Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը 2024 թվականի հուլիսի 12-ին Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

14.06.2024 22:22
679

2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։ 

Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․

— որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),

— առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ:

— արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),

— Ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»),

— Տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ:

Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․

1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։

2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։

3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։

4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008 թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։

5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։

Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով։

ilur.am

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11