Հարցազրույց Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի հետ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

27.12.2025 09:23
147

Այցեքարտ

Տիգրան Գրիգորյան, ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 27-ին Երեւան քաղաքում: Հետագայում ծնողները տեղափոխվել են Գորիս, որտեղ նա 1962-63 ուստարում ընդունվել եւ 1971-72 ուստարում ավարտել է Գորիսի № 2 միջնակարգ դպրոցը: 1972 թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ֆիզիկայի բաժինը եւ ավարտել 1976 թվականին՝ ստանալով միջնակարգ դպրոցի ուսուցչի որակավորում:

1974-76 թվականներին Տիգրան Գրիգորյանը համակուրսեցի արցախցի ընկերոջ՝ Առնո Մկրտչյանի հետ ղեկավարել է Գորիսում գործող ընդհատակյա ազգային գաղտնի կազմակերպությունը, որը խորհրդային ռեժիմի պայմաններում աննախադեպ ազգային գործունեություն էր ծավալել:

1976 թ. հոկտեմբերին կազմակերպությունը ՊԱԿ-ի կողմից բացահայտվել է: Նա Առնո Մկրտչյանի հետ ձերբակալվել է: Բարեբախտաբար որոշ ժամանակ անց երկուսն էլ ազատ են արձակվել:

Բարձրագույն կրթությամբ ձեռք բերած մասնագիտությամբ Տիգրան Գրիգորյանն աշխատել է շատ քիչ ժամանակահատված՝ 1976-77 ուստարում մի քանի ամիս դասավանդել է ֆիզիկա եւ մաթեմատիկա Վարդենիսի շրջանի Լճավան գյուղի միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ ստանալով օդերևութաբանի կրթություն՝ մինչեւ 1988 թվականն աշխատել է Գորիսի օդանավակայանում՝ ավագ օդերեւութաբան:

1988 թվականին Տիգրան Գրիգորյանը ղեկավարել է Ղարաբաղյան շարժման փետրվարյան ցույցերն ու միտինգները Գորիսում եւ մեծ հիասթափությամբ հասարակական պասիվ կեցվածք ընդունել այն պահից սկսած, երբ այդ շարժման գլուխ է անցել ՀՀՇ-ն:

Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին զբաղվել է գործարարությամբ:

1975 թվականից սկսած Տիգրան Գրիգորյանը բազմաթիվ անգամ նվաճել է շախմատի Գորիսի չեմպիոնի կոչումը: 1975-78 թվականներին մասնակցել է Խորհրդային Հայաստանի հանրապետական շախմատային մրցաշարերին եւ լրացրել վարպետության թեկնածուի նորմա:

Գորիսի շախմատի դպրոցի հիմնադրման օրից (2000 թ.)՝ մինչև այն Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի կազմի մեջ ընդգրկելը (2021 թ.)՝ զբաղեցրել է դպրոցի տնօրենի պաշտոնը:

Ինստիտուտն ավարտելուց հետո գրական-ստեղծագործական գործունեությունը եղել է Տիգրան Գրիգորյանի կյանքի ամենանվիրական զբաղմունքը. գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հոդվածներ, մշակել է Գրիշա Մանուչարյանի «Զանգեզուրյան լեգենդներ» շարքը, հայերեն է թարգմանել ռուս բանաստեղծներ Ս. Եսենինի, Վ. Բրյուսովի, Ա. Բլոկի, Ա. Ախմատովայի, Մ. Ցվետաևայի, Ն. Ռուբցովի, Ի. Բրոդսկու և այլ ռուս հեղինակների որոշ ստեղծագործություններ։

2007 թ. լույս է տեսել «Հավիտենության ճանապարհին» վերնագրով Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների եւ թարգմանությունների ժողովածուն:

2010 թ. առանձին գրքույկով հրատարակվել է նրա «Անմահության համանվագ» պոեմն իր ավարտուն եւ ամբողջական տեսքով: Նույն թվականին Տիգրան Գրիգորյանի հիմնավոր մշակումներով եւ առաջաբանով լույս է տեսել նաեւ Գրիշա Մանուչարյանի «Զանգեզուրյան լեգենդներ» շարքը:

2015 թ. հրատարակվել է Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» ժողովածուն, որում ընդգրկվել էին նրա բանաստեղծությունները, պոեմները, լեգենդների մշակումները, արձակ ստեղծագործությունները, գրական անդրադարձներն ու գրական դիմանկարները։

2024 թ. վերահրատարակվել է 2015 թ. լույս տեսած «Անմահության համանվագ» ժողովածուն՝ որոշակի լրացումներով, որում ընդգրկվել է նաև նրա հարցազրույցներից մեկը։

2012 թ. փետրվարից Հայաստանի գրողների միության անդամ է:

***

Դեկտեմբերի 27-ին լրանում է բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի 70-ամյակը։

Հոբելյանի առթիվ էլ զրույց ունեցանք նրա հետ։

- Պարոն Գրիգորյան, հարգելի Տիգրան, «Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր մշակութային» հանդեսի խմբագրակազմի, ինչպես և այդ պարբերականների ընթերցողների ու հետևորդների ջերմ, սրտաբուխ շնորհավորանքն եմ փոխանցում Ձեզ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ,  մաղթում քաջառողջություն, նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։

- Անչափ շնորհակալ եմ:

- Նախ՝ ի՞նչ զգացողությամբ եք դիմավորում Ձեր հոբելյանը․․․

- Աննկարագրելիորեն տխուր եմ դիմավորում։ Եթե շատ անկեղծ լինեմ՝ պիտի ասեմ, որ կցանկանայի իմ մահկանացուն կնքած լինեի գոնե մինչև 2023 թվականի սեպտեմբերը, որ ոչ միայն չտեսնեի Արցախի հայաթափումն ու իր դարավոր թշնամիների առջև Հայաստանի նվաստացած վիճակը, այլ նաև չդառնայի մեր ժողովրդի ազգային ու հոգևոր անկման այսօրվա ողբալի իրականության ականատեսը։

- Մենք սույն հարցազրույցին կից ներկայացնում ենք Ձեր կենսագրությունը։ Եվ, այդուհանդերձ, տարիների հեռվից անցած ուղու ո՞ր դրվագներն են հոբելյանական այս առիթով Ձեր հիշողության մեջ նախ և առաջ արթնանում։

- Կարծում եմ՝ հարցն իմ ստեղծագործական անցած ուղու այն դրվագների հիշատակմանն է վերաբերում, որոնք ժամանակին ինքնաբավության զգացումով են պարուրել իմ էությունը և ինքնավստահություն ներարկել իմ ստեղծագործական ընթացքին։

Հիշողությանս մեջ դրոշմված նման պահերից առաջինը «Ինչպես գտա ինձ» ստեղծագործության երկնվելու դրվագն էր, որի լույս աշխարհ գալուց հետո հավատացի, որ  բանաստեղծ եմ։

Երկրորդ հիշարժան դրվագը «Ապխտածություն» պոեմիս, կարելի է ասել, հրաբխային երկունքն էր, որը հեռավոր 1980 թ. գրվեց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Հարկ եմ համարում ասվածին նաև ավելացնել, որ իմ կյանքի անելանելի պահերին այդ ստեղծագործության վերընթերցումը հպարտության զգացումով պարուրելով ինձ՝ ամեն ինչ հաղթահարելու կորով է ներարկել իմ էությանը։

Հաջորդ դրվագը՝ «Ճահճատենդ» բանաստեղծությանս երկունքն էր, որը թղթին հանձնելուց հետո երեք տարի պարբերաբար այն վերընթերցում էի ու ոչ մի տող գրելու ցանկություն չէր արթնանում մեջս, քանի որ համարում էի, որ այդ ստեղծագործության մեջ այս կյանք կոչվածի մասին իմ ողջ ասելիքն ամփոփված է։

Հաջորդ անմոռանալի դրվագն այն պահն էր, երբ քառասնօրյա ոգեղեն տվայտանքներից հետո կարողացա ավարտել Եսենինի «Սև մարդը» պոեմի թարգմանությունն այնպիսի մակարդակով, որ ինձ, որպես ընթերցողի, այսօր էլ երբեմն թվում է, թե Եսենինն այդ պոեմը հայերեն է գրել։

Եվ հիշողությանս մեջ դաջված հինգերորդ անմոռանալի դրվագը՝ ստեղծագործական ինքնաբավության հիացքի ու հրճվանքի մեջ հայտնված իմ այն աննկարագրելի հոգեվիճակն էր, երբ ստեղծագործական չափորոշիչներիս լիովին հավատարիմ մնալով՝ կարողացա ավարտին հասցնել իմ «Անմահության համանվագ» պոեմը։

- Երջանկահիշատակ Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին Ձեզ այսպես էր դիմում՝ «Ա՛յր քանքարափայլ»։ Այնուհետև ավելացնում էր՝ «Քո՝ պոետիդ սիրահարվածության մեջ վաղնջական, նորօրյա և ապառնական ժամանակի ամեն մի չպեղված սյունեցին է․․»։

Կուզենայինք քանքարափայլ Տիգրան Գրիգորյանի ստեղծագործական ուղուն ծանոթանալ։

- Ես ցանկանում եմ այս առիթն օգտագործելով` նախ անդրադառնալ Ռոբերտ էջանանցու հիշատակին ու ևս մեկ անգամ հայտարարել, որ նա բացառիկ անհատականություն էր. նա այն ոգեղեն անձնավորություններից էր, ովքեր ժողովուրդներին ազգ դարձնող մարդկային դասին են պատկանում։

Անցնելով  հարցիդ պատասխանին` պիտի խոստովանեմ, որ եթե իմ կենսագրականից առանձնացնեմ ստեղծագործական ուղիս, ապա պիտի փաստեմ, որ ապրածս տարիների ֆոնին` ժամանակահատվածային առումով այն բավականին քիչ ժամանակաշրջան է ընդգրկում։ Դրա պատճառներին իմ խոսքի մեջ կամա թե ակամա անդրադարձ կլինի։

Իմ առաջին ստեղծագործությունը, որին, առանց վերապահումների, բանաստեղծություն կարելի էր կոչել՝ գրել եմ 24 տարեկանում՝ 1979 թ.։ Իհարկե, մինչ այդ էլ ստեղծագործական բանավոր մտմտանքներ ունեցել էի։ Այդ բանաստեղծությունը գրելուց հետո միանգամից մտա ստեղծագործական հուն և բավականաչափ գործեր արարեցի։ Այդ շրջանը ձգվեց մինչև 1982 թ.։

Մինչև 1988 թ. հիմնականում զբաղված էի համաշխարհային գրականության դասական հեղինակների թողած գրական ժառանգության ընթերցանությամբ՝ նպատակ ունենալով ընթերցանության պակասս լրացնելուց հետո միայն նորից զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Առանց չափազանցության, կարելի  ասել, այդ տարիներին զուգահեռաբար զբաղված էի նաև պատանեկան տարիների ընկերներիս պատմվածքներն ընթերցելու, մշակելու կամ վերաշարադրելու ու նրանց «գրող դարձնելու» գործով։ Դա անելու հարցում ինձ պարտավորված էի զգում, քանի որ իմ ստեղծագործությունների ոգևորվածության ալիքն էր մղել նրանց գրիչ վերցնելու։

1988 թ. սկսվեց Ղարաբաղյան շարժումը. այն համաժողովրդական շարժման վերածելու առաջին շրջանի ծանրությունն ակամայից Գորիսում ես իմ ուսերին առա։

1989-1992 թթ. ստիպված էի բիզնեսով զբաղվել, քանի որ առողջական խնդիրներ ունեի և պարբերաբար Մոսկվայի 1-ին հիվանդանոցում ստացիոնար բուժումներ ստանալու համար գումար էր պահանջվում։

Արժանապատվություն հասկացության ամենաանվիճարկելի մեկնությունն իմ ընկալմամբ՝ ռուս գրող Իվան Գոնչարովի գրչին է պատկանում։ Այն այսպիսի խորախորհուրդ ձևակերպմամբ է հնչում. «Արժանապատվությունը կյանքի համն է»։

Մի խոսքով՝ բուժմանս համար պահանջվող գումարները որոշեցի ինքս հայթայթել։ Քանի որ հայկական իրականության մեջ, եթե ինչ-որ մեկը որևէ մեկին օգնության ձեռք է մեկնում՝ մեկ է՝ վաղ թե ուշ՝ օրերից մի օր, այդ բարեգործության փաստն օգնության կարիք ունեցած անձի երեսով են տալիս։ Եթե դա չանի անգամ նրան օգնողը՝ նրա փոխարեն դա հաստատ անելու է վերջինիս ընկերը, բարեկամը, հարևանը, և չի բացառվում, որ դա անի նույնիսկ նրա հարազատը...

1989-2000 թթ. ընկած ժամանակահատվածում գրել եմ ընդամենը երեք բանաստեղծություն. «Անարժեքության հեղձուկի մեջ» (1991 թ.), «Ճահճատենդ» (1993 թ.) և «Խոսք իմ ժողովրդին» (1996թ.) ստեղծագործությունները։

Հաջորդ իմ ստեղծագործական փուլը սկսվել է 2001 թ. և շարունակվել մինչև 2012թ.։ Դա երևի թե իմ կյանքի ամենատևական ստեղծագործական փուլն է եղել։ Այդ ժամանակահատվածում է նաև երկնվել իմ գլուխգործոցներից մեկը՝ «Անմահության համանվագ» պոեմը։

Իմ ստեղծագործական ուղու 3-րդ փուլ կարելի է համարել 2014-2019 թթ. ընկած ժամանակահատվածը։ 

Պիտի նաև խոստովանեմ, որ կենսագրությունիցս առանձնացրած, նշածս ստեղծագործական փուլերում էլ չեմ կարողացել լիովին ապրել միայն գրական գործունեությամբ, քանի որ իմ կյանքում հանդիպած ցանկացած իրավիճակի ամբողջ հոգով եմ արձագանքել, եթե անգամ դրանք հպանցիկ իրողություններ են եղել։ Մի խոսքով՝ ես իմ կյանքում ամեն ինչի ու ամեն դրվագի մեջ, կարելի է ասել, հոգի եմ դրել։ 

Գուցե դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ ամբողջ էությամբ միայն գրական կյանքով ապրելն իմ մարդկային տեսակի համար բավարար պայման չի եղել։

Իսկ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո՝ արժեհամակարգային անկումներով լեցուն, ամբողջովին դեգրադացված այս իրականության մեջ, մեկ չափածո քառատող անգամ չեմ գրել։

Այսօր հայրենիքիս հետ տեղի ունեցող այս անպարագիծ ողբերգությունն իրականում հայ ժողովուրդ կոչվածի մոլորված մեծամասնության ողբալի մասնակցությամբ է տեղի ունենում։ Ու ես ամեն Աստծո օր՝ բազմաթիվ անգամ, ինքնակործանման ընթացք բռնած իմ էթնիկ տեսակի բավականին հսկայական զանգվածի ներկա անտարբեր ու անհոգ կեցվածքից` անելանելի հուսահատության գիրկն եմ ընկնում ու եթե փորձեմ այդ հոգեվիճակում բանաստեղծական ասելիք հնչեցնել՝ այն միանշանակ իմ ժողովրդին ուղղված պարսավանքի տարրեր պիտի պարունակի։ Կարող եմ պարզապես ասել, որ ազգային կամ հենց սովորական մարդկային ամոթից է, որ բանաստեղծելու համար գրիչ չեմ վերցնում։

Այստեղ ուզում եմ անդրադառնալ ինձ մոտ թե՛ խղճահարություն, թե՛ նողկանք հարուցող մի երևույթի ևս։ Երբեմն ֆեյսբուքյան հարթակում հանդիպում եմ չափածո խոսքերի, որոնց հեղինակները՝ մեր ժողովրդի կողմից իր ազգային ինքնության ոչնչացման ուղին կամավոր բռնած այսօրվա իրականության ֆոնին անգամ, անճարակի ողորմելի քստմնելիությամբ հայ ժողովրդի բախտն են ողբում...

Հունական ասացվածքն ասում է. «Մարդու ճակատագիրը նրա բնավորությունն է»։

Ժողովուրդների պարագայում՝ այդ ասացվածքը ես այս կերպ կհնչեցնեի. «Յուրաքանչյուր ժողովրդի ճակատագիր նրա խառնվածքի արդյունքն է»։ Ասել է թե՝ մեզ պատուհասած բոլոր արհավիրքների մեջ համար առաջին ու ամենամեծ մեղավորը հենց ինքը` մեր ժողովուրդն է՝ իր հավաքական ամբողջության մեջ...

- Չգիտեմ՝ տեղյա՞կ եք, որ Սյունիքի հանրակրթական մի քանի դպրոցում՝ առանձին վահանակների վրա, հատվածներ են ներկայացված Ձեր լավագույն գործերից մեկից՝ «Անմահության համանվագ» պոեմից։

Շատ հետաքրքիր էր բնութագրել այդ պոեմը ճանաչված գրականագետ Կիմ Աղաբեկյանը, որի տեսակետը, կարծեք, բոլորիս մտածածն ու ընկալածն է ներառում՝ «Բնապատկերներն այնքան կենդանի, այնքան գունագեղ են ու շնչեղ, որ ընթերցողն ակամայից անմիջական հարաբերումի մեջ է մտնում հեղինակի հետ, իրեն զգում համանվագի անդամ, հարազատանում այգուն և այգում եղած մարդկանց, «խենթ» տղաների հետ «ասպատակում» վարունգի ածուները, տատի մեջ տեսնում իր տատին, դառնում նրա «եթիմներից» մեկը»։

Միգուցե հիշե՞ք այն ապրումներն ու զգացումները, որ, ի վերջո, լույս աշխարհ բերեցին հրաշալի այդ ստեղծագործությունը։

- Այդպիսի մի դեպքից տեղեկացված եմ։ Տարիներ առաջ Սամվել Ալեքսանյանն ինձ հայտնել էր, որ Ռոբերտ Էջանանցին ցուցադրական վահանակների վրա իմ «Անմահության համանվագ» պոեմից հատվածներ է առանձնացրել ու իր դպրոցի ճեմասրահների պատերին փակցրել։ Իհարկե, անչափ զգացված էի, որ իմ ստեղծագործությունը նման առանձնահատուկ վերաբերմունքի էր արժանացել։

Ձեր երկրորդ հարցադրմանը, եթե փորձեմ հակիրճ ու հստակ պատասխանել՝ ապա կարող եմ պարզապես հղում անել այդ պոեմի վերջին քառատողին, որում, ըստ իս, կան այն բոլոր զգացումները, որոնք ինձ ոգեշնչել են երկնելու այդ ստեղծագործությունը։

Ահա այդ քառատողը.

Դպրոցական տարի՛ք, արձակուրդնե՜ր ամռան...

Խորհրդային կյանքի հավատով լի՜ օրեր...

Աշխարհն արևահամ ցնորքի՛ էր նման...

Ու թվում էր՝ անմա՜հ ապրելու եմ դարեր...

Իսկ եթե ստիպված լինեի ավելի հակիրճ՝ ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանել Ձեր հարցին, ապա պարզապես կասեի՝ իմ պատանեկան տարիների երջանիկ անգիտությամբ պարուրված երանելի օրերի կարոտն է երկնել այդ ստեղծագործությունը։

- Թարգմանությունների ոլորտում ՁԵր արած-դրածին շատերն են անդրադարձել։ Սամվել Ալեքսանյանը, օրինակ, ասում է. «Տիգրան Գրիգորյանի թարգմանությունները, առանց փոքր-ինչ վարանումի, կարող ենք դասել հայ թարգմանչական արվեստի լավագույն նմուշների շարքին»։

Փորձեք ընդհանրացնել այդ ոլորտում Ձեր կատարածը՝ Եսենին, Ռուբցով․․․

- Բավականին երիտասարդ տարիքում էի, երբ գերվեցի Սերգեյ Եսենինով։

Եսենինյան պոեզիան, կարելի է ասել՝ առանց բանաստեղծական սեթևեթումների, կարողանում է ընթերցողին փոխանցել անհուն սիրով լցված հեղինակի քնքուշ հոգու տիեզերական թախիծն ու ընթերցողի էությունը պարուրել քնարական պոեզիային հատուկ անմեկնելի եթերայնությամբ։ Մի խոսքով՝ սկզբում Սերգեյ Եսենինը, իսկ հետագայում Նիկոլայ Ռուբցովը դարձան ռուսական պոեզիայի իմ ամենասիրելի հեղինակները։

Տարիներ անց՝ բավականին հասուն տարիքում, այդ հեղինակների հանդեպ տածած իմ սիրո մղմամբ ձեռք մեկնեցի նրանց ստեղծագործությունների թարգմանությանը։ Եվ այդ ոգեղեն աշխատանքը կարողացա հավուր պատշաճի իրականություն դարձնել:

Ռուսական պոեզիան ներկայացնող հեղինակների քանակն իմ վերջին՝ 2024թ. լույս տեսած «Անմահության համանվագ» ժողովածուի «Թարգմանություններ» բաժնում  ավելացավ։ Այս անգամ ռուս հեղինակների ստեղծագործություններն իմ կողմից թարգմանելու դիպվածը հետևյալն էր. աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի 75-րդ հոբելյանական տարեդարձի առիթով՝ 2018 թ. ավարտին հայերեն լեզվով պիտի լույս տեսներ երաժշտագետ, մշակութաբան և գրող Սոլոմոն Վոլկովի հեղինակած «Զրույցներ Սպիվակովի հետ» գիրքը: Հայ ժողովրդի լավագույն բարեկամին ներկայացնող այդ գրքի թարգմանությունը և տպագրությունը նախաձեռնողների խմբի հետ առնչվող, արձակագիր ու գրականագետ Ֆելիքս Բախչինյանի խնդրանքով ես ձեռնամուխ եղա այդ գրքում տեղ գտած չափածո դրվագները ռուսերենից հայերեն թարգմանելու գործին։ Չնայած Ժամանակը բավականաչափ սուղ էր, ուժերի գերագույն լարմամբ, տասնհինգ օրում ստիպված եղա թարգմանել տասնչորս հեղինակի ստեղծագործություններ, սակայն, այդուհանդերձ, ես կարողացա՝ տարիներ առաջ իմ գրքի՝ «Թարգմանություններ» բաժնի առաջաբանի խոսքի մեջ հնչեցրած, թարգմանություններին վերաբերող հիմնական բանաձևումին հավատարիմ մնալ: Ահա պոեզիայի թարգմանչական գործում ինձ ուղեկցող, հավատարմության երդման պես հնչող իմ այդ խորհրդածությունը. «Անվերապահ ինքնալքումով, ինքնամոռաց հավատով լի թարգմանիչը հեղինակի հետ այնպես պիտի մերվի, որ կարողանա բնագրի արարման ներշնչանքի սարսուռն զգալ. թարգմանված տողը, պատկերը ոչ թե արհեստավարժորեն փոխադրված, այլ հնարավորինս պիտի երկնված լինի: Ի լրումն ասվածի՝ ավելացնեմ, որ նույնիսկ պատվիրված թարգմանությունը ոչ թե պիտի փոխադրվելով ինչ-որ կերպ սարքվի, այլ պիտի թարգմանչի կողմից վերապրվելով՝ վերածնվի»:

Այդ գրքի որոշ ստեղծագործություններ ամբողջությամբ թարգմանեցի, որոշ ստեղծագործություններից էլ միայն այն դրվագները, որոնք ընդգրկված էին այդ ժողովածուում։ Թարգմանված ստեղծագործությունների հեղինակներն էին ռուսական պոեզիայի երևելիներ Ա. Պուշկինը, Վ. Բրյուսովը, Ա. Բլոկը, Օ. Մանդելշտամը, Ա. Ախմատովան, Մ. Ցվետաևան, Յ. Լևիտանսկին, Ի. Բրոդսկին, Բ. Օկուջավան և այլք։ Ուզում եմ այստեղ հիշել և հիշեցնել, որ այդ գրքից կատարած իմ ամբողջական թարգմանությունները նույն 2018 թ. առաջին անգամ տպագրվեցին հենց «Սյունյաց երկիր» թերթում։

Այսօր այդ հեղինակների ստեղծագործություններն արդեն ընդգրկված են 2024 թ. լույս տեսած «Անմահության համանվագ» վերնագրված իմ վերջին ժողովածուի «Թարգմանություններ» բաժնում։

- Վաղուց հետևում եմ Ձեր ստեղծագործական ընթացքին ու հաճախ հանգում այն մտքին, որ ի դեմս Տիգրան Գրիգորյանի՝ գործ ունենք գրականագիտության, գրաքննադատության անդաստանում իր մնայուն ուրթը կանգնեցրած անձնավորության հետ։

Չեմ կարող չհիշել Համո Սահյանի մասին Ձեր խոսքը՝ «Հայ մեծ բանաստեղծի զարմանահրաշ տեսակը»։

Հիշում եմ Հովհ Թումանյանի մասին  Ձեր խոսքը՝ «Ամենայն հայոց հոգեհայրը»․․․

Մեր գրական աշխարհի քանի-քանի հսկաներ են գրել Թումանյանի մասին, բայց Դուք Ձեր Թումանյանը գտաք ու ներկայացրիք։

Եվ ուրեմն՝ լսենք գրականագետ, գրաքննադատ Տիգրան Գրիգորյանին։

– Որևէ հեղինակի ստեղծագործական աշխարհի մասին ծավալած իմ դատողություններն ու նկատառումները ես պարզապես կանվանեի արժևորման խոսք, որում, իհարկե, առկա են լինում և՛ գրականագիտական, և՛ գրաքննադատական տարրեր։ Եվ պիտի ասեմ, որ երևի թե դա իմ մոտ բավականին լավ է ստացվում։ Գուցե պատճառն այն է, որ ինչ-որ հեղինակի ստեղծագործական աշխարհի մասին խոսք շարադրելիս նախ և առաջ փորձում եմ վերծանել իմ ենթագիտակցականի վրա տվյալ հեղինակի ստեղծագործական աշխարհի դրոշմած զգացողություններն ու թողած ազդեցությունները, որովհետև եթե անգամ մեր գիտակցությունն է ստեղծագործության հետ հաղորդակցվելու հնարավորություն ստեղծում՝ միևնույն է՝ նրա որակի գնահատականը «տալիս» է մարդկային ենթագիտակցությունը։ Ասել է թե՝ մարդու հուզաշխարհը...

Քանի որ իմ հոդվածներից հատկապես Հովհաննես Թումանյանի մասին գրածս խոսքի վրա կանգ առաք՝ կցանկանայի անդրադառնալ այդ խոսքի լույս աշխարհ գալու նախապատմությանը։ Այն գրվել է հեռավոր 1989թ.՝ նրա ծննդյան 120-րդ հոբելյանական տարեդարձի առիթով: Թումանյանի մասին ինձ խնդրեց խոսք գրել «Զանգեզուր» թերթի լրագրողուհիներից մեկը, որպեսզի նրա հոբելյանական տարեդարձի օրը՝ հերթական համարում, ներկայացվի իրենց թերթի ընթերցողներին։

Թումանյանի ստեղծագործությունների, ստեղծագործական աշխարհի, քննադատական հոդվածների ու նրա մարդկային նկարագրի մասին գրված բավականին քանակությամբ հոդվածներ ու մենագրություններ էի կարդացել, սակայն, անկեղծ ասած, ոչ մի հեղինակ  չէր գրել մի այնպիսի ամփոփ խոսք, որն անդրադարձ կատարած լիներ Թումանյան երևույթի բոլոր որակներին ու իր խոսքի մեջ՝ կարողացած լիներ մեկտեղել դրանք։ Ու ես, կարելի է ասել, իմ առջև խնդիր դրեցի, Թումանյան վիթխարի երևույթի բոլոր որակները մեկտեղած, արժևորման խոսք հնչեցնել։

Երբ հոդվածն ավարտեցի ու ներկայացրի հիշյալ լրագրողուհու «դատին», նա կասկածի տակ առավ այդ խոսքի մեջ հնչած նկատառումներիցս մեկն ու ասաց, որ իմ խոսքից այդ հատվածը հանելուց հետո միայն  գրածս կներկայացնի թերթի խմբագրին։ Ես հրաժարվեցի դա անել՝ հայտարարելով, որ իմ խոսքից մեկ բառ անգամ չեմ հանի ու լքեցի նրա աշխատասենյակը։ Մեկ օր անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ այդ տեսքով էլ իմ խոսքը կտպագրեն թերթում։ Ես հրաժարվեցի իրենց թերթում հոդվածս տպագրելուց՝ հայտարարելով, որ այս խոսքը տպագրելու եմ նրա ծննդյան 150-րդ տարեդարձին՝ «Գրական թերթում» ու կախեցի հեռախոսափողը։

Այս պատմության մարգարեական զավեշտը այն է, որ երեսուն տարի հետո՝ 2019 թ., այդ հոդվածն իսկապես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առիթով «Գրական թերթում» տպագրվեց։ Սակայն պիտի ասեմ նաև, որ մինչ այդ, Թումանյանի ծննդյան 145-րդ տարեդարձին՝ այդ խոսքը տպագրել էր «Սյունյաց երկիր» թերթը։

Թումանյանի մասին գրված գնահատանքի այդ խոսքի մեջ ես կարողացել եմ Թումանյան՝ անընդգրկելի թվացող երևույթին՝ իր անսահմանության ձգտող չափերի մեջ ներկայացնել ու ստեղծագործող սերունդների հերթագայության ֆոնին ցուցադրել նրա իրական մեծության ահռելիությունը։

- Զրուցում ենք Տիգրան Գրիգորյանի հետ․․․ Եվ ինչպե՞ս կարելի է չհիշել նրա մշակումները, հատկապես Գրիշա Մանուչարյանի լեգենդներինը։

Որքա՜ն լեգենդներ, ավանդազրույցներ է ներկայացրել Գրիշա Մանուչարյանը՝ «Մթնաձոր», «Սև լիճ», «Հարսնաձոր»․․․

Եվ ինչպիսի համ ու հոտով եք բնական փայլի բերել Սյունյաց աշխարհի վեհությունը, սյունեցու արժանապատվությունը, որ դրված են այդ ստեղծագործությունների հիմքում։

- Ընդամենը երևի թե չորս լեգենդ է նա գրել: Չորս լեգենդն էլ ես մշակել եմ: Դրանք Ձեր թվարկածներն են ու «Դավիթ Բեկ և Մելիք Ֆրանգյուլ» լեգենդը:

Առնվազն հինգ անգամ ես վերադարձել եմ այդ լեգենդների մշակմանը. ամբողջական հատվածներ ու առանձին քառատողեր վերաշարադրել եմ, իսկ բազմաթիվ քառատողեր խմբագրել եմ ու վերախմբագրել։

Կարճ ասած՝ այդ լեգենդների մեջ եզակի քառատողերի իմ գրիչը չի կպել։ Չափածո խոսքի գնահատման իմ ընկալումներն ինձ իրավունք են տալիս հայտարարել, որ թե՛ բովանդակային առումով, թե՛ իրենց գեղարվեստականությամբ այդ լեգենդներն այսօր բանաստեղծական կատարելությամբ են շնչում։ Ասվածին պիտի պարզապես հավելեմ, որ իմ կողմից հնչեցված այս ինքնաբավ կարծիքը բազմաթիվ ընթերցողներ անվերապահորեն կիսում են։

- Քչերը գիտեն, որ համագործակցում եք «Սյունյաց երկրի» խմբագրակազմի հետ և այդ պարբերականի գեղարվեստական խորհրդի նախագահն եք։

Ինչպե՞ս ստացվեց-ծնվեց Ձեր «արյունակցությունը» «Սյունյաց երկրի» հետ։

- Մեր համագործակցության սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ առանց կանխակալ տրամադրվածության, Սամվել Ալեքսանյանի մեջ տեսա տաղանդավոր լրագրողին՝ հայտնաբերելով նրա մեջ նաև հայրենանվեր խմբագրին։ Որքան հիշում եմ, Ձեր օգտագործած բառի եզրույթով ասած՝ մեր «արյունակցության» սկիզբը դրվել է 2013 թ.։

Տասներկու տարի առաջ «Սյունյաց երկիր» թերթին արժևորած, հայտարարության պես արտաբերած իմ գնահատանքի խոսքն այսօր էլ նույն ուժգնությամբ կարող եմ հնչեցնել։ Ահա տարիներ առաջ հնչեցրածս, հայտարարագիր հիշեցնող այդ խոսքը. «Ազգային հոգեկերտվածքի վրա խարսխված համամարդկային ընկալումներն են խոսքի ազատության՝ «Սյունյաց երկիր» թերթին ուղեկցող գաղափարական չափորոշիչները»։ 

Ասվածին կավելացնեի, որ նման չափորոշիչներով առաջնորդվող թերթի հետ համագործակցելն ինձ համար մեծ պատիվ է։

- Օրհներգությունն էլ գրականության և արվեստի ժանր է։ Եվ Տիգրան Գրիգորյանին այդտեղ ենք տեսնում նաև․․․

Օրհներգական ստեղծագործություններից հիշում եմ Հայաստանի Հանրապետության օրհներգի Ձեր տարբերակը, երբ մրցույթ էր հայտարարվել։

Ծանոթ եմ Գորիս քաղաքի օրհներգին, Գորիսի պետական քոլեջի օրհներգին, Գորիսի պետհամալսարանի օրհներգին. բացառիկ հաջողված գործեր են։

Ինչպե՞ս է Տիգրան Գրիգորյանը դարձել օրհներգագիր։

- Օրհներգի տեքստ գրելը ես միշտ համարել եմ բանաստեծական խոսքի ամենաբարդ տեսակներից մեկը։

Մասնավորապես, պետական օրհներգի տեքստ գրելու պարագայում՝ հեղինակը պիտի կարողանա միլիոնավոր մարդկանց հոգիներում նվիրական զգացմունքներ արթնացնող, նրանց հարազատացնող խոսք հնչեցնել։

Պիտի խոստովանեմ, որ իմ ստեղծագործական գործունեության ընթացքում մտքիս ծայրով անգամ չէի անցկացրել, որ երբևէ օրհներգ կգրեմ։ Միշտ համարել եմ դա բավականին պատասխանատու և հանդուգն հանձնառություն։

Սակայն 2015 թ. «Սյունյաց երկիր» թերթում՝ Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցին նվիրված համարում, հանդիպելով Հայաստանի գործող օրհներգի տեքստին և առաջին անգամ, սևեռված տեքստի ասելիքի վրա, լրջորեն ընթերցելով՝ տեսա, որ այն իրականում մեր գրական լեզվի կայացման առաջին փուլի խրթին հայերենով շարադրված, հայ մարդուն իր պետականությամբ ոգեշնչելու ընդամենը տարտամ ճիգեր պարունակող, մի բավականին ժամանակավրեպ խոսք է։ Եվ այդ պահին ինձ պարուրած տպավորությունն էլ «ստիպեց», որ օրհներգի նոր տեքստ գրելու խնդիր դնեմ իմ առջև։ Ու ես սկսեցի փորձել, հենց Բարսեղ Կանաչյանի գրած գործող օրհներգի երաժշտական չափին համահունչ, պետական օրհներգի կոչման հավակնող խոսք գրել։ Եվ, կարելի է ասել, ես կարողացա դա անել։

Այդ խոսքը 2015 թ. լույս տեսած  «Անմահության համանվագ» ժողովածուիս  մեջ ընդգրկեցի՝ հույս ունենալով, որ այն որոշակի քաղաքական բարենպաստ հանգամանքների պայմաններում գուցե երբևէ կարողանա փոխարինել գործող օրհներգի տեքստին։

Իսկ ավելի խորքային ճշմարտությունն այն է, որ, իրականում, ինձ վերջնականապես օրհներգագիր դարձրեց կամ ինչպես ինքս եմ երբեմն կատակով ինձ նման եզրույթով որակում՝ օրհներգիչ դարձրեց Սամվել Ալեքսանյանը։

Մեր հերթական զրույցներից մեկում նա ինձ խնդրեց՝ Գորիսի պետական քոլեջի համար օրհներգի խոսք գրել։ Ճիշտն ասած՝ այդ պահին անգամ չէի հիշում, որ օրհներգի ժանրին ես մեկ անգամ արդեն անդրադարձել եմ։ Նրա խնդրանքն իրականացնելն իմ ուժերից վեր համարելով՝ տեղում հրաժարվեցի։ Սակայն մեր հեռախոսազրույցից հետո մտքերս ինքնաբերաբար սկսեցին պտտվել Գորիսի պետական քոլեջի շուրջ։

Նախ մտաբերեցի, որ այդ կառույցը խորհրդային տարիներին անվանվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան։ Հետո հիշեցի, որ այդ ուսումնական հաստատությունն են ավարտել հայրս՝ Արտաշես Գրիգորյանը, քեռիս՝ Գրիշա Մանուչարյանը և ինձ հոգեհարազատ բազմաթիվ այլ անձինք։ Հիշեցի նաև, որ դպրոցական ուսումնառությանս տարիներին մեզ դասավանդող ուսուցիչների 90 տոկոսից ավելին իրենց նախնական կրթությունն ու ուսուցչի որակավորումը ստացել էին հենց այդ հաստատությունում։ Հիշեցի նաև, որ այդ ուսումնարանն էր ավարտել նաև արձակագիր Սերո Խանզադյանը։

Երբ մտքերս ինձ ավելի հեռու տարան, հստակ երևակվեց, որ Սյունիքը, Վայոց ձորը և Արցախն ընդգրկող հսկա տարածաշրջանում Խորհրդային Միության կայացման սկզբնական շրջանում Գորիսի մանկավարժական ուսումնարանը միակ կրթական հաստատությունն է եղել, որն ուսուցչի որակավորմամբ շրջանավարտներ տալով՝ այդ հսկայական տարածքում գտնվող դպրոցներին, կարելի է ասել՝ ուսուցիչների մատակարարման գործառույթ է իրականացրել։

Մի խոսքով՝ այդ ուսումնական հաստատության անցած երկարամյա ճանապարհը, նրա վաստակն ու տարածաշրջանում ունեցած անընդգրկելի ավանդն ինձ ներշնչանքի գիրկը նետեցին, և ես կարողացա երկնել Գորիսի պետական քոլեջին նվիրված օրհներգի իմ տեքստը։

Երբ այն արդեն փոխանցել էի Սամվել Ալեքսանյանին, կինս, ով իմ ստեղծագործությունների առաջին ընթերցողն է, ասաց, որ ստիպված պիտի լինեմ Գորիսի պետական համալսարանի համար էլ օրհներգ գրել, քանի որ եղբայրդ՝ Զարեհ Գրիգորյանը (նա Գորիսի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնն էր զբաղեցնում) հաստատ կնեղանա, երբ իմանա, որ Գորիսի պետական քոլեջի համար օրհներգի տեքստ ես գրել, իսկ իրենց ուսումնական հաստատության համար չես գրում։

Նրա խոսքերի մեջ ճշմարտություն կար, ու ես, առանց եղբորս տեղյակ պահելու, սկսեցի կենտրոնանալ Գորիսի պետական համալսարանի համար օրհներգի տեքստ գրելու վրա, մանավանդ հեռավոր 1976 թ. ինքս էլ այդ հաստատությունն էի ավարտել, որն այն ժամանակ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղի կարգավիճակում էր գործում։

Ու կրկին ինձ հաջողվեց մեր համալսարանի նշանակությունն ու կոչումը ոգեղեն արժևորմամբ պանծացնող, բանաստեղծական ընդգրկուն ու ամփոփ ասելիքով խոսք հնչեցնել։

Դրանից որոշ ժամանակ անց վաղեմի ընկերս՝ գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, երևի թե տեղյակ լինելով Գորիսի պետական համալսարանի օրհներգի տեքստի իմ հեղինակ լինելու փաստից, մեր հեռախոսազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Գորիս քաղաքի օրհներգ ունենալու մասին ցանկություն է հայտնել ու իր կողմից  ավելացրեց, որ մեր քաղաքի համար օրհներգի բարձրարվեստ խոսք գրելու ունակ հեղինակի որակներ՝ միայն իմ մեջ է տեսնում։ Օրհներգերի հանդեպ ունեցածս ակնածանքն ու, ինչու չէ, նաև վախն ինձ կրկին զգուշավորության մղեցին, ու ես ոչ թե խոստացա, որ կգրեմ, այլ ասացի՝ կփորձեմ։

Սիրելի քաղաքիս անպատմելի գեղեցկությունն արժևորող, ծնրադիր երկրպագությամբ հնչեցրածս այդ խոսքն էլ կարողացա օրհներգին բնորոշ հուզական ոգեղենությամբ  ավարտին հասցնել։

Ու վերջապես 2019 թ. արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի կողմից շրջանառության մեջ դրված՝ գործող պետական օրհներգն Արամ Խաչատրյանի գրած Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտությամբ փոխարինելու գաղափարին ու հայտարարված մրցույթին՝ գրեցի Հայաստանի օրհներգի ևս մեկ տեքստ։

Ու ինչպես մնացած չորս դեպքում՝ այս օրհներգում էլ ինձ հաջողվեց, տողերի որոշակի սահմանափակ ծավալ ենթադրող, օրհներգին բնորոշ սեղմության մեջ ընդգրկուն և ավարտուն ասելիքով հուզական ու համոզիչ բանաստեղծական խոսք շարադրել։

Սակայն այդ մրցույթն այդպես էլ մնաց կես ճանապարհին և արդյունքների ամփոփման փուլ չունեցավ։

Սա է օրհներգագիր դառնալուս ողջ պատմությունը, որում, կարելի է ասել առանցքային դերակատարություն է ունեցել Սամվել Ալեքսանյանը։

- Ձեր անցած ճանապարհի ուշագրավ էջերից մեկն էլ Գորիսում շախմատի դպրոցի հիմնումն է և ընդհանրապես շախմատի ոլորտում Ձեր ծավալած գործունեությունը։

Հիշում եմ Ձեր հարցազրույցը՝ այդ բնագավառում կատարած գործերի մասին։  Շարունակո՞ւմ եք ապրել շախմատի աշխարհում, թե՞․․․

- Խորհրդային Միության փլուզումից հետո Գորիսում շախմատը «վերակենդանացնելու» ու վերստին հանրայնացնելու, ինչպես նաև մատաղ սերունդների մեջ այդ խաղի նկատմամբ սեր արթնացնելու առումով, երևի թե մեր քաղաքում անուրանալի ներդրում ունեմ։

Գորիսում շախմատի դպրոցի  հիմնադրման օրից մինչև 2021 թ., այսինքն, միչև այդ կառույցի՝ Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի մեջ ընդգրկվելը՝ 21 տարվան մոտ ժամակահատված, եղել եմ այդ դպրոցի տնօրենը։ Իմ ղեկավարման տարիներին մեր դպրոցի սաները մարզային և հանրապետական մրցաշարերում կարողացել են բավականին ակնառու արդյունքներ գրանցել։

Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե շախմատի աշխարհում շարունակո՞ւմ եմ ապրել, պիտի պարզապես ասեմ, որ յուրաքանչյուր մարդ շախմատով կյանքում հիմնավորապես հիվանդանում է մեկ անգամ, և դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա սկսում է հասկանալ այդ խաղի նրբություններն ու գեղագիտական բավականություն ստանալ նրանում իրականացվող շախմատային կոմբինացիաներից։ Այնպես որ, իմ դեպքում՝ շախմատով չապրելը վաղուց անհնար է դարձել։

Հատկապես ներկա իրականության մեջ շախմատն ինձ համար թմրադեղի է վերածվել։ Հիմնականում օրերս անց եմ կացնում համացանցում՝ հեռակա մրցակիցների հետ շախմատ խաղալով։ Խաղն ինձ կլանելով՝ արտաքին աշխարհից ժամանակավորապես կտրում է և օգնում, որ հոգևոր ու գոյաբանական մեր օրհասական իրականության վրա անընդհատ սևեռված՝ հոգեխանգարումների գիրկը չընկնեմ։ Մի խոսքով՝ վերջնականապես չցնորվելու համար իմ օրվա ժամանակի մեծ մասն անց եմ կացնում, կարելի է ասել՝ «շախմատային նիրվանայի» մեջ։

Իմ նախկին սան, իսկ 2004 թ. շախմատի դպրոցի մարզիչ Վարդան Քարամյանի հետ այսօր էլ մշտական կապի մեջ եմ և տեղեկացված եմ լինում դպրոցում տեղի ունեցող բոլոր իրադարձություններից։

- Մեր և Ձեր բնօրրան Սյունիքը բախտորոշ ժամանակներ է ապրում, փորձության է ենթարկվում ազգային-քրիստոնեական մեր արժեհամակարգը, վտանգված են մեր անկախ պետականությունն ու ինքնիշխանությունը։

Գրականագիտությունը, գրականությունը (որոշ բացառություններ չհաշված) կողք են կանգնել, անտարբեր հայեցողի դերն են նախընտրել։

Ինչո՞ւ այսպես ստացվեց, ի՞նչ անել։

- Եթե «Ինչո՞ւ այսպես ստացվեց» Ձեր հռետորական հարցը ներկա իրականության ամբողջական համապատկերի կտրվածքո՞վ եք հնչեցնում՝ դրան լիարժեք պատասխան տալու համար մի քանի հարյուր էջանոց գիրքն էլ գուցե չկարողանա սպառիչ պատասխան պարունակել: Իսկ թե ինչո՞ւ իրեն անկախ հռչակած Հայաստանի 3-րդ հանրապետության վերջին երեսուն տարին այս վերջաբանն ունեցավ՝ տարընթերցումները թողնելով Ձեր հայեցողությանը՝ կարող եմ ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանել. «Դրա հիմնական պատճառը հայ էթնիկ տեսակի որոշակի հատվածի մեջ բույն դրած տիեզերամասշտաբ ընչաքաղցությունն էր ու մի շատ ավելի՝ հսկայական զանգվածի ներկայացուցիչների հոգիներին ձյութված անպարագիծ չարությունն ու նախանձը»:

Ինչ վերաբերում է մեր գրականության հայեցողական դեր ստանձնելու Ձեր դիտարկմանը, ես այն կարծիքին եմ, որ դրա մեջ էլ ինչ-որ տեղ հանկարծահաս ու անհավատալի այս իրականությունից բխող օրինաչափություն կա: Իր հայրենիքի գոյաբանական անվտանգությունն անվիճարկելի արժեք համարող ու հայրենիքն իր հոգում կրող իսկական գրող անհատին, երբ հայրենիքին ցավի մեջ ներքաշած հանգամանքների ավարտն էլ հստակորեն չի նշմարվում, երևի թե միայն քաղաքացիական կեցվածք դրսևորելու ընտրություն է տրված լինում և հրապարակագրությամբ հոգում կուտակված ցավը դատարկելու հնարավորություն։ Ասածս այն է, որ մխիթարություն չգտնող հոգեվիճակում հայտնված գրողը, ով առաջին հերթին՝ գերզգայուն մարդու տեսակն է ներկայացնում, իրեն պարուրած ցավալի իրականության մեջ՝ տվյալ պահին, խաղաղված հոգով գեղարվեստական լիարժեք արձակ ստեղծագործություն չի կարող արարել: Քանի որ այդպիսի իրականության մեջ ամեն ինչ անընդհատ անկման մեջ է գտնվում։

Գուցե քաղաքացիական կամ հրապարակախոսական բնույթի գործեր ոմանց մոտ պահի տակ բանաստեղծական պոռթկմամբ երկնվեն։ Համենայնդեպս, նման փորձերի ֆեյսբուքյան հարթակում ես հանդիպել եմ։

«Ի՞նչ անել» հարցը շատ պարզ ու հստակ պատասխան ունի. միանշանակ պետք է ազատվել մեզ հրամցված այս «ծուռ հայելիների» իրականությունից։

- Մեզ, անշուշտ, հետաքրքրում են Ձեր ծրագրերը․․․

- Այդ հարցի առնչությամբ ես պարզապես կանդրադառնամ այն իրականությանը, որը պարուրել է մեզ, և կփորձեմ ներկայացնել այդ իրականության հանդեպ ունեցածս վերաբերմունքը: Որտեղ, ինձ թվում է, Դուք կարող եք գտնել այդ հարցի թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի  պատասխանս:

Մեր հասարակությունն ապրում է խորը բարոյահոգեբանական ճգնաժամ, այն ատելության համաճարակով է բռնկված։ Հանրային պառակտված իրականության մեջ մարդիկ լիովին կորցրել են ապրումակցության զգացումը։ «Բաժանիր, որ տիրես» սատանայական ասույթը՝ պետական մակարդակով հավատամքի վերածված, ամեն օր սնուցում ու խրախուսում է այս իրավիճակը:

Ամեն ինչ գլխիվայր է շրջվել։ Տգիտությունը գերակա արժեք է հռչակվել, կեղծիքը՝ ճշմարտություն։ Հոգևոր արժեհամակարգով առաջնորդվող մարդկային գոյության կերպին փոխարինելու է եկել զգայական, իսկ եթե ավելի ստույգ հոմանիշ օգտագործեմ՝ պիտի ասեմ՝ կենդանական կացութաձևը: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը զրոյական վիճակի է հասցված։ Այսօր, իրականում, արդեն հայոց պետականության լինել չլինելու հարցն է դրված զոհասեղանին: Եվ այս օրհասական իրականության ֆոնին մեր ժողովրդի գոյաբանական խնդիրների պատասխանատու անձանց «քաղաքագիտական» միտքը բուլվարային ասեկոսեների ողբերգական մակարդակի էժանագին իմիտացիաներով՝ անալիտիկ մտածողությունից զուրկ զանգվածին մանիպուլացնելով է զբաղված։

Հանրային կյանքի բոլոր ոլորտների աննախադեպ դեգրադացիայի հետևանքով հասարակության հիմնական հատվածը խարխափում է կործանարար մոլորությունների մեջ։ Այս ազգային ու արժեհամակարգային շարունակական անկման իրականության մեջ ոգեշնչման աղբյուր հանդիսացող ոչ մի դրական կետ չեմ տեսում, որն ինձ ոգևորելով՝ կարողանար հուսադրել ու վերադարձնել ստեղծագործական տիրույթ: Մեր պետականության հերթական անկման ականատեսը դառնալով՝ հոգիս երբեմն-երբեմն դատարկում եմ ֆեյսբուքյան հարթակում՝ հրապարագրություններ գրառելով։ Սակայն պատեպատ զարկվելու այդ անօգուտ «զբաղմունքից» էլ եմ լիովին հիասթափվել, քանի որ արդեն տեղի ունեցող կամ ունեցած իրադարձությանը հրապարակագրությամբ անդրադառնալը՝ «կռվից հետո բռունցքները թափահարելու» ողորմելի տեսարանի եմ նմանեցնում:

 

- Եվ վերջում, իհարկե, բոլորիս գնահատականը, երախտագիտությունը Ձեզ՝ Ձեր տեսակի համար, Ձեր ստեղծագործական ժառանգության և թողած լուսավոր հետքի համար, Ձեր քաղաքացիական կերպի համար։

Հիշեք՝ ընթերցողը սպասում է Ձեր նոր ստեղծագործություններին։

Աստված Ձեզ պահապան։

- Աստված Հայաստանի Հանրապետությանը, Սյունիքին ու «Սյունյաց երկիր» թերթին էլ թող պահապան լինի: Իսկ  ծննդյանս 70-րդ տարեդարձի առիթով «Սյունյաց երկիր» թերթի հատուկ անդրադարձի համար անչափ զգացված եմ:

 

Հարցազրույցը՝

Աննա Ալեքսանյանի

Հարցազրույց Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի հետ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

27.12.2025 09:23

ՌԴ–ն չի կարող հեռանալ Հարավային Կովկասից. Կոպիրկինը` հայ–ռուսական հարաբերությունների մասին

26.12.2025 23:42

Ուզում են սահմանափակել խոսքի ազատությունը. Արամ Աբրահամյանը` օրենքի փոփոխությունների մասին

26.12.2025 21:27

Սպասված իրադարձություն Կապանում

26.12.2025 20:44

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը

26.12.2025 18:57

ՀՀ կառավարության որոշմամբ, ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

26.12.2025 17:53

Անկլավների և էքսկլավների հարցերը կլուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում. Բայրամով

26.12.2025 17:16

TRIPP-ի ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում. առանց Ադրբեջանի հետ համագործակցության նախագծի իրագործումն անհնար է. Բայրամով

26.12.2025 17:15

Դեկտեմբերի 31-ին սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի

26.12.2025 15:48

ՀԱԿ-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին․ հայտնի է՝ ում են առաջադրում որպես վարչապետի թեկնածու

26.12.2025 15:46

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է. միջազգայանագետ

26.12.2025 15:41

Հրդեհ՝ Սյունիքի մարզում. ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրի տներից մեկում կրակ ու ծուխ են նկատվում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները

26.12.2025 15:32