Հայկական ճարտարապետության գլուխգործոցներից և հայ արվեստի պարծանքներից մեկը՝ Բղենո Նորավանքը

22.12.2022 11:27
3001

Լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 8-րդ համարը, որը նվիրված է Սյունյաց աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկին՝ Բղենո Նորավանքին:

A3 չափսի 52 էջանոց համարը բացվում է Սամվել Ալեքսանյանի առաջնորդող հոդվածով, որը ներկայացնում ենք ստորև:

https://cutt.ly/d0KIZVe

***

Ժամանակն է փառաբանական խոսք ասելու Սյունյաց աշխարհի 48 վանքերից ևս մեկի՝ Բղենո Նորավանքի մասին: Աստծո այդ տաճարը բացառիկ տեղ է զբաղեցնում ոչ միայն Սյունիքի, այլև հայոց աշխարհի սրբավայրերի շարքում:

Սրբավայրը, սակայն, յուրահատուկ ճակատագիր է ունեցել: Դարեր շարունակ անհայտ էր վանքի տեղը, պատմիչներն անորոշ և իրարամերժ տեղեկություններ են հաղորդել դրա գտնվելու ճշգրիտ վայրի մասին: Եվ միայն 1932 թվականին եղավ Բղենո Նորավանքի վերահայտնությունը: Այդ վերահայտնությունը, վերին պարգևումով, եղավ հայոց մեծերից մեկի՝ Ակսել Բակունցի կողմից: Նա է իմանում վանքի տեղը և տեղեկացնում հնագետ Սեդրակ Բարխուդարյանին, ինչից հետո հնագետը, գիտական արշավախմբի հետ, ուսումնասիրում ու մանրամասն ներկայացնում է հուշարձանախումբը:

Մեր հավատքի գեղեցիկ այդ շինվածքի ճակատագրի յուրահատկությունը, սակայն, նրա՝ դարեր շարունակ անհայտության մեջ մնալը չէ սոսկ: Բղենո Նորավանքն այն սրբավայրերից է, որի փառքը միայն անցյալին չի պատկանում, այլև (ու ավելի շատ) ներկային՝ մեր ժամանակներին: Եվ դա՝ շնորհիվ «Էջմիածնի ավետարանի» (989 թվական), որ եզակի կանթեղ է քրիստոնեական վարդապետությամբ հայոց տունը լուսավոր պահելու գործում: Ճակատագրի կամոք, սակայն, դարեր շարունակ «Էջմիածնի ավետարանի» կամ «Փղոսկրե ավետարանի» գրչության վայրը սխալմամբ համարվել է Էջմիածինը՝ անտեսելով գրչության իսկական վայրի անունը, որ Բղենո Նորավանքն է:

Ժամանակն է, որ մեր հոգևոր իշխանությունները, Գիտությունների ազգային ակադեմիան անդրադառնան այդ հարցին և «Էջմիածնի ավետարանը» վերանվանեն Բղենո Նորավանքի ավետարան կամ Սյունյաց ավետարան: Նման քայլով կվերականգնվեին հարցի գիտականությունն ու պատմական ճշմարտությունը:

Հանդեսի սույն համարով ներկայացնում ենք վանքին առնչվող առավել կարևոր ու արդիական հրապարակումները: Մատուցվող նյութերը, սակայն, չեն պատասխանում վանքին առնչվող բոլոր հարցերին: Մենք էլ հավակնություն չունենք վիճելի հարցերին անդրադառնալ և պատասխան տալ, քանզի տեսականորեն անգամ հնարավոր չէ: Եվ դա այնքան ժամանակ, քանի դեռ տարածքում ու մերձակայքում ամբողջական պեղումներ չեն կատարվել:

* * *

Ընթերցողին շփոթմունքից զերծ պահելու և ճիշտ կողմնորոշելու համար հիշեցնենք, որ հայոց մեջ չորս Նորավանք ենք ունեցել:

Առաջին Նորավանքի մասին տեղեկություն կա Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» գրքում (թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Վարագ Առաքելյանի, «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969):

Ըստ պատմիչի՝ Խաչենի տեր Ատրներսեհը (Սյունիքի տեր Սահլիի որդին էր՝ Հայկի տոհմից) դառնում է նաև Գեղարքունիքի տեր, ապա գերեվարվում ու քշվում Պարսկաստան (9-րդ դարավերջ):

«Ատրներսեհին այլ իշխանների հետ տարան Պարսկաստան. այնտեղ նա մնաց շատ տարիներ. բայց տիկին Սպրամը ավելի էր բազմազանում իր բարեգործությունները. սա մեծածախս տենչանքով Սոթք գավառում (համընկնում է Վարդենիսի շրջանին- Խմբ.) ամենափառահեղ զարդերով կառուցում է Նորավանքը...», – ասում է պատմիչը (նշված գրքի էջ 266): Վանքի ստույգ տեղը հայտնի չէ:

Երկրորդ Նորավանքն Ամաղուի Նորավանքն է, որ պատմագիտական գրականության մեջ հիշատակվել է այլ անուններով ևս՝ Ամաղվա Նորավանք, Ամաղու, Ամաղուի վանք, Ավագ անապատ, Խորաձոր, Խորաձոր անապատ, Սուրբ Կարապետ, Կարմիր վանք, Սուրբ Նախավկայի վանք, Նորավան, Նորավանից վանք, Նորավանս, Նորավանց, Նորավանք Ամաղուի:

Գտնվում է Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձորի նախկին շրջանի Ամաղու գյուղի մոտ՝ Արփա գետի ձախակողմյան Ամաղու վտակի աջ, բարձրադիր ափին, լեռնալանջի վրա: Հիմնադրման ճշգրիտ թվականը հայտնի չէ: 12-րդ դարում նրա մասին արդեն կան հիշատակություններ: Նորավանքի հիմնադիրներից է Վահանավանքի՝ մեզ հայտնի վերջին հոգևորականը՝ Հովհաննեսը, ով Կապանում 11-րդ դարավերջից իշխող Համտունյան իշխանական տան ներկայացուցիչն էր (այդ մասին գրել ենք «Վահանավանք» խմբագրական հոդվածում, «Սյունյաց երկիր», 15 դեկտեմբերի 2012 թ., էջ 12): Ի դեպ, սա այն Նորավանքն է, որտեղ գտնվում է Օրբելյան իշխանների տոհմական տապանատունը: Այդ վանքում է գործել Սյունյաց Օրբելյան իշխանական տան ականավոր ներկայացուցիչ, պատմագիր Ստեփանոս Օրբելյանը, որտեղ էլ 1299 թ. ավարտել է «Սյունիքի պատմություն» կոթողային գործը: Այս վանքում մինչև հիմա պահպանվում է միջնադարյան հայ ճարտարապետության նշանավոր դեմքեր Սիրանեսի և Մոմիկի հետագիծը:

Երրորդ Նորավանքը դարձյալ գտնվել է Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառում, գավառի հյուսիսային մասում՝ Եղեգիս գետի հովտում, որ պատմագիտական գրականության մեջ կոչվել է Նորավանք Մյուս, Նորավանք Վերի (Վերին): Ճշգրիտ տեղը հայտնի չէ: Եղել է գրչության կենտրոններից:

Հայտնի է 15-րդ դարում այդտեղ ընդօրինակված երեք ձեռագիր:

Չորրորդ Նորավանքը Բղենո Նորավանքն է, որին նվիրում ենք «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի սույն համարը (Բղեն գավառում գտնվելու համար է այդպես կոչվել):

* * *

Բղենո Նորավանքի հիմնադրման մասին տեղեկություն կա Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում (էջ 221): «...Եվ այսպես ամեն տեսակ հարմարանքներով ու կարգ ու կանոնի հաստատումով վանքը ծաղկեցրեց հայոց երեք հարյուր ութսունհինգ թվականին», – գրում է պատմիչը: Ասել է թե՝ ընդհանուր 936 թվականին: Այդ փաստը, փոքր-ինչ տարբերությամբ, հաստատում է նաև մի վիմական արձանագրություն՝ 1948 թ. կազմակերպված գիտարշավի ժամանակ հայտնաբերված որմնասյան խոյակի վրա պահպանված է եղել թվականը՝ ՅՁԴ, այսինքն՝ 935:

«Այստեղ պահպանված են նաև վանքի ու հիմնադրի անունները, որոնք հաստատում են, որ դա, իրոք, Բղեն գավառի Նորավանքն է: Այդ ժամանակ ավարտվել է առաջին հուշարձանախմբի կառուցումը». սա էլ Ա. Աբրահամյանի ծանոթագրությունն է (Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», Երևան 1986 թ., ծանոթագրություն 721), հետագայում վանքը վերակառուցվել է, ավելի ճիշտ՝ այնտեղ նոր եկեղեցի է կառուցվել (Տես՝ Ա. Աբրահամյանի ծանոթագրությունները, ծանոթագրություն 724): Դա Գրիգորի (Գևորգի) և Հովհաննեսի կատարած կառուցումն է, որ ավարտվել է 1062 թվականին:

Հիմնական սկզբնաղբյուրում՝ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում խոսք անգամ չկա ո՛չ Ստեփանոսի կառուցած եկեղեցու (936 թ.), ո՛չ էլ Գևորգի ու Հովհաննես քահանայի կառուցած եկեղեցու անվանումների մասին: Սեդրակ Բարխուդարյանը վկայաբերում է քաղվածք մի հիշատակարանից («Էջմիածնի ավետարանի գրչության վայրը», «Բանբեր Մատենադարանի», № 4), որից իմանում ենք, որ Նորավանքը հիմնադրած Ստեփանոսի կողմից շինված եկեղեցին կոչվել է Սուրբ Ստեփանոս Նախավկա:

* * *

Անկարելի է չհիշել վանքի երախտավորներից մի քանիսին ու չխոնարհվել նրանց հիշատակի առջև: Երախտավորների շարքում առաջինը, անշուշտ, Ստեփանոսն է՝ քահանայական աստիճանի կոչված, որ հիմնադիրն է Բղենո Նորավանքի: Նրա մասին տեղեկություններ է հաղորդում Սյունյաց տան պատմիչն իր պատմության ԽԷ գլխում (էջ 221): Ստեփանոսը Սիսական տոհմից էր՝ Գևորգի որդին: Մանկությունից ուսում է առել աստվածային ծերերի մոտ: Նա, ինչպես պատմիչն է վկայում, սովորեց ու դաստիարակվեց ամենայն կատարելությամբ, զարգացավ ներքնապես ու արտաքնապես, գիտականորեն ու գործնականորեն: Մահացավ 970 թվականին՝ նավասարդ ամսվա 17-ին: Թաղվել է եկեղեցու մոտի գերեզմանոցում, որի հետքերը, սակայն, չեն պահպանվել:

Հայր Ստեփանոսի կրթության և դաստիարակության գործում վճռորոշ դեր է խաղացել Հովհաննես 5-րդեպիսկոպոսը (գահակալել է 882-918 թթ.): Նրա կողմից էլ ստացել է քահանայական կոչում (դա նշանակում է, որ Ստեփանոսը 918-ին արդեն քահանա էր):

Հովհաննես 5-րդը 9-րդ դարավերջի և 10- րդ դարասկզբի ամենահեղինակավոր հոգևորականներից էր հայոց մեջ: Նա հիմնադիրն է Տաթևի վանքի Կաթողիկե եկեղեցու: Այն հոգևորականն էր, ում իրավունք վերապահվեց 885 թ. օծել Հայոց Աշոտ Բագրատունի արքային: Այն հոգևորականն էր, ով 911 թ. մասնակցեց Վահանավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նավակատիքին, ում անունով (մեր խորին համոզմամբ) 6Վահանավանքը կոչվեց նաև Հովհաննավանք կամ Հովհաննու վանք:

Նախաշինող Ստեփանոսն ունեցել է երկու եղբորորդի: Առաջինը Քրիստափորն էր, ով որոշ ժամանակ անց դարձավ Նորավանքի ուխտի վանահայր: Երկրորդը Ստեփանոս քահանան էր, ով 989-ին գրել տվեց Ավետարանը:

Բղենո Նորավանքի առաջին եկեղեցին, որի հիմնադիրը Ստեփանոսն էր, կառուցվել է Սյունյաց Հրահատ իշխանի օժանդակությամբ: Ցավոք, այդ Հրահատի մասին տեղեկություններ չգտանք: Ըստ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմության» թարգմանության, ներածության և ծանոթագրությունների հեղինակ Ա. Աբրահամյանի՝ «Սա ուրիշ Հրահատ է, ո՛չ Քուպղիդուխտի ամուսին Հրահատը, ո՛չ էլ Տաթևի 844 և 881 թթ. կալվածագրերում հիշատակվողը: Սրա գործունեության ժամանակն ավելի ուշ է» (ծանոթագրություն 720):

Ստեփանոսի և Հրահատի հիմնադրած եկեղեցու նավակատիքին, որ տեղի ունեցավ 936 թ., մասնակցել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Հակոբը: Վերջինիս դերը, անշուշտ, ավելի մեծ է եղել, քան մասնակցությունը նավակատիքին: Կարելի է ենթադրել, որ առանց նրա հովանավորության ու քաջալերանքի, հնարավոր չէր լինի հիմնադրել Աստծո այդ տաճարը, որ հենց նա է 936-ին օծել:

Տեր-Հակոբը Սյունյաց եպիսկոպոս Հակոբ առաջինն էր (918-958 թթ.), ով, ցավոք, ապստամբ եղավ Մայր աթոռի և մասնավորապես Ամենայն հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու դեմ (հարցը հանգամանալից քննարկել ենք մեր հեղինակած «Վահանավանք» խմբագրականում, «Սյունյաց երկիր», 15 դեկտեմբերի 2012 թ., № 30): Մոտ 8-9 տարի տևած ապստամբության ժամանակ նա ապաստան էր գտել Բաղքի Ձագիկյան իշխանների մոտ: Այդուհանդերձ մինչև կյանքի վերջ (958 թ.) մնաց Սյունյաց թեմի առաջնորդ, Հայոց եպիսկոպոսների գլուխ: Հանուն ճշմարտության ասենք՝ Հակոբը նաև շինարարի համբավ ուներ: Նրա օրերում կառուցված եկեղեցիներից ու վանքերից մեկն էլ Բղենո Նորավանքն է:

970 թվականին մահկանացուն կնքած նախաշինող Ստեփանոսին, իբրև ուխտի առաջնորդ, հաջորդել է նախ՝ Հրահատը, ապա՝ Ստեփանոսի եղբորորդի և աշակերտ Քրիստափորը:

Արդարացի կլիներ, եթե Բղենո Նորավանքի հիմնադիր Ստեփանոսի կողքին նշեինք նաև Գրիգորի (Գևորգի) և Հովհաննեսի անունները, թեև նրանք այնտեղ գործեցին մոտ հարյուր տարի հետո: Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ «Հայր Գևորգի և Հովհաննես քահանայի ժամանակը հիշված չէ, բայց հավանաբար 11-րդ դարն է»: Հետագայում նրանց ժամանակը ճշտվել է: Հենց նրանք 1062 թ. կառուցեցին վանքի երկրորդ եկեղեցին (կամ վերակառուցեցին արդեն կառուցվածը), որ վերանորոգումից հետո պահպանվում է մինչև հիմա: Ու կառուցեցին, ինչպես պատմիչն է վկայում, շատ գեղեցիկ հորինվածքով:

Վանքի երախտավորների ցանկում ոսկե տառերով են գրված Հովհաննես գրիչի (ով 989 թ. ընդօրինակեց «Փղոսկրե ավետարանը» («Էջմիածնի ավետարանը»), ինչպես և պատվիրատու Ստեփանոս քահանայի անունները:

Շինարարական բնույթի վերջին արձանագրություններից իմանում ենք, որ վանքի «վերջին աշխատողները» եղել են Սարգիս երեց Գողթանացին, Լիանոս Սվարեցին:

Ըստ Գագիկ Սարգսյանի՝ «...Դրանք այն վարպետներն են եղել, ովքեր 1407 թ. վերանորոգել են գավթի երկու թևերը» («Էջմիածին» պատմաբանասիրական հանդես, № 6, 1952 թ.): Միանգամայն այլ հարց է, թե նրանք միայն գավթի՞ թևերն են կառուցել, թե՞ եկեղեցու մյուս մասերը նույնպես:

Առկա վիմական արձանագրություններից (շինարարական բնույթի) իմանում ենք, որ եկեղեցու (ՇԺԱ=1062 թ. կառուցված) հիմնադրությունը եղել է Գրիգոր արքայի թագավորության և Սյունյաց եպիսկոպոս Հովհաննու հայրապետության ժամանակ:

Գրիգոր արքան Սյունիքի Գրիգոր առաջին թագավորն էր՝ Ավագ Աշոտյան ցեղից, Սմբատ թագավորի եղբայրն ու հաջորդը, Սյունյաց չորրորդ թագավորը:

Թագավորել է 1051-1072 թթ., թաղվել է Վահանավանքում: Գրիգոր արքայի դեմքը վերականգնել է պրոֆեսոր Ճաղարյանը, կիսանդրին պահվում է Կապանի երկրագիտական թանգարանում:

Սյունիքի մետրոպոլիտ Հովհաննեսը Սյունիքի պատմության մեջ շատ հայտնի Հովհաննես 7-րդն է, ով մահացավ 1058 թ.: Իր ավելի քան կես դար տևած գործունեության ընթացքում կարողացավ վերականգնել Սյունյաց եկեղեցու բոլոր իրավունքները, վերադարձնել Տաթևի վանքի բոլոր կալվածքները, կարողացավ հասնել Սյունյաց միտրոպոլիտության վերականգնմանը, որ մինչ այդ վերացրել էր կաթողիկոս Անանիա Մոկացին:

Ուշագրավ է Ստեփանոս Օրբելյանի կողմից նրան տրված գնահատականը՝ «... Աստծու բախտավոր ու բազմերանելի այր, այն մարած տան և մեր ամբողջ Սիսական աշխարհի երկրորդ Լուսավորիչ ու երկրորդ նորոգիչ Տեր-Հովհաննեսը... Նա արյունակից-ազգական էր հայոց կաթողիկոս Տեր- Սարգսին» (էջ 254):

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ «Գագիկ թագավորն ու Կատրամիդե թագուհին թախանձելով կաթողիկոսին՝ Տեր-Հովհաննեսին մեծահանդես շքեղությամբ ձեռնադրել են տալիս Սյունյաց մետրոպոլիտ: ... Այդպիսով նորոգում են Սյունյաց առաքելական մեծ աթոռի աստիճանն ու պատիվը՝ առաջվա ձևով» (էջ 259):

Ս. Մնացականյանի կարծիքով, ինչը պարզ է դառնում շինարարական արձանագրություններից, «... Շինարարությունը, որի հիմնական կտիտորն էր Սյունյաց եպիսկոպոս Հովհաննեսը, գահակալել է 1006- 1058 թթ.: Շատ գործեր է կատարել: Վերականգնել է Սյունյաց մետրոպոլիտությունը, որը խափանվել էր Անանիա Մոկացու կողմից: Հետ է վերադարձրել Տաթևից խլված կալվածքները: Կրկին վերաշինել է ավերված վանքը և այլն» (Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը):

* * *

Հայ գրչության և մանրանկարչության եզակի հուշարձաններից մեկը՝ «Էջմիածնի ավետարանը» կամ «Փղոսկրյա ավետարանը» 989-ին ընդօրինակվել է Բղենո Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում: Ավետարանը ներկայումս գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (Ձեռագիր № 2374):

Բաղկացած է գեղեցիկ երկաթագրով գրված չորս ավետարանից: Ձեռագրի հիշատակարանում գրված է գրչության վայրը՝ Նորավանք, ստացողը՝ «Ստեփանոս կրոնավոր և անարժան քահանայ հայկազնեա» և գրիչ՝ Յովհաննէս, գրչության թիվը ՆԼԸ=989:

Մեկ այլ հիշատակարան էլ հայտնում է, որ Ավետարանը ՈԿԲ (1213 թ.) ոմն Գուրժին՝ որդի Վահրամի, գնել է և նվիրել Մաղարդա վանքին:

Այդ կայանից էլ Ավետարանն Էջմիածին է փոխադրել Մակար եպիսկոպոսը (հետագայում՝ կաթողիկոս), որտեղից էլ տեղափոխվել է Մատենադարան:

Էջմիածնի ավետարանին մանրամասն անդրադարձ է կատարվում սույն համարում: Բայց և տեղին ենք համարում մեջ բերել մի հատված միջնադարյան Հայաստանի ողջ ձեռագրական հարուստ ժառանգության եզակի այդ հուշարձանի վերաբերյալ Նիկոլայ Քոթանջյանի խոսքից: Ահա՝ «Հայ միջնադարյան արվեստի պատմության մեջ այս ձեռագրի առանձնահատուկ տեղը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. հուշարձանի եզակիությամբ, ուր միավորված են պատկերազարդ Ավետարանը, որն իր հազարամյակը բոլորեց 1989-ին, ինչպես նաև VI դարի փղոսկրյա քանդակազարդ կազմը և նույն ժամանակում արված վերջի չորս մանրանկարները, ինչպես բուն Ավետարանի, այնպես էլ նրա վերջում կցված մանրանկարների ու կազմի հարթաքանդակների գեղարվեստական բարձր մակարդակով, այդ ամենի հնամենիությամբ, ուստի և ոչ միայն հայկական, այլև ամբողջ վաղ քրիստոնեական արվեստի պատմության մեջ դրանց ներկայացրած պատկերային տիպերի հազվագյուտ բնույթով և, ի վերջո, հուշարձանի բոլոր բաղկացուցիչ մասերի հիանալի պահպանվածությամբ» (Էջմիածնի ավետարանը, «Անահիտ» հրատարակչություն, 2000 թ., էջ 5):

Համարում բազմակողմանի խոսակցություն է վարվում նաև Ավետարանի փղոսկրյա կազմի մասին, որի հանդեպ գիտական հանրույթի հետաքրքրությունը շարունակվում է մինչև հիմա:

* * *

Բղենո Նորավանքն այդքան հարուստ, ավարտուն, սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է: Այդ կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է զբաղեցնում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով, որոնք սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փուլային նմուշներից են:

Համարում պատշաճ անդրադարձ ենք կատարում սրբավայրի պատկերաքանդակներին:

Թեմայի վերաբերյալ, կարելի է ասել, նոր հայացք է արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Զարուհի Հակոբյանի հոդվածը:

Մինչ այդ հիշենք պատկերաքանդակներին տրված գնահատականներից մեկը՝ Ստեփան Մնացականյանի դիտարկումը. «Բղենո Նորավանքի պատկերաքանդակներն առանձնակի նշանակություն են ստանում հայ քանդակագործական արվեստի պատմության համար, ընդ որում՝ Բղենո Նորավանքն Աղթամարից հետո միակ հուշարձանն է, որն այնքան հարուստ է պատկերաքանդակներով և, Աղթամարի հետ մեկտեղ, պատկանում է այն եզակի կառուցվածքների թվին, որտեղ հայ քանդակագործները հնարավորություն են ունեցել դրսևորել մեծ վարպետություն: ... Բղենո Նորավանքի պատկերաքանդակների ուսումնասիրությունը կասկած չի թողնում, որ այստեղ մենք գործ ունենք Ավետարանի հիմնական ցիկլի և հատկապես Քրիստոսի կյանքն ու գործունեությունը պատկերող սյուժեների հետ, որովհետև մեզ հասած ութ պատկերաքանդակից վեցում առկա է Քրիստոսը» (Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան- 1960, էջ 225):

* * *

Սրբավայրի վերահայտնությունից հետո՝ 1934-ին Գորիս այցելած արշավախումբը (Սեդրակ Բարխուդարյանի գլխավորությամբ) ուսումնասիրեց հուշարձանը: Երկրորդ անգամ գիտական արշավախումբը (դարձյալ Սեդրակ Բարխուդարյանի գլխավորությամբ) Նորավանք եկավ 1938-ին:

Նորավանքի հանդեպ հետաքրքրությունն ակտիվացավ 1946 թվականից սկսած:

1950-ին հուշարձան-սրբավայրը մաքրվեց ծառերից, թփերից: Աշխատանքներին մասնակցում էին Բարձրավան գյուղի բնակիչները, Գորիսից ժամանած վարպետները:

1958 թ. Հայաստանի Մինիստրների սովետի շինարարության և ճարտարապետության գործերի կոմիտեի նախաձեռնությամբ շարունակվեցին հուշարձանի շրջակայքի մաքրման աշխատանքները, կարևորվեց վերականգնողական աշխատանքները շուտափույթ սկսելը՝ հուշարձանի հետագա քայքայումը կանխելու համար:

Վերանորոգման աշխատանքներից առաջ հուշարձանը գտնվում էր կիսավեր վիճակում: Կանգուն էին մնացել միայն գավիթը, հյուսիսային խորանը և արևելյան աբսիդը: Լրիվ քանդված էր հարավային խորանը և արևելյան պատի երեսապատը: Արևելյան պատի հիմքն այնքան խարխլված էր, որ ամեն րոպե եկեղեցին կարող էր փլուզվել: Ծածկից մնացել էր միայն մեկ բազալտե հարթ սալ, դահլիճի առաստաղի թաղը կիսաքանդ էր, իսկ արևելյան աբսիդը մոտ 20 սմ հեռացել էր տեղից: Եկեղեցու հիմքը խախտվելու պատճառով պատը կախվել էր ձորի վրա և կարող էր ամբողջովին կործանվել: Դահլիճի հարավային պատը թեքվել և անջատվել էր մյուս պատերից:

Ճարտարապետ Գ. Տոնոյանի և Ն. Պապուխյանի կողմից 1957 թ. (որոշ տեղեկություններով՝ 1958 թ.) կատարած չափագրության հիման վրա Դ. Ավետիսյանը 1959 թ. կազմեց վերանորոգման նախագիծ-նախահաշիվը և ինքն էլ լրիվ իրագործեց այն:

1958 թվականին ճարտարապետ Ա. Աբրահամյանի ղեկավարությամբ կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ անհրաժեշտություն առաջացավ լրացնել չափագրությունը, որը կատարեցին ճարտարապետներ Վ. Խաչատրյանը և Դ. Ավետիսյանը:

Վերանորոգման աշխատանքները սկսվեցին 1959 թվականին և ավարտվեցին 1961 թվականին:

Խոշոր աշխատանքներ կատարվեցին արևելյան պատի հիմքերի ամրացման ուղղությամբ:

Վերանորգման աշխատանքների ժամանակ արևելյան պատի երկայնքով կառուցեցին նոր, ավելի խոր հիմքեր, որոնք ապահովեցին հուշարձանի կայունությունը:

Վերականգնվեցին արտաքին և ներքին պատերի հարթ երեսապատերը, ճեղքված բազալտով շարված պատերը լրացվեցին նոր քարերով, դահլիճի թաղի պակասող տեղերը լրացվեցին նոր տաշված քարերով՝ հյուսիսային խորանի թաղի մնացորդների օրինակով: Ճակատները պսակող քիվերը վերականգնվեցին համաձայն պահպանված մնացորդների: Տանիքը վերականգնվեց ելունավոր ծածկասալերով:

Վերանորոգման աշխատանքների համար օգտագործվել է Սիսիանի և Գորիսի քարհանքերից բերած բազալտ քարը:

Աշխատանքների մասնագիտական ղեկավարն էր ճարտարապետ Դ. Ավետիսյանը:

Աշխատանքները կատարել են Ցոլակ Սարգսյանի և Օնիկ Մենեջյանի ղեկավարած քարտաշ-որմնադիրների բրիգադները:

Աշխատանքներին մասնակցություն է ունեցել ճարտարապետ Կ. Ղաֆադարյանը:

Եվ, այնուամենայնիվ, ճարտարապետական այդ գոհարը, նշանավոր սրբավայրը հետագա ուշադրության կարիք ունի: Մասնավորապես՝ սրբավայրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար տարածքում պետք է իրականացնել պեղումներ: Բայց պեղումներն ինքնանպատակ կլինեն, եթե դրանց չհաջորդեն վերականգնողական աշխատանքները:

* * *

2000 թ. Բղենո Նորավանքում տեղի ունեցավ աղբյուր-հուշաքարի բացման արարողություն: Այն նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:

Բազալտե հուշաքար-աղբյուրի զարդաքանդակն ու մակագրությունը կատարել է կապանցի նկարիչ Բորիս Մինասյանը: Աղբյուր-հուշաքարի օրհնության արարողությունը կատարել է Գորիսի հոգևոր հովիվ տեր Պարթև քահանա Աշոտյանը: Միջոցառմանը մասնակցել է Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

* * *

Բղենո Նորավանքին առնչվող գրականության ամբողջական մատենագիտություն դեռևս չի ստեղծվել: Ուստի և սույն խմբագրական հոդվածում փորձում ենք ներկայացնել մեզ հայտնի գրականության ցանկը, որը, կարծում ենք, կհարստացվի մասնագետների կողմից:

  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
  • Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893 (վերահրատարակվել է՝ «Հայագիտակ», Երևան, 2009):
  • Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Վարագ Առաքելյանի, Երևան, 1969:
  • Ստրժիգովսկի Յ., Էջմիածնի աւետարանը, Վիեննա, 1892, էջ 17, թարգմանությունը՝ Վ. Պիլէզիկճեան, նաև՝ «Հանդէս ամսօրեա», 1891:
  • Տեր-Ներսեսյան Սիրարբի, Էջմիածնի ավետարանի սկզբի թերթերի մանրանկարների թվականը, Երևան 1975:
  • Տեր-Ներսեսյան Սիրարբի, Հայ արվեստը միջնադարում, ժողովածու, Երևան 1975, էջ 31-55:
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 4, Երևան 1978:
  • Գ. Հովսեփյանց, Հիշատակարանք ձեռագրաց, հատոր Ա, էջ 155-156, էջ 486:
  • А. Уваров, «Эчмиадзинская библиотека», Труды Пятый арх. съезда, Москва, 1879, стр. 352-353:
  • Գագիկ Սարգսյան, «Էջմիածին» պատմաբանասիրական հանդես, № 3, 4, 6, 1952 թ.:
  • Սեդրակ Բարխուդարյան, Բղենո Նորավանք, «Էջմիածնի ավետարանի» գրչության վայրը, «Բանբեր Մատենադարանի», № 4, 1958:
  • Ստ. Մնացականյան, «989 թ. Էջմիածնի ավետարանի» մանրանկարների ուսումնասիրության շուրջ, «Տեղեկագիր հասարակական գիտությունների», № 1, Երևան 1958:
  • Ստ. Մնացականյան, Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը, Երևան 1976, էջ 97-99:
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան:
  • Ստ. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը:
  • Ս. Խանզադյան, Հայրենապատում, հատոր 2, Երևան 1981, էջ 517-521:
  • Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հինգ հատորով, հատոր 1 և հատոր 4, Երևան 1986, Երևան 1998:
  • «Սյունյաց երկիր», № 30 (271), 15 դեկտեմբերի 2012 թ.:
  • Մ. Հովհաննիսյան, Հայաստանի բերդերը:
  • Թադևոս Հակոբյան, Սյունիքի թագավորությունը պատմաաշխարհագրական առումով, Երևան 1966:
  • Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), Երևան 1968:
  • Դիվան հայ վիմագրության, պրակ II, Գորիսի, Սիսիանի, Ղափանի շրջաններ, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1960:
  • Ութմազյան Հայկարամ, Սյունիքը IX-X դարերում, Երևան 1958:
  • Նիկողայոս Ադոնց, Փղոսկրյա ավետարանի արվեստը (Երկեր հինգ հատորով, հատոր Բ, էջ 484-486), Երևան 2006:
  • Վարազդատ Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան 1992:
  • Л. Дурнова, Древние фрески Армении. Очерки по истории искуства Армении, 1939:
  • Р. Дрампян, Изучение армянской среднековый живописи, «Известия» АН. Армянский ССР (обшест. науки), 1946, № 5
  • Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Գ, Երևան 1946:
  • Նիկոլայ Քոթանջյան, Էջմիածնի ավետարանը, «Անահիտ» հրատարակչություն-2000:

     Հանդեսի սույն համարը կառուցելիս մենք չգնացինք գրականության ցանկում նշված բոլոր հրապարակումները ներկայացնելու ճանապարհով: Պատճառն այն է, որ դրանց մեծ մասը, մեղմ ասած, արդիական չեն այլևս, որ արծարծված հարցերի վերաբերյալ կան նոր դիտարկումներ և մոտեցումներ: Միևնույն ժամանակ կարևորեցինք մեր հայրենակից Գագիկ Սարգսյանի ծավալուն հոդվածի հրապարակումը՝ նկատի ունենալով, որ դա առաջին ընդհանրական խոսքն էր Բղենո Նորավանքի մասին: Կարևորեցինք Ստեփան Մնացականյանի չափազանց հետաքրքիր հոդվածները, որոնք նույնպես տեղ են գտել համարում: Առհասարակ Ստեփան Մնացականյանին մենք՝ սյունեցիներս, պարտավոր ենք հիշել երախտագիտությամբ: Նրա հեղինակած գիրքը՝ «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը» (Երևան 1960) բացառիկ ներդրում է սյունիքագիտության ոլորտում:

Գնահատանքի արժանի է Նիկոլայ Քոթանջյանի «Էջմիածնի ավետարանը» մենագրությունը («Անահիտ» հրատարակչություն-2000)՝ տպագրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:

Հեղինակի ծավալուն խոսքը տեղ է գտել սույն համարում, սակայն հարկ ենք համարում նկատել՝ մեծարգո գիտնականը, որքանով հասկացանք, չի եղել Բղենո Նորավանքում և վանքի տեղադրության վայր է համարում Վայոց ձոր գավառը, այն էլ՝ Գորիսից ոչ հեռու: Սակայն այդ վրիպակը չի կարող անդրադառնալ նրա հետազոտության գիտական մեծ արժեքին:

Սամվել Ալեքսանյան

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34