Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում. դեսպանի հարցազրույցը

10.02.2023 20:53
487

Սերգեյ Կոպիրկինի կարծիքով` Ռուսաստանի դերն ու կարևորությունը հասկանալու համար հարկավոր է առաջին հերթին խոսել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Դիվանագետի օրվա կապակցությամբ Sputnik Արմենիային բացառիկ հարցազրույց է տվել, որտեղ ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների ամենալայն շրջանակի վերաբերյալ, խոսել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության ապահովման և կոնֆլիկտային իրավիճակների լուծման գործում Ռուսաստանի դերի մասին:

-Պարո՛ն դեսպան, Դուք վերջերս եղել եք Վայոց Ձորում, այցելել եք Ջերմուկ, այն վայրեր, որոնք 2022 թվականի սեպտեմբերին ենթարկվել են Ադրբեջանի հարձակմանր։ Դուք դիվանագետների այն խմբից եք, որոնք տեղում չեն նստում, շատ հաճախ եք շրջում մարզերով, նայում եք… Ո՞րն էր այցի նպատակը տվյալ դեպքում։

-Ինչպես նշեցիք, դա սովորական պրակտիկա է։ Մարզեր այցելելը դեսպանի և այլ դիվանագետների աշխատանքի մի մասն է։ Այնպես որ, այստեղ ինչ-որ առանձնահատուկ բան չկա: Միաժամանակ` այցելությունը Վայոց Ձոր` բավականին առանձնահատուկ իրադարձություն է։ Մարզը շատ զգայուն տարածաշրջանում է գտնվում։ Դուք նշեցիք անցյալ տարվա սեպտեմբերի իրադարձությունները։ Եվ, բնականաբար, ինձ համար կարևոր էր ևս մեկ անգամ այցելել այնտեղ, ամեն ինչ սեփական աչքով տեսնել, շփվել մարդկանց հետ, և առաջին հերթին` մարզի ղեկավարության։

Բացի այդ, Վայոց Ձորն ու մասնավորապես Ջերմուկն այն վայրերն են, որոնք ես շատ եմ սիրում։ Մենք ընտանիքով հանգստացել ենք Ջերմուկում, մեզ շատ է դուր եկել։ Ես միշտ մեծ հաճույքով եմ գնում այնտեղ։

Եվ երրորդ շարժառիթը` սա այն մարզն է, որն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի տարածաշրջանների հետ, այն մարզը, որտեղ ռուսաց լեզվի կենտրոններ են գործում։ Եվ ինձ համար կարևոր և հետաքրքիր էր այցելել այդ կենտրոններ, տեսնել, թե ինչպես են
դրանք աշխատում, իմանալ, թե ինչ կարիքներ կան, ինչպես են նրանք ապրում:

Եվ, իհարկե, շփվել բնակիչների հետ` հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են այնտեղ։ Պետք է ասեմ, որ այդ մարզ այցելելուց հետո իմ տպավորությունները միշտ լավն են։ Շատ լավ զրույց ունեցանք մարզպետի, Եղեգնաձորի և Ջերմուկի քաղաքապետների հետ։ Ես կրկին շատ դրական տրամադրվածություն զգացի մարզի ղեկավարության մոտ` Ռուսաստանի, Ռուսաստանի մարզերի հետ գործակցության վերաբերյալ։ Վայոց Ձորը հատկապես սերտ համագործակցում է Արխանգելսկի և Նիժնի Նովգորոդի մարզերի հետ։

-Նույնիսկ հուշագիր է ստորագրվել...

-Այո՛-այո՛, միանգայն ճիշտ եք։ Այս համագործակցությունը հաջողված է, և մարզի ղեկավարությունը վստահեցրեց, որ հետագայում ևս անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն այդ փոխգործակցությունը զարգացնելու և գործնական բովանդակությամբ լցնելու ուղղությամբ: Մեր միջմարզային համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի շատ կարևոր բաղադրիչ է։ Այն վերջին ժամանակներս ակտիվորեն զարգանում է, երկու կողմերն էլ դրա նկատմամբ աճող հետաքրքրություն են ցուցաբերում։

Ես շնորհակալություն հայտնեցի մարզի ղեկավարությանը ռուսաց լեզվի կենտրոնների գործունեության համար լավ պայմաններ ստեղծելու առիթով։ Մասնավորապես Մալիշկա գյուղում գործում է Լոմոնոսովի անվան դպրոց` ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ, իսկ Մոսկվայի տան գծով բացվել է ռուսական կենտրոն` ռուսաց լեզվի անվճար ուսումնասիրությամբ։ Կենտրոնը նոր է սկսել աշխատել, բայց արդեն լավ արդյունքներ կան։

Ջերմուկում գործում է նաև ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց։ Այնտեղ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գծով է բացվել կենտրոնը։ Մենք շփվեցինք դասախոսական կազմի, աշակերտների հետ։ Այցը թույլ տվեց ավելի առարկայական, տեղում քննարկել այն կարիքները, որոնք ունի դպրոցը, և այն ուղիները, որոնցով օգտակար կլինի աջակցել: Շատ կարևոր է, որ ուղևորությանը մասնակցում էին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչը և Մոսկվայի տան գլխավոր տնօրենը։ Դա լավ, առարկայական շփում էր: Անշուշտ, կարևոր էր զգալ մարդկանց տրամադրությունները։

-Ի՞նչ կարող եք ասել սովորական քաղաքացիների այդ տրամադրության մասին։

-Իհարկե, մարդիկ անհանգստացած են ներկա իրավիճակի պատճառով, մտածում են, թե ինչպես է այն հետագայում զարգանալու` հաշվի առնելով եղած իրադարձությունները։ Ես նաև զգացի, և այդ մասին ինձ ասում էին տարածաշրջանի ղեկավարները, որ, ամեն դեպքում, մարդիկ հույս են դնում Ռուսաստանի վրա, ի դեմս նրա տեսնում են գլխավոր դաշնակցի և անվտանգության երաշխավորի։

Ինձ հարցնում էին` ինչպես է Ռուսաստանը նայում այս ամենին, ինչ կարելի է ակնկալել իրավիճակի սրման դեպքում։ Իմ տպավորությամբ անվտանգության առումով խոցելի շրջանների բնակիչները, որտեղ էսկալացիաներ են եղել, և պահպանվում է նման իրավիճակի կրկնության ռիսկը, շատ լավ են զգում, որ եթե Հայաստանի գործընկերներից որևէ մեկի վրա կարելի է հույս դնել, ապա առաջին հերթին Ռուսաստանի։

Ռուսաստանը այստեղ է, ներկա է, և մեր զինվորականներն են, սահմանապահները: Մարդիկ դա տեսնում են ամեն օր, տեսնում են իրական աշխատանքը։ Կարևոր էր դեսպանի շուրթերից լսել հաստատում, որ Ռուսաստանը կատարել է և կատարելու է իր դաշնակցային պարտավորությունները` չնայած երկրի առջև ծառացած խնդիրներին, աշխարհաքաղաքական իրավիճակի ողջ բարդությանը։ Ռուսաստանը տարածաշրջանից չի հեռանում և իր պարտավորություններից չի հրաժարվում։

- Դուք նշեցիք Ռուսաստանի ներկայությունը որպես անվտանգության և տարածաշրջանային կայունության երաշխիք։ Կայունության երաշխիք է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը։ Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել այն տրամադրությունների, հայտարարությունների մասին, թե Ռուսաստանը չի հասցնում, չի կարողանում ազդել տեղի ունեցող գործընթացների վրա։

-Ինձ թվում է՝ քննարկումներն այն մասին, թե Ռուսաստանը իբր հեռանում է, ցանկության բարձրաձայնում է։ Հավանաբար մարդիկ հույս ունեն, որ միտքը նյութական է դառնում, և եթե այն անընդհատ բարձրաձայնեն, դա տեղի կունենա: Ամենայն վստահությամբ ասեմ, որ դա Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում։

Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը դե ֆակտո այդ տարածաշրջանի մի մասն է՝ թե՛ աշխարհագրության, թե՛ պատմության, թե գոյություն ունեցող կապերի շնորհիվ։ Բացի այդ, մենք պարտավորություններ ունենք Հայաստանի նկատմամբ և չենք պատրաստվում հրաժարվել այդ պարտավորություններից։ Մեր` մտացածին հեռացման մասին խոսակցությունները շահարկումներ են։

Ռուսական ռազմակայանը, խաղաղապահ զորակազմը և սահմանապահները, որոնց թիվը 2020 թվականի իրադարձություններից հետո ավելացվել է հայկական կողմի խնդրանքով, և դրանք տեղակայվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ այս ամենը կայունության և սրացման կանխարգելման շատ կարևոր գործոններ են։ Կրկնեմ՝ ռուսական ներկայության դերը զգալու համար, հավանաբար, պետք է խոսել սահմանամերձ գյուղերի, ավանների, Ղարաբաղի բնակիչների հետ։

Նրանց կարծիքն առավել մոտ է իրականությանը։ Կա քաղաքական քարոզչություն, բայց կա և իրական կյանքը։ Եվ պետք է ելնել նրանից, թե ինչպես են այդ ներկայությունը գնահատում այն մարդիկ, ովքեր ապրում են այդ շրջաններում և որոնց համար «անվտանգություն» բառը դատարկ խոսք չէ։

Իհարկե, այդ ներկայությունը պետք է պահանջված լինի մեր դաշնակցի կողմից։ Ես ելնում եմ նրանից, որ այդպես էլ կա։ Թեև մենք ուշադրություն ենք դարձրել վերջին շրջանում արված որոշ հայտարարությունների, թե ռուսական ռազմական ներկայությունը կարող է դիտարկվել որպես անվտանգությանը սպառնացող։ Բայց ես դա ավելի շատ վերագրում եմ հռետորաբանության տարրին, որը չի արտացոլում Հայաստանի ղեկավարության իրական դիրքորոշումը։

Երկրորդ տարրը, որի մասին ուզում եմ ասել, այն է, որ, լուծելով կայունության պահպանման, անվտանգության տեսանկյունից խոցելի շրջանների բնակչության անվտանգության ապահովման խնդիրը, Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում է տարածաշրջանում և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ։

- Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Շատերն են հարցնում, թե ինչու են ՌԴ խաղաղապահները թույլ տվել այս իրավիճակը։ Իհարկե, նրանց բացատրում են, որ եթե ռուս խաղաղապահները լիազորությունների, մանդատի սահմաններից դուրս գան, նրանց մանդատի կորուստ է սպառնում, ինչն, ի դեպ, ցանկանում են որոշ երկրներ։ Սա հաշվի առնելով՝ ինչպե՞ս է այժմ ընթանում բանակցային գործընթացը։

- Որքանով ինձ հայտնի է, ինտենսիվ աշխատանք է ընթանում։ Թե՛ երկրի ղեկավարության, թե՛ զորախմբի հրամանատարության մակարդակով։ Աշխատանքը շատ բարդ է, այն բախվում է բազմաթիվ գործոնների։ Պետք է գտնել այնպիսի հանգուցալուծում, որը կապահովի այն խնդրի լուծումը, որի մասին ի սկզբանե պաշտոնապես հայտարարել էր Ռուսաստանի ղեկավարությունը՝ ասելով, որ միջանցքը պետք է ամբողջովին բաց լինի։

Աշխատանք է տարվում բոլոր կողմերի հետ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իրավիճակին։ Միաժամանակ զորակազմը շարունակում է իրականացնել այն գործառույթները, որոնք իրեն վերապահված են։ Խնդիրը կապված է մի շարք հարցերի հետ, ներառյալ կողմերի կողմից եռակողմ հայտարարություններում (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների) ամրագրված բոլոր պայմանավորվածությունների կատարումը։

-Ի դեպ, հայտարարությունների մասին․․․ Ռուսական կողմը բազմիցս նախագահի, արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով ասել է, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի ռուսական տեսլական, ռուսական լուծում և կա արևմտյան հայեցակարգը։ Որքանով հասկանալի է՝ արևմտյան հայեցակարգը ենթադրում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի իրավասությանը։ Այս առումով ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը։

-Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է առաջին հերթին այն պոստուլատի վրա, որ պայմանավորվածությունների ձեռքբերումն առաջին հերթին հենց կողմերի գործն է:

-Ռուսաստանը որևէ մեկին որևէ բան չի՞ ստիպի…

-Հենց այդպես է, և այդ մասին մեր նախագահն ասել է Սոչիի հանդիպման արդյունքներով, որքան հիշում եմ։ Մենք կարգավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտել ենք, և նախագահն այդ մասին խոսել է, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերին։ Սա այն հարցն է, որը պետք է երկու կողմերը լուծեն։ Ռուսաստանում ուշադրություն են դարձրել Պրահայի հայտարարությանը, որտեղ հղում կար նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններն ու տարածքային ամբողջականությունը ճանաչող Ալմա Աթայի հռչակագրին։

Ռուսաստանում դա ընկալեցին որպես հայկական կողմից որոշակի տեղաշարժ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դիրքորոշումներում։ Այդ թեմայով մեկնաբանություններ է տվել Սերգեյ Լավրովը։ Ես հիմա չէի ցանկանա խորանալ այդ իրավաբանական, իրավական մանրամասների մեջ։ Բայց, բնականաբար, Ռուսաստանը ելնում է նրանից, թե ինչպես են կողմերը տեսնում իրենց համար ընդունելի տարբերակները։

Ռուսաստանն իր կողմից պատրաստ է աջակցել, որպեսզի այդ պայմանավորվածությունը ձեռք բերվի։ Միաժամանակ Ռուսաստանի համար մեկ չէ, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղի հետ, և թե ինչպես կդասավորվի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ հայ բնակչությունն իրեն հարմարավետ և ապահով զգա այնտեղ։ Ի վերջո, հենց դա է նաև խաղաղապահ զորախմբի հիմնական նպատակը։ Ես համոզված եմ, որ խաղաղությունը կարող է ամուր լինել միայն այն դեպքում, երբ հակամարտող կողմերը խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած բանաձևն ընկալում են որպես արդարացի բանաձև։

- Չեմ կարող չանդրադառնալ երկկողմ օրակարգին․․․ Չնայած սոցցանցերում և այլ հարթակներում երբեմն նկատվող բացասական տրամադրություններին` երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում ակտիվորեն զարգանում են, մենք տեսնում ենք ներդրումների աճ, ընդ որում՝ փոխադարձ։ Ի՞նչ կարող եք ասել այս հարաբերությունների դինամիկայի և գուցե դրանց խութերի մասին:

- Այո՛, առկա իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Բայց եթե ընդհանուր գնահատական տանք, ապա մեր հարաբերությունները շարունակում են դաշնակցային մնալ։ Եվ բոլորովին վերջերս այդ մասին հստակ ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար (Դմիտրի) Պեսկովը։ Բարդություններ կան, մենք դրանք տեսնում ենք քաղաքական, տարածաշրջանային անվտանգության ոլորտների հետ կապված հարցերում։ Կան նաև հայկական ղեկավարության հայտարարությունները՝ ռուսական խաղաղապահ զորախմբի քննադատությամբ։

Իհարկե, դա մեզ չի ուրախացնում, մենք չենք կարծում, որ նախ արդարացի է, երկրորդ՝ ճիշտ է հրապարակավ քննադատել` հաշվի առնելով այն դերը, որ ունի Ռուսաստանը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման գործում։ Այնուամենայնիվ, ներկա իրավիճակն ամեն դեպքում ցույց է տալիս, որ մեր հարաբերություններն ամուր առանցք և շատ լավ ներուժ ունեն։ Դուք նշեցիք տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Այն իսկապես շատ դինամիկ է։

- Ցուցանիշները մեծանում են…

- Դա թե՛ օբյեկտիվ պատճառներով է, թե՛ երկու կողմից էլ իրական հետաքրքրություն կա…

- Գազի, նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորումը…

- Սա առանձին թեմա է, առանձին հոդված՝ կապված Եվրասիական տնտեսական միության գործունեության հետ։ Եվ պետք է ասեմ, որ Հայաստանը շատ լավ դեր է խաղում այդ ինտեգրացիոն միավորման զարգացման գործում։ Եվ դա նույնպես մեր հարաբերությունների մի մասն է:

Մենք շատ ակտիվ մշակութային փոխանակում ունենք։ Անցյալ տարին հոբելյանական էր մեր հարաբերություններում, մենք Հայկական մշակույթի օրեր անցկացրինք Ռուսաստանում և Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում։ Ես նախկինում ռուսաստանցի երաժիշտների, կատարողների, դիրիժորների Հայաստան գալու այսպիսի ինտենսիվություն չեմ հիշում։ Սպիվակովն էր այստեղ, օպերային երգչուհի Խիբլա Գերզմավան, Ֆեդոսեևը, Պլետնյովը։ Վերջերս այստեղ էր Դենիս Մացուևը: Պետք է ասեմ, որ մեր բոլոր ականավոր կատարողները շատ բարձր կարծիք են հայտնում Հայաստանի մասին։ Մեր հոգևոր կապերը կան, և դա շատ կարևոր է։

- Մենք բոլորս նույն միջավայրում ենք մեծացել, բայց ազգային առանձնահատկությունների շեշտադրմամբ: Կա օբյեկտիվ իրականություն, կան կապեր, որոնք ոչ մի կերպ չեն կարող խզվել։ Ի դեպ, խզման մասին: ԱՄՆ-ն ու Եվրոպան բավական ակտիվացել են տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում։ Այս համատեքստում, իմ կարծիքով, Ռուսաստանի ԱԳՆ-ն բավականին զուսպ, բայց թերահավատորեն ընդունեց Հայաստան ԵՄ նոր առաքելություն ուղարկելու լուրը։ Ի՞նչն է նրան անհանգստացնում:

- Մեր կարծիքով` նմանատիպ ներկայության ավելացված արժեքն իսկապես տեսանելի չէ մեզ համար: Փոխարենը մեզ քաջ հայտնի է, թե այժմ ինչ գիծ են տանում մեր արևմտյան ընդդիմախոսները` ներառյալ Եվրամիությունը, որն ըստ էության ՆԱՏՕ-ի կցորդն է դառնում։ Եվ լավ հայտնի է նրանց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ նրան ռազմավարական պարտության հասցնելու առումով։

Հասկանալի է, որ համապատասխան գործողություններ են ձեռնարկվում ոչ միայն Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, այլև ավելի լայն համատեքստում։ Ես ուշադրություն եմ դարձրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի վերջերս տված հարցազրույցում արված հայտարարությանը, որտեղ ուղղակիորեն խոսվում է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ակտիվացման մասին, ինչն իբր պահանջում է արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը։

Տեսնում եք, թե ինչպես է կառուցվում տրամաբանությունը, այսինքն՝ մտահոգում են ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը, այլ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ակտիվացումը։ Նման մոտեցումը, բնականաբար, մեզ էլ է անհանգստացնում։ Մենք կողմ ենք ցանկացած ջանքերի, քայլերի, որոնք կօգնեն կարգավորման հասնել։ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ բոլորովին այլ խնդիրներ, նպատակներ են խառնում, որոնք չեն նպաստում կայուն խաղաղության հաստատմանը։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ չնայած անհիմն ենթադրություններին, շահարկումներին, չնայած առկա խնդիրներին` Ռուսաստանը շարունակում է Հայաստանի դաշնակիցը մնալ, Հայաստանին որպես իր դաշնակից է ընկալում։ Եվ դրանով են որոշվում այն գործողությունները, որոնք ՌԴ-ն ձեռնարկում է ինչպես երկկողմ հարաբերությունների ոլորտում, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում։

Ռուսաստանը շատ կարևոր է Հայաստանի, ՀՀ քաղաքացիների համար, և Հայաստանը շատ կարևոր է Ռուսաստանի համար, կարևոր է հայերի դերը Ռուսաստանի կյանքում, նրա զարգացման և ամրապնդման գործում։ Եվ դա մեր ազգային կյանքի շատ արժեքավոր մասն է։ Մենք պետք ենք միմյանց։ Եվ այս ճշմարտությունն ավելի քան երբևէ արդիական է այն բարդ իրավիճակում և այն տուրբուլենտության մեջ, որում գտնվում ենք մենք:

 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19