Հարցազրույց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանի հետ

08.05.2023 15:11
836

Մայիսի 2-ին Գորիսում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի  նախագահի պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանը:

Գորիս էր այցելել՝ մասնակցելու բաց կրթության կենտրոնի էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսին:

Եվ, օգտվելով պատեհ առիթից, զրույց ունեցանք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ:

Արմեն Տեր-Կյուրեղյան. այցեքարտ

Պրոֆեսոր Արմեն Տեր Կյուրեղյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, ով 2014-2019 թվականներին զբաղեցրել է նաև համալսարանի չորրորդ նախագահի պաշտոնը:

Երկար տարիներ ղեկավարել է ԱՄՆ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Քաղաքացիական ճարտարագիտության ամբիոնը, արժանացել ճապոնական կրթական ոլորտի բարձր՝ Թայսեի պրոֆեսորի պատվավոր կոչմանը: Նա Հայաստանի ամերիկյան համասլարանի հիմնադիրներից է և նախկինում եղել է Ճարտարագիտության ֆակուլտետի հիմնադիր դեկանը, Ճարտարագիտության գիտահետազոտական կենտրոնի տնօրենը և փոխնախագահի պաշտոնակատար՝ միաժամանակ պահպանելով իր պաշտոնը Բերքլիում:

Ուսումնասիրության ոլորտը ներառում է կառուցված շինությունների և համակարգերի ռիսկի և հուսալիության վերլուծություն, ստոխաստիկ կառուցվածքային դինամիկա, սեյսմակայուն շինարարություն և ճարտարագիտական որոշումների կայացում:

ԱՄՆ հեղինակավոր ճարտարագիտության ակադեմիայի իսկական անդամ է: Հեղինակ է ավելի քան 400 տպագրված գիտական աշխատության, մենագրության և հոդվածի։ 1998 թ.-ից հանդիսանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Աշխատել է Սլովենիայի, Ճապոնիայի, Իտալիայի, Դանիայի, Հնդկաստանի և Գերմանիայի համալսարաններում՝ որպես այցելու դասախոս:

Բակալավրի և մագիստրոսի կոչումները քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում ստացել է Թեհրանի համալսարանից՝ Իրանում, դոկտորական կոչումը՝ քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում՝ ԱՄՆ Ուրաբանա-Շամպայնի Իլինոյի համալսարանից 1975 թվականին:

2001 թ. բարձրագույն կրթության բնագավառում պրոֆ. Արմեն Տեր Կյուրեղյանի ունեցած ակնառու ավանդը գնահատվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Մովսես Խորենացի մեդալով: 2016 թ. նա արժանացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանին:

- Պարոն Տեր-Կյուրեղյան, կուզենայինք նախևառաջ ծանոթանալ Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման պատմությանը:

- Այդ մասին գիրք եմ գրում, քանի որ համալսարանի համահիմնադիրներից եմ ու ոչ միայն ներկայիս նախագահն եմ, անցյալում ևս զբաղեցրել եմ այդ պաշտոնը:

1988-ին՝ երկրաշարժից տասը օր հետո, ամերիկյան մասնագետների մի խումբ ուղարկվեց Հայաստան, որի կազմում էի նաև ինքս: Մի ուրիշ հայ էլ կար 22 հոգուց բաղկացած խմբում՝ Միհրան Աղբաբյանը:

Դրանից երկու ամիս անց նորից եկա Հայաստան՝ Խորհրդային Միության հրավերով:

1989-ի փետրվարի վերջի կիրակին էր, Պոլիտեխնիկի ռեկտոր Յուրի Սարգսյանի հետ՝ խաշի սեղանի շուրջ (շատ կարևոր է), խոսում էինք այն մասին, թե Սփյուռքն ինչպես կարող է օգտակար լինել Հայաստանին՝ կրթության ոլորտում: Ինքն արտահայտվեց, թե լավ կլիներ, որ Հայաստանում ամերիկյան թեքումով ուսումնական աշխատանք տարվեր:

Անմիջապես միտք հղացավ իմ մեջ՝ Հայաստանում հիմնել ամերիկյան համալասարան՝ նկատի ունենալով նաև Բեյրութի ամերիկյան համալասարնի օրինակը, որին քաջածանոթ էի:

Երբ վերադարձա Միացյալ Նահանգներ, Միհրան Աղբաբյանի հետ առաջարկ գրեցինք և ուղարկեցինք շատերին: Դրական պատասախաններ ստացանք, բայց դրանք նաև կասկածներ էին պարունակում: Մինչդեռ Լուիզ Մանուկյան-Սիմոնը պատասխանեց, որ շատ լավ գաղափար է և վստահաբար պետք է ձեռնամուխ լինել դրա իրագործմանը:

Հետո մենք Լուիզի պահանջով մոտեցանք Կալիֆորնիայի նահանգային համալսարանի նախագահին. Լուիզը նրան գրել էր, որ մենք Հայաստանում համալսարան ենք ուզում հիմնել ամերիկյան թեքումով: Եվ հարցնում է՝ արդյո՞ք Կալիֆորնիայի նահանգային համալսարանը կօգնի մեզ: Դրական պատասխան ստացանք՝ այո, պատրաստ են մեզ օգնել:

Այն ժամանակ դա շատ հետաքրքիր գաղափար էր՝ Խորհրդային Միությունում պետք  է հիմնվեր ամերիկյան համալսարան:

Դա 1988-ին էր: 1990-ին աշխատանքային խումբ ուղարկվեց Հայսատան և որոշում կայացվեց՝ համալսարանը հիմնել Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Եվ, ճակատագրի կամոք, 1991 թ. սեպտեմբերի 21-ին, այն օրը, երբ Հայսատանը հայտարարվեց անկախ պետություն, ծնվեց մեր համալսարանը:

Այնպես որ՝ մեր համալսարանը և Հայաստանի անկախությունը նույն տարիքի են:

Միհրանը կենսափորձ ունեցող անձնավորություն էր, ինքն էլ եղավ համալսարանի առաջին նախագահը: Ես նշանակվեցի ճարտարագիտական բաժնի դեկան, և որպես դեկան պաշտոնավարեցի մինչև 2007 թ.: 2014-19 թթ.  եղա համալսարանի նախագահ, այնուհետև անցա կենսաթոշակի, հետո նախագահ ընտրվեց շվեդացի մի կին, ով (որոշ պատճառներով) 2022-ի նոյեմբերին հրաժարական տվեց: Հոգաբարձությունը ցանկացավ, որ ինքս ժամանակավոր վարեմ համալսարանի նախագահի պաշտոնը: Հույս ունեմ՝ առաջիկայում նոր նախագահ կունենանք. հիմա փնտրտուքներ են արվում:

- Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում Հայաստանի ամերիկյան համալսարնը,  որքա՞ն ուսանող ունեք:

- Մոտ 2100 ուսանող ունենք, ավելի շատ կլինեին, եթե դասասենյակների պակաս չունենայինք, հազիվ ենք տեղավորվում:

Ուսանողների 10-11 տոկոսը դրսից է՝ 20-ից ավելի երկրներից՝ Հնդկաստան, Լիբանան, Պարսկաստան, Սիրիա,  Ամերիկա, Ռուսաստան, Ղազախստան, Չինաստան…

Բակալավրի համար, եթե չեմ սխալվում, ունենք ութ մասնագիտություն: Ունենք նաև մագիստրարտուրա 1-1,5 տարի ուսման տևողությամբ:

- Բակալավրի կոչումով ո՞ր մասնագիտություններն են, որ հատկապես ճանաչում և պահանջարկ ունեն Հայաստանում ու մեր երկրի սահմաններից դուրս:

- Շատ պահանջված են համակարգչային գիտությունը և տվյալագիտությունը, բիզնեսը, պահանաջված են անգլերեն լեզվի և հաղորդակցության մասնագետները:

Համակարգչային բաժնում տարեկան ընդունում ենք 120-130 հոգի, բիզնես բաժնում՝ 160 հոգի:

Այդ ամենը՝ բակալավրական կրթական ծրագրերում:  Մագիստրոսական կրթական ծրագրերում համեմատաբար քիչ են, ամեն մի ուղղությամբ՝ 20-30 հոգի:

- Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսումնական ծրագրերը շա՞տ են տարբերվում հայաստանյան (հայկական) բուհերի ծրագրերից:

- Տարբեր են դասընթացի ձևերն ու պայմանները, ուսուցման լեզուն անգլերենն է: Մենք շեշտ ենք դնում և քաջալերում, որ ուսանողն ունենա քննադատական միտք: Այնպես չէ, որ դասախոսը պիտի գնա լսարան՝ խոսի, հանձնարարություններ տա և վերադառնա: Ոչ, լսարանում հնարավորություն է տրվում ուսանողին՝ խոսելու, հարց տալու, կարծիք հայտնելու և ծավալելու երկկողմանի բանախոսություն: Ուսանողն անընդհատ սովորում է, ամեն շաբաթ տնային հանձնարարություններ ստանում: Դա նշանակում է, որ քննության համար պատրաստվում են ամբողջ ընթացքում և ոչ միայն վերջին շաբաթում: Մեզ համար շատ կարևոր է ուսանողի քննադատական միտքը, սեփական միտքը, ուսանողը պետք է ունեն հարց տալու կարողություն:

- Հայաստանյան բուհերում, ըստ պաշտոնական տեղեկությունների, անցած տարի հազարավոր տեղեր թափուր մնացին՝ դիմորդներ չլինելու պատճառով: Ինչպե՞ս է իրավիճակը Հայաստանի ամերիկյան համալսարանում այդ առումով:

- 2022-ին բակալավրական կրթական համակարգում սովորելու համար շատ դիմորդներ ունեցանք և նույնիսկ ընդունելության համար նախապես սահմանված թիվն ավելացրինք: Անցած տարիներին (տարեկան) 410 հոգի էինք ընդունում, նախորդ տարի՝ մոտ 500: Այս տարի ունենք 580 հոգի ընդունելու հնարավորություն, որովհետև պահանջարկ կա, դիմորդներ կան:

Այսօրվա տվայլներով արդեն 1000 դիմորդ ունենք, որից 580-ը (հուսով ենք) մրցակցությամբ կընդունվեն:

Այո, մրցակցություն է լինում, կան քննություններ, որ պետք է անգլերեն լեզվով հանձնվեն: Դպրոցում ստացած գնահատականներն են հաշվի առնվում: Դիմորդը պետք է գրավոր պատմի նաև, թե ինչ աշխատանք է կատարել դպրոցից դուրս, իսկ եթե աշխատել է, ապա արդյո՞ք կամավոր է եղել. դա շատ կարևոր Է:

- Իսկ ուսման վճա՞րը…

- Ուսման վճարը նույնպես տարբերվում է հայկական բուհերից: Բայց պետք է հստակ ասեմ՝ ուզում ենք, որ մարզերից ուսանողներ շատ լինեն: Ընդունվելու համար նրանց ֆինանսական կարողությունը որևէ դեր չի կարող խաղալ: Ունենք մի ուրիշ գրասենյակ, որ զբաղվում է այդ հարցերով… Այն ուսանողները, ովքեր ի վիճակի չեն վճարելու ուսման վարձը, դիմում են այդ գրասենյակ՝ օգնության համար:

Եվ մենք հետաքրքրվում ենք. ուսանողը պետք է համապատասխան տեղեկություններ տրամադրի: Որից հետո գնահատում ենք կարիքները և ըստ կարիքի աստիճանի զեղչեր կիրառում՝ 25 տոկոս, 50 տոկոս, 70 կամ 90 տոկոս: Ինչո՞ւ 90 տոկոս, որովհետև գտնում ենք՝ ուսանողը (այնուամենայնիվ) պետք է վճարի վարձի գոնե մի փոքրիկ մասը, որպեսզի ուսմանն ավելի լուրջ վերաբերվի:

Մեր 2100 ուսանողից (այդ կարգով) մոտ հազարն վարձավճարների հատուցման օգնություն է ստանում, ասել է թե՝ միջին հաշվով մոտ 50 տոկոսը:

- Ենթադրում ենք, որ դասախոսական կազմի աշխատավարձն էլ բարձր է, և հայաստանյան բուհերի դասախոսներից շատերը կուզենան դասավանդել ամերիկյան համալսարանում:

- Այո, նման միտում կա: Մենք օտար երկրներից էլ դասախոսներ ունենք, որոնց աշխատավարձը չի տարբերվում տեղացի դասախոսների աշխատավարձից:

Օտար երկրներից եկող դասախոսներին նաև տան վարձի օգնություն ենք տրամադրում: Մեր համալսարանում դասախոսների աշխատավարձը, իսկապես, ավելի բարձր է, քան հայաստանյան մյուս բուհերում, քանզի մեր դասախոսներից սպասելիքները շատ են:

- Իսկ պետական պատվերով սովորողներ ունե՞ք, մեր պետությունը համալսարանի պատվեր տալի՞ս է:

- Պատվեր տալիս է, բայց պետությունից չենք ստանում լրիվ հատուցում, ծախսերի մի մասը դարձյալ մենք ենք հոգում:

- Հայասատանի ամերիկյան համալսարանի դիպլոմը որքանո՞վ է ճանաչված կամ ընդունված աշխարհի մասշտաբով:

- Ամերիկյան կառավարությունը ճանաչում է յոթ հիմնարկություն, որոնք ունեն նման լիազորություն տալու գործառույթ:

Մեր համալսարանը դրանցից մեկի՝ Western Association of Schools and Colleges-ի կողմից հավատարմագրված է: Մեր տված դիպլոմը հավաստագրված է տվյալ ընկերության կողմից, որը ճանաչվում է ԱՄՆ բարձրագույն կրթության նախարարության կողմից:

- Իսկ ի՞նչ միջազգային ծրագրեր կան, որոնցում Հայաստանի ամերիկյան համալսարնն ընդգրկված է:

- Մենք ակտիվ հարաբերություններ  ունենք Կալիֆորնիայի նահանգային համալսարանի հետ, որն աշխարհի լավագույն համալսարաններից է:

Ինքս Կալիֆորնիայի նահանգային Բերքլիի Universiti of California համալսարանի դասախոս եմ եղել, մոտ 37 տարի դասավանդել եմ այնտեղ, պրոֆեսոր եմ եղել:

Մենք նրանց հետ սերտ հարաբերություններ ունենք:

- Որքան տեղյակ ենք՝ որպես համալսարանի նախագահ, առաջին անգամ եք Սյունիքում, ի՞նչ կուզենայիք ասել մեր մարզի երիտասարդներին, հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիներին:

- Նախ հայտնի ճշմարտությունը պիտի շեշտեմ՝ աշակերտները և ուսանողները Հայաստանի ապագան են, իրենք պետք է երկիրը կառուցեն, զարգացնեն և անվտանգություն ապահովեն:

Իսկ այդ առաքելությունն արժանապատվորեն իրականացնելու համար գիտելիքն ունի ամենակարևոր դերը:

Տպավորված եմ Հայաստանի աշակերտներով, ուսանողներով. առաջադիմելու, սովորելու ցանկություն ավելի շատ ունեն, քան նույնիսկ ամերիկացիները:

Հատկապես տպավորված եմ մարզերից եկող երեխաներով:

Մարզերից եկողները գիտության հետևից են գնում, մաթեմատիկա ավելի լավ գիտեն, առաջ գնալու կորով ունեն:

Այո, ամենակարևորն ուսումն է… Միայն այդպես հնարավոր կլինի առաջ գնալ, մասնագիտանալ և Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնել:

Պետք է գիտակցել, թե ովքեր են մեր հարևանները. այդ առումով նույնպես գիտությունը, կրթությունը, ուսումը չափազանց մեծ դեր ունեն:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19