Ո՞ւՐ ՄՆԱՑ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ. Դավիթ Գասպարյան

11.01.2019 20:08
1519

Ինչո՞ւ Երևանում չունենալ արևմտահայերենով ուսուցմամբ դպրոց:
Վերջին տարիներին Հայաստանում բնակություն են հաստատել Սիրիայից, Լիբանանից և այլ երկ­րնե­րից ներգաղթած բազմաթիվ արևմտահայեր: Բարով են եկել: Հայաստանը ոչ միայն արևելահայի, այլև արևմտահայի հայրենիքն է: Եվ հայրենիքը պարտավոր է ըստ ամենայնի հոգալ նրանց կեցության հարցերը:
Արևմտահայ լեզվական միջավայրում մեծացած, առավել ևս դպրոց հաճախած աշակերտի համար ոչ թե դժվար, այլ շատ դժվար է ներգրավվել արևելահայ կրթական գործընթացին: Ամենակարևորը՝ տարբեր են ուղղագրությունը և ուղղախոսությունը:
Ի՞նչ անել:
Առաջարկում եմ՝ Երևանում բացել արևմտահայերենով ուսուցմամբ դպրոց: Ինչո՞ւ կլինեն ռուսական, անգլիական ուսուցմամբ, նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն թեքումով դպրոցներ, բայց չի կարող լինել արևտահայերենով ուսուցմամբ գոնե մեկ հանրակրթական դպրոց: Նշված բոլոր լեզուներով ուսուցում կա, որովհետև կա նաև պահանջարկ: Ակնհայտ է, որ այսօր կա նաև արևմտահայերենով ուսուցմամբ հրամայական պահանջարկ:
Այդ դպրոցը պետք է լինի կրթահամալիր՝ մանկապարտեզ, տարրական դպրոց, հիմնական դպրոց և ավագ դպրոց:
Ուսուցիչներ կան: Ուսուցչի խնդիր չի առաջանա:
Դասագրքերի հարց կառաջանա: Հանրակրթական դպրոցի գործող դասագրքերը կարելի է ենթարկել լեզվական փոխադրության և անհրաժեշտ քանակով հրատարակել: Տպագրական ժամանակակից միջոցներն ի վիճակի են արագ ու հեշտ լուծելու այդ հարցը:
Դպրոցը կունենա իր փոխադրամիջոցները, որով առավոտյան Երևանի տարբեր թաղամասերից, թերևս նաև մոտակա բնակավայրերից հնարավոր կլինի հավաքել սովորողներին, ուսուցիչներին և վերջում վերադարձնել իրենց տները:
Վստահ եմ, որ այդ դպրոցը կունենա իր հովանավորները, հոգաբարձուների խորհուրդը և կգտնվի ՀՀ Սփյուռքի նախարարության հոգածության ներքո: Այս պայմանների առկայության դեպքում ցանկալի է, որ ուսուցումը լինի անվճար:
Ցավալի է, որ արևմտահայերենը դասվում է մեռնող լեզուների շարքին: Էլ որտե՞ղ, եթե ոչ հայրենիքում պետք է մտահոգվել այդ հարցով և պետականորեն խնամք տածել արևմտահայերենի հանդեպ: Մեր հայրենիքի մեծ մասի՝ Արևմտահայաստանի հիշողությունն ու ազատագրման երազանքը նաև արևմտահայերենով պետք է պահպանվի: Չմոռանանք՝ արևմտահայության ցեղա­սպանության հետ մեկտեղ սպանվեց նաև լեզուն, ինչին ասում են լինգոցիդ, որ նույն գենոցիդի շարունակությունն է: Չկա լեզվի կրողը, չկա և լեզուն: Արևմտահայերենը պահպանեցին ցեղասպանությունից փրկվածները, այլ կերպ՝ մնացորդացը:
Առաջարկում եմ նաև լրացում անել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում: Գրված է. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է Հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»: Առաջարկում եմ վերջին նախադասությունը վերախմբագրել՝ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական արևելահայերենն է և գրական արևմտահայերենը»:
Հայ ժողովրդի համախմբման, հոգեկերտվածքի միասնության, մշակութային միաբանության, ոգեղեն ամբողջացման, հայրենիքի ամրապնդման գործում ՀՀ-ն պետք է վարի լեզվական շրջահայաց քաղաքականություն, ինչը կնպաստի նաև արևմտահայության սերունդների նոր ներգաղթին, հայրենիքում նրանց հաստատմանն ու ամրապնդմանը: Այսինքն՝ արևմտահայերեն խոսողները, գրողներն ու արտահայտվողները խորթություն չեն զգա, միջավայրից չեն օտարվի:
Միաժամանակ՝ արևմտահայերենը պետք է պետականորեն պահպանվի, պաշտպանվի, զարգանա և նորմավորվի, ինչպես արևելահայերենը: Նպատակը պետք է լինի պահպանել ինչպես գրական արևելահայերենի, այնպես և գրական արևմտահայերենի կենդանի զարգացման հնարավորությունները:
Չմոռանանք լեզվի հմայքով ու ճոխությամբ փայլատակող արևմտահայ հարուստ գրականությունը, որ դասավանդվում է ՀՀ հանրակրթական դպրոցներում: Հապա մի ասեք Դուրյան, Զոհրապ, Վարուժան, Մեծարենց, հիշեք նաև մյուսներին և կտեսնեք, թե ինչ տոհմիկ, թանկ ու հարազատ աշխարհ է բացվում ձեր առաջ:
Իսկ ինչու ՀՀ-ում չպետք է տպագրվեն արևմտահայերեն թերթեր ու գրականություն, հատկապես՝ գեղարվեստական գրականություն, արևմտահայերենը պիտի հնչի նաև հեռուստատեսային և ձայնասփյուռային հաղորդումներում:
Այս դպրոցը կդառնա արևմտահայերենի դարբնոց: Հավանական է, որ այսօրինակ դպրոցներ ունենալու պահանջ կներկայացնեն նաև արևմտահայերով վերաբնակեցված այլ համայնքներ:

grakantert.am

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38