Հա՞ց, թե՞ ազատություն

20.10.2025 12:21
3854

Տագնապալի և, միևնույն ժամանակ, բազմաթիվ հարցեր առաջացնող ժամանակներում ենք ապրում։ Վերջին տարիներին նախ տարակուսանքով, հետո զարմանքով, ապա ապշելով, իսկ ներկայումս վրդովմունքով փաստում ենք, որ  մեր հասարակության մի զգալի հատվածը կարող է կամ, ավելի վատ, ցանկանում է ապրել միայն մի սկզբունքով՝ հաց և կոմֆորտ։ Մարդկանց գիտակցության մեջ հետին պլան են մղվել ազատությունը, հայրենասիրությունը, բարեպաշտությունն ու առաքինությունները, սեփական կարծիք ու սկզբունքներ ունենալը։ Հայ մարդը «մի կտոր հացի» դիմաց սկսել է ուրանալ ամեն սրբություն և ազգային ինքնության յուրաքանչյուր հենասյուն՝ Արցախ, Արարատ, Հայոց մեծ եղեռն, Հայ Առաքելական եկեղեցի, և, ամենայն հավանականությամբ, այս շարքը դեռևս անավարտ է։ Ինչու՞ է այդպես և արդյո՞ք այն, ինչ տեղի է ունենում, օրինաչափ է։ Այս հարցերի պատասխանները սովորության համաձայն փորձեցի գտնել դասականների աշխատություններում՝ այս անգամ դիմելով մարդկային հոգու մեծագույն գիտակներից մեկին՝ ռուս մեծ գրող Ֆյոդոր Դոստոևսկուն։

 «Կարամազով եղբայրներ» վեպում Դոստոևսկին ստեղծել է մարդկային բնությունը բացահայտող իր ամենահզոր աշխատություններից մեկը՝ «Մեծ ինկվիզիտորը»։ Այս պատմության մեջ Քրիստոսը երկիր է վերադառնում մեծ ինկվիզիցայի տարիներին, և մարդիկ ճանաչելով Փրկչին՝ հետևում են Նրան։ Սակայն Քրիստոսն անմիջապես ձերբակալվում է ինկվիզիցիայի կողմից։ Գիշերը Նրա մոտ է գալիս գլխավոր ինկվիզիտորը և փորձում զրուցել Փրկչի հետ։ Ծեր ինկվիզիտորը պնդում է, որ Քրիստոսի մեծագույն սխալը կայանում է նրանում, որ Նա մարդկանց ազատություն է տվել, մինչդեռ մարդիկ չեն ցանկանում ազատ լինել։ Նրանք ցանկանում են հաց և կանխատեսելի վաղվա օր, և եթե մարդուն դնեն ազատություն կամ «մի կտոր հաց» երկընտրանքի առաջ, ապա գրեթե միշտ մարդն ընտրում է «մի կտոր հացը»։ Շատ կոշտ է հնչում այս միտքը, սակայն հենց դրանում է մեծ գրողը տեսնում մարդկային թուլության էությունը։ Ազատությունը պահանջում է խիզախություն և պատասխանատվություն կրելու պատրաստակամություն, իսկ հացը խորհրդանշում է անվտանգություն, կոմֆորտ և կարիքների բավարարում։ Ըստ գլխավոր ինկվիզիտորի՝ մարդկանց մեծամասնությունը հանուն կուշտ և ապահով լինելու  նախընտրում է հրաժարվել ընտրություն կատարելու ծանր լծից։ Նա տեղեկացնում է Քրիստոսին, որ իրենք ուղղում են Նրա սխալը՝ սահմանափակելով մարդկանց ազատությունը՝ փոխարենը տալով կանոններ, ծեսեր և նրանց համար հոգ տանելու խոստումներ։ Իսկ մարդիկ երախտապարտ կլինեն, որովհետև ազատվել են ինքնուրույն որոշումներ ընդունելու տանջալից անհրաժեշտությունից։ Դոստոևսկին ընդգծում է, որ ազատությունը ոչ միայն մեծ պարգև է, այլ նաև ծանր խաչ։ Այդ իսկ պատճառով շատերը ոչ թե պարզապես վախենում են ազատությունից, հետևաբար, նաև սեփական որոշումների համար պատասխանատվություն կրելուց, այլև պատրաստ են գիտակցաբար հրաժարվել դրանից, եթե փոխարենը ստանան «կարգ ու կանոն»  և գոյատևելու երաշխիքներ։ Եվ հենց այդ հրաժարումի մեջ է թաքնված մարդկային ողբերգությունը։ Հացի կտորի մեջ մարդը «խաղաղություն» գտնում, բայց կորցնում է սեփական արժանապատվությունը։ Նա դադարում է իր կյանքի հեղինակը լինել և անխուսափելիորեն դառնում օտարի կամակատարը։ Ծեր ինկվիզիտորը վստահ է, որ մարդիկ իրենք են ձգտում այս վիճակին և իրենց համար շատ ավելի հեշտ է ապրել իշխանության վերահսկողության ներքո, քան ազատության  «անորոշության» մեջ։ Դոստոևսկու այս ստեղծագործությունը վեր է հանում ազատության առջև ունեցած խորքային վախը, ինչի հետևանքով մարդն ընդունակ է մերժել ազատությունը «խաղաղության» դիմաց։ Շատերն են համաձայնվում լինել կառավարելի, միայն թե ինչ որ մեկն իր վրա վերցնի նրանց հետագա ճակատագրերի համար պատասխանատվությունը։ Սա բացատրում է, թե ինչու է հասարակությունը հակված ստեղծել կառույցներ, որոնք սահմանափակում են անձնական ազատությունը, բայց խոստանում կայունություն։ Մարդու համար ավելի հեշտ է ապրել համակարգում, որտեղ իր փոխարեն ամեն ինչ որոշվում է, քան թե մշտապես ապրել ընտրություն կատարելու տագնապի մեջ։ Դոստոևսկին սրա մեջ տեսնում է ոչ թե առանձին մարդու, այլ ողջ մարդկության ողբերգությունը։ Խոշոր հաշվով ծեր ինկվիզիտորը ռեալիստ է, ով տեսնում է մարդկային հոգու թուլությունը և աշխարհը կառուցում է ելնելով այդ իրողությունից։ Նա պնդում է, որ մարդիկ ենթակայություն են փափագում, որ իրենք են փնտրում այնպիսի իշխանություն, որը կազատի նրանց ազատության բեռից։ Ինկվիզիտորը մեղադրում է Քրիստոսին նրանում, որ գերագնահատել է մարդկությանը՝ հավատալով նրա ընտրության բեռը  տանելու կարողությանը։ Նա ասում է, որ մարդիկ չափազանց թույլ են այդ առաջադրանքի համար։ Բայց այս մեղադրանքի մեջ թաքնված է գլխավոր հարցը։ Իրո՞ք ազատությունը կարևոր չէ մեծամասնության համար, թե՞ դա այն մարտահրավերն է, եթե կուզեք, Արարչի կողմից յուրաքանչյուրիս տրված առաջադրանքը, որից ոչ ոք չի կարող հրաժարվել։ Դոստոևսկին այս հարցը թողնում է անպատասխան, բայց հստակ ցույց է տալիս դրանից հրաժարվելու գինը։ Նա, ով ազատության փոխարեն նախընտրում է հացը, միգուցե կուշտ է, բայց  կորցնում է իրապես մարդ, «կատարյալ, ինչպես մեր Հայրն է», դառնալու հնարավորությունը։

Մեծ դասականի այս աշխատությունը մեզ բոլորիս ստիպում է մտածել, թե ի՞նչ է կոչվում լինել ազատ, և ի՞նչ գին է վճարում նա, ով փափագում է միայն կոմֆորտ և «խաղաղություն»։

 

Խաչատուր Բադալյան

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11