Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

04.03.2025 10:52
448

Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փակ են: 

Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ: 

Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու եւ ասենք՝ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա երթեւեկելու հնարավորություն տալու մասին է: 

Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով եւ ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջեւան մուտքի ենթակառուցվածքներ չկան եւ պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել: 

Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթեւեկել մինչեւ Հայաստան-Թուրքիա սահման եւ Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը եւ հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:

Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների եւ բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթեւեկել են եւ այսօր էլ ակտիվ երթեւեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաեւ այլ երկրների բեռնատարներ: 

Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը եւ պատրաստ ենք անել: 

Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որեւէ սահմանափակման, ներառյալ արեւմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում: 

Արեւմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, եւ այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել: 

Ավելին, այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել եւ շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային եւ բեռների մաքսային եւ այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել: 

Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատեւ հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային եւ մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ եւ հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջեւանի հետ եւ հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտեւի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճեւան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջեւանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան եւ Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, եւ այս աշխատանքն էլ կարելի է արագ անել: 

Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջեւան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար: 

Ադրբեջանը նաեւ հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջեւան ճանապարհ չտրամադրի, իրենք արեւմտյան Ադրբեջան-Նախիջեւան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով: Քավ լիցի, մենք դեմ չենք, դա ԻԻՀ եւ Ադրբեջանի հարաբերությունների եւ իրենց որոշման հարցն է: 

Բայց նաեւ հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով արեւմտյան Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում: 

Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը: 

Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ եւ ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչու՞ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները: 

Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաեւ արեւմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության) տարածքով եւ հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է եւ դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը: 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 

ՀՀ վարչապետ

 

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38