Միջազգային լրագրողների խումբը Տաթևում. այցելություն «Տաթևեր» ճոպանուղի և Տաթևի վանական համալիր

10.06.2024 15:48
491

Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղինՏաթևերը», և միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և լուսավորչական կարևոր կենտրոններից մեկը համարվող Տաթևի վանական համալիրն այս օրերին հայտնվեցին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու տարեցտարի զարգացող գաստրոտուրիզմը բացահայտելու նպատակով մի խումբ լրագրողներ՝ միջազգային հեղինակավոր պարբերականներից, այցելեցին Հայաստան՝ ծանոթանալու հայկական աշխարհի տեսարժան վայրերին, պատմամշակութային և հոգևոր կենտրոններին:

Հունիսի 7-ին միջազգային լրագրողական խումբը Տաթևում էր: Ճոպանուղուց օգտվելիս հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Որոտանի կիրճի համայնապատկերը, Սատանի կամրջի և Տաթևի անապատի վրայով անցնող տպավորիչ թռիչքը, որի վերջին հանգրվանը 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրն է: Ճոպանուղու ամենաբարձր կետում (320 մ) հյուրերին սպասվում էր գաստրոնոմիկ փորձառություն` կազմակերպված «Չեչիլ» ՍՊԸ-ի կողմից, որը ներկայացնում է հայկական ավանդույթները, արհեստը, ժառանգությունն ու նրբագեղությունը ժամանակակից աշխարհում:

Թռիչքից հետո լրագրողական խումբը շրջայց կատարեց Տաթևի վանական համալիրում, ծանոթացավ վանքի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, ինչպես նաև տարածաշրջանին առնչվող հետաքրքիր փաստերին, թվերին ու իրադարձություններին, այցելեց վանական խցեր և միջնադարյան Ձիթհանի թանգարանը:  

Իսկ ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ վերաբացված «Տաթևատուն միրհավի» կողմից ռեստորանում հյուրերը բացահայտեցին հայկական խոհանոցի գաղտնիքները, ավանդական ուտեստների համն ու հոտը:

 «Սա առաջին անգամ չէ, երբ «ՏաԹևեր» ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը հայտնվում են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տաթևը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից  է։ Այսօր ճոպանուղի է այցելում երկրի յուրաքանչյուր հինգերորդ հյուրը։ Դրա շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ. համեմատ աճել է 17 անգամ։ Հուսով ենք՝ միջազգային լրատվամիջոցների այցելություններն ու անդրադարձները կխթանեն այս միտումը և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ մարդիկ կկարողանան բացահայտել այս եզակի ուղղությունը», - ասում է ճոպանուղին կառավարող «Impulse Business Management» ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:

«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 13 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելուի՝ երկու անգամ ճանաչվել է աշխարհում լավագույնը՝ ըստ World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության: Առաջին անգամ «ՏաԹևերը» հաղթել է 2021-ին, երկրորդ անգամ՝ 2023-ին՝ գերազանցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի համանման կազմակերպություններին:

«Տաթևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը:

«Տաթևեր»-ը կառավարում է «Impulse Business Management» ընկերությունը։

***

Տաթև կատարած այցի ընթացքում Մարիա Բուտենկոյի հետ զրուցեց Մարիամ Լազարյանը։

Տիկին Բուտենկո, երբ խոսում ենք «Տաթեւեր» ճոպանուղու մասին, չենք կարող չհիշել Ռուբեն Վարդանյանին, ով ճոպանուղու կառուցման ակունքներում է։ Մեզ հետաքրքրում է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի վիճակը, կա՞ հույս, որ մոտ ապագայում նա կազատվի ադրբեջանական գերությունից:

– Հայաստանում, բացի «Տաթեւեր» ճոպանուղուց, նաեւ այլ նախագծեր կան, որոնց նախաձեռնողը Ռուբեն Վարդանյանն է եղել, ու մեզ համար հիմա շատ կարեւոր է գերությունից նրա ազատումը: Մենք բոլորս գիտենք, որ նա ապօրինաբար է գերեվարված,  եւ դա ընդունված քաղաքական ենթատեքստ ունի։ Միևնույն ժամանակ գիտենք, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելն ունեցել է մարդկանց օգնելու  նպատակ: Մենք հիմա էլ  սպասում ենք նրան, ինչպես բոլորը։ Ինչ-որ առանձին նորություններ չգիտենք Ռուբեն Վարդանյանի ազատման հետ կապված, բայց, ինչպես բոլորը, մենք էլ մեծ հույսով սպասում ենք ամենամոտ ժամանակում Ռուբեն Վարդանյանի վերադարձին։

– Ինչպե՞ս եք գնահատում «Տաթեւեր» ճոպանուղու վիճակը 2020-ի եւ դրան հաջորդած պատերազմներից  ու համաճարակից հետո: Առերևույթ նկատելի է, որ Սյունիք այցելող զբոսաշրջիկների թիվը պակասել է:

Քովիդից եւ պատերազմից հետո իրականում զբոսաշրջիկների հոսքի  անկում է եղել, ու դա հիմնականում կապված է այդ երկու պատճառի հետ: Մինչ  այդ մեզ համար կարևոր էր 2019 թ. կարեւոր ցուցանիշը, որովհետեւ ամենաշատ թվով զբոսաշրջիկներին ընդունել ենք հենց այդ տարում։ 2023 թվականին ևս  բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ ու այցելուներ  ունեցանք: 2019 թ. ունեցել ենք  մոտ 150 հազար զբոսաշրջիկ: Դրանից հետո երեք անգամ նվազել է զբոսաշրջիկների հոսքը, իսկ արդեն 2023 թվականին աճ է նկատվել։ Պատերազմական գործողությունները տարածաշրջանի վրա շատ է ազդել։ Մարդիկ մտածում են՝ Սյունիքն այն վայրն է, որի սահմանագծում հաճախ տեղի են ունենում բախումներ, այդ պատճառով հոսքը բավականին քիչ է։ Այստեղ իսկապես մենք ակնկալում ենք տուրիզմի կոմիտեի աջակցությունը, իրենք էլ իրենց հերթին ամեն բան նախաձեռնեն` ցուց տալու համար, որ Սյունիքը անվտանգ է, Սյունիքը գեղեցիկ է եւ իսկապես արժե գալ ու այդ գեղեցկությունը վայելել։

– Ի՞նչ ծրագրեր է իրականացնում ճոպանուղին Տաթևի ենթաշրջանի գյուղերում: Որքան հիշում եմ՝ նման ծրագրեր ունեիք ի սկզբանե:

– «Տաթևեր» ճոպանուղին ավելի մեծ՝ «Տաթևի վերածնունդ» նախագծի մաս է կազմում, որը ստեղծվել է 2008 թվականին, ու նախագծի շրջանակում  մի քանի կարևոր  բաղադրիչ ենք ունեցել: Առաջինը Տաթեւի վանքի վերակառուցումն է, երկրորդը՝ համայնքի եւ զբոսաշրջության զարգացումը: Ինչ վերաբերում է համայնքին՝ նախագծի մեկնարկման ժամանակվանից մինչև հիմա շուրջ հիսուն միլիոն դոլարի ներդրում է իրականացվել, որի շնորհիվ մոտավորապես տասներկու կիլոմետր ճանապարհ է նորոգվել։ Ունեցել ենք դպրոցների եւ մանկապարտեզների նորոգում, Տաթևի վանքի հատվածում վերականգնվել է ձիթհանի թանգարանը։ Իհարկե, «Տաթևի վերածնունդ» նախագիծը ոչ առեւտրային կազմակերպություն է, եւ ճոպանուղուց ստացված  ամբողջ հասույթն էլ ուղղվում է իմ նշած նպատակներին, այսինքն՝ Տաթևի վանական համալիրի վերականգնմանը եւ համայնքային զարգացմանը: Իհարկե, դեռ չենք վերջացրել վանքին առնչվող մեր ծրագրերը, որովհետեւ բավականին մեծ ներդրումներ է  պահանջում, ու դրա համար ճոպանուղու հասույթն ամբողջությամբ ուղղվում է նման  ծրագրերի իրականացմանը:

– Ռուբեն Վարդանյանը Տաթեւի վանքի հետ կապված մտադրություններ ուներ, կարո՞ղ ենք ենթադրել, որ նրա բացակայությամբ այդ ծրագրերը սառեցված են, թե՞ իրականացվում են:

– Եթե կարճ` ոչ, քանի որ մեր հիմնական նպատակն է՝ Ռուբեն Վարդանյանի բացակայության ընթացքում շատ ավելին անել, ինչը հնարավոր է: Իրականում մարդկային գործոն կա, երբ ստրեսային իրավիճակներում մարդիկ ուղղակի որոշում են ոչինչ չանել եւ դադար են տալիս, բայց մեր հիմնական նպատակն այն է, որ Ռուբենի բացակայության ընթացքում մեր ամբողջ ներուժը, ամբողջ ջանքերն ուղղենք նրան, նրա նախաձեռնած ծրագրերը կարողանանք շատ ավելի լավ  ձեւով  իրականացնել եւ կարողանանք տանել  այնպիսի ակտիվությամբ, ինչպես եղել է իր՝ այստեղ գտնվելու ժամանակ։ Եվ քանի որ այս պահին չգիտենք հստակ, թե երբ դուրս կգա նա գերությունից, ձգտում ենք այդ նախագծերը առավելագույնս իրականացնել և լավագույն արդյունքներ ունենալ: 

– Միշտ չէ, որ այսպիսի ներկայացուցչական խմբով այցելում եք ճոպանուղի։ Ո՞րն է այսօրվա` նման բազմամարդ եւ ներկայացուցչական այցելության նպատակը:

– Մեզ համար կարեւոր է ներկայացնել Սյունիքը եւ մասնավորապես ճոպանուղին։  Դա  նաեւ նախագծի կարևոր բաղադրիչներից  է։ Այսօր այստեղ ենք հրավիրել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ներկայացնելու «Տաթևի ներածնունդ» ծրագիրը, որպեսզի կարողանանք շատ մարդկանց իրազեկել ճոպանուղու, նաեւ Սյունիքի մասին, քանի որ ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, որը հիմնական զբոսաշրջային վայրերից է, ինչն ապահովում է շատ մեծ թվով զբոսաշրջիկների  հոսք։ Ու  փորձում ենք միջազգային մամուլի ներկայացուցիչներին բերելով այստեղ, առավելագույնս տեղեկացնել Սյունիքի մարզի եւ նրա տեսարժան վայրերի ու բոլոր այն հնարավորությունների մասին, որ յուրաքանչյուր տուրիստ կարող է ստանալ։ Միևնույն ժամանակ՝ բացման օրվանից սկսած մոտավորապես քսանից ավելի փառատոն է այստեղ անցկացվել, կորպորատիվ տարբեր կազմակերպությունների հետ ենք համագործակցել։ Այդ ամեն ինչի նպատակը դեպի Սյունիք, դեպի ճոպանուղի, դեպի Տաթեւ զբոսաշրջիկների հոսքը մեծացնելն է։ Դա մեզ համար շատ կարեւոր է, որ մարդիկ գան այստեղ, ունենան տպավորություններ եւ կարղանան դրանից հետո իրենց ընկերներին, բարեկամներին պատմել եւ նրանց նույնպես բերել Սյունիք` ցույց տալու այս հրաշք բնությունը, ծանոթացնելու երկրամասի պատմությանը:

– Վերջում կցանկանայինք իմանալ նաեւ ճոպանուղուց օգտվելու գնային քաղաքականության մասին: Արդյո՞ք գործող գները վերանայելու կամ փոփոխելու կարիք չկա:

– Ճոպանուղուց օգտվելու գները փոխվել են 2024 թվականին, իսկ դրանից առաջ՝ 2019 թվականին։ Այսինքն հինգ տարի անց մի փոքր ավելացել է, բայց դա այն պատճառով, որ ճոպանուղու տեխնիկական ծախսերը նույնպես մեծացել են։ Եվ որպեսզի կարողանանք բարձրակարգ սպասարկում ապահովել, անհրաժեշտ էր մի փոքր փոփոխել գները: Մեր հիմնական նպատակն է՝ մեզ մոտ այցելող յուրաքանչյուր հյուր պետք է ստանա լավ եւ որակյալ ծառայություն ճոպանուղու կողմից։ Այդ առումով ունենք գործընկերներ՝ ի դեմս «Թաբիլ»-ի եւ «Տաթևատուն միրհավ»-ի, որոնք մեզ հետ միասին հյուրերին տրամադրում են հանգստի լավ հնարավորություն։ Եվս մեկ անգամ նշեմ՝ ճոպանուղու ամբողջ հասույթն ուղղվում է Տաթեւի վանական համալիրի եւ համայնքի զարգացմանը։ Դա նույնպես կարևոր հանգամանք է՝ գնային քաղաքականություն որոշարկելիս։

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25