«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի 7-րդ համարի մասին

18.10.2022 11:28
1832

«Մեր քաղաքը՝ Գորիսը, հնուց ի վեր հռչակված էր իր թատերասեր լինելով: Դեռեւս պահպանվում է Ձագեձոր բերդում եղած անտիկ թատրոնի սրահը՝ փորված ժայռերի մեջ՝ ամֆիթատրոնի նման, որտեղ երկու հարյուր մարդ կարող է տեղավորվել…»:

Սերո ԽԱՆԶԱԴՅԱՆ

 

«Սյունյաց երկիր. մշակութայինի» յուրաքանչյուր թողարկում մի նոր աշխարհ է բացում-բացահայտում իր հազարավոր ընթերցողների առջեւ՝ լինի դա ազատատենչ ու ազատարար զենքի շառաչով բաբախուն ժամանակաշրջան, նախաքրիստոնեական ժամանակներից խոխոջող հայ երգ ու փանդիռի հոգեհարազատ նվագ, գիր ու գրականություն, թե նորօրյա ոգեկոչումներ: Ահա մեր ձեռքին է թերթի՝ սյունիքյան բեմարվեստի հանրագիտարանաբնույթ թողարկումը՝ ամենալայն ընդգրկումներով: Ինչպես յուրաքանչյուր համարի պարագայում, թերթի անդադրում խմբագիր Սամվել Ալեքսանյանն այս անգամ հանգամանորեն անդրադառնում է սյունյաց բեմարվեստի ակունքներին: «Թատրոնը՝ իբրեւ մարդկային հոգեվիճակ եւ վարքագիծ՝ խաղի ձեւով արտահայտվող, դեպի դարերի խորքը ձգվող արմատներ ունի Սյունիքում,- գրում է նա ու շարունակում.- այդ մասին իմանում ենք Քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», մասնավորապես «Պատմության» մեջ տեղ գտած՝ Սյունյաց Բակուր իշխանի տանը՝ Նազենիկի մասնակցությամբ տեղի ունեցած տեսարաններից: Դա մի հետաքրքիր վերհուշ է հեթանոսական ժամանակներում մեզանում եղած թատերական արվեստի սկզբնական դրսեւորումների մասին»:

Թերթի շապիկի դարձերեսը զարդարված է Գորիսի ժայռափոր թատրոնի գունեղ պատկերով, որտեղ «մեր նախնիները դարեր շարունակ ներկայացումներ են բեմադրել»: Այս մասին է դերասան Արթուր Գաբրիելյանի հրապարակումը՝ հայ պարարվեստի խորագիտակ Սրբուհի Լիսիցյանի վերլուծական փաստարկումներով, այն է՝ «ձեռամբ երգող» Նազենիկի ելույթը լոկ պար չի եղել, այլ պարը զուգորդված է եղել միմական խաղի հետ, որը թատերական դրամայի մի տեսակ է»: Իսկ վիպասան երգիչները թատերական տարբեր խաղային միջոցներով երգել ու պատմել են արքաների հերոսական կերպարների, նրանց քաջագործությունների մասին, առասպելներ ու ավանդապատումներ ներկայացրել, վկայում է հոդվածագիրը: Այնուհետեւ ժամանակին սյունիքյան բեմահարթակներում խաղացած հայ թատրոնի քուրմերն են՝ իրենց մասին սեղմ տեղեկատվությամբ. Վահրամ Փափազյան, Հովհաննես Աբելյան, Հրաչյա Ներսիսյան, Մհեր Մկրտչյան, Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Ամո Խարազյան, Ժասմեն: Դեմքեր, որոնց ոտնահետքերով ապագայում անցնող հին եւ նոր անվանիները պիտի որ հոգու պարտք համարեին շարունակելու նրանց՝ դասականների ավանդները. Երվանդ Մանարյան, Իշխան Ղարիբյան, Գուրգեն Գաբրիելյան, Արմեն Խոստիկյան, Ռաֆայել Քոթանջյան, Գուրգեն Ջանիբեկյան, Հենրիկ Մալյան, Դավիթ Մալյան, Գուժ Մանուկյան, Գալյա Նովենց, Երվանդ Ղազանչյան: Եվ շարունակեցին: Ապա թատերարվեստում, նաեւ կինոարվեստում մեծ վաստակ ունեցող սյունեցիներն են՝ Կիմ Արզումանյան, Ալեքսանդր Խաչատրյան, Զավեն Տատինցյան, Վաղարշակ Խուրշուդյան, Բենիամին Օվչյան: Ընթերցողը ծանոթանում է նրանց կենսագրությանը, ուսումնառությանը, դերակատարումներին, գործունեության մանրամասներին եւ համակվում երախտագիտության անանց զգացումով. վերհիշենք նրանցից թեկուզ մեկի՝ Կիմ Արզումանյանի նկարահանած «Սայաթ-Նովա» մշտապես սիրված անմոռանալի կինոնկարըԿարելի է պատկերացնել, թե թերթի հերթական համարին նախապատրաստվելիս ի՜նչ տքնաջան պրպտումներ է պահանջվել խմբագրից, խմբագրակազմից: Ահա պատվարժան խմբագրի ժամանակագրական, կասեի՝ պատմական անդրադարձի շարունակությունը, որից տեղեկանում ենք, որ Սյունիք-Զանգեզուրի գյուղերում տարածված էին ժողովրդական թատերախաղերը, որոնք 19-րդ դարավերջին փոխակերպվում են ավելի կազմակերպված թատերական ներկայացումների: Ինչպես նշում է հոդվածագիրը, 1882 թ. Մեղրիում արդեն կար կազմակերպված թատերախումբ, իսկ 1905-ին ձեւավորվել է թատերասերների ընկերություն: Իսկ երբ են ստեղծվել Սյունաց աշխարհի պետական թատրոնները, ինչ ճանապարհ են անցել. «1933-ին պետական թատրոն ստեղծվեց Մեղրիում, 1935-ին՝ Կապանում, 1936-ին՝ Գորիսում: Թե ինչ ճակատագիր ունեցավ Մեղրու պետական թատրոնը, չկարողացանք պարզել: 1951-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ լուծարվեց Կապանի պետական թատրոնը, որը վերաբացվեց միայն 1958-ին: Գորիսի պետական թատրոնն էլ լուծարվեց 1961-ին, վերաբացվեց 1985-ին, ինչին անդրադարձ ենք կատարում: Անդրադառնում ենք նաեւ Սյունիքի տիկնիկային թատրոններին, բայց, ցավոք, անցյալ ժամանակով…»:


Ուշագրավ ու տարողունակ հարցազրույցներով է հագեցած Սյունյաց մշակութայինը. հարցազրույցներ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի, հանրապետության թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչ Գրիգոր Օրդոյանի, դրամատուրգ, արձակագիր, «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր Կարինե Խոդիկյանի, բնագավառի այլ գործիչների հետ: Համակ ուշադրությամբ են ընթերցվում Սերո Խանզադյանի՝ «Վարդան Որոտանցու» մասին հեղինակային պատումը, Վարդան Սարգսյանի «Բակունցը Գորիսի թատրոնում Ակսելի դերն էր խաղում, որից հետո նրան այդպես էլ կոչեցին» հրապարակումը, էջերը Գորիսի թատրոնի պատմությունից, դրա վերաբացման մանրամասները, գյուղական ինքնագործ թատերական խմբակների ստեղծման՝ Հարճիս, Խնձորեսկ, Լոր, Անգեղակոթ, Բռնակոթ, Ույծ, Դարբաս, Նորավան, Շաղատ, արվեստասեր շատ ու շատ այլ շեների թատերական ներկայացումների մասին՝ դրանց մասնակիցներից մի քանիսի վերհուշերն ու անցուդարձերը, ամենատարբեր զբաղմունքի ու մասնագիտությունների տեր «դերասաններին»՝ իրենց հնօրյա լուսանկարներով: Թատերական հին Գորիսի, դերասանների, համբավավոր հեքիաթասացների, դպրոցի թատերական խմբակի, շրջանի այլ գյուղերում աշակերտակազմ խմբակի հաջողությունների մասին է պատմում Գագիկ Հայրումյանը: Իսկ Աննա Ավետիսյանը, անդրադառնալով լարախաղացության վաղնջական պատմությանը, ներկայացնում է ավելի քան 50 տարի «հայկական ավանդական զուռնա-դհոլի հնչյունների ներքո, երգ ու պարի ուղեկցությամբ լարի վրա հնարքներ ցուցադրող Վլադիմիր Հակոբյանին» ով նաեւ մեկ տասնյակ գրքերի հեղինակ է, որոնց թվում «Ժողովրդական լարախաղաց», «Սիսիանի կամավոր ֆիդայիները», գաղափարի նվիրյալ, ով սեփական միջոցներով Սիսիան քաղաքի «Որոտան» կինոթատրոնի բակում  կանգնեցրել է Գարեգին Նժդեհի կիսանդրին, Վաղատին գյուղի դպրոցի մոտ տեղադրել Սողոմոն Թեհլերյանի հուշաքարը, գյուղի ազատամարտիկների հուշակոթողի մոտ՝ հուշաղբյուր: Մեղրու թատրոնի պատմությանն ենք ծանոթանում Զաքարիա Խարմանյանի հուշագրությունից, ըստ որի՝ այստեղ առաջին ներկայացումը տրվել է 1882-ին դպրոցում, հենց Մեղրու բարբառով: Կազմակերպիչները եղել են Փարիզի համալսարանի ուսանող Ստեփան Տեր-Զաքարյանը, Ներսիսյանավարտ ավագ ուսուցիչ Գեւորգ Խարմանյանը, Մեղրու բարբառին քաջատեղյակ ու գրագետ Մաթեւոս Շահյանը: Չափազանց ուշագրավ մի հրապարակում՝ դերասան-դերասանուհիներով, ինքնաստեղծ բեմական մանրամասներով: Այնուհետեւ՝ Մեղրիի ժողթատրոնը՝ ականատեսի վկայությամբ, պատմական ակնարկ Կապանի թատրոնի ու դերասանական կազմի մասին, անցյալ ժամանակներ, 1988-ի աշխարհավեր երկրաշարժ, անվանի գործիչներ, որոնց վաստակն անուրանալի է: Ներկայացված են նաեւ ինքնագործ թատերական խմբերը Կապանի տարածաշրջանում, Երիտասարդական թատրոնը, «Գիսանե» ակումբ-սրճարանը եւ գիշերօթիկ դպրոցի թատերական ստուդիան, գործող թատրոնների ներկան ու մտահոգող խնդիրները: Ընթերցողի ուշադրությունից չի վրիպում մամուլի տարեգրությունը տարածաշրջանի թատերական հանգրվանների, նրանցում տեղի ունեցած կարեւոր ու հնչեղ միջոցառումների, անցուդարձերի մասին՝ «Սյունիք-96» թատերական փառատոն, «Արմմոնո-2009»-ը Կապանում, թատերական գործիչները Սյունիքում, տպավորություններ «Միրհավը» ներկայացման շուրջ, ճեպազրույցներ Սոս Սարգսյանի, Կարպ Խաչվանքյանի, Գալյա Նովենցի, Ժենյա Ավետիսյանի, Մելինե Համամջյանի, Մայիս Կարագյոզյանի, Գրետա Մեջլումյանի, Կարեն Ջանիբեկյանի, Ալեքսանդր Գրիգորյանի հետ: Արժի վերընթերցել սիրված դերասաններից մեկ-երկուսի համառոտ խոսքերը. Կարպ Խաչվանքյան. «Զանգեզուրում, հրաշք այս ոստանում եղել եմ տասնյակ անգամներ: Հարազատ ու ջերմ է այստեղ ամեն-ամեն ինչ՝ մարդիկ, բնությունը, բեմահարթակը: Ու ես, գիտե՞ք, կարծես թե իմ տանն եմ: Հոգեկան ինչպիսի՜ վայելք է այսքան ջերմ հոգիների հետ շփվելը: Ուրի՜շ է այստեղ, շա՜տ ուրիշ: Էլի եմ գալու, նորից եմ խաղալու, դարձյալ ապրելու եմ ձեզ հետ…»: Սոս Սարգսյան. «Սյունեցիները մեզ գրկաբաց, մեծ սրտի եւ հոգու տեր մարդկանց վայել ձեւով ընդունեցին: Անկեղծորեն՝ ինձ թվում էր, թե պատերազմ տեսած մարդկանց մի փոքր այլ ձեւով էի տեսնելու: Ես ինձ երջանիկ զգացի, քանի որ ոչ մի բան այստեղ պատերազմ չի հիշեցնում: Մաղթում եմ, որ սյունեցին միշտ պահպանի իրեն հատուկ հպարտություն, միայն իրեն հատուկ խրոխտ ոգին: Ուզում եմ, որ Սյունիքը միշտ հզոր ու հարուստ լինի, մարտական բանակ ունենա: Իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր արվեստով ներդաշնակվենք այս ամենին…»: Գալյա Նովենց. «Սյունիքի, հատկապես Կապանի հետ մեր ընտանիքը խորը կապեր ունի: Ամբողջ ընտանիքով աշխատանքային մկրտությունը ստացել ենք Կապանում: 60-ական թվականներին այստեղից հեռացել ենք ցավով, ափսոսանքով, նորից վերադառնալու հաստատ վճռականությամբ: Այստեղ սիրում եմ ամեն ինչ եւ բոլորին: Այստեղ ես ինձ իմ տանն եմ զգում…»: Ասենք, որ 1986 թ. Հակոբ Ղազանչյանի ղեկավարած Կապանի պետական թատրոնը հյուրախաղերի էր մեկնել Մոսկվա եւ Մայակովսկու անվան թատրոնում ներկայացրել Չարենցի «Կապկազ թամաշա» եւ «Աքիլե՞ս, թե՞ Պիերո» ներկայացումները, որոնց ներկա է եղել մեծահամբավ Արմեն Ջիգարխանյանը: Ընթերցողի ուշադրությունից չեն վրիպում տասնամյակների վաղեմության հարցազրույցները Երվանդ Ղազանչյանի, արվեստաբանության դոկտոր Լուիզա Սամվելյանի, դերասանուհի Նորա Արմանի, այլ գործիչների հետ:

Առանձնակի հետաքրքրությամբ է ընթերցվում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Հայ թատրոնը» խորագրով հրապարակումը, ով նույնպես ասելիքը բխեցնում է ակունքներից. «Հեթանոսական թատրոնը հին Հայաստանում սկսվել է ցուցքերից եւ պարերգերից: Հելլենիստական թատրոնը հաստատվել է Տիգրան Մեծի օրոք: Նա Ք. ա. 69 թ. թատրոն է կառուցել Տիգրանակերտում: Արտավազդ Բ-ի օրոք ներկայացումներ են տրվել Արտաշատի պալատում, ուր Ք. ա. 53 թ. բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Զինվորները բեմ են նետել Կրասոսի գլուխը, որը դերասան Յասոնը մտցրել է գործողության մեջ՝ իբրեւ ներկայացման հերոսի՝ Ագավեի որդու՝ Պանթեւսի գլուխ…»: Հոդվածում գրականագետն անդրադառնում է թատերական զարգացումների ողջ ընթացքին՝ հնագույն ժամանակներից մինչեւ քսաներորդ դարասկիզբ ու դրա կեսերը: Պարբերականի նախավերջին էջը նվիրված է հայոց մեջ միջնադարյան միմոսների, լարախաղացների, ընդհանապես՝ թատերական հանդիսախաղերի հովանավոր, հայկական ճարտարապետական շքեղ հուշարձան Մշո սուրբ Կարապետ վանական համալիրին: Ներկայացնելով վանքի հիմնադրման եւ նրա գլխով անցած արհավիրքները՝ հոդվածագիրները նշում են. «Մեծ եղեռնի օրերին Տարոնի հայության մի զգալի մասն ապաստանել է վանքում եւ մոտակա անտառներում, երկու ամիս դիմադրել թշնամու գերակշիռ ուժերին: Հաջողվել է պահպանել վանքում եղած արժեքավոր հուշարձանները, այդ թվում եւ 1750 թվականի ձեռագիր, որոնք 1916-ին, երբ ռուս զորքը եւ հայ կամավորական ջոկատները գրավել են Տարոնը, հաջողվել է տեղափոխել Էջմիածին: Վանքն այժմ ավերված է…»: «Սյունյաց երկիր. մշակութայինի» վերջին էջին Սյունյաց լեռնաշխարհի Օլիմպոսն է՝ Աժդանական-Կապուտջուղը՝ դիցական, վեհաշունչ անվանումով: Ինչպես նշում է հոդվածագիրը՝ Ռոբերտ Էջանանցին, լեռան հետ աղերս ունեն բազում ավանդապատումներ ու լեգենդներ: Ամենասրտամոտը, թվում է, Սուրբ Մեսրոպի անվան հետ առնչվող իրապատումն է. ըստ Մաշտոցի վարքագիր Կորյունի՝ «երանելին շատ տարիներ ճգնել է հարեւան Գողթն գավառում, ասել է թե, Կապուտջուղի ստորոտներում: Ցայժմ Որդվատում՝ Օրդուբադ, պահպանվում են Մեսրոպավանքի ավերակները: Գողթնից Մաշտոցն իր շքախմբով 408 թ. անցել է Բաղք Տաշտունի լեռնանցքով, որտեղ նրան դիմավորել է Սյունիքի իշխան Վաղինակ Սյունին: Այս լեռնանցքով է 1920-ի մարտին Գարեգին Նժդեհն անցում կատարել դեպի Գողթն եւ անսպասելի հանկարծական գրոհով հարվածել թշնամուն…»: Էջն ամփոփվում է Սյունյաց իմաստուն նահապետի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությամբ. Հայաստան ասելիս էլ մահը ում շունն է, Կմնամ, կլինեմ այսպեսԱյսօր արնատամ բորենին ժանիքներն է կրճտացնում նաեւ Սյունյաց կողմերում: Երեւի մոռացել է նժդեհյան հրեղեն սուրը: Երեւի նրա դարմանակերի ուղեղը «հաղթական» թմբիրի մեջ է: Հիշեցնենք, որ Սյունյաց լեռներում նորից է գերեզմանվելու, եթե փորձի առաջ սողալ բարձունքներն ի վեր կամ եթե հետ չքաշվի իր որջը: Խառնակ ու դժվարին այս ժամանակներում իր մշակույթի դրոշն աշխարհին պարզած ազնվազարմ ու նժդեհական սյունեցին չի հանդուրժելու ոսոխի ժահրահոտ կրունկը իր սրբազան տարածքներում: Հայրենապաշտ հայոց ոգին չի հանդուրժելու


Հակոբ Սրապյան

https://hhpress.am/

Հոկտեմբերի 17, 2022
 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25