Ճիշտ է ասված՝ հայ ժողովրդի պատմության 900 տարվա ընթացքում Արամ Մանուկյանը, իբրև քաղաքական ու պետական գործիչ, հավասարը չունի։
20-րդ դարասկզբի նշնավոր ազգային գործիչ Օննիկ Մխիթարյանը գրում է՝ «... Անիկա մեր օրերու Մովսէսը եղաւ, որ առաջնորդեց մեզ բոլորս Կարմիր ծովերէն եւ Երեւանի Ազգային խորհրդարանի վրայ կախեց մեր ցեղի Անկախութեան ու Ազատութեան նուիրական նշանատախտակը»։
Ռաֆայել Իշխանյանի տեսակետն էլ անվիճելի է. «Կփրկվե՞ր արդյոք Երևանն առանց Արամ։ Հազիվ թե։ Անշուշտ Դրոն վճռական դեր խաղաց հարավային Լոռին Հայաստանի կազմի մեջ պահելու գործում, իսկ Նժդեհի շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանի մեջ։ Բայց նախ պետք է, որ Հայաստանը լիներ, որպեսզի նրա այդ մասերը միացվեին։ Արամի դերը այդ Հայաստանը ստեղծելն ու փրկելն էր 1918-ի գարնան այն անհույս, լիովին անհեռանկար թվացող օրերին»։
Ազգային, ռազմական ու պետական այդ գործչի, պատմակերտ այդ անձնավորության մասին հիշողությունը երկար տարիներ պատվել էր մոռացության շղարշով։
Անկախության շրջանում, բարեբախտաբար, մոռացության շղարշն աստիճանաբար վերացվում է։
Այդ նպատակն է հետապնդում նաև «Սյունյաց երկրի» հերթական հատուկ համարը, որի հրատարակման նախաձեռնողը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է:
Նրա նախաձեռնությամբ է, որ վերջին տարիներին թերթում ենք պատմության էջերը և նոր լույս սփռում Սյունյաց աշխարհի նշանավոր զավակների կյանքին ու գործունեությանը, նաև մեր երկրամասի պատմության հերոսական դրվագներին։ Ասվածի վկայությունն են Զանգեզուրի ինքնապաշտպանության հերոս Պողոս Տեր–Դավթյանին (18 օգոստոսի 2023 թ.) և Կապան մայրաքաղաքով Սյունիքի (Բաղաց) թագավորությանը նվիրված (15 օգոստոսի 2024 թ.) հատուկ համարները։
Մեր երկրի ու հատկապես Սյունիքի համար բախտորոշ ներկա ժամանակաշրջանում Արամ Մանուկյան պետական ու ազգային գործչին ընթերցողին ներկայացնելով՝ նաև փորձում ենք նրանից դասեր քաղելը դարձնել օրվա հրամայական։
Ինքն էր պատգամում՝ «... Մենակ ենք և պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու և թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»։
Առաջին հանրապետության հիմնադիրներից Ռոստոմն էլ ասում էր. «Վնասակար են այն սողունները, երբ փքուն խօսքեր փչելով ու փարիսեցիական ձևեր բանեցնելով՝ շահագործում են ամբոխի դիւրահաւատութիւնն ու տգիտութիւնը»։
Արամն իր ապրած կյանքով ու գործունեությամբ, իր կերպարով, հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ մեծագույն պատասխանատվությամբ կարող է և պետք է օրինակ լինի նորօրյա Հայաստանի ղեկավարների համար։
Եվ իսկապես, մեր պետական ու քաղաքական գործիչները որքա՜ն բան ունեն սովորելու Արամից։ Ասենք, օրինակ, դիվանագիտության, հաշտարարության և այլ ոլորտներում։
Կամ՝ քանի–քանի անգամ ենք ինքներս մեզ հարցրել՝ արդյո՞ք Արամը կամ նրա տեսակը (լինելու պարագայում) չէինք կարող մի նոր Սարդարապատ կազմակերպել 2020-23 թվականներին, երբ վճռվում էր հայոց հնամենի Արցախի ճակատագիրը։
***
Հայոց պատմության մեջ իբրև Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հավերժացված Արամ Մանուկյանը դեռևս Շուշիի, ապա՝ Երևանի թեմական դպրոցներում աչքի ընկավ ակտիվությամբ։
Մասնակցեց Հայ առաքելական եկեղեցու գույքի բռնագրավման մասին Նիկոլայ 2-րդի հրամանագիրը չեղյալ համարելու համար մղվող պայքարին։
1903 թվականից Կարսում էր, զբաղվում էր ազատագրական շարժման խորացմանը միտված քարոզչությամբ, Երկիր ուղարկվող զինատար խմբերի կազմակերպմամբ։
1905-ին տեղափոխվեց Վան՝ տեղի ՀՅԴ կոմիտեի իրավահավասար անդամի լիազորությամբ։ Այդտեղ էլ, առաջին հերթին, զբաղված էր հետագա պայքարի համար զենք կուտակելով։
1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո արտահայտվեց նրանց հետ համագործակցելու իր կուսակցության քաղաքական գծի օգտին։
Առաջին համաշխարհայինի սկզբնական փուլում, թուրքական իշխանությունների հետ բանակցելու միջոցով, փորձեց Վանի հայությանը փրկել ջարդից։ Բայց երբ խաղաղ միջոցներով անհնար դարձավ հայոց մեծամասշտաբ ջարդերի կանխումը, քաղաքական այլ ուժերի ու գործիչների հետ ձեռնարկեց Վանի 1915 թ. ապրիլյան ինքնապաշտպանության կազմակերպումը։
Վանի ինքնապաշտպանությունը տևեց 1915 թ. ապրիլի 7-ից մայիսի 3-ը. թուրքական գերազանցող ուժերի բոլոր հարձակումները հետ մղվեցին, ինչի շնորհիվ 150 հազար վասպուրականցի փրկվեց կոտորածից։
1915 թ. մայիսի 7-ին ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսի հրամանատարության կողմից Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ։
Նրա հետևողական ձեռնարկումների շնորհիվ Վանի նահանգապետությունը ոտքի կանգնեց, կյանքը Վան–Վասպուրականում զարթոնք ապրեց։
Սակայն Վանի նահանգապետությունը երկար կյանք չունեցավ։ Կովկասյան բանակի 4-րդ կորպուսի անսպասելի նահանջի հետևանքով հուլիսի 18-ին Վան–Վասպուրականի հայությունը հարկադրաբար բռնեց գաղթի ճանապարհը։
Արամը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ քայլին և փորձեց կանխել այն, սակայն գաղթի կասեցումն այլևս անհնար էր։
Հարկադրաբար Վանից հեռանալով՝ Արամը մինչև 1917 թ. դեկտեմբեր Թիֆլիսում էր և ակտիվ մասնակցություն էր ունենում մեր ազգային–քաղաքական կյանքին։
1917 թ. սեպտեմբեր–հոկտեմբերին Թիֆլիսում կայացած Հայոց ազգային համախորհրդակցությունում Արամն ընտրվեց արևելահայության կյանքը ղեկավարելու նպատակով ստեղծված Թիֆլիսի Հայոց կենտրոնական ազգային խորհրդի անդամ։
1917 թ. հոկտեմբերի 21-ից մինչև 1918 թ. ապրիլի 14-ը Երևանի «Աշխատանք» թերթի խմբագիրն էր նաև։
1917 թ. դեկտեմբերին Թիֆլիսի Հայոց ազգային և Հայ զինվորական խորհուրդներն Արամ Մանուկյանին՝ արտակարգ լիազորություններով, գործուղեցին Երևանի նահանգ։ Նրա խնդիրն էր՝ այնտեղ ստեղծել ամուր իշխանություն և իրականացնել զորահավաք։
1917 թ. դեկտեմբերի 18-ին Արամն արդեն Երևանում էր...
1918 թ. մարտի 24-ին, Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց ազգային խորհուրդն Արամ Մանուկյանին ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր։
Մեր պատմության եզակի դեպքերից էր, երբ ժողովուրդը կամովին ընտրեց դիկտատոր, ով էլ իր անսահմանափակ իշխանությունը մինչև վերջ օգտագործեց բացառապես հօգուտ համազգային շահերի։
1918 թ. մայիսի 15-ին թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 20-ին՝ Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Արաքս կայարանը, իսկ հաջորդ օրը՝ Սարդարապատ կայարանն ու գյուղը։
Առջևում Սուրբ Էջմիածինն էր ու Երևանը, ամենուրեք խուճապ էր...
Բախտորոշ այդ օրերին Արամ Մանուկյանը դրսևորեց ողջ հայ ժողովրդին ոտքի հանելու, թշնամուն հակահարված տալու և Հայաստան աշխարհը փրկելու բացառիկ կամք, եռանդ ու վճռականություն։
Այդ օրերին, կարելի է ասել, հայ ժողովուրդն ունեցավ իր երկրորդ Ավարայրը։ Նրա բազմադարյա պատմության մեջ տեղի ունեցան ամենավճռական ու բախտորոշ հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը և Ղարաքիլիսան։ Այդ կռիվներում հայ ժողովուրդը կարողացավ թուրքին արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։
Մայիսյան հաղթական հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախ պետականության վերականգնման համար, իսկ թուրքը ստիպված էր հաշվի նստել հայ ժողովրդի հետ ու ճանաչել մեր անկախ ապրելու իարվունքը։
1918 թ. մայիսի 30-ին Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հայտարարագիր (հռչակագիր) Հայաստանի անկախության մասին։
Եվ մինչ Ազգային խորհուրդը Թիֆլիսից կժամաներ Երևան (ինչի համար, զարմանալիորեն, պահանջվեց մեկուկես ամիս)՝ Արամ Մանուկյանը ստանձնեց Հայաստանի նախակառավարության դեր ստանձնող Երևանի ազգային խորհրդի վարչության նախագահի և զինվորական վարիչի պարտականությունները, կարողացավ նորանկախ երկիրը պահել համեմատական կայունության մեջ։
1917-ի դեկտեմբերից, կարելի է ասել, Հայաստանն անկախ էր, որն էլ գլխավորում էր Արամ Մանուկյանը։ Սակայն 1918 թ. հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունը ձևավորվեց Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։
Հայաստանի Հանրապետության փաստացի հիմնադիր Արամ Մանուկյանին նորաստեղծ կառավարության մեջ վստահվեց Ներքին գործերի նախարարությունը, որի իրավասության ներքո էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության գործերը, ինչպես նաև տեղական իշխանությունների խնդիրները։
Նոր պաշտոնում և նոր պայմաններում նրա ազգային–պետական մտածողությունն ու գործելակերպը նոր շունչ և նոր որակ ձեռք բերեցին։
Այդ ամենի մասին ընթերցողն ավելի հանգամանալից կիմանա թերթի սույն համարից։
***
20-րդ դարասկզբի հայոց պատմությունը, ազգային–ռազմական–պետական մի շարք գործիչների հետ, մեծամասամբ կապված է Արամ Մանուկյանի հետ...
Եվ համարում ներկայացվող տարբեր նյութերում արտացոլված են մարդկային այն որակները, որոնք բնորոշ էին պատմակերտ ու պետականակերտ այդ անձնավորությանը, արտացոլված են այն սկզբունքները, որ որդեգրել էր կամ որով առաջնորդվում էր նա մեր պատմության բախտորոշ հանգրվանում, երբ կանգնած էինք Հայաստանի լինել–չլինելու ստույգ վտանգին դեմ հանդիման։
Մարդկային այդ որակներից կամ հավատամք դարձած սկզբունքներից մի քանիսը կամեցանք առանձնացնել՝ հաշվի առնելով նաև դրանց արդիականությունը։
Իշխանությունը նրա համար ժողովրդի վերքերն ամոքելու, մարդկանց ծառայելու, իր գործունեությունը սեփական ժողովրդին ծառայեցնելու, ազգային երազանքները, ժողովրդի շահերը, երկրի շահերը, մարդկանց անվտանգությունը պաշտպանելու միջոց է և ոչ թե առավելություն, ոչ թե փառամոլություն դրսևորելու հնարավորություն։
Թուրքերի, ադրբեջանցիների, քրդերի հետ երկխոսելն անհրաժեշտ էր, բայց երկխոսությունը պետք է ինքնանպատակ չլիներ և արդյունք պիտի ունենար Հայաստանի ու հայ ժողովրդի համար։
Այդպիսի արդյունք ունեցանք դեռևս Վասպուրականում՝ թուրքերի հետ բանակացություններում։
Այդպիսի արդյունք ունեցանք Երևանում, երբ երկխոսություն էր տարվում հայաստանաբնակ ադրբեջանցիների հետ։
Այդպիսի արդյունք ունեցանք Խալիլի հետ հանդիպումների շնորհիվ։
Հայագետներից ոմանք շարունակում են մնալ կարծիքին՝ եթե Արամը կենդանի լիներ, ապա 1920 թ. հայ–թուրքական պատերազմը գուցե և տեղի չունենար։
Եթե Արամը կենդանի լիներ, գուցե և Կարսի մարզն ու Իգդիրը մնային Հայաստանի կազմում։
Միևնույն ժամանակ անհուն էր նրա սերն ու նվիրվածությունը հայ ժողովրդի հանդեպ, ամեն մի հայ մարդու հանդեպ։
Բավարարվենք այս թվարկումներով, թեև նրա մարդկային մյուս որակներին ընթերցողը կարող է ծանոթանալ նաև համարի նյութերում։
Իսկ վերոգրյալը թույլ է տալիս ասել՝ Արամից սովորելը, Արամից դասեր քաղելը երբեք այնքան կարևոր ու պահանջված չեն եղել, ինչպես հիմա...
***
Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցնում Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև Բաթումում կնքված՝ խաղաղության և բարեկամության մասին պայմանագրին հաջորդած ժամանակաշրջանը։
Պայմանագիրը ստորագրվեց 1918 թ. հունիսի 4-ին։
Թուրքիայի կողմից պայմանագիրը ստորագրել են Վեհիբ–Մահմեդ փաշան և Խալիլ Բեյը, Հայաստանի կառավարության կողմից՝ Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսովը։
Ստորացուցիչ այդ պայմանագրով Հայաստանի տարածքը կազմելու էր մոտ 12 հազ. քառ. կմ։
Արամ Մանուկյանը չէր կարող Երևանից միջամտել բանակցությունների ընթացքին և պայմանագրի հոդվածների համաձայնեցման գործընթացին, բայց և զուսպ, հավասարակշռված վերաբերմունք ունեցավ հաշտության պայմանագրի հանդեպ։
Հայ ժողովուրդը ցասումով ընդունեց Բաթումի պայմանագրի ստորագրումը և, ցավոք, հունիսի 6-ից Երևանում սկիզբ առած բողոքների ժամանակ նախևառաջ թիրախավորված էր Արամ Մանուկյանը։
Բաթումի հաշտության բոթը լսելուց հետո Երևանում ստեղծված վիճակը հանգամանորեն ներկայացված է Ռոբերտ Կարայանի «Փրկություն» վեպում։
Եվ, այդքանով հանդերձ, Հայաստանի կառավարությունը քայլեր էր ձեռնարկում՝ բանակցությունների միջոցով կարգավորելու հայ–թուրքական հարաբերությունները և ընդլայնելու հանրապետության սահմանները։
Այդ ընթացքում Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գերագույն հրամանատար Խալիլ Փաշան Արամ Մանուկյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնում։ Նաև կամենում է, որ Երևանի կայարանում իրեն դիմավորի Արամը։
1918 թ. օգոստոսի 31-ին Արամն անձամբ ժամանեց Երևանի երկաթուղային կայարան՝ Ալեքսանդրապոլից եկող թուրք գործչին դիմավորելու համար, գրկախառնվեց, անգամ համբուրվեց նրա հետ։
Այնուհետև, դիվանագիտական էթիկայի կանոններին համապատասխան, ընդունելություն կազմակերպեց Երևան ժամանած թուրք զորավար, եղեռնագործ Խալիլի համար։
Խալիլը, Արամի ուղեկցությամբ նաև այցելեց սպարապետ Նազարբեկյանին։
Հաջորդ օրը, դարձյալ Արամի ուղեկցությամբ, Խալիլն այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին։
Չափազանց ուշագրավ է Արամի և Խալիլի բանակցությունների մի դրվագը՝ կապված Մեղրու տարածաշրջանի հետ։ Ըստ «Հայերը և թուրքերը» գրքի՝ ՀՅԴ առաջնորդներից Ռուբենը (Տեր-Մինասյան) գրում է. «Արամը ...Խալիլ փաշայից, ով եկել էր Երևան, պահանջում էր սահմանների ընդարձակում և ապրելու հնարավորություն: Խալիլ փաշան սկզբունքորեն չէր մերժում Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխավ առաջարկում էր, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվեն Բաքվի հետ: Դրա փոխարեն պատրաստ էր Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջևանշիր ու Վարանդա: Նա առաջարկում էր զինվորական դաշինք կնքել դաշնակիցների դեմ: Այս խոսակցությունները ոչինչ չտվեցին: Միակ օգուտը եղավ այն, որ Արամի անձնական կապի շնորհիվ Խալիլ փաշան Հայաստանին շնորհեց 25 հազար փութ ցորեն գաղթականների համար և հրահանգ տվեց Բաշ-Գառնիի շրջանի Միլլի ձորի թաթարներին՝ հեռանալ` հայ գաղթականների համար տեղ բացելու նպատակով: Եկած ցորենը բաժանվեց սովահարներին, իսկ Միլլի ձորը դատարկվեց թաթարներից»:
Ըստ Արշավիր Շահխաթունու՝ Խալիլը երկրորդ անգամ է այցելել Երևան՝ գաղտնի՝ Արամի հետ բոլորովին անհայտ տեղում և գաղտնի հանդիպելու նպատակով, քանզի «կարևոր հայտնություն ուներ ասելու Արամին»։
Երկրորդ այցի և Արամի հետ հանդիպման մանրամասներին կարելի է ծանոթանալ վերոնշյալ հեղինակի «Խալիլ փաշայի հանդիպումը Արամի հետ» վերտառությամբ հոդվածում։
Ցավոք, հնարավորություն չունեցանք բոլոր այդ նյութերը զետեղել համարում, բավարարվեցինք միայն մեկ հոդված հրապարակելով։
Թուրքիայի ներկայացուցչի հետ Արամ Մանուկյանի հանդիպումները մինչև հիմա քննարկման նյութ է պատմաբանների, քաղաքագետների, նույնիսկ որոշ պետական գործիչների համար։
Ոմանք մեր օրերում, ծանոթ չլինելով այդ հանդիպումների բովանդակությանը, քննարկված հարցերի շրջանակին, անտեսելով ժամանակի առանձնահատկություններն ու Հայաստանի համար ստեղծված ծանրագույն իրավիճակը, պարզունակ դատողություններ են անում ու մերօրյա առանձին գործիչների պրոթուրքական կողմնորոշումը փորձում հիմնավորել՝ իբրև նախադեպ ներկայացնելով Արամի գործելակերպը։
***
Համարի խնդիրներից մեկն էլ Արամ Մանուկյանի ծննդավայրի հարցում ճշգրտումներ կատարելն է։
Մեծ իմաստով՝ այնքան էլ տարբերություն չկա՝ Շուշիո՞ւմ է ծնվել, թե՞ Կապանի Զեյվա գյուղում, քանզի Սյունիքի ու Արցախի ամեն մի անկյուն կամ ամեն մի բնակավայր մեզ համար հայրենիք է, սրբազան հայրենիք։
Եվ, այդուհանդերձ, մեծ հայորդու կենսագրության ամեն մի դրվագ պետք է ճշգրտված լինի։
Սկսենք արձանագրումով, որ իբրև Արամ Մանուկյանի ծննդավայր նշվում է՝ մի դեպքում՝ Շուշին, մյուս դեպքում՝ Կապանի տարածաշրջանի Զեյվա (ներկայումս՝ Դավիթբեկ) գյուղը։
Շուշիի վարկածը հատկապես զարգացրել ու հանրահռչակել է Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը հետևողականորեն ուսումնասիրող, մեծահարգ պատմաբան Արմեն Ասրյանը։
Զեյվա գյուղի վարկածը... Դեռևս 1920-ական թվականներին Արամի կուսակցական և զինակից ընկերները (նրա մասին խոսք ասելիս) իբրև ծննդավար նշում էին Զեյվա գյուղը. Սիմոն Վրացյան, Թադե... «Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան» գրքում նույնպես նշվում է՝ «Ծնուել է Ղափանի Զէյվա գիւղում, արհեստաւորի մի համեստ ընտանիքում, 1879-ին»։
Հարցին լույս է սփռում Արամ Մանուկյանի դուստրը՝ Սեդա Մանուկյանը՝ Արմեն Ասրյանին գրած նամակում։ Ահա՝ «Ինչպես ինձ հայտնի է՝ նրա ծննդավայրը Շուշին է, այդ մասին լսել եմ մանկուց՝ մորիցս, հորաքրոջիցս և այլ ղարաբաղցիներից։ Զեյվայի տարբերակի մասին տեղեկացա միայն 70-ականներին։ Հավանական է, որ այս տարբերակի ստեղծման պատճառն այն է, որ Արամի հայրը Ղափանից էր։ Արամի հայրը՝ Հարություն Հովհաննիսյանը, զինագործ էր...»։
Իսկ ահա թե ինչ է գրում Դավիթբեկ գյուղի բնակիչ, մեր թերթի բարեկամ, այլևս լուսահոգի Սաֆար Եղիազարյանը «Սյունյաց երկիր» թերթի 2009 թ. N 4–ում (Արամ Մանուկյանը ծննդյան օրվանից Սարգիս Հովհաննիսյան էր)։
– Սարգսի երկու տարեկանը չլրացած՝ մահանում է հայրը՝ Արամը, – գրում է Սաֆար Եղիազարյանը։ – Երկու տարվա ընթացքում Շուշանի (Սարգսի մոր) հարազատները գալիս–գնում են Շուշիից, ի վերջո Շուշանին համոզում են և երեխայի հետ տանում հորանց տուն՝ Շուշի։ Որոշ ժամանակ անց երևան է գալիս Մանուկյան ազգանունով (անունը մոռացել եմ) մարդ, ամուսնության առաջարկ անում Շուշանին։ Վերջինս պնդում է, որ պահպանի երեխայի Սարգիս Հովհաննիսյան անուն–ազգանունը, Մանուկյանն իրենն է պնդում։ Հաշտվում են՝ Սարգսին գրանցել հոր անունով՝ Արամ և Մանուկյան ազգանունով։ Այսպես Սարգիս Հովհաննիսյանը դարձավ Արամ Մանուկյան։
Կարծում ենք՝ վերոնշյալ փաստարկները բավարար ենք համարում եզրակացնելու կամ արձանագրելու՝ Արամ Մանուկյանն իսկապես ծնվել է Զեյվա գյուղում, և ծննդավայրի հարցը չի կարող այլևս բանավիճային լինել։
***
Արամ Մանուկյանի նկարագիրը, նրա բացառիկ դերակատարությունը ճշմարտության լույսի ներքո հասկանալու համար, պատմական ստույգ փաստերի հետ մեկտեղ, անհրաժեշտ է դիմել նաև ժամանակակիցների հուշերին ու կարծիքներին, որոնցից մի քանիսին ընթերցողը կարող է ծանոթանալ համարում։
Մեր խորին համոզմամբ՝ այդ առումով անգերազանցելի է Արշալույս Աստվածատրյանի հուշերն Արամ Մանուկյանի մասին։ Անկեղծորեն՝ հնարավոր չէ այդ հուշագրությանը ծանոթանալ առանց հուզմունքի, առանց հպարտության զգացումի։
Ուշագրավ են նաև Ռուբենի հուշերը, Արամի ու Ռոստոմի առնչությունների մասին հուշերը, Արշավիր Շահխաթունու, Վահան Նավասարդյանի, Օննիկ Մխիթարյանի և բազում այլ ժամանակակիցների հուշերը։
Շատ ափսոս, սակայն, չկարողացանք ամբողջապես դրանք ներկայացնել համարում։ Մինչդեռ հենց այսօր կարիք ունենք այդ հուշագրություններն առանձին գրքույկով հրատարակված տեսնել։
Հուշագրությունները ցույց են տալիս, թե գործնականում ինչ ասել է հայրենատիրություն, հայրենասիրություն, պետական մտածելակերպ, պետական ու ազգային շահ...
Իսկ կարծիքներ՝ որքան ուզեք...
Զորավար Մովսես Սիլիկյան. «Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու ոչ մի կարևոր քայլ չեմ անում...»։
Գարեգին Նժդեհ. «Արամն ու Վանը եկան վկայելու աշխարհին, թե, այո՛, հայությունը կարելի է ջարդել, երբ ան անզեն է, անհամերաշխ և անղեկավար, բայց ո՛չ պարտության մատնել, ո՛չ ալ կասեցնել ընթացքը հայ արիության, երբ ան կը ղեկավարվի Ցեղի Ոգիին»։
Համարում ներկայացնում ենք նաև որոշ փաստաթղթեր. դրանք արխիվներում պահպանված, ժամանակի մամուլում եղ գտած վավերագրեր են Արամ Մանուկյանի կյանքի և գործունեության մասին։
Վավերագրերը հիմնականում վերցրել ենք «Արամ Մանուկյան. փաստաթղթերի ժողովածու»–ից (գլխավոր խմբագիր՝ Ամատունի Վիրաբյան)։
Ժողովածուում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրված վավերագրերը (1903-1919 թթ.) հայտնաբերվել են Հայաստանի ազգային արխիվում ու ՀՅԴ կենտրոնական արխիվում՝ քաղված ժամանակի մամուլի էջերից և հուշագրություններից։
Առանց չափազանցության՝ ներկայացվող փաստաթղթերից յուրաքանչյուրը հետաքրքիր է։
Կուզենայինք այդ փաստաթղթերից գոնե մեկը վերհիշել՝ գրված 1918 թ. հունիսի 26-ին, ուղղված Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին՝ Հայաստանի ծանր կացության և նրա՝ շտապ կարգով Երևան գալու անհրաժեշտության մասին։
Բանն այն է, որ 1918 թ. մայիսի 28-ին կամ 30-ին հռչակվել էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումը, իսկ հայոց կառավարությունը չէր շտապում վերադառնալ Երևան։
Նամակում Արամ Մանուկյանը մասնավորապես գրում է՝ «Ամենքը զարմանում են ձեր անտարբերության վրա...»։ Եվ պահանջում է՝ նամակը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում վերադառնալ Երևան, այլապես կազմվելու է Սահմանադրական ժողով, ժողովրդի կամքով որոշվելու է երկրի բախտը–ճակատագիրը...
Եվ միայն 1918 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի Հանրապետության ոչ լիակազմ կառավարությունը և Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսից ժամանեցին մայրաքաղաք Երևան (կառավարության կազմը Երևանում ստացավ ավարտուն տեսք)։
Համարը նախապատրաստելու ընթացքում հաջողվեց գտնել նաև Արամի օրագիրը։
Պարզվում է՝ Արամը սովորություն ուներ օրագիր պահելու։ Սակայն գտնվել են միայն 1905 թ. ձմռանը և գարնանը Վանում գրված նրա հուշերը։
Օրագրային այդ պատառիկները վերստին ի հայտ են բերում նրա արտակարգ մեծությունն ու համեստությունը։ Սակայն համարի սահմանափակ հնարավորությունները թույլ չտվեցին օրագրային գրառումները ներկայացնել ընթերցողներին։
***
Արամ Մանուկյանի կերպարը հայ գրականության մեջ...
Կարևոր համարեցինք այս հարցի քննարկումը մի քանի առումով։
Նախ, որքան էլ զարմանալի է՝ մեր նոր պատմության ստեղծողը, հայ ժողովուրդի բազմադարյա երազն իրականացնողը, Ազատ և Անկախ Հայաստան կերտած անձնավորության կերպարը մեզանում գրեթե չի գեղարվեստականացվել ըստ պատշաճի։
Մյուս կողմից՝ եթե ոմանք էլ փորձել են գեղարվեստականացնել, ապա դա, մեղմ ասած, չի հաջողվել, որոշ դեպքերում էլ աղավաղվել է ամբողջովին։
Խնդրո առարկան քննարկելիս առաջին հերթին հիշեցինք Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը, որի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1966-ին, երկրորդը՝ լրամշակումներով, 1979-ին։ Եղել է նաև երրորդ հրատարակություն՝ նախկին հրատարակությունների մեկնություններով ու ծանոթագրություններով:
Վեպում Մահարին ներկայացնում է նաև Արամի կերպարը, ընդ որում՝ բացասական լույսի ներքո։
Վեպը ժամանակին ստեղծեց հակասական տրամադրություններ, այդ մասին մանրամասն տես Դավիթ Գասպարյանի «Գուրգեն Մահարի․ կյանքը և ստեղծագործությունը» մետագրությյան մեջ (էջ 354-404)։
Ճանաչված գրականագետի մենագրությունից մի հատված ներկայացնում ենք համարում։
Մեզ հետաքրքրող վեպը քննարկել է նաև գրականագետ Կիմ Աղաբեկյանը՝ «Գուրգեն Մահարի» գրքում, որից նույնպես մեկ հատված ներկայացնում ենք։ Ըստ գրականագետի՝ Մահարու սուբյեկտիվ վերաբերմունքն Արամի կերպարը զրկել է համոզչությունից։
«Այրվող այգեստաններին» անդրադարձել են նաև ուրիշ գրականագետներ (Սուրեն Աղաբաբյան, Սաթենիկ Ավետիսյան, Մուշեղ Սարուխանյան, Սեյրան Գրիգորյան…)։
Արամ Մանուկյանի մասին մեծածավալ գրականություն է ստեղծվել, և հեղինակների զգալի մասը (բացառությամբ Ա. Եկարյանի, Ա. Թերզիբաշյանի) նրան ներկայացրել են քաղաքագետի և հայրենասեր գործչի լավագույն հատկանիշներով։
Կան նաև ժամանակակիցների բազմաթիվ հուշեր, կան պատմական անթիվ–անհամար փաստեր։
Չնայած այդ ամենին՝ հայ գրականության մեծանուն դեմքերից մեկը՝ բազմաթիվ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ Գուրգեն Մահարին, աղավաղել է ազգային ու պետական անզուգական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը։
Արամ Մանուկյանի կերպարին հանդիպում ենք նաև Ռոբերտ Կարայանի «Փրկություն» վեպում, որ նաև կոչվում է «Սարդարապատի դյուցազներգություն»։ Անշուշտ, այդ վեպը 1918 թ. մայիսյան օրերի գեղարվեստական ու զորաշունչ պատմությունն է՝ պատմական փաստերի խորազնին իմացությամբ, բախտորոշ և ճակատագրական այդ ժամանակները շնչավորած։ Այդքանով հանդերձ՝ չենք տեսնում Արամ Մանուկյանի կերպարը լիարժեք ու բազմակողմանի դրսևորումներով։
Արամ Մանուկյանի կերպարին անդրադարձել է նաև Վիկտոր Գարդոնը (Վահրամ Կաքավյան)՝ «Բոսորավառ հայտնություն», «Զմրուխտավառ ասպետը», «Կյանքի կանաչ արևը» վեպերում, որոնց, ցավոք, չկարողացանք ծանոթանալ։
Ի վերջո համոզված ենք, որ Արամ Մանուկյանի կերպարը դեռ գեղարվեստականացվելու է, ու այդ ընթացքում (անպայմանորեն) հիմքում դրվելու է պատմականությունը։
***
Դժբախտաբար Արամ Մանուկյանին վիճակված չէր երկար ապրել և շարունակել հանրապետության ամրապնդմանը միտված գործունեությունը։
1918 թ. վերջին և 1919-ի սկզբներին բծավոր տիֆը Երևանում առատ հունձք էր անում...
Արամն էլ վարակվեց տիֆով, բայց սկզբնական շրջանում մնաց ոտքի վրա։
Երբ նրա հիվանդությունը հաստատվեց, Երևանի բժիշկներից շատերը ոտքի կանգնեցին։
Ինքը՝ Արամը, ըստ ականատեսների, լուրջ չէր վերաբերվում այդ հիվանդությանը։ Մինչդեռ վիճակը կարճ ժամանակում ծայր աստիճան վատթարացավ։
Կառավարության նիստին վերջին անգամ մասնակցեց 1918 թ. դեկտեմբերի 28-ին, իսկ դեկտեմբերի 30-ին վերջին անգամ փաստաթուղթ ստորագրեց։
Մահկանացուն կնքեց 1919 թ. հունվարի 29-ին, ժամը 14։30–ին։
Հուղարկավությունը տեղի ունեցավ փետրվարի 1-ին։
Աճյունը դրվել էր մայրաքաղաք Երևանի սրտում գտնվող Սուրբ Պողոս–Պետրոս եկեղեցում (Աստծո այդ տաճարը հիմա չկա. 1933-36 թթ. եկեղեցին քանդվեց և տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնի շենքը)։
Արշալույս Աստվածատրյանի պատմելով՝ «Արամի հուղարկավորությունը համաժողովրդական մեծ սուգ էր։ Հազարավոր մարդիկ եկել էին վերջին հարգանքը մատուցելու այն մարդուն, ում վստահել էին իրենց բախտը կյանքի ամենածանր օրերին։ Ամբողջ քաղաքը, մեծ ու փոքր, դուրս էին եկել փողոց։ Պողոս–Պետրոս եկեղեցուց մինչև հանգստարան դիակառքը մնաց դատարկ։ Դագաղը տանում էին ձեռքերի վրա»։
«Զանգ» թերթում հրապարակված բացառիկ մի հոդվածից իմանում ենք՝ «... Սգերթի առջևից գնում էր ձիավոր զորքը, դագաղի երկու կողմից շղթա էր կազմել միլիցիոներների խումբը, դագաղի առջևից գնում էին աշակերտներն ու որբերի խմբերը՝ իրենց դասատուների առաջնորդությամբ, ապա բազմաթիվ դրոշակներ էին տարվում... Դագաղին հետևում էին պաշտոնակիցների և հարգողների խմբերը, ապա հետիոտն զորքը, իսկ վերջից՝ թնդանոթները...»։
Թափորը կանգ է առել Աստաֆյան փողոցում գտնվող Դաշնակցության տան առջև, որի պատշգամբից խոսք են ասել Նիկոլ Աղբալյանը, Յ. Մխիթարյանը, Դավիթ Մել–Դադայանը և Հայկ Սարգսյանը։
Հանգստարանում հրաժեշտի խոսք ասաց Հովհաննես Քաջազնունին։
Այդ օրը հնչած հրաժեշտի խոսքերի որոշ հատվածներ մինչև հիմա շրջանառվում են հանրության ամենատարբեր շրջանակներում։ Ուշագրավ էր հատկապես Նիկոլ Աղբալյանի դամբանական խոսքի այս հատվածը՝ «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցեք ձեր խղճի հետ և ըսեք՝ արդեոք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւեր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը...» (Նիկոլ Աղբալյանի խոսքն ամբողջապես զետեղված է համարում)։
Հայաստանի Հանրապետության հիմնադրի աճյունը հողին հանձնվեց Երևանի կենտրոնական գերեզմանատանը՝ ՀՅԴ պանթեոնի տարածքում։
Հետագայում, սակայն, օրվա տերերը քանդեցին այդ պանթեոնը։
Երևանի քաղաքային խորհրդի՝ Կենտրոնական գերեզմանատունը զբոսայգու վերածելու որոշմամբ պայմանավորված՝ Արամի աճյունը տեղափոխվեց «Կոզեռն» կոչվող գերեզմանատուն։
Մի քանի տարի հետո էլ՝ այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու պատճառով Արամի աճյունը տեղափոխվեց Թոխմախի գերեզմանատուն, որտեղ և հանգչում է ներկայումս։
Մի խումբ հայրենասերներ, գաղտնիության պայմաններում, 1982 թ. օգոստոսի 11-ին խաչքար հասցրեցին Թոխմախի գերեզմանոց և (առանց տեխնիկայի օգտագործման) տեղադրեցին Արամ Մանուկյանի գերեզմանին։
Թերթի սույն համարը պատրաստելիս՝ 2025 թ. հունիսի 19-ին, մենք այցելեցինք Արամ Մանուկյանի գերեզման, ուղեկցող ընկերների՝ Դավիթ Ծատրյանի, Արման Մեժլումյանի և Կարեն Լազարյանի հետ, խոնարհվեցինք Հայոց մեծ Արամի հիշատակի առջև ու ծաղիկներ դրեցինք խաչքար–հուշարձանի պատվանդանին։
***
Համարի տարբեր հատվածներում անդրադարձ ենք կատարում Արամ Մանուկյանի հիշատակի հավերժացմանը։
Նախ՝ Արամ Մանուկյանի կերպարը տեղ է գտել հայ քանդակագործների ստեղծագործություններում։ Այդ շարքում ամենաուշագրավը, անշուշտ, նրա արձանն է Երևանի Հանրապետության հրապարակի մերձակայքում (2018 թ., քանդակագործ՝ Դավիթ Մինասյան)։
Հաջորդը՝ Արամ Մանուկյանի կիսանդրին է ՀՀ ոստիկանության շենքի կենտրոնական մուտքի մոտ (2009 թ. մայիսի 30, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)։
Արամ Մանուկյանի կիսանդրին դրված է նաև նրա ծննդավայր Դավիթբեկում (վերականգնող քանդակագործ՝ Դերենիկ Ահարոնյան)։
Նույն հեղինակի՝ Դերենիկ Ահարոնյանի ստեղծած հարթաքանդակն էլ տեղադրված է ծննդավայրի՝ Արամ Մանուկյանի անունը կրող դպրոցի մուտքի պատին։
2009 թ. սեպտեմբերի 28-ին Կապանում՝ քաղաքապետարանի մերձակա հրապարակում, բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին։ Նախաձեռնության հեղինակներն էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը։
Նույն ժամանակ՝ 2009 թ. սեպտեմբերի 28-ին, Կապանում բացվեց «Ժառանգություն» կոմպոզիցիա–քանդակը, որում պատկերված են Արամ Մանուկյանի, Սուրբ Մովսես Խոտանանցու և լեռնագործի կերպարները։
Վերջին երկու հուշարձանի հեղինակը նույնպես ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։
Եվ, այդուհանդերձ, Գյումրին առաջինն էր, որտեղ 1989 թվականին տեղադրվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (քանդակագործ՝ Թադևոս Գևորգյան)։
Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առիթով հուշակոթող է տեղադրվել Սարդարապատում (28 մայիսի 2019 թ.)։ Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված համալիրը կառուցվել է ՀՅԴ Կանադայի կառույցի և Տորոնտոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը։
2019 թ. հունիսի 7-ին Արամ Մանուկյանի սարդարապատյան հուշակոթողի մեջ զետեղվեցին նրան առնչվող մասունքներ՝ Արամ Մանուկյանի գերեզմանից, նրա Երևանի տնից, Վանից ու Շուշիից բերված հող–մասունքներ, որի նպատակն էր ապահովել Արամ Մանուկյանի ներկայությունն ու կենդանի շունչը հուշահամալիրում՝ Սարդարապատի, Բաշ–Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսների՝ նրա զինակիցների ու գաղափարակիցների հետ։
Մտահղացման հեղինակն ու նախաձեռնողը Հակոբ Ջամբարյանն էր։
1990 թ. սեպտեմբերին Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Արամ Մանուկյանի անվամբ։
Ներկայումս էլ՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ, հիմնանորոգվում է գյուղի այն տունը, որտեղ 1879 թ. մարտի 19-ին ծնվել է Արամ Մանուկյանը՝ այն տուն–թանգարան դարձնելու նպատակով։
Արամ Մանուկյանի կերպարը հատկապես վերջին 20 տարում զբաղեցրել է նաև կինոարվեստի ներկայացուցիչներին ու հեռուստաընկերություններին։
Ստեղծված գործերից մի քանիսի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է համարում՝ QR-կոդերով, ասել է թե՝ ընթերցողը կարող է դրա օգնությամբ դիտել ներկայացված ֆիլմերն ու հեռուստահաղորդումները։
Տարիների ընթացքում ծնվել են նաև երգեր՝ նվիրված Արամ Մանուկյանին. Արամ Մանուկյան (Րաֆֆի Հալէպլեան), Անունը՝ Արամ (Սաքո Բուդուզյան), Արամ Մանուկյան (Սուրեն Աճէմեան և Գուսան Հայկազուն)։
Երգերը նույնպես ներկայացված են QR-կոդերով, այնպես որ՝ համարն ընթերցելիս կարող եք լսել նաև այդ երգերի կատարումները։
Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացվեց նաև Կապանում ու Երևանում՝ նրա անունով փողոցներ կոչելով (փողոցների լուսանկարները՝ համարում)։
Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնելուն, նրա կյանքին ու գործունեությանը ծանոթանալուն նպաստել են նաև մայրաքաղաքում, Սյունիքում, Արցախում ժամանակ առ ժամանակ կազմակերպված գիտաժողովները։
Հիշենք դրանցից մի քանիսը...
***
Համարի նախապատրաստման ընթացքում՝ հանդիպելով թեմային առնչվող բազմաթիվ մարդկանց, մտավորականների, հայագետների հետ, համոզվեցինք վերստին՝ Արամի ոգին կենդանի է ու թևածում է նաև Սյունյաց աշխարհում։
Եվ մահվանից 106 տարի անց, պայմանավորված երկրի ներսում ու երկրի շուրջ ստեղծված ոչ սովորական դրությամբ, Արամ Մանուկյանի կերպարն ավելի է մերձենում մեր հոգիներին՝ նրա հանդեպ սերն ու հարգանքը վերածելով պաշտամունքի։
Համոզվեցինք՝ Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը, նրա պետականակերտ վարքը նոր խորությամբ հանրահռչակելու կարիք ունի։ Աճող սերնդի շրջանում՝ հատկապես։
Եվ այսկերպ կրկին կամեցանք խոնարհվել Սյունյաց աշխարհի փառապանծ զավակ, 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի և անկախ պետականության ու հայոց արժանապատվության խորհրդանիշ Արամ Մանուկյանի հիշատակի առջև։
Սամվել Ալեքսանյան