ԳԱԳԻԿ ԱԹԱՋԱՆՅԱՆ. «Կապանը չի կարող լինել մի քանի հոգու համար»

11.12.2013 19:20
1873

«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԽԻՎ
4 հոկտեմբերի 2005թ.


Հարցազրույց Կապանի քաղաքապետի թեկանածու  Գագիկ Աթաջանյանի հետ


– Պարո՛ն Աթաջանյան, վեց տարի Կապանի քաղաքապետ աշխատելուց եւ երեք տարի առաջ ՏԻՄ ընտրություններում չընտրվելուց հետո ի՞նչն է դրդել Ձեզ վերստին հավակնելու համայնքի ղեկավարի պաշտոնին:

– Հանուն արդարության ասեմ, որ երեք անգամ որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել եմ ընտրություններին եւ երեք անգամ էլ ընտրվել: 2002 թվականին էլ, ես համոզված եմ, որ ժողովուրդն ինձ է ձայն տվել, բայց կեղծիքների արդյունքում չեմ ընտրվել: Ճիշտ է՝ այն ժամանակ չբողոքեցի՝ համարելով, որ արդյունքի չեմ հասնի: Եվ այսօր կրկին առաջադրվելուս շարժառիթը որպես անհատ իմ պարզ ցանկությունը չէ: Վերջին տարում մարդիկ հաճախ էին հիշեցնում, որ շուտով ՏԻՄ ընտրություններ են սպասվում եւ պահանջում անպայման առաջադրել իմ թեկնածությունը: Չէի կարող ժողովրդի կարծիքը հաշվի չառնել: Լավ գիտեմ, որ մեր ամենամնայուն արժեքը մարդն է, մնացածն անցողիկ է, պիտի ծառայեմ ժողովրդին ինչքան կարող եմ: Այս սկզբունքով եմ ապրում եւ ցանկանում եմ, որ գոնե այս անգամ արդարությունը հաղթի, մարդիկ իմանան, որ իրենց ձայնին տեր կա:

– Տարիների հեռվից գնահատելիս՝ ի՞նչ եք կարծում՝ որն էր 1996թ., 1999թ. Ձեր հաղթանակի գրավականը:

– Ես ժողովրդով եմ հաղթանակել, նա վստահել, հավատացել, ընտրել է ինձ: Պատահական չէ, որ այսօր իմ նախընտրական կարգախոսն է. «Իմ ուժը ժողովուրդն է»:

– Ձեր մասին ասում են, որ հիշաչար մարդ չեք, հեշտությամբ եք ներում: Մասնավորապես, ինչպե՞ս եք վերաբերում այն մարդկանց, ովքեր նախկինում Ձեր դեմ են գործել:

– Չեք կարող գոնե մեկ մարդ գտնել, որի հանդեպ քեն ունենամ: Այսօր իմ նախընտրական շտաբի պետը նախկին ընտրություններից մեկում մրցակից թիմում էր: Եվ ես մի բան գիտեմ. եթե քաղաքապետ ես ընտրվել, բոլորի քաղաքապետն ես, անկախ նրանից, թե այսինչ մարդը քեզ ձայն է տվել, թե՝ ոչ: Որեւէ մեկի համար մյուս թեկնածուն կարող է ավելի նախընտրելի լինել, նրա բարեկամը կամ մտերիմը լինել, կամ՝ ճանաչելով հարմար գտնի նրան ընտրել:

– Գ.Աթաջանյանը ի՞նչ ծրագրով, նպատակով է ցանկանում վերադառնալ քաղաքապետարան:

– Բոլորն էլ հրաշալի ծրագրեր են ներկայացնում: Կարեւորն այն է, որ դրանք իրականացնելու հստակ ուղիները, օրենքով քեզ տրված հնարավորությունների շրջանակում դրանք կյանքի կոչելը տեսանելի լինեն: Եթե ծրագիր ես ներկայացնում, որ իրականություն չի դառնա, ո՞ւմ է պետք: Քաղաքապետի անելիքներն ամրագրված են տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրական դաշտում՝ որպես պարտադիր լիազորություններ: Այսինքն՝ պիտի առավելագույնս անեմ այն, ինչ պարտավոր եմ անել, եւ ինչի համար ժողովուրդը քաղաքապետ է ընտրում: Այլ խոստումներ տալը, որոնք եթե անգամ շատ ուզենաս, քո լծակներով չես կարող իրականացնել, անլուրջ եմ համարում: Այսօր ավագանու անդամներն այնպիսի ծրագրեր են ներկայացնում, որ նույնիսկ նախագահն ի վիճակի չէ իրագործել: Ամենակարեւորը՝ վեց տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո երեք տարվա մեջ իմ սխալները կարողացել եմ տեսնել, դասեր եմ քաղել: Եթե ընտրվեմ, ավելի լավ աշխատելու համար սա անպայման իր դերը կխաղա:

– Վեց տարին համայնք ղեկավարելու համար բավականին լուրջ ժամանակաշրջան է: Եթե ամփոփենք, Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները որո՞նք են եղել:

– Նախ ես ընդունել եմ ռմբակոծված քաղաք, առաջինը պիտի պատերազմի հետեւանքները վերացնելու ուղղությամբ աշխատեինք: Վնասներն այնքան շատ էին, որ կատարած աշխատանքները, բնականաբար, նկատելի չէին: Ողջ հանրապետությունում մանկապարտեզներ են փակվել, ես երկու մանկապարտեզ եմ ավելացրել:

Այն ժամանակ քաղաքում հիմնարկ-ձեռնարկություններ կային, որ չէին աշխատում կամ աշխատավարձ չէին տալիս: Մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի ծանր էր, հետեւաբար ծանր էր ընդհանուր քաղաքի տնտեսական վիճակը: Մեղադրե՞լ քաղաքապետին այդ ձեռնարկությունները (պետական կամ մասնավոր) չաշխատեցնելու կամ քաղաքի տնտեսական վատ վիճակի համար, որի վրա ազդելու լծակներ ինքը չուներ... Շատ խղճուկ էր համայնքային բյուջեն, որ պայմանավորված էր ե՛ւ նշածս գործոններով, ե՛ւ հանրապետության թույլ տնտեսությամբ: Մեկ առանձին համայնք կտրե՞լ այդ ընդհանուր ֆոնից... Պետական լրավճարը 60-70 %-ով էին տալիս, այն էլ՝ ոչ ժամանակին: Այսօր պետությունը ժամանակին եւ ամբողջությամբ կատարում է իր պարտականությունները: Ավելացել են համայնքին հատկացված հարկատեսակները:

Այն ժամանակվա իմ ղեկավարած քաղաքի մթնոլորտի առավելություններից եմ համարում այն, որ միշտ կարողացել եմ Կապանի եւ կապանցու արժանապատվությանը տեր կանգնել: Այս քաղաքը մի սովորական, շարքային համայնք չի դիտվել: Ուզում եմ էլի տեր կանգնել: Ուզում եմ, որ կապանցին փողոցում քայլի ինչպես իր տանը. քաղաքը մի քանի հոգու համար չէ:

– Պարո՛ն Աթաջանյան, այնուամենայնիվ, Ձեզ մի քանի մեղադրանքներ են ներկայացվում: Սկսենք բյուջեի պարտքերից: Ասում են՝ բավականին վատ ժառանգություն եք թողել, եւ զարմանալիորեն, այդ ճեղքվածքը բավականին կարճ ժամանակահատվածում փակվել է: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Ոչ մի ճեղքվածք էլ չկար: Ես 60 մլն դրամի աշխատավարձի պարտք ունեի: Սակայն 180 մլն դրամ էլ պետությունն էր ինձ պարտք (1999-2002թթ. լրավճարի պարտքեր): Ինձ միշտ հորդորում էին համաձայնություն տալ, որ այդ պարտքի գումարները կառավարությունն ուղղի Թուրքմենիայից ստացած գազի դիմաց Հայաստանի ունեցած պարտքի մարմանը: Ես չհամաձայնեցի: Դրանք Կապանի բյուջեի փողերն էին, եւ գիտեի, որ միեւնույն է, գումարը տալու են, մանավանդ որ առաջիկայում էլ նախագահական ընտրություններ էին: Մի խոսքով, ընտրություններից անմիջապես հետո այդ 180 մլն-ն տրվել է: 60 մլն դրամով աշխատավարձի պարտքն է փակվել: Ի՞նչ է եղել մնացած 120 մլն-ի հետ, տեսանելի ի՞նչ է կատարվել, որեւէ մեկը հաշվետվություն տվե՞լ է... Բացի աշխատավարձի պարտքն իմ ղեկավարած քաղաքապետարանը ոչ մի ուրիշ պարտք չի ունեցել: Եվ ասել, թե 300 մլն-ի ճեղքվածք է փակվել...

– Գագիկ Աթաջանյանին մեղադրում են նաեւ այն բանում, որ գրեթե ամեն ինչ քաղաքում սեփականաշնորհել է, նոր՝ գնացել, բան չի թողել: Վեց տարվա Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել սեփականաշնորհման ոլորտում:

– Դե, ես չէի ուզենա գրադարանը կամ մշակույթի օջախը փակել ու որեւէ մեկին տալ... Իմ աշխատանքի տարիներին պահպանվել են քաղաքի կաթսայատները, հանգստյան գոտիները, այլ շինություններ: Կարո՞ղ են պատասխանել, թե ինչ ճակատագիր ունեցան այդ տարածքները, եւ ինչ է դրանից շահել շարքային կապանցին: Իմ օրոք կատարված գործարքների մեծ մասը հետեւյալն է եղել. նախկին քաղխորհրդի ժամանակ մարդիկ տարածքներ են վերցրել, եւ նոր օրենքների պայմաններում նոր ձեւակերպումների կարիք կար: Այսինքն՝ որոշումներն ենք տվել, որ կադաստրը վկայական տա: Իսկ եթե մեղադրում են, փաստեր կան, եւ օբյեկտիվ լինելու համար պիտի ստուգվի՝ ով ինչ է սեփականաշնորհել:

– Իսկ քաղաքապետ Գ.Աթաջանյանն այդ սեփականաշնորհման արդյունքում անձնական ի՞նչ ձեռք բերեց:

– Ոչինչ, ես ամաչում էի ինչ-որ բան վերցնել:

– Շահարկվում է նաեւ այն միտքը, որ սա արդեն երրորդ հազարամյակն է, եւ Ձեր գիտելիքները չեն բավարարի Կապանը ղեկավարելու համար:

– Բա ժողովուրդը չի՞ տեսնում՝ ինչ գիտելիքներով են իրեն ղեկավարում... Իմ գիտելիքները բավարար են մարզն էլ ղեկավարելու համար:

– Իսկ ի՞նչ կասեք նախորդ ընտրությունների շեմին Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը մտնելու եւ կարճ ժամանակ հետո դուրս գալու մասին:

– ՀՀԿ-ն էր ինձ խնդրել մտնել իր շարքերը: Խոստացել էին, որ այդ պարագայում բյուջեի լրավճարների պարտքը 15 օրում մարվելու է: Այդ քայլին դիմեցի համայնքի շահից ելնելով: Տեսնելով, որ խոստումը չկատարեցին՝ քսան օրից դուրս եկա:

– Կարո՞ղ եք ասել, որ հստակ եւ ընդգծված է մարզպետարանի վերաբերմունքը Գ.Աթաջանյանի թեկնածության հանդեպ:

– 1996թ. մինչեւ հիմա չեմ տեսել, որ գոնե մեկ մարզպետ թողնի՝ կապանցիներն ազատ ընտրություն կատարեն: Այսօր մարզպետի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, ոչ մի խնդիր նրա հետ չունեմ, բայց նա կողմ չէ, որ ես քաղաքապետ ընտրվեմ: Դա իր անձնական գործն է: Կուզենայի, որ գոնե այս անգամ մարզպետարանը թողներ, որ ազատ ընտրություններ անցկացվեն:

– Այնուամենայնիվ, մարդ արարածը թուլություններ ունի: Դուք, փաստորեն, դուրս եք եկել պետական մեքենայի դեմ: Ձեր դեմ կանգնած է իշխող կուսակցությունը, երկրի վարչապետը: Մտավախություն չունե՞ք, որ ընտրողների մի մասը կենթարկվի ճնշումների եւ ազատ ընտրության իր իրավունքից չի կարողանա օգտվել:

– Թող ներեն ինձ բոլոր մյուս քաղաքների բնակիչները, ես կապանցիներին շատ ավելի արդարամիտ եմ համարում: Մեր ժողովրդի մեջ արդարություն շատ կա: Հույսս դրել եմ դրա վրա եւ կարծում եմ՝ կապանցին չի ենթարկվի ինչ-ինչ ճնշումների: Իհարկե, բացառություններ էլ կլինեն... Ելնելով տեղամասային հանձնաժողովների ներկա կազմից՝ հույս ունեմ, որ այս անգամ հանձնաժողովականները իրենց աշխատանքը օրենքի սահմաններում կկազմակերպեն:

– Չեն բացառվում ճնշումները նաեւ հանձնաժողովների անդամների կամ վստահված անձանց վրա: Ձեր թիմը պատրա՞ստ է դիմագրավել դրան:

– Վստահված անձինք հուսալի մարդիկ են, եւ նրանց չեն կարող ահաբեկել: Նրանք էլ պիտի հանձնաժողովների ներսում հետեւեն օրինականությանը: Դրսում, կարծում եմ, այդ գործի պատասխանատուն ոստիկաններն են: Այո, փաստեր էլ ունենք, որ արդեն փորձում են սպառնալիքներով խոսել հանձնաժողովների անդամների հետ:

– Խոսակցություններ կան, որ ճնշումներ են եղել նաեւ Ձեր հանդեպ, որ հանեք Ձեր թեկնածությունը:

– Այդ պահն անցել է: Ինձ չեն կարող ճնշել: Ես ինքս եմ որոշում կայացնում: Քաղաքում պարբերաբար լուրեր էին տարածում, որ Գ.Աթաջանյանը դուրս է գալու ընտրարշավից: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ:

– Իրակա՞ն են այն շշուկները, որ Ձեզ սատարում է ՀՀ գլխավոր դատախազը:

– Դա ճիշտ է: Նա կողմ է իմ թեկնածությանը եւ խոստացել է, որ կսատարի արդար, օրինական ընտրությունների անցկացմանը:

– Եթե ազատ, օրինական, արդար ընտրությունների արդյունքում պարտվեք, ի՞նչ կզգաք:

– Իհարկե, չեմ նեղանա: Թող իմանամ, որ պարտվել եմ, բայց՝ արդար պայմաններում:

– Կապանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեցին նաեւ Սամվել Հայրյանը, Ռոմիկ Սարգսյանը եւ շատ արագ դուրս եկան մրցապայքարից: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:

– Կարծում եմ՝ նրանց առաջադրել էին հետագայում ավելի հարմար թեկնածուին սատարելու համար՝ հույս ունենալով, որ կհաջողվի Արմեն Կարապետյանին խաղից հանել: Տեսնելով, որ նա չի հանում թեկնածությունը... Այսինքն՝ մինչեւ վերջ էլ իշխանական թեւն իր թեկնածուի առումով տարակարծություններ է ունեցել եւ հետո է կանգ առել Ա.Կարապետյանի թեկնածության վրա:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մարդիկ այսօր գալիս Ձեր նախընտրական հանդիպումներին:

– Դա երեւի իմ վեց տարվա աշխատանքի արդյունքն է: Ժողովուրդը գնահատական է տալիս: Վեց տարվա ընթացքում ինձ դիմած մարդ չի եղել, որ չընդունեմ, չաջակցեմ՝ ինչով կարող էի, իհարկե իմ ուժերի եւ լիազորությունների սահմաններում: Ամենակարեւորը, որ մարդուն արժանապատվորեն ընդունես եւ ճանապարհես, եթե նույնիսկ ի վիճակի չես օգնել:

– Ի վերջո, ՏԻՄ ընտրություններում նաեւ նոր ավագանի է ընտրվում: Ավագանու անդամի թեկնածուների ցանկում կա՞ն մարդիկ, որոնք, այսպես ասած, Ձեր թիմից են:

– Թող ընտրողը որոշի՝ ով կդառնա ավագանու անդամ: Ես պատրաստ եմ աշխատել ավագանու ցանկացած կազմի հետ:

– Ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ եք աշխատել քաղաքապետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկների ներկա աշխատակազմի հետ, կադրային փոփոխություններ կանե՞ք:

– Ես բարեխիղճ, լավ աշխատողին երբեք չեմ փոխի: Ինձ համար առաջնայինը կլինի աշխատանքի որակը, արհեստավարժությունը:

Զրույցը՝ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ
«Սյունյաց երկիր»

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25