Հարցազրույց «Սյունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի հետ

11.09.2023 14:58
968

Սեպտեմբերի 5-ին Մեղրիի տարածաշրջանի ոռոգման համակարգին ծանոթանալու ընթացքում, զրույց ունեցանք «Սյունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի հետ:

Թեև ամբողջ օրը միասին էինք շրջում մեզ հետաքրքրող այգեգործական տարածքներում և բնակավայրերում, բայց օրվա վերջում (երբ փորձեցինք ընդհանրացնել մեր տպավորությունները) մի քանի հարց (այդուհանդերձ) հավելյալ պարզաբանման կարիք ուներ, ինչի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:

Նաիրի Հովհաննիսյանն առաջին անգամ է ներկայանում մեր լսարանին, ուստի և նշենք՝ «Սյունիք» ՋՕԸ-ում աշխատում է 2019 թվականից, սկզբում Սիսիանի տեղամասի պետն էր, 2020 թվականից՝ ընկերության գործադիր տնօրենը:

- Պարոն Հովհաննիսյան, նախևառաջ կուզենայինք իմանալ Ձեր գլխավորած ընկերության բաժանորդների կամ ջրօգտագործողների թիվը:

- «Սյունիք» ՋՕԸ-ի ջրօգտագործողների թիվը 4327 է: Այդ թվում՝ 1343-ը՝ Մեղրիում, 1400-ը՝ Սիսիանում, 859-ը՝ Կապանում, 725-ը՝ Գորիսում:

Մեղրու տարածաշրջանում մոտ 800 հա ոռոգման տարածք կա, որից 497 հա-ի սպասարկումն իրականացնում է ՋՕ ընկերությունը: Մեղրի քաղաքի ոռոգման ենթակա 200 հեկտարից 25 հեկտարն ենք մենք ոռոգում: Մնացածը ոռոգվում է լոկալ առուներով. այդ կարգով ջրօգտագործողները մեր բաժանորդները չեն:

- «Սյունիք» ՋՕ ընկերությունը կազմակերպչական ի՞նչ կառուցվածք ունի Մեղրիում:

- Մեղրու տարածաշրջանում գործում է ՋՕԸ-ի «Մեղրի» տեղամասը, որի ղեկավարը Գևորգ Առաքելյանն է:

Քանի որ Մեղրու տարածաշրջանի ոռոգման համակարգն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի, այդտեղ է մշտապես գտնվում նաև «Սյունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսան Օհանջանյանը:

Գյուղերում ունենք տեղամասի պատասխանատուներ, ջրբաշխներ, պոմպավարներ:

- Փորձենք ընդհանուր գծերով ծանոթանալ Մեղրու ոռոգման համակարգի  ներկայիս վիճակին:

- Ոռոգումն այս տարածաշրջանում սկսում ենք ապրիլի 1-ից: Սկզբնական փուլում իրկանացնում ենք ինքնահոս ճանապարհով, այնուհետև՝ հուլիսի վերջից կամ օգոստոսի սկզբից, անցնում ենք ոռոգման մեխանիկական համակարգին: Պոմպերի միջոցով ջուրն Արաքս գետից մղվում է բարձրադիր վայրեր, որտեղից էլ՝ բաժանորդներին:

Տարածաշրջանի որոշ գյուղերում՝ Նռնաձոր, Շվանիձոր և Ալվանք, ոռոգման համակարգը երկաստիճան է:

Մեղրի գետի վիճակը Դուք տեսաք, այնպես որ՝ հուլիսի վերջից,  ինչպես նշեցի, խոսք չէր կարող  լինել ինքնահոս ջրամատակարարման մասին:

Ունենք 19 պոմպակայան, բոլորն էլ այս պահին աշխատում են:

Ոռոգման սեզոնի ամենալարված օրերն են Մեղրիում: Ինքներդ հավանաբար նկատեցիք՝ տեղամասի տնօրենն ու փականագործն իրարից չեն տարբերվում, բոլորը համատեղ և համերաշխ ամեն ինչ անում են, որ ջուրը հասնի բնակչությանը:

Խոստովանենք՝ տարին էլ բարեհաջող չէր այդ առումով, ձյուն գրեթե չեկավ: Միայն մարտին երկու անգամ լուրջ տեղումներ եղան Մեղրիում՝ ձյան տեսքով, մայիս ամսին էլ անձրևներ էին: Չլինեին այդ տեղումները՝ ինքնահոս ջրամատակարարումն ամբողջովին հարցականի տակ կընկներ:

Իսկ հիմա՝ միայն անցած մեկ օրվա ընթացքում Արաքս գետի մակարդակն իջել է 35 սմ-ով, որը պայմանավորված է և՚ եղանակով, և՚ Նախիջևանի տարածքում գետի ջրերը ջրամբարներ լցնելով: Դա նշանակում է, օրինակ, որ «Արաքս-2» պոմպակայանը գետից ջուր վերցնելու հնարավորություն չունի: Ասել է թե՝ բախվում ենք խնդիրների, որոնք որևէ անձով պայմանավորված չեն:

Այդ ամենով հանդերձ՝ Մեղրու տեղամասի աշխատանքը գնահատում եմ լավ. թե՛ ինքնահոս,  թե՛ մեխանիկական ջրամատակարարման ընթացքում տարածաշրջանում դրական տեղաշարժեր ունենք: Իհարկե, նաև շատ մտահոգություններ ունենք, բայց բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեցել ենք անցած տարում՝ այս սեզոնում չկան:

- Ոռոգման սեզոնի որոշակի ժամանակահատվածում Մեղրու տարածաշրջանում ոռոգումն իրականացվում է ինքնահոս համակարգով: Ի՞նչ ասել է Մեղրու  ոռոգման ինքնահոս համակարգ:

-2016 թվականին շահագործման հանձնված այդ համակարգն ունի 27 կմ երկարություն, սկսվում է Լեհվազից:

Մայր ջրատարն Ագարակ-Մեղրի խաչմերուկում ճյուղավորվում է. աջ ճյուղը գնում է Ագարակ, ձախ ճյուղը՝ Արաքսաշեն, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր:

Մինչև հուլիսի 27-ը ինքնահոս ջրատարը նորմալ է աշխատել և, կարելի է ասել, խնդիրներ չենք ունեցել: Բայց երբ Մեղրի գետի ջուրը հասավ նվազագույնի՝ ինքնահոս համակարգը չգործեց:

- Ըստ Ձեզ՝ որո՞նք են Մեղրու ոռոգման համակարգի առջև ծառացած ամենահրատապ հարցերը ներկայումս:

- Գլխավոր խնդիրներից մեկը «Արաքս-1» պոմպակայանից դուրս եկող խողովակաշարի վիճակն է, որը պիտի փոխարինվի ամբողջապես: Պոմպի հետ կապված խնդիրներ չունենք այդտեղ. խոսքը մոտ 2,2 կմ երկարությամբ խողովակաշարի մասին է՝ սկսած Ծիրանաձորից:

Հարցը ներկայացրել ենք Ջրային կոմիտե և, կարծում եմ, լուծում կունենա:

Խնդիրն ունենք նաև պոմպերի արդիկանացման հետ կապված: Դրանց մի մասը 1980-ականների արտադրության է, որքան էլ նորոգում ենք, միևնույնն է, ֆիզիկական ու բարոյական մաշվածությունը զգալ է տալիս:

- Ինչպես 2022-ի ամռանը, այնպես էլ հիմա՝ Շվանիձորի խնդիրը կապված է Արաքս գետի ջրի սակավության հետ, համենայնդեպս վիճակն այդպես են ներկայացնում գյուղի բնակիչները:

- Այո, գետի ջրի սակավության պատճառով գյուղի պոմպակայան ջուր հասցնելու խնդիր ունենք: Այսօր արդեն հանդիպել եմ «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն պարոն Բելյաևի հետ, և մեզ կտրամադրվի համապատասխան տեխնիկա՝ Արաքսի հունի ջրառատ մասից  մինչև պոմպակայան առու բացելու համար:

Ամեն տարի կրկնվող այդ հարցի լուծման վերաբերյալ տարբեր առաջարկություններ կան, բայց դրանք ուսումնասիրման և գնահատման կարիք ունեն: Օրինակ, ասում են՝ երկաթբետոնե պանելներով գետի հունը փոքր-ինչ ուղղենք դեպի ձախ: Մինչդեռ գարնանը, համոզված եմ, գետի վարարման հետևանքով մեծ վնաս կպատճառենք ափամերձ տարածքին, այդ թվում՝ պոմպակայանին:

- Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում ընթացիկ հարցերն են, քանի որ բերքի պահպանման ու վերջնական հանգրվան հասցնելու խնդիր ունենք: Բայց կուզենայինք իմանալ՝ ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունեք Մեղրու ոռոգման համակարգը հիմնավորապես կարգի բերելու ուղղությամբ:

- Հեռանկարայինը Մեղրու ջրամբարի կամ Լիճքի ջրամբարի կառուցումն է. այդպես կլուծվի Մեղրու տարածաշրջանի ոռոգման հարցը: Ընդ որում՝ այդ հարցն օրակարգում է  1950-60-ականներից սկսած…

Խնդիր ունենք  Ագարակ քաղաքի վերին հատվածում՝ նախկին թռչնաֆաբրիկայի տարածքում: Այնտեղ պետք է կառուցվի 10 հազար խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար: Մեր ունեցած տեղեկություններով՝ 2024-ին կմեկնարկի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքը:

- Քիչ առաջ Շվանիձորում ականատես եղանք ուշագրավ հանդիպման. մի պոմպավար՝ Մանվել Առաքելյանը, կարողացել է գյուղի ոռոգման համակարգում էական փոփոխություններ  մտցնել: Չե՞ք կարծում, որ կադրերից էլ է շատ բան  կախված:

- Ջրօգտագործողների ընկերությունը, հավատացեք, շատ հետաքրքիր կառույց է: Եթե չգնահատես գյուղացու աշխատանքը, եթե չգիտակցես այգեգործության դերը մեղրեցու կյանքում, ապա չես կարող աշխատել: Մեր աշխատանքը թիմային է՝ Ծղուկ գյուղից մինչև Նռնաձոր…

Եթե պոմպավարը կամ ջրբաշխը չտեսնեն իրենց ղեկավարի սրտացավ վերաբերմունքը, ապա լրջորեն չեն վերաբերվի իրենց գործին:

Այս պահի դրությամբ կադրերով ապահովվածությունը բավարար է:

-  Տեղափոխվենք ֆինանսական ոլորտ. որքանո՞վ է պետությունն օգնում Մեղրու տարածաշրջանի ջրօգտագործողներին: 2000 թվականին Մեղրու տարածաշրջանի գյուղերի համար կառավարությունը սահմանեց ոռոգման ջրի զեղչված սակագին՝ 1 խորանարդ մետրի դիմաց 5,5 դրամ՝ 11 դրամի փոխարեն: Իսկ հիմա՞:

- Մեղրու տարածաշրջանում ներկայումս միայն Նռնաձոր գյուղն է օգտվում այդ զեղչից: Մյուս գյուղերում ջրօգտագործողը 1 խորանարդ մետրի համար վճարում է 11 դրամ:

Ասել է թե՝ գնի զեղչը Մեղրու տարածաշրջանում 2021-ի մայիսից այլևս չի գործում, բայց ներդրվել է մարզի սահմանամերձ բոլոր գյուղերում:

Դրա հետ մեկտեղ՝ ՋՕ ընկերությունը պետության կողմից սուբսիդավորվում է գարնան նախապատրաստական աշխատանքները կատարելու համար, աշխատավարձն էլ պետությունից ենք ստանում, նաև ծախսվող էլեկտրաէներգիայի գումարն է պետությունը վճարում:

Մենք բավականին լուրջ զբաղվում ենք նաև մատակարարված ջրի դիմաց գումարները հավաքելով: 2022-ին, օրինակ, մարզի մասշտաբով գումարների հավաքման ցուցանիշը 93 տոկոս էր կազմում, բայց այդ միջոցներով ընթացիկ խնդիրներ ենք միայն լուծում: Չպետք է մոռանալ՝ մեր հանրապետությունում ոռոգման սեզոնը սկսվում է ապրիլի 1-ին՝ Մեղրիով, ավարտվում նոյեմբերի 1-ին՝ Մեղրիով:

- Ֆիզիկապես և բարոյապես մաշված պոմպեր, տիղմաբեր Արաքս, որի ջրերն անընդհատ վնաս են հասցնում  պոմպերին… Որքանով տեսանք, ՋՕ ընկերությունը Մեղրիում անընդհատ պոմպերի նորոգման խնդրի առաջ է կանգնում:

- Ընթացիկ նորոգումները կարողանում ենք կատարել Մեղրիում, դրա համար ունենք համապատասխան հաստոցներ: Ավելի բարդ խնդիրներ առաջանալու դեպքում պոմպերը նորոգում ենք Երևանում:

Բոլոր պոմպակայաններում նաև ռեզերվ ունենք. պոմպը նորոգման տանելու դեպքում կարողանում ենք գործի դնել մեկ այլ պոմպ, որպեսզի ջրամատակարարումը չընդհատվի:

- Քիչ առաջ նշեցիք, որ պետական մակարդակով ֆինանսավորվում են գարնանն իրականացվող նախապատրաստական աշխատանքները: Կուզենայինք իմանալ՝ 2023-ի գարնանը Մեղրու տարածաշրջանում (այդ նպատակով) որքա՞ն միջոցներ են հատկացվել և կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

- Մեղրու տարածաշրջանում՝ 2023-ի մարտից մինչև հունիս, ծախսվել է մոտ 22 մլն դրամ: Դրանից 15 մլն դրամն ուղղվել է պոմպերի և էլեկտրական շարժիչների վերանորոգմանը. այդ աշխատանքը կատարել է «Սինխրոն» ՍՊԸ-ն:

Նռնաձոր գյուղում «Նռնաձոր-2» պոմպակայանից դուրս եկող խողովակաշարը միացվել է ինքնահոս համակարգի խողովակաշարին, որի շնորհիվ ջուրն անխափան հասնում է գյուղ: Գործող խողովակաշարը հին էր և անընդհատ վթարների պատճառ էր դառնում:

Շվանիձոր գյուղում վերագործարկել ենք պոմպերից մեկը՝ «Շվանիձոր-3»-ը, որը չէր գործում 2016-ից ի վեր: Վերագործարկման շնորհիվ գյուղի վերին տարածքի այգիները նույնպես ապահովվել են ոռոգման ջրով:

Տարածաշրջանում թվով 25 փական փոխարինել ենք նորով:

Նաև մեքենաներ ու սարքավորումներ ենք նորոգել:

- Դուք նշեցիք աշխատավարձերի մասին, որ պետության կողմից է սուբսիդավորվում: Հետաքրքիր է՝ պոմպավարը, ջրբաշխը ժամանակին աշխատավարձ ստանո՞ւմ են, թե՞ ոչ:

- Երբեմն-երբեմն, օբյեկտիվ պատճառներով, ձգձգումներ լինում են,  բայց, ի վերջո, վճարվում են: Ներկայումս վճարված է հունիս ամսվա աշխատավարձը, առաջիկա օրերին կվճարենք նաև հաջորդ ամիսների  աշխատավարձը:

Կարող եմ հավաստիացնել՝ ընկերությունը որևէ աշխատակցի աշխատավարձի պարտք չի ունենա:

- Մեր ունեցած տեղեկություններով՝ Կարմիր խաչը Նռնաձոր գյուղին է հատկացրել երկու ժամանակակից պոմպ, մեկը տեղադրել եք և բավականին արդյունավետ աշխատում է, իսկ մյուսը…

- Երկրորդ պոմպն առայժմ չի տեղադրվել, որովհետև ներկայումս գործող հին պոմպը բարձր արդյունավետությամբ է աշխատում: Այսինքն՝ այս պահին նոր պոմպի տեղադրման անհրաժեշտություն Նռնաձորում չկա: Սեպտեմբեր-հոկտեմբերին Ձեր նշած երկրորդ պոմպը նույնպես կտեղադրենք և կօգտագործենք մյուս պոմպերը խափանվելու դեպքում:

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25