ճշգրիտ ախտորոշման համար։
– Ի՞նչ ասել է կոնտրաստ նյութ։
– Կոնտրաստ նյութը հեղուկ «գործակալ» է, որը ներարկվում է բուժառուին ներերակային ճանապարհով: Սակայն մենք այն ներարկում ենք միայն ըստ բժշկական ցուցումների, երբ ունենում ենք հիմնավոր կասկած՝ օրինակ, գոյացության կամ բորբոքային երևույթների առկայության դեպքում:
Կան դեպքեր, երբ առանց բուժառուի հետ խորհրդակցելու արդեն իսկ պարզ է լինում, որ անհրաժեշտ է կոնտրաստ նյութի կիրառում։ Դրա դասական օրինակներից են չարորակ նորագոյացություն ունեցող հիվանդները։ Կոնտրաստ նյութի հիմնական ֆունկցիան այն է, որ տարածվում է օրգանիզմում, կուտակվում է որոշակի օջախներում, ու այդ կուտակման հիման վրա հնարավոր է լինում պատկերացնել ախտահարված օրգանը կամ համակարգը։ Ստացված տվյալների հիման վրա կազմվում է ախտորոշում, ինչը բժշկին հնարավորություն է տալիս ընտրելու համապատասխան բուժման մարտավարություն։
Օրինակ, եթե բուժառուն ունի կրծքագեղձի չարորակ նորագոյացություն, որը հաճախ մետաստազ է տալիս նաև գլխուղեղում, ապա առանց կոնտրաստ նյութի, ասենք գլխուղեղում առկա մետաստազները հնարավոր չէ լիարժեք հայտնաբերել, քանի որ լինում են շատ փոքր ու կետային։ Կոնտրաստ նյութի շնորհիվ դրանք տեսանելի են դառնում, ինչը թույլ է տալիս բացահայտել հիվանդության ճշգրիտ փուլը։ Եթե նորագոյացությունն առկա է միայն մեկ օրգանում, ապա դա կարող է համարվել 1-ին կամ 2-րդ փուլ։ Իսկ երբ մետաստազները հայտնաբերվում են նաև այլ օրգաններում՝ դա արդեն 4-րդ փուլն է, ինչն արմատապես փոխում է բուժման մարտավարությունը։
Մի հավելում՝ կապված գլխուղեղի ՄՌՏ հետազոտության հետ։ Մեր կենտրոնում գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն կատարելու դեպքում հավելյալ գումար չի գանձվում անոթային ռեժիմի համար։ Մինչդեռ, օրինակ, Երևանի շատ կենտրոններում դա հավելյալ վճարով է կատարվում։
Կողմ ենք առողջ մրցակցությանը, ու մեր հիմնական նպատակն է բարձրացնել մարզի առողջապահական ծառայությունների որակը՝ համահունչ միջազգային ստանդարտներին։ Այս նախագծի հիմքում հենց դա է դրված։ Պատրաստ ենք մեր մասով ապահովել այդ որակական փոփոխությունն ու շարժվել առաջ՝ համաքայլ գլոբալ բժշկական զարգացման միտումներին։
– Միգուցե հերթական հարցը կենտրոնի գործառույթների շրջանակում չէ, բայց փորձենք պարզել՝ արդյո՞ք ախտորոշման հավաստիությունը գնահատելու տեսանկյունից՝ հետաքրքրվում եք ձեր բուժառուների հետագա ճակատագրով:
– Անշուշտ, հետաքրքրվում ենք, մշտապես կապ ենք պահպանում: Խնդրում ենք նրանց՝ հետազոտությունից հետո վերադառնալ՝ հասկանալու՝ արդյո՞ք ճիշտ ախտորոշում ենք տվել, թե՞ եղել են բացթողումներ: Պատահել են դեպքեր, երբ բուժող բժիշկների ու մեր գնահատականները չեն համընկել․ այդ իրավիճակները քննարկում ենք և, որպես կանոն, մեր կենտրոնի գնահատականը հիմնավորված է լինում։
Մեզ հետ բոլորն ունեն հետադարձ կապ, մեր հեռախոսահամարները հասանելի են բոլորին։
– Ըստ Ձեզ՝ ո՞ր տարբերակն է առավել նպատակահարմար՝ երբ բուժառուն ինքնուրո՞ւյն է կենտրոն դիմում, թե՞ երբ բժշկի ուղեգրով է այցելում:
– Մեզ համար առաջնահերթ չէ՝ ինքնուրո՞ւյն է դիմել, թե՞ ուղեգրով է եկել։ Ամենակարևորն այն է, թե որքա՞ն ճիշտ է ընտրված հետազոտվող հատվածը։ Բուժառուն կարող է ցանկանալ մարմնի որևէ հատվածի ՄՌՏ հետազոտություն, սակայն կարո՞ղ է արդյոք այդ հատվածի հետազոտությունը տալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Բուժող բժիշկը հիվանդին դիտարկում է համալիր՝ հաշվի առնելով գանգատները, ուղեկցող հիվանդությունները, ցավի ճառագայթումը։ Օրինակ, երբ հիվանդը բողոքում է ոտքի ցավից, հաճախ ենթադրվում է, թե խնդիրը հենց ոտքում է, սակայն պատճառը կարող է լինել գոտկասրբանային հատվածում առկա միջողային սկավառակի ճողվածքը, որն էլ սեղմելով նյարդը՝ առաջացնում է ցավ տվյալ ոտքում։ Այսինքն՝ ցավի իրական պատճառը գտնվում է այլ հատվածում, ոչ թե այնտեղ, որտեղ արտահայտվում է։
– Այդ դեպքում ինչպե՞ս եք որոշում՝ ո՞ր հատվածն է անհրաժեշտ հետազոտել:
– Մենք, որպես ռադիոլոգներ, փորձում ենք հնարավորինս չմիջամտել հետազոտության հատվածի ընտրության գործընթացին։ Համոզված եմ՝ բժիշկ-ռադիոլոգը չի կարող ու չպետք է նշանակի հետազոտություն։ Ռադիոլոգի գործառույթը տվյալ հետազոտությունն իրականացնելն է և պաթոլոգիայի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կատարելը, ոչ թե որոշել՝ որ հատվածը պետք է հետազոտել։
Բոլոր փուլերը պետք է ճիշտ կազմակերպված լինեն։ Բուժառուն նախ պետք է դիմի համապատասխան ոլորտի մասնագետի։ Վերջինս կվերլուծի գանգատները, կդիտարկի ուղեկցող խնդիրները և, եթե անհրաժեշտ համարի, կտա ուղեգիր կոնկրետ հատվածի հետազոտության համար։ Պետք է հասկանալ՝ երբեմն հիվանդը նույնիսկ սխալ մասնագետի է դիմում․ օրինակ, գանգատները նյարդաբանական են, բայց դիմում է վնասվածքաբանի։
Ճիշտ է՝ չենք մերժում, երբ բուժառուն գալիս է իր ցանկությամբ կամ իր ընտրած հատվածը հետազոտելու խնդրով, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ընտրությամբ կկարողանանք նրան տրամադրել այն տեղեկատվությունը, որը կօգնի վերացնել խնդիրը։ Մեր նպատակն է ոչ թե պարզապես կատարել հետազոտություն, այլ նպաստել բուժման արդյունավետությանը։
– Հազարից ավելի բուժառու եք հետազոտել արդեն։ Հասցնո՞ւմ եք այդ քանակությամբ բուժառու սպասարկել։
– Օրական ունենում ենք տասից ավելի բուժառու։ Բայց հետազոտության տևողությունը խիստ անհատական է և կախված է մի շարք գործոններից։ Հետազոտության տևողությունը կարող է տատանվել 15 րոպեից մինչև կես ժամ, երբեմն՝ 40 րոպե, կախված նրանից, թե որ հատվածն ենք հետազոտում։
Պարզ դեպքերում, երբ բուժառուի մոտ չկա բարդ պաթոլոգիա, պատկերները վերլուծելն ավելի արագ է ստացվում։ Իսկ եթե կան ուռուցքային երևույթներ, այլ բարդ գոյացություններ կամ հակասական պատկերներ, ժամանակը զգալիորեն երկարում է։ Բայց դա չի նշանակում, թե մեկի խնդրին ավելի լուրջ ենք վերաբերվում, մյուսին՝ թեթև։ Բոլորին նայում ենք նույն պատասխանատվությամբ։ Ուղղակի յուրաքանչյուր պաթոլոգիա, յուրաքանչյուր եզրակացություն պահանջում է տարբեր ժամանակ, ուշադրություն ու վերլուծական մոտեցում։
Պատկերները բացելիս երբեք չես կարող իմանալ՝ ինչի առաջ ես կանգնելու։ Պատկերը կարող է առաջին հայացքից պարզ թվալ, բայց հետո մի փոքր դետալ նկատես ու սկսես վերլուծել, համադրել, և այդտեղից սկսվում է իրական աշխատանքը՝ արդեն ոչ միայն որպես տեխնիկական մասնագետ, այլ որպես մեկնաբան ու ախտորոշող։ Այդ է մեր գործի պատասխանատու և, միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր կողմը։
- Մեր զրույցից տպավորություն ենք ստանում, որ բժշկուհուց շատ լարված, զգոն վերաբերմունք է պահանջվում հետազոտության ընթացքում, այսինքն սխալվելու իրավունք չունեք:
- Սխալվելու իրավունք, իհարկե, չունենք, քանի որ հասկանում ենք՝ մեր յուրաքանչյուր սխալն արժենում է մարդկային կյանք: Ամենակարևոր հանգամանքը, մասնագիտական ունակություններից կամ մասնագիտական որակներից զատ, բարեխղճությունն է, մատների արանքով սեփական աշխատանքին չնայելը․․․
- Երևի Հիպոկրատին հաճախ եք հիշում:
- Հիպոկրատին ոչ թե հաճախ եմ հիշում, այլ երբեք չեմ մոռանում:
Ուղղակի երբ զգում ես, որ հոգնած ես՝ ավելի լավ է տվյալ եզրակացության գրելը հետաձգել, այլապես բացթողումներ կարող են տեղ գտնել: Այսինքն՝ պետք է կատարվի աշխատանքի ճիշտ բաշխում:
- Ոլորտի հայտնի մասնագետները հասցրե՞լ են Ձեզ ճանաչել ու մասնագիտական գնահատական տալ՝ հոդվածի կամ ելույթի տեսքով:
- Արտերկրի կոնֆերանսների կամ վերապատրաստման ծրագրերի մասնակցությունը թողնելով մի կողմ, արդեն չորրորդ տարին է՝ մասնակցում եմ հանրապետության ռադիոլոգների ամենամյա կոնֆերանսին կամ գիտաժողովին՝ որպես զեկուցող:
Որպեսզի ավելի պատկերացնեք՝ 200-ից 300 մարդ է մասնակցում այդ կոնֆերանսներին, բայց զեկուցողների թիվը նկատելիորեն քիչ է լինում: Լյարդի գոյացություններ կան՝ կոչվում են հեպատոցելուլյար կարցինոմաներ. հաջորդ զեկույցիս թեման դա կլինի:
«Նաիրի» բժշկական կենտրոնում ունենք Tumor board (ուռուցքի բորդ) ասվածը, որտեղ կան ռադիոլոգներ, ԿՏ-ի բժիշկ, ՄՌՏ-ի բժիշկ, օնկոլոգ, վիրաբույժ. ես այդ թիմի անդամ եմ:
- Բժշկուհի, ի՞նչ խորհուրդ կտաք բնակչությանը, մեր ընթերցողին:
- Նախևառաջ (խոսքս ոչ միայան ՄՌՏ-ի մասին է) անցնել ամենամյա ստուգիչ հետազոտություններ։ Ոչ թե տպավորություն ստեղծել, թե անցնում ես այդ հետազոտությունները, այլ իսկապես հետազոտվել: Որովհետև, նորից անդրադառնանք չարաբաստիկ՝ օնկոլոգիական հիվանդություններին, մի բան է գոյացությունը բուժել առաջին փուլում, մեկ այլ բան՝ չորրորդ փուլում: Այդ փուլում՝ 99.9 տոկոսի դեպքում, ուղղակի խոսում ենք կյանքի տևողության որոշակի երկարացման մասին:
Ամենակարևորը՝ հետևել առողջությանը, հետևել տարեց հարազատների առողջությանը, որովհետև առողջությունը և կյանքը բարձրագույն արժեքներ:
- Արդյո՞ք բանակ զորակոչվող տղաներին բժշկական հանձնաժողովը նաև Կապանի կենտրոն է ուղարկում՝ հետազոտության:
- Երբ երիտասարդ տղաները պատրաստվում են զորակոչվել բանակ, նրանք անցնում են որոշակի հետազոտություններ՝ ըստ գանգատների: Լինում են բազմաթիվ դեպքեր, երբ զորակոչային տարիքի տղաների մոտ հանդիպում ենք խնդիրներ: Հանձնաժողովը պետպատվերի շրջանակում նրանց գործուղում է հետազոտության: Մեզ համար ամենակարևորը խնդիրն օբյեկտիվ նկարագրելն է, իսկ հետո հանձնաժողովի անդամները թող որոշեն՝ տվյալ զինակոչիկը կարո՞ղ է առողջական այդ խնդրով ծառայել, թե՞ ոչ:
- Ընդհանրապես դժգոհում են մեր երեխաների առողջությունից, դա բնութագրում են դպրոցում ֆիզկուլտուրայի բացակայությամբ կամ առողջ ապրելակերպ չունենալով և այլն։ Ձեր կարծիքը:
- Որքան նայել եմ զորակոչային տարիքի տղաներին, կարող եմ ՄՌՏ-ի մասով փաստել՝ 90 տոկոսի դեպքում գործ ունենք տեսականորեն առողջ երիտասարդների հետ: Իհարկե, մարմնի մեկ հատվածով դժվար է եզրակացություն անել ամբողջ օրգանիզմի մասին, բայց (ընդհանուր առմամբ) մոտ տասը տոկոսն է, որ ունի խնդիր, և այդ տասից հինգն է, որ ունի լուրջ խնդիր:
- Հակացուցումներ կա՞ն ՄՌՏ հետազոտությունների համար:
- Առաջին և ամենակարևոր բանը, որ կուզենայի նշել, հետևյալն է՝ քանի որ գտնվում ենք հետպատերազմյան շրջանում, առաջինը դա մետաղական մասնիկների կամ բեկորների առկայությունն են, որոնք ՄՌՏ-ի համար հանդիսանում են առաջին և ամենացավալի հակացուցումներից մեկը: Քանի որ մագնիս է, կարող է բեկորը տեղաշարժել մարմնի ներսում ու տեղաշարժման ընթացքում վնասել խոշոր անոթ՝ առաջացնելով ներքին արյունահոսություն:
Երկրորդը՝ սրտի ռիթմավար սարքերն են, այսինքն կարդիոստիմուլյատորները, քանի որ ՄՌՏ-ն այդ սարքը փչացնում է...
- Ձեր խորհուրդներից վերստին հասկացանք՝ առողջ ապրելակերպը, այնուամենայնիվ, շատ կարևոր է:
- Այսպիսի արտահայտություն կա՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք. միանշանակ այդպես է, ամենակարևորը՝ ճիշտ քնի ռեժիմ, ճիշտ աշխատանքային ռեժիմ, ճիշտ սննդային ռեժիմ, թարմ միրգ, թարմ բանջարեղեն: Վերջին ժամանակներում երշիկեղենը, ապխտած մսամթերքը դասվել են կանցերոգենների շարքը, այսինքն իրենց մեջ ուռուցքածին «ագենտներ» են պարունակում:
- Նաև շրջակա միջավա՞յրն է կարևոր…
- Եթե ուսումնասիրենք ուռուցքային հիվանդությունների միջազգային վիճակագրությունը, ապա ոչ միայն Սյունիքի մարզում, այլև ամբողջ ՀՀ-ում օնկոլոգիական անամնեզ ունեցող բուժառուները՝ ընդհանուր բնակչության հաշվեկշռում, գտնվում են բավականին տխուր վիճակում: Եթե ուսումնասիրենք 2022 թվականի տվյալները Հայաստանում, ապա ամեն 58-րդ բնակիչ ունի քաղցկեղ, իսկ ըստ 2019 թվականի տվյալների՝ ամեն 68-րդն էր, հիմա շատացել է հիվանդությունը:
- Համաճարակների առումով անելիք ունենո՞ւմ է Ձեր կենտրոնը:
- Հետևանքների մասով են մեր անելիքները… Օրինակ, կորոնավիրուսը, ցավոք, հատկապես երիտասարդության շրջանում սկսել է առաջացնել հոդերի ասեպտիկ նեկրոզ, տարբեր աուտոիմուն, ռևմատոլոգիական հիվանդություններ:
Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և Մարի Նավասարդյանի