ՀԲԸՄ նախագահը Բլինքենին կոչ է արել ապահովել Բաքվում պահվող բոլոր հայերի ազատ արձակումը

24.08.2024 13:13
659

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը։

«Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն,

Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության (կենտրոնատեղին՝ Նյու Յորք) նախագահ՝ նախ և առաջ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելու Ձեր ջանքերի համար։

2024 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Դուք հայտարարեցիք, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի բարեհաջող անցկացմանը (COP29), որը տեղի է ունենալու այս նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այդ նպատակով Դուք Ադրբեջանին հորդորեցիք հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին ու հանձնառություններին և ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և դա անել անհապաղ: Այս զրույցը երկու ամիս առաջ էր։ Կալանավորների վերաբերյալ ԱՄՆ-ի հստակ և հետևողական դիրքորոշումը ևս մեկ անգամ հնչել է նաև Ձեր խոսնակի կողմից ընդամենը երկու շաբաթ առաջ։

Ես խոսում եմ ՀԲԸՄ-ի՝ աշխարհով մեկ սփռված բազմաթիվ անդամների, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակվող հայության անունից՝ բարձրաձայնելով մեր ահագնացող անհանգստությունն առ այն, որ Ձեր խոսքերն անուշադրության են մատնվել և շարունակվելու են անտեսվել: 

Հատկանշական է, որ հայ գերիների, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կառավարության նախկին ութ անդամների մոտալուտ ազատ արձակման վերաբերյալ որևէ լուր չի շրջանառվում։ Նրանք ձերբակալվել էին անցած սեպտեմբերին ադրբեջանական ռազմական հարձակումից հետո՝ ավելի քան 120,000 հայերի հետ միասին Արցախը պարտադրված լքելու ճանապարհին։ Մեկ օրում ձերբակալվեցին Հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև այլ նախկին պաշտոնյաներ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Նույն իրավիճակի զոհ դարձավ նաև Արցախի նախկին պետնախարար և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ Ռուբեն Վարդանյանը, ով մեր կարկառուն բարերարներից է և ահռելի ներդրում ունի Հայաստանի և միջազգային մարդասիրական նախաձեռնությունների մեջ:

Նույնքան մտահոգիչ է այն փաստը, որ մի շարք հայ ռազմագերիներ շարունակում են մնալ կալանքի տակ, որն արվում է նրանց ազատ արձակելու՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթի խախտմամբ: Անորոշ է նաև անհայտ թվով քաղաքացիական գերիների հարցը: Այս բանտարկյալները շարունակում են կալանքի տակ մնալ ներպետական և միջազգային իրավունքի, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ, որոնցից մեծապես կախված է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, և որոնց Ադրբեջանն անդամ երկիր է հանդիսանում։ Յուրաքանչյուր օրն օրհասական է այս երիտասարդ հայ զինվորների կյանքի համար, որոնց ընտանիքները շուրջ չորս տարի է սպասում են նրանց ապահով վերադարձին: Այս բանտարկյալների ազատ արձակումը կենսական նշանակություն ունի խաղաղության հաստատման գործում:

Անշուշտ, այս նոյեմբերին Բաքվում COP29-ի անցկացումը, առավել ևս այն «խաղաղության COP» ներկայացնելու Ադրբեջանի նկրտումները, լրջորեն կխաթարվեն, եթե բանտարկյալները շարունակեն մնալ կալանքի տակ: Եվ մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ եթե նրանք ազատ չարձակվեն մինչև COP29-ը, ապա, միանշանակ, ազատ չեն արձակվի նաև դրանից հետո, երբ նախագահ Ալիևն այլևս շարժառիթ չունենա դա անելու համար։

Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գործադրի իր առաջնորդությունը՝ պահպանելու տիրող աշխարհակարգը, հատկապես՝ ներկայիս մեծաթիվ հակամարտությունների պարագայում, որոնք ամբողջ աշխարհում վիճարկում են խաղի կանոնները: Ամերիկայի՝ որպես ազատ աշխարհի առաջնորդի համբավը, կարծես, վտանգված է` անմեղ կյանքեր խլող մեծաքանակ պատերազմների և թշնամական ագրեսիայի պայմաններում: 

ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությունը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրենց հայրենակիցների ճակատագրերով, ովքեր չափազանց երկար ժամանակ է, ինչ գերության մեջ են: Մենք երախտապարտ կլինենք տեղեկանալ այս հարցի շուրջ զարգացումներին, մասնավորապես, թե որքանով են Ձեր ջանքերը նպաստում Ադրբեջանից բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը:

Երախտապարտ եմ Ձեր ուշադրության համար», - ասված է նամակում։

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37