Հետադարձ հայացք. Քաջարանի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների խրոնիկա

27.02.2023 10:33
1657

Քաջարանի հանքավայրի երկրաբանական հետախուզությունը, սկսվել է 19-րդ դարի կեսերին Գ. Վ. Աբիխի կողմից: Նրանից հետո Զանգեզուրի տարածքի, այդ թվում՝ Քաջարանի հանքավայրի ուսումնասիրությամբ զբաղվել են Գ. Դ. Ծուլուկիձեն, Արխիպովը, Խալաթովը, Ա. Կոնշինը և հատկապես Լ. Կ. Կոնյուշևսկին, ով դեռևս 1911 թ. առաջինն ուշադրություն դարձրեց Քաջարանի հանքավայրում մոլիբդինի առկայության վրա:

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1925 թվականից սկսվում է հանքավայրի ուսումնասիրության նոր ժամանակաշրջան: Առաջին անգամ Վ. Գ. Գրուշևոյի կողմից կատարվում է հանքավայրի մեծ մասշտաբի երկրաբանական հանույթ: 1929 թ. Գրուշևոյն առաջարկում է Քաջարանի հանքավայրում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ և սկսած 1931 թ. (ոչ մեծ ընդհատումներով) այն հետախուզվում է մինչև օրս:

1933 թ. Վ. Գ. Գրուշևոյը և Մ. Պ. Ռուսակովը հանքավայրը դասում են հեռանկարային մեծ պաշարներ ունեցող հանքավայրերի թվին: Իսկ 1936 թ. Վ. Մ. Կրեյտերը, լինելով հանքավայրում, հաստատում է հանքաքարի մեծ պաշարների առկայությունը:

1938 թ. հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությամբ և մանրամասն քարտեզագրությամբ զբաղվում է Ս. Հ. Մովսիսյանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով հանքաքարի կենտրոնական տեղամասի վրա: Հանքավայրի երկրաբանական կառուցվածքի և մետաղաառաջացման հարցերով 1939-1945 թթ. զբաղվել է Ս. Ս. Մկրտչյանը: Նրա գլխավորությամբ կատարվել են Քաջարանի (Փիրդավդան) հանքավայրի մանրամասն երկրաբանական-հետախուզական աշխատանքներ և 1945 թ. ավարտվել է հանքավայրի պաշարների հաշվարկումը և հանքավայրի հանձնումն արդյունաբերությանը:

1939-1943 թթ. հանքավայրի երկրաբանական մանրամասն հետախուզություն են անցկացրել մետալուրգիական հումքի համամիութենական ինստիտուտի (ՎԻՄՍ) երկրաբաններ Կ. Ի. Լյագինը, Ա. Վ. Գուլյաևան, Զ. Վ. Ռուպասովան, Ա. Բ. Կաժդանը, Մ. Ա. Լիտվինը, Ա. Վ. Պեկը և ուրիշներ:

Երկրաքիմիայի և հանքաբանության հարցերով տարբեր ժամանակներում զբաղվել են մի խումբ հետազոտողներ, որոնցից կարելի է նշել Մ. Պ. Իսաենկոյի, Գ. Օ. Փիջյանի և Ա. Ս. Փարամազյանի անունները:

Քաջարանի հանքավայրի ուսումնասիրությանը զուգահեռ ռեգիոնի երկրաբանական հետախուզական և ուսումնասիրության գործում կարևոր աշխատանքներ են կատարել Կ. Ն. Պաֆենգոլցը, Հ. Գ. Մաղաքյանը, Ա. Տ. Ասլանյանը, Վ. Ն. Կոտլյարը, Շ. Ա. Ազիզբեկովը, Յու. Ա. Արապովը, որոնք որոշ չափով շոշափել են մեզ հետաքրքրող մարզում երկրաբանական կառուցվածքի հարցերը:

Կարևոր և ծավալուն երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարել հանքաերկրաբաններ Ի. Ն. Չիրկովը, Գ. Մ. Հարությունյանը, Պ. Պ. Ցամերյանը, Թ. Թադևոսյանը, Ե. Պ. Զիլմանը, Ց. Ա. Գալստյանը, Ա. Ն. Դանիելյանը և ուրիշներ, ովքեր իրենց նպաստն են բերել հանքավայրի ճիշտ և շահավետ շահագործման աշխատանքներին (C. C. Мкртчян, K. A. Карапетян, T. A. Аревшатян, «Каджаранское медно-молибденовое месторождение», Ep., 1969, cтр. 9-10):

Հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների ղեկավարման, նրա տարածաչափական, հանքաքարի որակական հատկությունների, ինչպես նաև հիմնական մետաղներից բացի այլ ուղեկցող օգտակար տարրերի առկայությունն ու պարունակությունը որոշելու գործում անձնուրաց աշխատանք են կատարել հանրապետության երկրաբանական վարչության Քաջարանի երկրաբանահետախուզական խմբի պետ Թադևոս Թաղևոսյանը, հետագայում՝ Ցոլակ Գալստյանը և գլխավոր ինժեներ Եֆիմ Զիլմանը: Նրանք միաժամանակ հանքավայրի պաշարների հաշվարկի համահեղինակներ են՝ Թադևոսյանն առաջին, իսկ Ց. Գալստյանը և Ե. Զիլմանը՝ երկրորդ հաշվարկի:

Հանքավայրի շահագործման առաջին տարիներին հույժ կարևոր էր ստուգել և անհրաժեշտության դեպքում ճշտել ինչպես հանքաքարի որակական ցուցանիշները, այնպես էլ հանքային դաշտի հանքայնացման օրինաչափությունները: Այս խնդիրը հաջողությամբ լուծեցին կոմբինատի գլխավոր երկրաբան Ամոս Դանիելյանի և բաց հանքի երկրաբան Էդիկ Ավետիսյանի ղեկավարած ծառայությունները:

Քաջարանի հանքավայրի երկրաբանական հետախուզական ուսումնասիրությունների գործում ցուցաբերած եռանդուն մասնակցության համար բազմաթիվ երկրաբաններ, այդ թվում՝ Ի. Մաղաքյանը, Ս. Մովսիսյանը, Ս. Մկրտչյանը, Գ. Հարությունյանը և ուրիշներ, արժանացան պետական մրցանակների:

Հայաստանի կառավարությունը, հիմք ընդունելով ԽՍՀՄ երկրաբանական գլխավոր վարչության և գիտությունների ակադեմիայի կողմից 1930-ական թվականների ընթացքում կատարած ուսումնասիրությունները և գնահատելով Փիրդավդանի հանքավայրի ժողովրդական խոշոր նշանակությունը, 1938 թվականի ապրիլին ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատի առջև հարց է բարձրացնում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում գործարանային արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև նախապատրաստական շինարարական աշխատանքների համար նախատեսված կապիտալ միջոցներն ավելացնելու մասին: Միութենական կառավարությունը հավանություն է տալիս Հայաստանի կառավարության առաջարկությանը: ՀԿ/բ/Կ 11-րդ համագումարի որոշմամբ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ուսումնասիրությունն ու արտադրատեխնիկական նախագծերի մշակումը դրվում է երկրաբանական վարչության ուշադրության կենտրոնում, իսկ դրա իրագործումը լայնորեն ծավալվում է երկրի ժողովրդական տնտեսության զարգացման երկրորդ հնգամյակի տարիներին:

Որոշվում է Հայաստանի պղնձարդյունաբերության հանքաքարի բազան նոր հանքավայրերի հաշվին ընդարձակելու համար առաջին հերթին ուժեղացնել երկրաբանական-հետախուզական աշխատանքների ավարտումը Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում և ամենամոտ ժամանակում ձեռնամուխ լինել այդ հանքավայրի արդյունաբերական յուրացմանը: Ղափանի պղնձահանքային կոմբինատը լրացուցիչ սարքավորումներ ու մեխանիզմներ է ուղարկում Քաջարանի երկրաբաններին: Հետախուզահորեր փորելուց բացի, կազմակերպվում են նաև մեխանիկական եղանակով խոր փորման աշխատանքներ: Մոսկվայի գունմետ նախագիծ ինստիտուտի մասնագետները, նշելով Քաջարանի ծննդավայրի կարևորությունը, հարց են բարձրացնում այստեղ հանույթը կազմակերպելու բաց եղանակով: Հաշվվել էր բաց եղանակով հանքաքարի հանույթի բարձր արտադրողականությունը և ինքնարժեքը, որի կարողությունները պետք է տասն անգամ գերազանցեին Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայի կարողությունները: Նախատեսվում էր կառուցել փորձնական ֆաբրիկա, ապա երկու տարի շահագործելուց հետո, դարձնել հիմնական: Փորձնական ֆաբրիկայի կառուցման նպատակն էր ուսումնասիրել պղնձի և մոլիբդենի կորզման տեխնոլոգիան և ապագա ֆաբրիկայի համար կադրեր պատրաստելու հնարավորություն ստեղծել: Նախատեսված էր խտանյութի ստացումը Քաջարանում կազմակերպել 1940 թվականից, իսկ 1942 թվականին շահագործման հանձնել ֆաբրիկան՝ իր կարողությունների 80 տոկոսի սահմաններում: 1940 թվականի օգոստոսից հետախուզական հանքերի վարչության հետ միասին այստեղ իր աշխատանքներն է սկսում նաև հանքերի շահագործման վարչությունը: Այդ նույն ամսում Քաջարանի հանքավայրում շահագործման է հանձնվում չորս հանքուղի, որից հանվող հանքաքարը կուտակվում է տեղում՝ հետագայում մշակելու համար: Ղափանից Քաջարան ճանապարհի բացակայությունը դժվարություններ էր առաջացնում խտանյութի տեղափոխման համար: Առաջ է քաշվում այդ հարցի լուծման երեք տարբերակ. առաջին՝ կառուցել Քաջարան-Ղափան ճոպանուղի, երկրորդ՝ խտանյութը տեղափոխել խողովակաշարով, երրորդ՝ կառուցել Ղափան-Քաջարան երկաթուղի:

Ճիշտ է, Ղափան-Քաջարան ավտոճանապարհի կառուցումն օրակարգի խնդիր էր և ավելի էժան, բայց մեքենաների պակասը չէր կարող ապահովել հանքաքարի տեղափոխումը ֆաբրիկա և այնտեղից խտանյութի տեղափոխումը Ղափան: Քննարկելով ներկայացված տարբերակները, որոշվեց կառուցել Քաջարան-Ղափան ճոպանուղին, որի շինարարական աշխատանքները պետք է կատարվեին երրորդ հնգամյակի ընթացքում: Այդ տարիներին Քաջարանում երկրաբանական-հետախուզական աշխատանքների համար հատկացվեց 5,3 միլիոն ռուբլի: Քաջարանում կառուցվող նոր պղնձաձուլական գործարանի կարողությունները 2,5 անգամ պետք է գերազանցեին Ալավերդու ձուլարանի կարողությունները: Այդ նպատակի համար հատկացվում է 12 միլիոն ռուբլի: Հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու համար հատկացվում է 24,7 միլիոն ռուբլի: Համեմատության համար նշենք, որ Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման վրա ծախսվել է ընդամենը 4 միլիոն ռուբլի:

Քաջարանի պղնձաձուլական գործարանն ու հարստացուցիչ ֆաբրիկան էլեկտրաէներգիայով ապահովելու համար առաջ է քաշվում Որոտան (Բազարչայ) կասկադի կառուցման հարցը: Առավել մեծ դժվարություն էր ներկայացնում հանքերն ու գործարանն աշխատուժով ապահովելու խնդիրը: Նախնական տվյալների համաձայն, հանքերի շահագործման համար անհրաժեշտ կլիներ շուրջ 2300 մարդ, իսկ լրիվ կարողություններով աշխատելու դեպքում՝ 3000 մարդ: Եթե նկատի ունենանք, որ մոտ 2000 մարդ այդ ժամանակ աշխատում էր Ղափանի պղնձահանքերում, ապա ակնհայտ էր, որ Ղափանն այդ ժամանակ հնարավորություն չուներ 5000 մարդ ապահովեր շրջանի հանքարդյունաբերության համար: Հետևաբար, Քաջարանը բանվորական աշխատուժով ապահովելու համար անհրաժեշտ էր բանվորներ և մասնագետներ հրավիրել թե՛ հանրապետության տարբեր շրջաններից, թե’ միութենական այլ հանրապետություններից: Եվ քանի որ հանքավայրին մոտ գտնվող Քաջարան, Ողջի, Աթկըզ, Վերին Հանդ գյուղերը հնարավորություն չունեին նախատեսվող մեծաքանակ աշխատողներին բնակարաններ հատկացնել, ուստի անհրաժեշտ էր սկսել նաև բնակարանային ծավալուն շինարարություն: Այդ նպատակի համար նախատեսվում է հատկացնել 18,2 միլիոն ռուբլի: Ընդամենը, Քաջարանի պղնձամոլիբդենային ծննդավայրի շահագործման, պղնձաձուլական գործարանի և հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարության համար երրորդ հնգամյակի տարիներին նախատեսվում էր հատկացնել 113 միլիոն ռուբլի:

Հիմք ընդունելով այդ հանքավայրի պղնձի, մոլիբդենի հարուստ պաշարները, ԽՍՀՄ ժողկոմատը և ՀամԿ/բ/Կ կենտկոմը 1941 թվականի հունվարի 30-ին որոշում ընդունեցին Զանգեզուրում (Քաջարանի տարածք) պղնձամոլիբդենային կոմբինատ կառուցելու մասին: Դեռևս 1939 թվականին, նկատի ունենալով այդ խոշոր կառույցի շինարարության համար բանվորական ուժի սպասվելիք մեծաքանակ ներհոսքը, Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց կազմել Քաջարանում կառուցվելիք բանվորական ավանի առաջին գլխավոր հատակագիծը: Աշխատանքներն սկսվեցին, սակայն վերահաս պատերազմի պատճառով շուտով ընդհատվեցին: Դրանք վերսկսվեցին միայն պատերազմից հետո, երբ լայն թափով սկսվել էին կոմբինատի կառուցման աշխատանքները:

Քաջարանի աշխարհագրական դիրքը, կլիմայական անբարենպաստ պայմանները, բարեկարգ ճանապարհների բացակայությունը բավականին մեծ դժվարություններ էին ստեղծում պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության ծավալուն աշխատանքներն սկսելու՝ անհրաժեշտ շինանյութերի, սարքավորումների և մեխանիզմի փոխադրման համար: Այդ պատճառով որոշվեց առաջին հերթին կարգավորել ճանապարհները՝ Ղափան-Քաջարան ճանապարհը: Նոր ճանապարհի նախագծային փաստաթղթերը կազմելու համար ստեղծվեց պետական հանձնաժողով, որը գլխավորում էր Գունավոր մետալուրգիայի մինիստրության նախագծային ինստիտուտի գլխավոր ինժեներ Ա. Խոբոտովը: Հանձնաժողովը 1941 թվականի մարտի 12-ին մինիստրությանը ներկայացրեց Ղափան-Քաջարան խճուղային նոր ճանապարհի նախագծային փաստաթղթերը: Որոշվեց շինարարությունն սկսել նույն թվականի ապրիլից: Սակայն այդպես էլ շինարարությանն ընթացք չտրվեց:

Վերահաս պատերազմը հարկադրեց դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները: Շրջանի լեռնահանքային արդյունաբերության համար ծանր պայմաններ են ստեղծվում. ռազմաճակատ է մեկնում առաջավոր և երիտասարդ բանվորների մեծ մասը, զգացվում է վառելանյութի և հումքի սուր պակաս: Հանքաքարի հանույթի ծավալների կրճատման պատճառով Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկան աշխատում է թերծանրաբեռնվածությամբ: 1943 թվականին հանքաքարի հանույթը 1941 թվականին հանված հանքաքարի հանույթի համեմատությամբ կազմում էր 52, 3%:

Այնուհանդերձ, պատերազմ էր և երկրին ավելի ու ավելի շատ պղինձ էր անհրաժեշտ: Երկրի ռազմական արտադրության սպասարկման գործում Ղափանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանների դերն ավելի է մեծանում: Ռազմական արտադրության պահանջները կատարելու համար, ինչպես մյուս արդյունաբերական ձեռնարկությունները, պատերազմի ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան վերակառուցվում է նաև երկրամասի լեռնահանքային արդյունաբերությունը: Փոխվում է պղնձի տեսականին, կատարելագործվում են նաև արտադրության պրոցեսները: 1943 թվականից սկսած ավելանում է նաև հանքաքարի հանույթը, թեպետ մինչև 1945 թվականը ներառյալ այն չի հասնում 1940 թվականի մակարդակին: Պղնձի արտադրությունը մեծացնելու համար, որի կարիքն ավելի մեծ էր, քան երբևէ, երկրամասի լեռնագործները կրկնակի հերթափոխի են կանգնում ռազմաճակատ մեկնած իրենց աշխատանքային ընկերների փոխարեն: Ռազմաճակատ մեկնած տղամարդկանց փոխարեն հանքերում յոթ ամսվա ընթացքում աշխատանքի է ընդունվում ավելի քան 200 կին: Այդ երիտասարդ և լեռնային աշխատանքին քիչ տեղյակ աշխատողների համար կազմակերպվում է տեխնիկական ուսուցման 11 խմբակ:

Կրկին օրակարգի հարց են դառնում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցման աշխատանքները, ճանապարհի կառուցումը դառնում է օրվա հրամայականը:

1943 թվական, հունիսի 6: Հայաստանի կոմկուսի Կենտկոմում բյուրոյի նիստ էր: Կենտկոմի առաջին քարտուղար Գր. Հարությունյանի ընդունարանում նստած էր միջահասակ, նիհարադեմ մի մարդ: Շուտով ընդունարանում հայտարարվեց.

- Ո՞վ է Մելքումյանը, մտեք նիստերի դահլիճ:

Տղամարդը վեր կացավ, երկչոտ քայլերով մտավ նիստերի դահլիճ՝ մատնացույց արված դռնով: Հենց շեմից անմիջապես իր վրա զգաց Կենտկոմի բյուրոյի անդամների ուշադիր հայացքները: «Սրանք որտեղո՞վ մտան դահլիճ, որ ես չնկատեցի»,- առաջին պահին մտածեց Մելքումյանը:

- Նստեք, - կարգադրելու նման ասաց Կենտկոմի քարտուղար Աղասի Չարչօղլյանը: Նա կանգնած էր սեղանի գլխավերևում, ձեռքին լիքը թղթապանակ:

Մելքումյանը նոր միայն նստել էր, երբ Չարչօղլյանը զրնգուն ձայնով խոսեց, դիմելով ընդհանուրին.

- Հարց քսանչորս: Քաջարանշին վարչության պետ նշանակելու մասին: Առաջարկություն կա Քաջարանշին վարչության պետ նշանակել Սեդրակ Մելքումյանին: Նրան ուղղված հարցեր կա՞ն:

Բյուրոյի անդամներից մեկը հարցրեց.

- Քանի՞ տարեկան ես:

- Քառասուներեք, - ոտքի կանգնելով՝ պատասխանեց Մելքումյանը:

- Ինչո՞ւ ծառայության մեջ չես:

- Ծառայությունից նոր եմ վերադարձել, վիրավոր եմ, - մի տեսակ մեղավոր ու ամաչկոտ լսվեց պատասխանը:

Ուրիշ հարց տվողներ չեղան: Ոտքի կանգնեց Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

- Ընկերնե՛ր, դժվար ժամանակներ են, բայց մենք պարտավոր ենք այսօր մտածել մեր երկրի վաղվա մասին: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքերը շահագործելու և պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցումն սկսելու համար անհրաժեշտ է ծավալել շինարարական աշխատանքներ: Այդ աշխատանքներն սկսում ենք ճանապարհաշինությունից,- դիմելով արդեն Մելքումյանին, նա շարունակեց: - Հաշվի առե՛ք, պատերազմն ավարտվելուն պես Քաջարանին կտրամադրվեն ծանր մեքենաներ, սարքավորումներ: Շնորհավորում եմ, կարող եք գնալ:

Սակայն, չնայած բյուրոյի որոշմանը, Ղափան-Քաջարան ճանապարհի շինարարությունն սկսվեց ավելի ուշ՝ 1944 թվականին: Նույն թվականից սկսվում են նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցման աշխատանքները: Ճանապարհի շինարարության համար շրջանի գյուղերից և հանրապետության տարբեր շրջաններից հավաքագրում են բանվորներ ու շինարարական աշխատանքների մասնագետներ: Ճանապարհի շինարարությունն առաջ էր գնում շատ դանդաղորեն: Ղափան-Քաջարան ճանապարհի կենտրոնական հատվածում տարածված էին գլաքարային բավական հզոր, տեղ-տեղ մի քանի մետրի հասնող շերտեր, որոնք լուրջ խոչընդոտ էին ճանապարհաշինության համար: Հորդառատ անձրևների ժամանակ գլաքարային շերտերի վրայով անցնում էին լանջերն ի վար սուրացող արագահոս առվակներ, որոնք քշում-տանում էին հողի շերտը: Քարերը մերկանում էին, երբեմն գլոր-գլոր, իրար զարկվելով, երբեմն էլ հեղեղվելով իջնում էին ճանապարհի վրա, կույտ-կույտ, բլուր-բլուր փակում ճամփան: Քարերը կոկ էին, բազմաձև, կարծր ու ծանր: Դրանց թափվելուց հետո ճանապարհի մաքրումը շատ դժվար էր ու աշխատատար: Քանիցս արդեն բացված ճանապարհը կրկին փակվել է սարերից իջնող հեղեղների բերած քար ու ավազով: Ճիշտ է, Ղափան-Քաջարան ավտոճանապարհը շահագործման էր հանձնվել և առաջին ավտոմեքենան Քաջարան էր մտել 1939 թվականի հունիսի 10-ին, որի կապակցությամբ շրջանային «Պղնձի համար» թերթը գրել է. «Ղափան-Փիրդավդան ճանապարհը 32 կիլոմետր է: Այդտեղ բնակվողներն այլևս իրենց կտրված չեն համարի շրջկենտրոնից, եթե հարկ լինի, ամեն մեկը մեկուկես ժամում կարող է գալ Ղափան, իսկ այնտեղից ինքնաթիռով մեկ ժամ 15 րոպեում հասնել Երևան»:

Սակայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նախագծային հզորությունների ավելացման, ինչպես նաև տեխնիկական պայմաններին համապատասխանեցնելու նպատակով այդ ճանապարհի նախագծային փաստաթղթերը մի քանի անգամ փոփոխության ենթարկվեցին: 1947 թվականին Հայաստանի ճանապարհների և կամրջաշինության վարչության կողմից ներկայացվեց նոր նախագիծ: Սակայն, քանի որ այստեղ չէին ընդգրկված 1941 թվականի նախագծով նախատեսված որոշ ինժեներական կառույցների և լեռնային աշխատանքների վերաբերյալ նախնական գծագրերը, անհրաժեշտություն ծագեց կազմելու նոր նախագիծ: Աշխատանքները դարձյալ ձգձգվեցին: Ի վերջո, 1949 թվականի հուլիսի 20-ին «Հայպղինձ» տրեստը քննարկման դրեց «Անդրգունմետ» տրեստի թիվ 2 շինվարչության կողմից ներկայացված Կապան-Քաջարան ավտոմայրուղու կառուցման նոր նախագիծը: Ճանապարհի թողունակությունը ավելացնելու և հզորությունը մեծացնելու նպատակով կատարված մի քանի փոփոխություններով հանդերձ, նոր նախագիծն ընդունվեց: 1949 թվականի օգոստոսի 2-ին կայացած ՀԿ/բ/Կ Կենտկոմի բյուրոյի նիստում որոշում կայացվեց հանձնարարել «Անդրկովկասգունմետշին» տրեստի կառավարիչ Մ. Սարուխանյանին և թիվ 2 շինմոնտաժային վարչության պետ Հ. Թումանյանին՝ մինչև 1949 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել և շահագործման հանձնել Ղափան-Քաջարան ճանապարհը:

Մի քանի օր անց, օգոստոսի 8-ին, Քաջարանում կայացավ նոր խորհրդակցություն՝ ճանապարհի շինարարության ընթացքի վերաբերյալ: Խորհրդակցությունում Գունավոր մետալուրգիայի նախագծային ինստիտուտի տրանսպորտային բաժնի պետ Ա. Բրիմմերը ներկայացրեց այն անհետաձգելի աշխատանքները, որոնք անհրաժեշտ էր իրականացնել առաջին հերթին. ճանապարհի երկարությամբ որոշ տեղամասերում կառուցել բետոնե կամ հիմնաքարային հենապատեր՝ 4-5 մետր բարձրությամբ, ճանապարհի որոշ հատվածներում անցունակությունը լիարժեք ապահովելու համար նրա լայնությունը հասցնել մինչև 7 մետրի, ճանապարհի ամբողջ երկարությամբ ապահովել ջրահեռացման անցուղիներ և այլ: Ճանապարհի շինարարությունը, ժամանակին կատարված կապիտալ ներդրումների, ստացած անհրաժեշտ սարքավորումների և մեխանիզմների շնորհիվ, ընթացավ ավելի լայն ծավալներով՝ շահագործման հանձնվելով պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցման հետ միաժամանակ:

Բարեկարգ ճանապարհի բացակայությունը բացասաբար էր անդրադառնում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցման աշխատանքների վրա, որը վերսկսվելով 1944 թվականից, լայն թափ ստացավ հատկապես պատերազմի ավարտից հետո: Բելի յուրդ լեռան, որը վերանվանվեց Գանձասար, հարավային լանջին սկսվում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի փորձնական հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները: Ապագա կոմբինատին էլեկտրաէներգիա մատակարարելու համար Ղափան քաղաքում քարածխի բազայի վրա կառուցվում է նոր ջերմակայան, իսկ Ողջի գետի վրա սկսվում են թիվ 1 և թիվ 2 հէկ-երի կառուցման աշխատանքները: Շրջանի գյուղերից և հանրապետության տարբեր շրջաններից (Գորիսից, Սիսիանից, Մեղրիից, Եղեգնաձորից, Վարդենիսից, Մարտունուց, Կամոյից և այլն), միութենական տարբեր հանրապետություններից Քաջարանի կոմբինատի շինարարությունում աշխատելու եկան մոտ 1500 մարդ, այդ թվում 18 տարբեր ազգերի ներկայացուցիչներ (ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, ուզբեկներ, վրացիներ, ղազախներ և այլն): Այստեղ աշխատում էր նաև ռումինացիներից կազմված առանձին բրիգադ, որի նկատմամբ ցուցաբերվում էր առանձնահատուկ վերաբերմունք:

Ի դեպ, Ղափան-Քաջարան ճանապարհային տեղամասերից մեկի պետն էր Հայրենական պատերազմի տարիներին Պերեկոպի պարանոցի մարտերում իրեն փառքով պսակած, Խորհրդային Միության հերոս Ռուբեն Հակոբյանը: Անմիջապես նրա ղեկավարությամբ էր, որ ճանապարհի ամենաբարդ տեղամասերից մեկում՝ «Սուր կապ» կոչված ահռելի ժայռի միջով, պայթեցնելով ու տեղահան անելով ժայռերը, ուղի բացեցին:

Ահա, թե ինչ է պատմում ինքը՝ Ռ. Հակոբյանը, այդ մասին: Պատմածը մեջ է բերում Գ. Արևյանն իր «Հանքաշխարհ» գրքում.

- Մեծ պայթեցումը մի հրաշք բան էր: Ժայռի կողերը փորելով 25 խոր հոր բացեցինք, բոլոր հորերն էլ խորքում լայնացնելով, 3-4 մետր տրամագծով անձավներ դարձրինք: Այնուհետև 250 տոննա պայթուցիկ նյութերը զգուշությամբ իջեցնելով, տեղավորեցինք անձավներում՝ յուրաքանչյուրում 3-4 տոննա, իսկ ավելի ընդարձակներում մինչև 10-20 տոննա: Բոլոր հոր-անձավները ծածկեցինք ամուր, տեխնիկական բոլոր կանոններով: Միացուցիչ էլեկտրալարերը տարվեցին հեռու, լեռան այն կողմը, հինգ կիլոմետրի վրա: Լեռը պատրաստ էր պայթեցվելու: Հեռվից կարմիր դրոշներով ազդանշան տրվեց: Ճիշտ ժամը 1-ին, լեռան մյուս կողմից էլեկտրատեխնիկը միացրեց հոսանքը:

... Հանկարծ վիթխարի լեռը բարձրացավ 200 մետր երկարությամբ և մոտ մեկ կիլոմետր բարձրությամբ մի առասպելական սյուն կանգնեց մեր առջև: Մոտ տասը փթանոց քարեր նետվել էին երկու կիլոմետր հեռավորության վրա: Պայթյունի վայրում, ուր վիթխարի լեռը կիսվել էր, գլխավոր ինժեները բացատրում էր բոլորին.

- Այս լեռը ճեղքելու և հիսուն հազար խորանարդ մետր հողային ու ժայռային աշխատանք կատարելու համար երկու հազար բանվոր պետք է աշխատեին քառասուն օր: Բայց ընդամենը մեկ ամսում 60 բանվոր բացեցին հոր-անձավները:

Մարդիկ, հաջող պայթեցումից ուրախ ու հուզված, մոտենում էին միմյանց, ողջագուրվում. այս կերպ շնորհավորելով հաղթանակը՝ հզոր ժայռի ճեղքումը:

Կոմբինատի շինարարության համար կառավարությունը հողահատկացումներ կատարեց շրջակա Ողջի և Քաջարան գյուղերի հողատարածքներից: Քաջարանշին վարչության պետ Ա. Օգանովի 1946 թվականի հունիսի 12-ի՝ Հայպղինձ տրեստին ուղղված գրությունից տեղեկանում ենք, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության համար անհրաժեշտ է Ողջի և Քաջարան գյուղերի հողատարածքներն անջատել և Քաջարանշինին հատկացնել ընդամենը 65,9 հեկտար հող: Նույն թվականի մարտի 2-ի մի այլ գրության մեջ Ա. Օգանովը պահանջում է Քաջարանշինին հատկացնել 344,7 հա հողատարածք, որից 260,89 հեկտարը Ողջիի կոլտնտեսության, իսկ 83,8 հեկտարը՝ Քաջարանի կոլտնտեսության հողատարածքներից: Հայաստանի հողագործության մինիստրությունը առարկեց այդ հողահատկացումներին, համաձայնվելով հատկացնել միայն Քաջարանի կոլտնտեսության հողերից: Ողջի գյուղի կոլտնտեսության հողերից հողահատկացման վերաբերյալ հողագործության մինիստրությունը պնդում էր այն տեսակետը, որ Ողջի գյուղի կոլտնտեսությունից հողահատկացումը կատարվի աստիճանաբար՝ յուրաքանչյուր տարվա շինարարության պահանջներից ելնելով: Իսկ, որպեսզի շինարարությունը կանգ չառնի, մինիստրությունն համաձայնվում էր Ողջիի հողատարածքներից հատկացնել 15 հա հողամաս, միաժամանակ նաև առաջարկելով լրացուցիչ հողատարածքներ պահանջելու դեպքում հարցը քննարկել երկու գյուղերի կոլտնտեսությունների ընդհանուր ժողովում:

Գրագրությունները, խնդրագրերն ու պահանջագրերն արդյունք չէին տալիս: Ի վերջո, Հայաստանի կառավարության միջնորդությամբ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի հանձնարարությամբ հողագործության մինիստրությունը տեղի տվեց:

Չնայած հատկացված խոշոր միջոցներին և աշխատուժով ապահովված լինելուն, կոմբինատի շինարարությունը դանդաղորեն էր առաջ ընթանում: Ցածր էր աշխատանքի արտադրողականությունը, չէր բավարարում փորձված բանվորական ուժը, վատ էր շինարարական կադրերի վերապատրաստումը: Աշխատանքի վատ կազմակերպման և աշխատանքային թույլ կարգապահության հետևանքով մասսայաբար թերակատարվում էին առաջադրանքները: 1946 թվականին գործավարձով աշխատող բանվորների 65,5%-ը չկատարեց աշխատանքային նորմաները: Դժվար էին առաջ գնում լեռնաշինարարական աշխատանքները: 300 աշխատանքային օրվա փոխարեն բանվորներն աշխատանքի էին դուրս եկել ընդամենը 240 օր: Կենցաղային վատ պայմանների ու անբավարար մատակարարման պայմաններում մեծանում էր աշխատողների արտահոսքը: Նույն 1946 թվականի ընթացքում Քաջարանշինից հեռացել էին 422 բանվոր-ծառայողներ, որոնցից 11-ը՝ մասնագետներ: Արտադրությունից ինքնակամ հեռացել էր 56 մարդ, տնտեսական դրության պատճառով՝ 182, սովորելու էր մեկնել 42, հիվանդության և այլ պատճառներով՝ 121 մարդ:

1947 թվականի հունվարի 1-ի դրությամբ Քաջարանի հանքերում, ֆաբրիկայի և ճանապարհների շինարարության մեջ ընդգրկված բանվոր-ծառայողների թիվը հասնում էր մոտ 1260-ի, որից բանվորներ էին 840-ը, ինժեներատեխնիկական անձնակազմը 118, ծառայողներ և այլ աշխատողներ՝ 300 մարդ: Զգացվում էր որակյալ բանվորների, հատկապես հանքափորների, ամրակապողների և վագոնավարների մեծ պահանջ: Դեռևս 1946 թվականի վերջում Քաջա- րանշինում ստեղծվեց ատեստացիոն հանձնաժողով, որի նպատակը մեկն էր՝ տալ առաջին և երկրորդ կարգի վարպետի կոչում: Ատեստացիայի ենթարկվեցին նաև բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցող բանվոր-ծառայողները: Արդյունքում՝ բանվոր-ծառայողներից առաջ քաշվեցին 9 հերթափոխի ղեկավարներ, 5 ցեխի և բաժնի վարիչներ, 2 արտադրամասի վարպետներ, 4 հանքի երկրաբաններ և մարկշեյդերներ:

1947 թվականին հանրապետության մամուլում երևացին Քաջարանշինի առաջավորների անունները՝ Հ. Հարությունյանը և Գ. Թումանյանն իրենց աշխատանքային նորմաները կատարեցին 250 տոկոսով, Բ. Հարությունյանը և Ու. Գրիգորյանը՝ նորմաները կատարեցին 200%-ով, Ա. Հայրապետյանը, Լ. Մաթևոսյանը, Լ. Մարգարյանը, Ս. Պետրոսյանը՝ 150-200%-ով, իրենց ցուցանիշներով արդեն աչքի էին ընկել թիվ 5 և 6 հանքից Արտեմ Անտոնյանը, Աթանես Գրիգորյանը, թիվ 1 և 2 հանքից՝ Արշավիր Հովհաննիսյանը, Մարիա Վայցեկովսկայան:

Քաջարանի փորձնական հարստացուցիչ ֆաբրիկայի տնօրենն էր Գ. Ն. Բեզրոդնին, ով ղեկավարում էր ֆաբրիկայի կառուցման, արտադրամասերի ու հանքերի բնականոն աշխատանքները:

Հատված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

գրքից (Երևան-2004)

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21