Հազարամյակների խորքից եկած հայ մշակութային ժառանգության անբաժանելի մասն է կազմում երաժշտությունը, որը միշտ կարևոր դերակատարում է ունեցել հայ ազգի դաստիարակության գործում:
Սահակ-Մեսրոպյան առաջին դպրոցներում սակավաթիվ առարկաներից մեկը եղել է երաժշտությունը:
Քերթողահայր Խորենացու շնորհիվ մեզ հասած տեղեկությունները խոսում են այն մասին, որ առասպելներն առանձին բանասացների կողմից ոչ միայն պատմվել են, այլև առանձին հատվածներ երգվել: Հայաստանում երաժշտական արվեստը որոշակի զարգացում է ապրել: Հատկապես զարգանում են գուսանական, թատերական, երաժշտական արվեստը:
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301) և հատկապես հայկական գրերի ստեղծումից հետո (405) սկզբնավորվում և զարգանում է հայ հոգևոր երգը՝ իր լեզվաոճական կողմով հիմնվելով հայ ժողովրդական երաժշտության վրա: Հայաստանում սկսում են գործել քրիստոնեական դպրոցներ, որոնցում ուսուցումը տարվում է հայերեն լեզվով:
Մ. Խորենացին նշում է, որ Մեսրոպը բերելով մեր լեզվի նշագրերը, թագավորի և կաթողիկոսի հրամանով. «Ընտրությամբ երեխաներ հավաքեց, ուշիմ, առողջակազմ, լավ ձայնով և երկար շնչառությամբ»: (7, 365)
Հայ իրականության մեջ առաջին անգամ երեխաների ուսուցման կազմակերպման համար ստուգվում են նրանց երաժշտական ունակությունները: «Աշակերտելու համար ընտրված երեխաները բացի ուշիմ ու առողջակազմ լինելուց, պետք է լինեին նաև փափկաձայն և երկար շնչառությամբ: Վերջին երկու հատկությունները հասկանալի կդառնան, երբ նկատի առնենք, որ այդ աշակերտներից պետք է պատրաստվեն եկեղեցու սպասավորներ, որոնք հայերեն լեզվով ժամերգություն պետք է կատարեն, և երգեցիկ լինելը պարտադիր էր նրանց համար»: (3, 365)
Այսպիսով, Մ. Մաշտոցի կողմից բացված հոգևոր դպրոցում լուրջ ուշադրության է արժանանում երաժշտական կրթության և դաստիարակության գործը:
Հայ հոգևոր երգիչ Մ. Մաշտոցի և Ս. Պարթևի գործը շարունակում են նրանց ավագ և կրտսեր աշակերտներ Դավիթ Քերականը, Դավիթ Անհաղթը, Ստեփանոս Սյունեցի Առաջինը, Հովհան Մանդակունին, Մովսես Խորենացին և այլք:
Դավիթ Անհաղթը բազմաթիվ եկեղեցական եղանակներ հորինելուց բացի, իր փիլիսոփայական աշխատություններում, մասնավորապես «Սահմանք իմաստասիրութեան» ուսումնասիրությամբ, կանխորոշում է երաժշտագեղագիտական մտքի զարգացման ընթացքը:
Վերոհիշյալ աշխատության մեջ Դավիթ Անհաղթը բազմիցս անդրադառնում է արվեստի, երաժշտության հարցերին:
Արդիական հնչեղություն ունեն նրա երաժշտության հուզականության և ներգործման ուժի վերաբերյալ մտքերը, ինչպես նաև երաժշտատեսական գաղափարները, որոնք օրգանապես միաձուլվեցին վաղ միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքների համակարգին և մեծ ազդեցություն գործեցին նրա հետագա զարգացման վրա: (5, 134)
7-րդ դարում հայ երաժշտական մշակութային կյանքում սկզբնավորվեց վերելքի երկրորդ մեծ շրջանը. Կոմիտաս Աղցեցին, Բարսեղ Ճոնը, Անանիա Շիրակացին զարգացման բարձրակետին հասցրին երգարվեստը:
Անանիա Շիրակացին վաղ միջնադարյան Հայաստանի ականավոր գիտնական, բանասաեղծ, երաժիշտ, տեսաբան է: Այսպիսով՝ Շիրակացին իր ստեղծագործություններում զարգացնում է Մ. Մաշտոցի, Ս. Պարթևի, Մ. Խորենացու և ուրիշ շարականագիրների դրական հատկանիշները, իսկ մանկավարժական աշխատանքում կիրառում է ժամանակի առաջավոր մանկավարժահոգեբանական պահանջները:
Լինելով իր ժամանակի ամենահեղինակավոր վարդապետներից մեկը՝ Ստեփանոս Սյունեցին զիջողականությամբ է վերաբերվել աշխարհիկ երաժշտության նկատմամբ և իր «Մեկնություն քերականին» աշխատության մեջ, բացի եկեղեցական երգերի դասակարգումից, անդրադառնում է նաև ժողովրդական լայն խավերում տարածված երգերի տեսակներին, գուսանական արվեստին: Հոգևոր ինքնուրույն երգերի և աշխարհիկ երգարվեստի փոխներգործությունը նպաստեց հայ մասնագիտացված երգարվեստի զարգացմանը:
Ստեփանոս Սյունեցու քրոջ՝ Սահականդուխտի երաժշտամանկավարժական գործունեության մասին գրում են. «Չնայած կաշկանդիչ սովորություններին, այդ հայ կինը առաջադիմական այնպիսի քայլեր արեց, որոնք դրանից շատ դարեր հետո, ինչպես Հայսատանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում կնոջ համար երազանք ու անմատչելի էին մնում»: (3,425-426) Նա վարագույրի հետևից էր երեխաներին երգ սովորեցնում, քանզի այդ ժամանակաշրջանում կնոջը չէր թույլատրվում մարդկանց ներկայությամբ երգել:
10-րդ դարում վարդապետարաններում կատարելագործվում է երաժշտական դասավանդումը: Այդ են վկայում Ախթամարի, Սևանի, Սանահինի, մանավանդ Անիի, Տաթևի դպրոցների վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները: Թվարկված դպրոցներում զարգանում է մասնագիտական երգարվեստը, հայ մշակույթը նոր վերելք է ապրում, իսկ նրա շրջանավարտները Հայաստանի տարբեր վայրերում հանդես են գալիս որպես երաժիշտ-կատարողներ, ստեղծագործողներ, գիտնականներ, դասախոսներ և երաժիշտ֊մանկավարժներ:
10-13-րդ դարերում իրենց մանկավարժական գործունեությունն են ծավալել երաժիշտները, որոնց մի մասը հիշատակվել է որպես փիլիսոփաներ:
Անհրաժեշտ ենք համարում հատուկ ուշադրություն դարձնել միջնադարյան Հայաստանի ականավոր բանաստեղծ և երաժիշտ Գրիգոր Նարեկացու, մեծագույն երգահան Ներսես Շնորհալու, հեղինակավոր գիտնական և բանաստեղծ-երաժիշտ Խաչատուր Տարոնեցու և երաժիշտ-տեսաբան, շարականագիր և տաղասաց Հովհաննես Երզնկացի Պլուզի, հասարակական գործիչ, գիտնական և ուսուցչապետ Գրիգոր Տաթևացու երաժշտամանկավարժական գործունեությունը:
Գրիգոր Նարեկացին «Ողբերգության մատյանի» 92-րդ գլխում խորհրդածել է երաժշտագեղագիտական հարցերի շուրջ: Մատենագիտության մեջ առաջին անգամ այստեղ Նարեկացին խոսում է կոչնակի («սրինգ») և ընդհանրապես գործիքային արվեստի մասին: Հիշյալ գլխում Նարեկացին տարբեր առիթներով խոսում է պղնձե զանգակի, փողի, բամբիռի, տավիղի, քնարի, ջութակի և ուրիշ նվագարանների մասին:
Գրիգոր Նարեկացին գրել է 20-ից ավել տաղ, որոնցից մի քանիսի մեղեդիները ծառայել են որպես չափանմուշներ: Կոմիտասի ձայնագրությամբ մեզ հասած «Հավիկը», «Ահեղ ձայնս», «Սայլն այն իջանէր», «Հավուն-հավուն» և այլ տաղերի շնորհիվ Նարեկացին նոր լիցք հաղորդեց հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին:
Ամփոփելով միջնադարյան հայ դպրոցում երաժշտական կրթության և դաստիարակության վերաբերյալ սեղմ շարադրանքը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ հատկապես 10-15-րդ դարերում երաժշտամանկավարժության մեջ կատարվել են զգալի տեղաշարժեր, երաժիշտ-մանկավարժները հաշվի են առել սովորողների տարիքային, երաժշտական, մանկավարժահոգեբանական պահանջները, երաժշտական պարապմունքների ընթացքում ուսուցումը կազմակերպել են հետաքրքիր և մատչելի ձևով, օգտագործել են դիդակտիկ նյութեր մասնավորապես խաղերի ուսուցման ընթացքում ակտիվացման միջոցներից՝ երաժշտական խաղեր և հանելուկներ, իսկ մեզ հասած քառյակ լուսանցքագրությունները, որոնց մի մասը խազավորված է, իրենցից ներկայացնում են երաժշտական ստեղծագործությունների կատարման համար գրված մեթոդական ցուցումներ:
Հայ երգը, երաժշտությունը գրելու համար հայ մտավորականները փորձում են ստեղծել նոր համակարգեր: 18-19-րղ դարերում փորձ է արվում ստեղծել նոր նոտագրություն: Այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է կատարել Գրիգոր Գապասաքալյանը (1740-1808 թթ.): Նա փորձ է արել ստեղծել խազային բնույթի նոտագրության նոր համակարգ:
Սակայն հայկական նոր նոտագրության ստեղծման հեղինակությունը պատկանում է Համբարձում Լիմոնջյանին (1768-1839 թթ.):
Նա հենվելով հայ երաժիշտների և Եվրոպական նոտագրության փորձի վրա ու հաշվի առնելով հայկական երգի առանձնահատկությունները՝ միաձայնությունը, ոչ հավասար տեմպերացիան, քառալար բնույթը, ստեղծեց «հայկական նոր ձայնագրության համակարգը (1913-1915 թթ.)»:
Երաժշտությունը, որպես դպրոցական առարկա
Հայ դասական կոմպոզիտորների երաժշտամանկավարժական գործունեությունը, նրանց կողմից երաժշտական ծրագրերի, դասագրքերի, ուսումնամեթոդական գրականության ստեղծումը մեծապես նպաստեցին հայ դպրոցում ու դաստիարակության վիճակի բարելավմանը: Ստանալով մասնագիտական բարձրագույն կրթություն Ռուսաստանի և արևմտյան Եվրոպայի մշակութային կենտրոններում, հայ կոմպոզիտորները վերադառնալով հայրենիք, բացի ստեղծագործական աշխատանքից զբաղվում են նաև մանկավարժությամբ և իրենց գործունեության ընթացքում օգտագործում երաժշտամանկավարժական առաջավոր սկզբունքներ, հաշվի առնում սովորողների երաժշտական, տարիքային, մանկավարժահոգեբանական յուրահատկությունները:
20-րդ դարի առաջին երկու տասնամյակի ընթացքում դպրոցներում երաժշտություն են դասավանդել հայ անվանի կոմպոզիտորներ Կոմիտասը, Ա. Տիգրանյանը, Ռ. Մելիքյանը, Ա. Մանուկյանը, Գր. Սյունին, Սպ. Մելիքյանը, Ան. Մայիլյանը, Մ. Միրզայանը, Դ. Ղազարյանը, Ե. Սարդարյանը, Ն. Գալանտերյանը, Մ. Մազմանյանը և ուրիշներ:
«ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք ե սովորե՛ք նրանից» (Կոմիտաս)
Ժողովրդական երգարվեստը մեր ազգի նվաճումներից մեկն է, որը ձեոք է բերվել դարերի ընթացքում: Այս արվեստն այնքան հին է, որքան հայ ժողովուրդը:
Հայ ժողովրդական երգի հիմնական ճյուղերից են գեղջկական երգը, գուսանաաշուղական արվեստը և քաղաքային երգը: Առանձնակի տեղ են գրավում նաև տաղերն ու հոգևոր երգերը:
Ժողովրդական երգարվեստի ճյուղերն իրենց գոյատևման ընթացքում անցել են զարգացման մեծ ու անհարթ ճանապարհ, խորացել և փոխվել իրենց ներսում, ապրել տարբեր փուլեր: Օրինակ՝ գեղջկական երգի զարգացման ընթացքում ստեղծվել են բազմաթիվ ժանրեր՝ աշխատանքային երգեր, հայ ժողովրդի կամքն ու ուժը, հոգևոր հարստությունն ընդհանրացնող վիպերգեր, ծիսական երգեր, ողբեր և այլն:
Ժողովրդական երգարվեստը բանավոր արվեստ է, այն ծնունդ է առել դեոևս հին ժամանակներում: Այդ է պատճառը, որ ժողովրդական երգն ունի բազմաթիվ տարբերակներ: Այն սերնդեսերունդ բանավոր ձևերով փոխանցվելով ենթարկվել է որոշ փոփոխությունների:
Բանավոր լինելու հետևանքով ժողովրդական երգի ստեղծման ընթացքը տարերային է. մեկը հորինում է երգը, մյուսը՝ հարստացնում այն, երրորդը՝ հղկում, չորրորդն էլ հիշում և փոխանցում է սերունդներին:
Ժողովրդական երգի միջոցով ծանոթանում ենք տվյալ ժողովրդի կյանքին, մշակույթին: Այս երգերում դրսևորված է նաև ժողովրդի ինքնությունը, վերաբերմունքն ու մոտեցումը կյանքի հասարակական ու պատմական, սոցիալական և կենցաղային երևույթներին:
Դասերի ընթացքում ժողովրդական երգի լեզուն անընդհատ փոփոխվել է ու կատարելագործվել:
Հայ պրոֆեսիոնալ դպրոցի ձևավորման ու կազմավորման շրջանում մեծ է եղել ժողովրդական երգի նշանակությունը:
Ժողովրդական երգն ունի բարձր գաղափարայնություն, արտահայտման անմիջականություն, ազգային ինքնատիպություն:
Ժողովրդական երգը նաև դասական է, քանի որ այն ունի հարատև կյանք, օտար ազդեցություններին դիմադրելու զորեղ ուժ, հետագա սերունդների գեղարվեստական պահանջներին արձագանքելու մեծ հնարավորություն:
Ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստներն ամուր կապված են իրար հետ: Կոմպոզիտորներն իրենց ստեղծագործություններում օգտագործում են ժողովրդական երգի նմուշներ, իսկ ժողովուրդն իր արվեստում՝ կոմպոզիտորական ստեղծագործության նմուշներ:
Այսպիսով, ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստները միշտ կապի մեջ են, ընդ որում՝ պրոֆեսիոնալ արվեստում լայնորեն ու ստեղծագործաբար օգտագործվում է ժողովրդականը: Դա պրոֆեսիոնալ արվեստում ազգային ոգին պահպանելու ճանապարհներից մեկն է:
Ազգային պրոֆեսիոնալ դասական երաժշտության հիմքը դրել է Կոմիտասը: Նա օգտագործելով համաշխարհային մշակույթի ձեռքբերումները երաժշտական գրելաձևի բնագավառում՝ պոլիֆոնիկ բազմաձայնությունը հարստացրեց հայկական ժողովրդական երաժշտությունը: Նա չհեռացավ ազգային երաժշտական ակունքներից:
Նա կարողացավ պահպանել ազգային ոճը, ոգին:
Ժողովրդի կողմից ստեղծված երգերն անկեղծ են, լի են զգացմունքային տարբեր երանգներով: Հայ գեղջկական երաժշտությունը կազմում է ազգային պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի հիմքը:
Կոմիտասի երաժշտամանկավարժական առաջադեմ գաղափարները, մանկավարժական, խմբավարական չգերազանցված գործունեությունը հանդիսանում են նրա բազմակողմանի տաղանդի արգասիքը և պահպանել են իրենց ուսումնադաստիարակչական հնարավորությունները, իսկ դրանց կիրառումը կարող է նպաստել արդի երաժշտական կրթության և դաստիարակության առաջընթացին:
Նախախորհրդային շրջանում հրատարակված երաժշտության դասագրքերից են Ռ. Մելիքյանի և Ա. Մանուկյանի «Երաժշտական այբբենարանը»:
Խորհրդային իշխանության առաջին տարիներին Ռ. Մելիքյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց երաժշտական ստուդիա, որի հիման վրա 1923 թվականին բացվեց Երևանի պետական կոնսերվատորիան:
Բացի երաժիշտ-մանկավարժների պատրաստման գործից՝ 20-րդ դարի 20-ական թվականներին հրատարակվեցին երաժշտության նոր դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, որոնք նպաստեցին սովորողների երաժշտական կրթության, նրա բովանդակության վերափոխմանը, երաժշտադաստիարակության որակի բարելավմանը: 1959 թ. լույս է տեսնում կոմպոզիտոր Մ. Մազմանյանի «Երաժշտության դասավանդման մեթոդիկա» ձեռնարկը՝ երաժշտության ուսուցիչների համար:
Աստիճանաբար սկսեց բարձրանալ երաժշտություն առարկայի հեղինակությունը, և առարկան իր պատվավոր տեղը գրավեց սովորողների երաժշտագեղագիտական դաստիարակությունը իրագործող դասընթացների շարքում:
Հայաստանում 1965 թվականից սկսած Լուսավորության նախարարության կողմից հանձնարարվեց մի խումբ երաժիշտ-մանկավարժների՝ ստեղծել «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ, ծրագիր և 1-ից VIII դասարանների համար դասագրքեր և ուսուցչի մեթոդական ձեռնարկներ:
Հանձնաժողովի նախագահ ընտրվեց կոմպոզիտոր ՀՀ ժողովրդական արտիստ և պրոֆեսոր Մարտին Մազմանյանը, հանձնաժողովի անդամներ ընտրվեցին կոմպոզիտորներ Կարո Զաքարյանը, Գեղունի Չթչյանը, երաժիշտ Հրաչյա Օհանյանը և երաժիշտ-մանկավարժ Յուրի Յուզբաշյանը: Նրանք հրատարակեցին դասագրքեր 1-ից 8-րդ դասարանների համար:
Մանկավարժների նոր սերունդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի ուսուցման նոր մեթոդները: Կատարվում են մանկավարժական գիտափորձեր և ուսումնասիրում դասավանդման առաջադիմական փորձը: Նման գիտափորձերից մեկը պրոֆեսոր Յ. Յուզբաշյանի կողմից երաժշտական լսողության զարգացման լադային սոլմիզացիայի մեթոդի կիրառման արդյունավետության փորձն էր, որի արդյունքում հրատարակվեցին Յ. Յուզբաշյանի «Նոտագրության ուսուցումը հարաբերական և բացարձակ մեթոդներով» և Յ. Յուզբաշյանի, Պ. Վեյսի «Կրտսեր դպրոցականների երաժշտական մտածողության զարգացումը» մեթոդական ձեռնարկները: Այնուհետև՝ ժամանակի պահանջով 2007 թ. ստեղծվեցին երաժշտության նոր չափորոշիչներ, դասագրքեր ու մեթոդական գրականություն, որոնց հեղինակներն են Յ. Յուզբաշյանը, Ա. Փահլևանյանը, Ա. Լուսինյանը և Վ. Ավետիսյանը:
Այսօր կյանքը նորից պահանջներ է դնում երաժշտական կրթության և դաստիարակության համակարգի առջև՝ հաշվի առնելով ազգային մանկավարժական գիտական մտքի և համամարդկային լավագույն փորձի ձեռքբերումները: Պատահական չէ, որ խնդիր է առաջացել Հայաստանը տեսնել կրթության և դաստիարակության նոր դիտակետում:
Այսօր ստեղծվել են երաժշտական դաստիարակության նոր չափորոշիչներ հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների աշակերտների համար: Նման փորձն առաջադիմական է և խրախուսելի, քանի որ առանց երաժշտության մարդու դաստիարակությունը կլինի թերի: Այդ մասին են վկայում բոլոր ժամանակների երաժշտական դաստիարակության չափորոշիչները: Բացառություն չեն նաև նոր հրատարակված չափորոշիչները:
Ազգային դպրոցի շահերը պահանջում են միշտ կատարելագործել կրթության և դաստիարակության համակարգը, որի բաղկացուցիչ մասն է երաժշտությունը:
Յուրաքանչյուր ժողովրդի երաժշտական մշակույթը որպես ինքնուրույն մշակույթ գտնվում է մյուս ժողովուրդների երաժշտության, մշակույթի հետ փոխներգործության և փոխազդեցության պայմաններում: Այդպես է զարգանում, հարստանում ազգային, համամարդկային մշակույթն ընդհանրապես:
Ժողովուրդների փոխհարաբերությունը, փոխազդեցությունը կա և կմնա ընդմիշտ, քանի որ դա ազգայինի զարգացման բնական ընթացքն է, այդ պայմաններում են ձևավորվում և զարգանում ազգային առանձնահատկությունները, երաժշտական մշակույթը, արվեստը, կյանքը:
Յու. Յուզբաշյան
Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ վաստակավոր մանկավարժ