ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

09.04.2014 15:37
2300

Սկիզբը

Անշու՛շտ, շատ շատերն են համաքաղաքային ցույցերի ու հանրահավաքների իրականացման գործում իրենց ներդրումն ունեցել: Ցավոք, ես միայն այն մարդկանց անունները կարող եմ տալ, ովքեր շարժման սկզբից կանգնած էին մեր կողքին ու գտնվել են միշտ մեր տեսադաշտում.

  • Ալումյան Արա Հմայակի - անհատ ձեռներեց
  • Գրիգորյան Ասլան Արշակի - տրիկոտաժի ֆաբրիկայի մեխանիկ
  • Մարտիրոսյան Անդրանիկ Համազասպի - գազի գրասենյակի աշխատակից
  • Բաղդագյուլյան Հրանտ Համբարձումի - խեցեգործ-բրուտ
  • Սուքիասյան Սերգեյ Սուքիասի - Գորիսի ֆիզիկա-տեխնիկական բաժանմունքի լաբորատորիայի վարիչ
  • Հայրապետյան Խաչիկ Ալեքսանդրի - մանկավարժ
  • Սարգսյան Սամվել Սմբատի- սարքերի («ԳԱՄՄԱ») գործարանի մոնտաժող
  • Բախշյան Մարտիկ Ալբերտի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանող
  • Առաքելյան Սեյրան Սերգեյի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի դասախոս
  • Հարությունյան Արա Սերգեյի - քաղգործկոմի անչափահասների գծով հանձնաժողովի պատասխանատու քարտուղար
  • Ավյան Գագիկ Գրիշայի - անգործ
  • Բաբաջանյան Համլետ Սարգսի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի դասախոս
  • Գրիգորյան Ապետնակ Արշակի - N3 միջնակարգ դպրոցի ուսուցիչ, բանաստեղծ
  • Օհանջանյան Վոլոդյա Գրիգորի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի դասախոս
  • Առաքելյան Արշավիր Արշակի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի դասախոս
  • Հարությունյան Գագիկ Բաբկենի - երկրագիտական թանգարանի աշխատակից
  • Զաքարյան Սեւադա Սեդրակի - ճարտարապետ
  • Իսախանյան Աիդա Լեւոնի - Գորիսի ֆիզիկա-տեխնիկական բաժանմունքի կրտսեր գիտաշխատող
  • Գյուրջյան Լիդա Մովսեսի - «Զանգեզուր» արտադրական կոմբինատի բուժական կետի վարիչ
  • Ավետիսյան Արմեն Կառլենի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանող
  • Թառանյան Վարուժան Սուրենի - անհատ ձեռներեց
  • Առուստամյան Կարմեն Սուրենի - պահակային ծառայության աշխատակից
  • Բաբայան Գարիկ Աշոտի - քաղխորհրդի գործկոմի իրավախորհրդատու
  • Դիլանյան Գնել Անդրանիկի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանող
  • Մկրտչյան Սասուն Նապոլեոնի - անհատ ձեռներեց
  • Աղաջանյան Սեւադա Վոլոդյայի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանող
  • Մնացականյան Վարդան Ազատի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանող
  • Խաչատրյան Սաշիկ Շահենի - քաղաքային մշակույթի տան գեղմասվար
  • Ղուկասյան Միքայել Արմենակի - քանդակագործ
  • Գալստյան Արամ Միշայի - շրջանային մշակույթի տան տնօրեն
  • Մկրտչյան Վաչե Մարտունի - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանող
  • Չիրոյան Արմենուհի Ստեփանի - «Միկրոշարժիչ» գործարանի ինժեներ
  • Թադեւոսյան Համլետ Հայկազի - քաղաքային մշակույթի տան աշխատակից
  • Միրզոյան Վլադիկ Լեւոնի - քաղաքային մարզադպրոցի մարզիչ:

Հասկանալի է, որ շարժմանն ուղեկցող էլի շատ մարդիկ են եղել, որոնց անուններն արժանի են հիշատակության. մեր քաղաքի բնակիչներից շատերն են իրենց ներդրումն ունեցել Ղարաբաղին սատարող այդ հայրենանվեր պայքարում: Սակայն ամեն ինչ չէ, որ իմ տեսադաշտում է եղել, բոլորին չէ, որ անձամբ ճանաչել եմ: Թող ինձ ներեն բոլոր այն մարդիկ, որոնց անունները, անկախ իմ կամքից, չեն հիշատակվում…

Փետրվարյան վերջին օրերին շարժումն ընդգրկել էր ժողովրդի բոլոր շերտերը: Ցույցերի ու հանրահավաքների կազմակերպման հիմնական բարդությունները հետեւում էին մնացել...
Այդ ժամանակ գործկոմի պաշտոնատար մի անձ, հանդիպելով հորեղբորս՝ Հմայակ Գրիգորյանին, ով այդ տարիներին շրջանային հիվանդանոցի գլխավոր վիրաբույժն էր, վրդովված ասել է.«Այս ամենը ձեր տնից է դուրս եկել, Հմայակ Աթայիչ»: Հորեղբայրս հեգնախառն ժպիտով պատասխանել է. «Իսկ այդ ի՞նչ վատ բան է դուրս եկել մեր տնից որ… Այս ամենի համար միայն ուրախանալ է պետք, որ տասնամյակներ հետո հայ ժողովուրդը վերջապես կարողացավ ի լուր համայն աշխարհի պատմական ճշմարտությունը բարձրաձայնել»: (Հասկանալի է, որ «Ձեր տուն» ասելով` գործկոմի պաշտոնյան նկատի էր ունեցել ինձ):

Միայն ամիսներ հետո, երբ իշխանավորները հասկացան, որ ղարաբաղյան պայքարն անշրջելի է, ու այն կախված չէ որեւէ անձի կամ ինչ-որ անհատների ցանկությունից` շրջվեցին դեպի ժողովուրդը: Չքմեղած տեսք ընդունած` դրանց մեջ էր նաեւ այն պաշտոնյան, ով հորեղբորս մեղադրական տոնով ասել էր. «Այս ամենը ձեր տնից է դուրս եկել»:

Այդ օրերին Գորիսի անունը թնդում էր ողջ հանրապետությունում: Բոլորը գիտեին, որ Հայաստանում առաջինը Գորիսն է Ղարաբաղի մարզխորհրդի որոշումը պաշտպանող համաժողովրդական պայքար սկսել: Փետրվարյան այդ օրերին երեւանյան հանրահավաքներում հաճախ են հնչեցրել գորիսեցիների անունը…

Այստեղ ուզում եմ գորիսեցիների հանդեպ մայրաքաղաքային տրամադրությունների արձագանքից խոսուն մի դրվագ պատմել: Գորիսի արտադրական կոմբինատի տնօրեն Սարգսյան Գուրգենի որդին` Արթուրը, ով իմ ընկերն էր, մեր ցույցերի ավարտից հետո գնում է մայրաքաղաք` իր կոոպերատիվի համար ներկ բերելու: Պահեստապետը, ով մինչ այդ բոլորին մերժում էր, պնդելով, որ պահեստում ներկ չկա, Արթուրին մի ամբողջ տակառ ներկ է տալիս` բարձրաձայն ներկաներին ասելով. «Ընդամենը մի տակառ ներկ ունեմ, էն էլ գորիսեցուն եմ տալու: Գորիսեցիներին հալալ է, ախպե՛րս»: Անշուշտ, այս դեպքը, առանց մեկնաբանությունների, ի ցույց է դնում, թե այդ օրերին հայոց մայրաքաղաքն ինչ առանձնահատուկ վերաբերմունք ուներ Գորիսի եւ գորիսեցիների նկատմամբ…

Հանրահավաքների վերջին օրերին մեզ հայտնի էր դարձել, որ Սերո Խանզադյանը Գորիսում է: Որոշեցինք նրան հրավիրել հանրահավաքի: Մեր ցանկությունը փոխանցել էին գրողին: Փետրվարի 27-ին շրջկոմի պաշտոնյաներից մեկի ուղեկցությամբ Սերո Խանզադյանը եկավ ու բազմահազար ցուցարարների ծափերի տակ բարձրացավ ամբիոն:

Նա նախ ողջունեց հանրահավաքի մասնակիցներին ու իր խոսքին վիպական շունչ հաղորդելով` ներկայացրեց իրեն հայտնի` 1918 թվականի գարնանային այն օրը, երբ այս նույն հրապարակում հավաքվել էին հինգ հարյուր քաջազուն հեծյալ հայորդիներ եւ իր խրոխտ ձայնի դարձդարձիկ տոնայնության ըմբոստ ելեւէջումներով սկսեց վերապատմել, թե նրանք ինչպես սլացան դեպի Սեւ լիճ ու ջախջախեցին նրա մոտակայքում տեղակայված բազմահազարանոց թուրքական կանոնավոր բանակին... Այնուհետեւ պատմեց, թե այդ գորիսեցի քաջորդիներն ինչպիսի պատվախնդրությամբ մաքրեցին նաեւ Իշխանասարի փեշերը թուրք խաժամուժից…

Նա, ներքին հպարտությամբ լցված, ամենեւին պատահական չհամարեց իր հայրենի քաղաքում այդ օրերին տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները` հայտարարելով, որ գորիսեցիների արիացեղ ոգին միշտ էլ առաջինն է արձագանքել պատմական Սյունիքին սպառնացող բոլոր վտանգներին:

Հետո սկսեց խոսել 1918-1920թթ. հայ-թուրքական կռիվներում ղարաբաղցիների հերոսական պայքարի ու նրանց տարած հաղթանակների մասին, ներկայացրեց բաշիբոզուկ ցեղերին դարեր ի վեր հերոսաբար դիմակայած Ղարաբաղի ժողովրդի անպարտելի նկարագիրը, հիշեց, թե բոլշեւիկներն ինչպիսի քաղաքական խարդավանքների շնորհիվ Ղարաբաղը միացրեցին Ադրբեջանին ու Ստալինին շուն անվանեց:

Նա կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին, որ նրանք չենթարկվեն իշխանություններին, մինչեւ վերջ պայքարեն ու հասնեն պատմական արդարության վերականգնմանը:

Սերո Խանզադյանի առաջին նախադասությունից հետո նրան ուղեկցած շրջկոմի բարձրաստիճան պաշտոնյան` շշկռված ու կարմրած, շփոթ քայլերով լքել էր տրիբունան:

Գարնան շնչով պարուրված` հուզաթաթավ, գեղեցիկ մթնշաղ էր իջել քաղաքի վրա: Տասնհինգ հազարին մոտ բազմություն քարացած լսում էր նրան... Մեր ժողովրդի հարատեւության ոգեղենությամբ ներծծված էպիկական այդ պահի մեջ Սերո Խանզադյանն իր վեպի հերոս Մխիթար Սպարապետի կերպարի հետ արդեն ամբողջովին մերվել էր ու որպես իր ելույթի եզրափակիչ ակորդ` ռազմակոչի պես հայտարարեց. «Մենք այս պայքարի մեջ հաստատ հաղթելու ենք ընչաքաղց ու ստոր դարավոր մեր թշնամուն ու եթե հարկ լինի` գրավելու ենք ո՛չ միայն Բաքուն, այլ նաեւ Անկարա՛ն…»:

Սա արդեն չափազանց էր ոչ միայն իշխանավորների ականջների, այլեւ տրիբունայում կանգնածներիս ու հանրահավաքի մասնակիցների ունկերի համար: Բայց Ղարաբաղի շուրջ ծավալված հետագա իրադարձությունները aցույց տվեցին, որ խաղաղ հանրահավաքներով ընթացող ղարաբաղյան շարժման այդ փուլում Սերո Խանզադյանը, այնուամենայնիվ, ավելի իրատես էր ու այդ պահին ավելի հեռուն էր նայում…

Գորիսյան շարժումը, ըստ մեզ հասնող տեղեկությունների, ոգեւորության ալիք էր բարձրացրել Սյունիքի մնացած շրջաններում:

Փետրվարի 26-ին գորիսյան շարժման ակտիվիստներ Գնել Դիլանյանին, Սասուն Մկրտչյանին եւ Սեյրան Աղաջանյանին Կապան էինք ճանապարհել` փորձելով հասկանալ այնտեղ տիրող տրամադրությունները: Տղաները Կապանում հանդիպել էին որոշ ակտիվիստների եւ սյունեցիներով միասին պայքարելու մեր ցանկությունը փոխանցել նրանց: Երեկոյան կողմ լուր ստացանք Կապանից, որ այնտեղ այդ օրը մեծ հանրահավաք է տեղի ունեցել:

Գորիսի ցույցերի ավարտից երկու օր անց Խաչիկ Հայրապետյանը զանգահարեց ու ասաց, որ իր հետ՝ Շինուհայրում է կապանյան շարժման առաջնորդներից Համլետ Քոչարյանը, եւ որ նա ցանկանում է ինձ ու Ժիրայրի հետ հանդիպել:

Համլետ Քոչարյանի հետ ես ու Ժիրայրը ծանոթացել էինք 1987-ին` Գորիսի մշակույթի տանը տեղի ունեցած ստեղծագործողների մի հավաքույթի ժամանակ: Երբ ներկաներից մեկը հարցրել էր նրան, թե ի՞նչ մասնագիտություն ունի նա ու արվեստի ո՞ր բնագավառն է ներկայացնում, Համլետը պատասխանել էր այսպես. «Ես ֆիդայի՛ եմ»: Ուշագրավն ու հետաքրքիրն այն էր, որ այդ ժամանակ ֆիդայի բառին միայն շատ հազվագյուտ գրական երկերում կարող էիր հանդիպել: Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը չէր էլ ընկալում այդ բառի իմաստն ու արժեքը...

Հետո, երբ մշակույթի քաղաքային բաժնի վարիչ Գագիկ Ծատրյանի աշխատասենյակում ավելի նեղ շրջապատով առանձնացանք, Համլետը նախ հայտնեց, որ, ֆիդայի լինելուց բացի, ինքը հրաշալի պատմվածքներ է գրում, որից հետո ասես մտավ երկնային տարերքի մեջ: Նրա խոսքն անիրական թվացող ասպետական շիտակությամբ էր շնչում, համարձակ խորհրդածություններին բանաստեղծական ոգեղենությունն էր ուղեկցում, իսկ անկաշկանդ եզրակացություններն այնպիսի ընդհանրական հստակությամբ էին արտացոլում իրականությունը, որ ես նրա կերպարի հմայքի տակ, ակամա ժպտալով ու անկեղծորեն զարմացած` Ժիրայրին ասացի. «Ես գիտեի, թե աշխարհում իմ խառնվածքին մոտեցող մարդկային երկրորդ օրինակ չկա, ա՛յ ցավդ տանեմ, էս բալա՛մն ինձնից անցել է»: Ժիրայրը, որ այդ պահին նույնպես զմայլված էր նրա անհատականությամբ, իմ «երեսից քաշած» իր օրերը մտաբերելով` լիաթոք ծիծաղեց «ընկճված» խոստովանությանս վրա:

Այս ամենը մեքենայում հիշելով ու կանխապես վայելելով վերստին նրա հետ շփվելու բավականությունը` ես ու Ժիրայրը հասանք Շինուհայր: Իրար հետ ողջագուրվելուց հետո Համլետը խոստովանեց, որ իրեն թվում էր, թե մենք արդեն ձերբակալված ենք: Հետո ասես աչքերին չհավատալով` հարցրեց. «Ձեզ այս օրերին ընդհանրապե՞ս չեն ձերբակալել»: Ասացի. «Ոչ: Ինձ բացարձակապես չեն անհանգստացրել, իսկ Ժիրայրին սկզբի օրերին մի երկու անգամ պետական անվտանգության աշխատակիցները կանչել են ու սպառնացել, որ եթե նա իր աշխատանքային տարածքը շարունակի տրամադրել ցուցարարներին` ձերբակալելու են»: Ու սկսեցի զավեշտի վերածած` ներկայացնել այդ հարցաքննությունների ժամանակ Ժիրայրի պահվածքը ՊԱԿ-ում, թե ինչպես է նա կերկերուն ձայնով, վախեցած տեսք ընդունած, ՊԱԿ-ի աշխատակիցներին ասել, որ ինքն ի՞նչ անի` եկել են շենքը գրավել եւ սկսել է խնդրել նրանց, որ գան ու իր տարածքն ազատեն ցուցարարներից: Երեւի այնքան տեսանելի ու համոզիչ կերպով ներկայացնելով էի մոգոնում այս պատմությունը, որ միանգամից պայթեցինք ծիծաղից: Երբ մի քիչ հանգստացանք, Համլետին ասացի. «Գուցե գույները մի քիչ խտացրած եմ ներկայացնում, բայց իրականում Ժիրայրի առաջին օրերի հարցաքննություններն իմ պատմածի տրամաբանությամբ են ընթացել: Ու ՊԱԿ-ի աշխատակիցներն էլ, Ժիրայրի աչքում իրենց կարեւորությունից ոգեւորված, որոշում են Ժիրայրին նորից կանչել ու նրան մի քիչ էլ վախեցնելով` իրենց աշխատանքային հերթական օրն անցկացնել: Սակայն այս անգամ Ժիրայրն է նրանց միանգամից սարսափեցնում` հայտարարելով. «Եթե մինչեւ հինգ րոպեն հրապարակում չեղա` իմացեք, որ այն տասը հազար ցուցարարներն այստեղ են լինելու»:

Խեղճերը, լեղիները ճաքած, քիչ է մնում Ժիրայրին պետի մեքենայով բերեն հրապարակ»:

Ահագին ծիծաղելուց հետո, երբ լրջացանք, ասացի. «Համլետ ջան, եթե մեր ցույցերի վերջին օրերին ինչ-որ մեկն անգամ կեղծ լուր տարածեր, թե մեր տղաներից որեւէ մեկին բռնել ու պահում են` մեր ժողովուրդը ՊԱԿ-ի շենքը քարուքանդ կաներ: Ասեմ ավելին` փետրվարի 26-ին, երբ մենք տրիբունայում կանգնած հանրահավաք էինք անցկացնում, տեղեկություն ստացանք, որ գործկոմի շենքի մուտքից ինչ-որ մեկը տեսախցիկով մեզ նկարահանում է: Ու երբ մեր տղաներից Արա Հարությունյանը մոտենում է ՊԱԿ-ի` Աբովյան ազգանունով այդ աշխատակցին ու սպառնալով հարցնում՝ թե` էդ ի՞նչ բանի ես, վերջինս բարեհամբույր ժպիտ խաղացնելով դեմքին` հայրենասեր հայի կեցվածք ընդունած` ասում է. «Ախպեր ջան, ցավդ տանեմ, սա ես պատմության համար եմ նկարում»: Թե որքանո՞վ է անկեղծ եղել նրա պատասխանը` չեմ կարող ասել, բայց որ իշխանություններն արդեն մեր հանրահավաքներից սարսափած էին` դա միանշանակ է»:

Համլետը խորը հոգոց հանելով` ասաց. «Ես գորիսեցիների թասիբն օտիմ»: Պարզվեց, որ նա հազիվ է Կապանում ձերբակալվելուց խույս տվել եւ հիմա փորձում է հասնել մայրաքաղաք, որպեսզի այնտեղ, ղարաբաղյան շարժման ակտիվիստներով շրջապատված, իրեն ապահով զգա: Մենք նրան վստահելի մի մեքենայով ճանապարհեցինք Երեւան:

Վերջին անգամ ես նրան հանդիպեցի 1989թ. ամռանը` «Գարուն» ամսագրի խմբագրությունում: Մեզ հետ էր նաեւ Վազգեն Սարգսյանը: Իր էությամբ ու խառնվածքով Համլետը միշտ առինքնող ճախրանքի մեջ էր եւ ապրում էր՝ իրականի ու երեւակայականի բանաստեղծական շաղախը կեցություն դարձրած…
Նա իր կյանքը նվիրեց ղարաբաղյան ազատամարտին: Ու փառք մեր ժողովրդի երախտագետ հիշողությանը, որ այսօր Կապանի տարածաշրջանում նրա անունը կրող Համլետավան գյուղ կա…

1988թ. փետրվարյան վերջին օրերին Հայաստանի շատ քաղաքներում էին ցույցեր ու հանրահավաքներ սկսվել, բայց, ըստ ականատեսների, հայոց մայրաքաղաքում ընթացող իրադարձություններն ամեն կարգի համեմատություններից դուրս էին. ցույցերն այնտեղ մարդկային հայացքի համար անընդգրկելի, ահռելի չափերի էին հասել: Արարատյան դաշտավայրի բոլոր բնակավայրերից մարդիկ շարժվում էին դեպի Երեւան: Փետրվարյան վերջին օրերին մայրաքաղաքում մի քանի հարյուր հազարի հասնող մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներ էին տեղի ունենում: Ակնհայտ էր դարձել, որ հայ ժողովուրդը հանուն Ղարաբաղի` համազգային պայքար է սկսել:

1988թ. այդ օրերին հայ ժողովուրդը մի սեւեռուն նպատակ ուներ միայն` վերականգնել պատմական արդարությունը: Սակայն արդարության այդ պահանջին ի պատասխան` սումգայիթյան սպանդը եղավ: Տասնյակ անմեղ հայեր դաժանաբար սպանվեցին: Ադրբեջանի դիմակը քաղաքակիրթ մարդկության առջեւ լիովին պատռվեց...

Սումգայիթյան դեպքերի թողտվության համար ԽՍՀՄ ղեկավարի նկատմամբ հայ ժողովուրդն ատելությամբ լցվեց: Հայաստանում պայքարի նոր ալիք բարձրացավ Մոսկվայի անտարբերության հանդեպ: Կենտրոնական իշխանությունները զորք մտցրեցին Երեւան: Մայրաքաղաքում պարետային ժամ հայտարարվեց:

Սումգայիթյան գազանություններից հետո մեր ժողովուրդը ցավից կատաղած անօգնական հոգեվիճակի մեջ էր…

Փետրվարի 28-ին՝ երեկոյան կողմ, երբ սումգայիթյան դեպքերից արդեն տեղեկացված էինք, ինձ մոտեցան «Գորիս գյուղ» թաղամասում ապրող մեր քաղաքի տղաներ Սարգսյան Անուշավանն ու Վարդանյան Էդուարդը: Վրեժխնդրությամբ լի հայացքով` Անուշավանն ասաց. «Տիգրա՛ն ջան, հիսունին մոտ որսորդմիության անդամ ենք ցուցակագրել, ովքեր պատրաստ են իրենց հրացանները մեզ տրամադրել: Ուզում ենք գնանք Էյվազլարը վերացնենք: Ի՞նչ կարծիքի ես»: Էյվազլարը Գորիսի շրջանին հարակից` Որոտան գետի ափին գտնվող մի փոքրիկ ադրբեջանական գյուղ էր: Մի տեսակ անելանելի վիճակում հայտնված` ստիպված էի նախ նրանց «հասկացնել», որ մենք թուրքեր չենք, որ անզեն, անպաշտպան մարդկանց կոտորենք, իսկ հետո ասացի. «Ադրբեջանում մոտ կես միլիոն հայեր են ապրում, դուք պատկերացնում եք ի՞նչ կլինի նրանց վիճակը…»:

Սումգայիթյան դեպքերի անամոքելի կսկիծից շատերն էին պահանջում այդ ոճրագործության համարժեք պատասխանը տալ եւ մեր տարածաշրջանին մոտ գտնվող գյուղերում ապրող ադրբեջանցիների հետ արժանի հաշվեհարդար տեսնել: Հարկավոր էր նման մարդկանց հետ պահել անխոհեմ քայլերից: Մեր ջանքերը նաեւ դրան ուղղեցինք, որ ամեն ինչ քաղաքական պայքարի օրինավոր դաշտում լինի ու հայի բարոյական կերպարին հարիր: Եվ հետո, շարժման այդ փուլում առհասարակ, նման գործողությունների գնալը վաղաժամ ու վտանգավոր էի համարում, նրանք մեկին տասը պատասխանելու հնարավորություն ունեին, որովհետեւ դարասկզբի 20-ական թվականներին ստեղծված քաղաքական հանգամանքների բերումով մեր ժողովրդի մի ստվար հատվածի պատմական իրենց տարածքների վրա պատանդ էինք թողել նրանց ձեռքերում…

Փետրվարի 29-ին ցույցերն ավարտվել էին: Հետագա պայքարը շարունակելու եւ ղեկավարելու համար «Ղարաբաղ» կոմիտեի Գորիսի հանձնախումբ ստեղծելու անհրաժեշտություն կար: Հանձնախմբի անդամներ ընտրելու նպատակով մշակույթի տանը փետրվարի 29-ին խորհրդակցություն տեղի ունեցավ: «Ղարաբաղ» կոմիտեի Գորիսի հանձնախմբի անդամներ առաջադրվեցին եւ ընտրվեցին Տիգրան Գրիգորյանը, Ժիրայր Մարտիրոսյանը, Սերգեյ Սուքիասյանը, Հրանտ Բաղդագյուլյանն ու Էդուարդ Զոհրաբյանը:

Բոլորը գիտեին, որ ես երիկամաքարային հաճախակի նոպաներով ուղեկցվող լուրջ հիվանդություն ունեմ, այդ իսկ պատճառով նրանք ցանկացան իմանալ իմ տրամադրվածությունը, թե արդյո՞ք ուզում եմ նախագահ լինել: Ես դա բացառեցի` պատճառաբանելով առողջական վիճակս: Ժիրայրը նախագահի համար առաջադրեց Էդուարդ Զոհրաբյանի թեկնածությունը` իր առաջարկը փորձելով հիմնավորել այն հանգամանքով, որ նա Հայաստանի գրողների միության հետ կապեր ունի: Բայց Էդուարդ Զոհրաբյանը չընտրվեց, քանի որ փետրվարյան այդ օրերին քաղաքական-հասարակական ոչ մի ակտիվություն չէր ցուցաբերել: Իսկ նրա` «Ղարաբաղ» կոմիտեի Գորիսի հանձնախմբի անդամ ընտրվելու հարցում պարզապես հաշվի էր առնվել Էդուարդ Զոհրաբյանի ՀԳՄ անդամ լինելը: Որոշվեց հանձնախմբի գործունեությունը ղեկավարել համանախագահությամբ:

Համաժողովրդական ցույցերն ու հանրահավաքները դադար էին առել նաեւ Ղարաբաղում: Կենտրոնական իշխանությունները ղարաբաղցիներին հորդորել էին դադարեցնել հանրահավաքները` վստահեցնելով նրանց, որ ԽՄԿԿ Կենտկոմը պատրաստվում է մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ ծավալել:

Գործադուլների ու ցույցերի առումով Երեւանն էլ առժամանակ խաղաղվել էր:

Մարտ ամսին միայն երկրագնդով մեկ ցրված սփյուռքահայությունն էր շարունակում աշխարհի տարբեր պետություններում ԽՍՀՄ դեսպանատների առջեւ ցույցեր անել` պահանջելով պատմական արդարության վերականգնում: Ղարաբաղի խնդիրն աշխարհով մեկ բարձրաձայնելու եւ ճշմարիտ լույսի տակ ներկայացնելու հարցում սփյուռքը մեզ համար հզոր գործոն էր դարձել…

Ղարաբաղի հարցի խոստացված քննարկումը 1988թ. մարտի 24-ին Կրեմլում տեղի ունեցավ: Սակայն խնդիրը պատմաքաղաքական հարթությունից տեղափոխեցին սոցիալ-տնտեսական դաշտ եւ ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ մարզի տնտեսության զարգացման համար Ղարաբաղին հատկացվեց չորս հարյուր միլիոն ռուբլի:

Դա նմանվեց կաշառքի միջոցով ազգային-ազատագրական պայքարը կասեցնելու փորձի: Բայց այդ կաշառքից անգամ Ղարաբաղի հայաբնակ շրջաններին ոչ մի կոպեկ չհասավ: Այդ գումարներով ադրբեջանական իշխանությունները սկսեցին շինարարություններ ծավալել ադրբեջանաբնակ տարածքներում:

Ղարաբաղի որոշմանը Հայաստանի իշխանություններն արձագանքեցին փետրվարյան իրադարձություններից միայն երեք ու կես ամիս անց: Հունիսի 15-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը, հակառակ կենտրոնական իշխանությունների դիրքորոշման, իհարկե, ոչ առանց ժողովրդի ճնշման, ընդառաջեց ԼՂԻՄ-ի մարզխորհրդի դիմումին` իր համաձայնությունը տալով մարզը ՀԽՍՀ կազմի մեջ ընդգրկելուն եւ այդ հարցը լուծելու խնդրանքով դիմեց ԽՍՀՄ ԳԽ-ին:
Թեեւ խնդրանքը, ինչպես եւ ենթադրվում էր, մերժվեց, բայց Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքական այդ որոշումից հետո ամբողջ հայության համար մեկընդմիշտ հասկանալի դարձավ, որ ղարաբաղյան շարժումն անշրջելի, համազգային ընթացք է բռնել:
Գորիսում, 1988թ. փետրվարյան ցույցերից հետո, համաքաղաքային գործադուլներով ուղեկցվող եւս մի հանրահավաք կազմակերպվեց 1989թ. ամռանը, որի իրականացման գործում շատ մեծ էր արձակագիր Արթուր Չերքեզյանի դերը:
Մինչ այդ` 1989թ. հունվարի 12-ին, ԽՍՀՄ ԳԽ-ի որոշմամբ վերացվել էր ԼՂԻՄ-ի մարզկոմն ու դադարեցվել ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի գործունեությունը: Ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտե` ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ: Այդ իրադարձություններից հետո թե՛ ղարաբաղցիների, թե՛ հայ ժողովրդի մեծամասնության մոտ հույսեր էին արթնացել: Թվում էր, թե դա Կրեմլի կողմից հաշվարկված, դիվանագիտական նուրբ քայլ է, որ Մոսկվան Ղարաբաղին հատուկ կառավարման կարգավիճակ տալով ու իր ենթակայության տակ վերցնելով` առանց իրողությունն իր անունով կոչելու` փաստորեն ԼՂԻՄ-ը դուրս է բերում Ադրբեջանի կազմից: Վերոհիշյալ որոշման մեջ ասվում էր նաեւ, որ Հատուկ կառավարման կոմիտեն պետք է աջակցի ԼՂԻՄ-ի եւ ՀԽՍՀ-ի միջեւ տնտեսական ու մշակութային կապերի հաստատմանը: Եթե այն, ինչ գրված էր այդ որոշման մեջ` իրականացվեր, ապա, ըստ մեր պատկերացումների, Ղարաբաղը, ինչպես ԽՍՀՄ տասնհինգ հանրապետությունից յուրաքանչյուրը, պիտի ենթարկվեր միայն Մոսկվային, իսկ տնտեսական ու մշակութային կապերն էլ, հասկանալի է, որ կամրապնդեր միայն Խորհրդային Հայաստանի հետ:
Եվ դա կարելի էր Խորհրդային Միության պայմաններում որպես Մայր Հայաստանի հետ Ղարաբաղի միացման մի յուրօրինակ ձեւաչափ ընկալել: Սակայն պարզվեց, որ այդ որոշումը հռետորաբանությամբ տառապող Գորբաչովի հերթական քաղաքական բլեֆն էր: Ի՞նչ տնտեսական կապերի հաստատման մասին կարելի էր խոսել Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ, երբ այդ որոշումից հետո կես տարուց ավելի արդեն անցել էր, բայց Ղարաբաղը դարձյալ մնում էր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ:
1989թ. ամռանն իմ մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած համաքաղաքային հանրահավաքի հիմնական նպատակն էր` պարտադրել իշխանություններին, որ նրանք Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի բացման ուղղությամբ ակտիվություն ցուցաբերեն, հարցը կառավարման վերին օղակներում հնչեցնեն ու այն իրականություն դարձնելու համար պայքարեն:
1988թ. փետրվարյան հանրահավաքներից վերջինս տարբերվում էր նրանով, որ ղարաբաղյան շարժման շարքերն էին սկսել սողոսկել այնպիսի պաշտոնյաներ, ովքեր փետրվարյան օրերին, ցույցերին եւ հանրահավաքներին մասնակցելու համար իրենց ձեռնարկությունների բանվորներին ու ծառայողներին աշխատանքից ազատելու հրամաններով էին սպառնում: Այդ օրը մեկ անգամ եւս համոզվեցի, որ ստորաքարշ մարդկանց անպատկառ էությունը բարոյականություն չի ճանաչում:
Ես այս պատումի մեջ չեմ ցանկանում իրենց վատագույնս դրսեւորած մարդկանց անուններ հիշատակել, որովհետեւ այդ մարդիկ սերունդ ունեն թողած: Չեմ ուզում, որ վերջիններս իրենց հայրենի քաղաքում ընկճված կամ գլխահակ քայլեն: Ու չեմ ուզում նաեւ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» ասացվածքը որպես բացարձակ ճշմարտություն ընդունել: Գորիսում ոչ միայն քամիներն են միշտ ուղեկցվում ուժեղ պտտահողմերով, այլեւ մարդկային կերպարներն են ձեւավորվում լեռնական ժողովրդի ըմբոստ հոգեկերտվածքի հսկողության տակ, եւ ա՛յս քաղաքում շատ հնարավոր է, որ երբեմն պտուղը ծառից բավականին հեռու ընկնի…
1989թ. ամռան վերջին բուժման նպատակով մեկնեցի Մոսկվա ու սկսեցի պարբերաբար, երկար ժամանակով բուժումներ ստանալ քաղաքային առաջին հիվանդանոցում:
Այսօր, եթե փորձեմ հակիրճ ներկայացնել ղարաբաղյան պայքարի խաղաղ շրջանի հետագա ընթացքից ստացած իմ տպավորությունը, ապա պիտի արձանագրեմ, որ ոմանք անշրջելի դարձած այդ համազգային շարժման մեջ իշխանության հասնելու նպաստավոր հնարավորությունը միայն տեսան ու հայ ժողովրդի երազանքներով ապրող «տառապյալների» մտահոգ տեսք ընդունած` սկսեցին իրենց ոչ մարդկային մռութները հաճախակի երեւացնել հարթակների վրա...

Շարժումն այդ ժամանակահատվածում, կարելի է ասել, թատերականությամբ հագեցած մի նոր փուլում էր հայտնվել, որ մեր քաղաքում, բարեբախտաբար, շատ կարճ տեւեց: Այդ դերասանությունները հօդս ցնդեցին այն պահից սկսած, երբ սահմանամերձ գյուղերում հնչեցին առաջին կրակոցները...
Ու սկսվեց Ղարաբաղյան գոյամարտը...

Նոյեմբեր, դեկտեմբեր 2013թ., ք. Գորիս

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25