Հայաստանի 14 դպրոցներում տեղի կունենան դասալսումներ. Կրթության տեսչական մարմինը մասնագետների բազա է ստեղծում

03.03.2020 11:40
1382

ՀՀ կառավարությանն առընթեր կրթության տեսչական մարմինը հանրակրթական մի շարք դպրոցներում դասալսումներ կիրականացնի։ Այդ նպատակով այժմ ընթանում է մասնագետների բազայի ստեղծման գործընթաց։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց վերոնշյալ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, դասալսումները տեղի կունենան հանձնարարվող գրավոր աշխատանքներին զուգահեռ: Այդ ստուգումները տեսչական մարմինը կատարում է բովանդակային վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Գրավոր աշխատանքները դպրոցներում իրականացվում են հայոց լեզու (թելադրություն) եւ մաթեմատիկա առարկաներից:

Դասալսումները կլինեն նոր ուսումնական տարվա սկզբից՝ սույն թվականի սեպտեմբերի 2-ից մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաների դասաժամերին: Այս ընտրությունը, ըստ Շագաֆյանի, պայմանավորված է վերջին մեկուկես տարվա ընթացքում մաթեմատիկա առարկայի գրավորների ոչ այնքան հուսադրող արդյունքներով։ Ինֆորմատիկայի դեպքում էլ պատճառն այն է, որ ՏՏ ոլորտն այսօր մեր տնտեսության առաջնահերթություններից է։ ԿՏՄ-ն նպատակ ունի պարզել՝ ինչ տեսք ունի հաստատություններում այս առարկայի դրվածքը:

Դասալսումը ձեւաթղթով գնահատելու մեթոդ է, որը ԿՏՄ-ն մշակել է «Դասավանդիր Հայաստան» միջազգային կրթական կազմակերպության գործընկերների հետ։ Լրամշակվել է անցած տարի 5 դպրոցներում փորձարկվելու արդյունքում։

Գործընթացը կիրականանա հետեւյալ մեխանիզմով․ տվյալ դպրոցի գրավորի եւ դասալսման արդյունքները՝ լինեն դրական, թե հակառակը, միասին կտրամադրվեն հաստատության տնօրենին եւ դրա մյուս շահառուներին։

Այդպես, ԿՏՄ-ն եւս մեկ անգամ կտեղեկացնի, թե որոնք են տվյալ դպրոցում առկա խնդիրները կամ դրական կողմերը, ղեկավարությունն էլ կհասկանա ընդհանուր օրինաչափությունները՝ ինչն է լավ աշխատում, ինչը՝ ոչ։

Նշենք, որ դասալսման բազայում առաջին փուլի համար նախատեսված է ընտրել 28 ուսուցիչ: Ամեն դպրոցում գործունեություն կծավալի երկու մասնագետ: Դասալսումները կիրականացվեն 14 դպրոցներում։ ԿՏՄ-ի ղեկավարի խոսքով՝ փորձել են ընտրել միայն քաղաքային դպրոցներ՝ պայմանավորված մասնագետների ներգրավումը տեխնիկապես ավելի հեշտ դարձնելու իմաստով։ Բացի այդ, քաղաքային դպրոցներն ավելի մեծ են, քան՝ գյուղականները. «Ցանկանում ենք, որ մեր սուղ հնարավորությունների պայմաններում այս միջամտությունն իրականացնենք ավելի մեծ թվով շահառու ունեցող հաստատություններում»։

Շագաֆյանը, սակայն, հավաստիացրեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի այլ տեղերում եւս դասալսումներ կազմակերպվեն: «Ես հույս ունեմ, որ դրանով հաստատության ղեկավարն իր լիազորությունների շրջանակներում միջամտություններ է անելու, օրինակ՝ փորձելու է հասկանալ՝ որոնք են տվյալ ուսուցչի թերացման պատճառները»,- նշեց Շագաֆյանը՝ հավելելով, որ այդ գործառույթի հիմնական նպատակը խորհրդատվություն տրամադրելն է։ Պարզ լեզվով ասած՝ մարդկանց սխալը բռնելը չէ։

«Այլեւս դասալսումը բուն ստուգման գործառույթ չունի, այլ ունի աջակցող գործառույթ»,- արձանագրեց նա։ ԿՏՄ-ի ղեկավարի խոսքով՝ հենց սրանով էլ տարբերվում են այս դասալսումները նախկինից․ փոխվել է նպատակը եւ գործիքակազմը։

Նշենք, որ տարիներ առաջ եւս տեղի են ունեցել նման գործընթացներ, սակայն դադարեցվել են 2019 թվականին՝ պայմանավորված նոր գործիքակազմի մշակմամբ։

Այն ուսուցիչները, որոնք կներգրավվեն մասնագետների բազայում, տեսչական մարմնի մասնագետների հետ վերապատրաստում կանցնեն Երեւանում, Վանաձորում, Գյումրիում եւ կծանոթանան նոր գործիքակազմին։

Հավելենք, որ դասալսումների բազայի համար դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 21-ն էր:

Բազայում ներգրավվելու պարտադիր պայմաններն էին բարձրագույն մանկավարժական կրթությունը՝ համապատասխան որակավորմամբ, ներկայումս աշխատող, վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) դասավանդման մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը։

Ուսուցիչները պետք է ԿՏՄ-ին ներկայացնեին ավարտած բուհը, մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքի ընդունման տարեթիվը, ՀՀ ԿՏՄ-ի վերահսկողական գործառույթներին մասնակցության տարեթիվը եւ այլ մրցույթների մասնակցության մասին տեղեկատվություն:

Շագաֆյանի խոսքով՝ կուսումնասիրեն տվյալները, եւ առավել համապատասխան մասնագետները կընդգրկվեն բազայում, նրանք, սակայն չեն վճարվի, քանի որ սա դեռեւս ծրագրի նախնական տարբերակն է: Այն հաջողելու դեպքում, երբ ծրագիրը կլինի հիմնական, կքննարկվի նաեւ այդ հարցը:

armtimes.com

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09