Հեթանոս աստվածների կացարան Հարժիսը, որ երկնամերձ ամպերի մոտ է, նաեւ քրիստոնեական բազում սրբավայրեր ունի

06.03.2020 21:05
2384

Գյուղը ներկայումս գտնվում է Եռաբլրի սարահարթում, ժայռի պռնկին, Գորիս-Երեւան ավտոմայրուղու 12 կիլոմետրից հարավ՝ 6 կմ հեռավորության վրա:

Հարավային կողմից Որոտանի կիրճն է, որն այդ հատվածում կոչվում է Հարժիսի կիրճ (խորությունը՝ 650 մ, այդտեղով է հոսում Որոտան գետը):

Կիրճը գյուղից բաժանվում է ուղղաձիգ, բարձր ժայռերով:

Գյուղատեղը, կարելի է ասել, օղակված է բլրաշղթայով:

Գյուղը գտնվում է Տաթեւի, Հալիձորի, Շինուհայրի, Լծենի, Դարպասի, Վաղուդիի, Ուրուտի հողատարածությունների արանքում եւ զբաղեցնում է մոտավորապես 50 քառակուսի կմ տարածք: Ներկայիս տեղանքում գյուղը գտնվում է 1931 թ. ապրիլ-մայիսից, թեեւ այդտեղ հնում էլ բնակավայր է եղել:

Մինչեւ 1931 թվականի ապրիլի 27-ի ավերիչ երկրաշարժը Հարժիսը գտնվում էր 1,5 կմ հարավ գտնվող Ներքի շենում (այդտեղ, ինչպես նաեւ հետագայում՝ մինչեւ 1968 թ. հուլիսի 3, գյուղը կոչվել է Յայջի):

Ներքի շենը Հարժիսի համար գյուղատեղի է ծառայել շուրջ երեք դար: Դրանից առաջ, անտարակույս, Ներքի շենը նույնպես բնակատեղի է եղել, ինչը վկայում են այնտեղ առայսօր պահպանվող ճարտարապետական, պատմամշակութային արժեքները, վիմական արձանագրությունները:

Հարժիսի կիրճում է գտնվում Հարժիսի լիճը, որն առաջացել է 1974 թ. ապրիլ ամսին՝ սողանքի հետեւանքով:

Այդ լիճը, առանց չափազանցության. ներկայիս Սյունիքի հրաշալիքներից մեկն է:

Գյուղի տարածքում է գտնվում (Քարվանսարայից հյուսիս) մեկ ուրիշ լճակ, որը մատենագիտության մեջ անվանվում է Ուչթափա գյոլ կամ Ուշթափալարի լճակ:

Գյուղի տարածքում կա տասը գյուղատեղի, որոնցից յուրաքնչյուրը խոսակցության առանձին նյութ է:

Գյուղի տարածքում է 1722 թ. Դավիթ Բեկը տվել առաջին ճակատամարտը՝ ջարդելով կարաչոռլու թուրքերին:

Գյուղի հյուսիսային տարածքում է գտնվել Ուրարտական Արգիշտի 2-րդ թագավորի (714-685 թթ. մ.թ.ա.) սեպագիր արձանագրությունը:

Այդ կողմերում է գտնվել Արտաշես 1-ին արքայի (189-160 թթ. մ.թ.ա.) արամերեն գրությամբ սահմանաքարը:

Հարժիսի տարածքում է 1987 թ. գտնվել (հնագետ՝ Օնիկ Խնկիկյան) «սկյութական» տիպի երկու նետասլաք, որ եզակի վկայություն են սկյութների՝ այդ տարածքում գտնվելու մասին:

Առհասարակ Հարժիսի տարածքի հնագիտական հուշարձանները եւ դամբարանադաշտը խոսակցության առանձին եւ ծավալուն նյութ կարող են լինել:

Ներքի շենի արեւմտյան կողմում (Որոտանի աջ ափին) բարձրանում է մի ահագին ժայռ, որի գագաթին հնում եղել է մի ամրոց, որի հետքերը պահպանվում են մինչեւ հիմա: Այդ մասին գրում է  նաեւ Երվանդ Լալայանը (Զանգեզուրի գավառ, նյութեր ապագա ուսումնասիրության համար, Ա հատոր, էջ 68):

Մոտ չորս հարյուր տարի, եթե ոչ ավելի, Հարժիսը (ընդհատումներով) եղել է Տաթեւի վանքի անխախտ սեփականություն՝ սկսած 906 թվականից:

 

Հարժիսի նախնական տեղագրության հարցը

Հարժիսի նախնական տեղի առնչությամբ մատենագիտության մեջ երկու տեսակետ է շրջանառվում:

Առաջին տեսակետ

Հաժիքի սկզբնական տեղը Ալան (Ալն) թագավոր կոչվող վայրն է, որ համապատասխանում է Քուրդլար գյուղատեղիին:

Այդ տեսակետի կողմնակից է նաեւ հնագետ Սեդրակ Բարխուդարյանը:

Հարժիքցիներն այդ վայրից բռնագաղթվել են 1586-1607 թվականներին, երբ Արաքսի ձախ ավազանին տիրում էին թուրքերը:

Այդ ժամանակ Քաշաթաղ-Մաղավուզից, ինչպես եւ Ծակեձոր-Հաբանդից ու Ծղուկ-Սիսիանից բռնությամբ գաղթել են բնիկները՝ դեպի Գանձակի կողմերը :

1590-ականներից բռնագաղթի ենթարկված հայկական գյուղերը բնակեցվեցին քրդական մի քանի ցեղերով:

Հենց այդ ընթացքում էլ Հարժիսը ժամանակավորապես դուրս եկավ պատմական ասպարեզից:

Երկրորդ տեսակետ

Հարժիքի սկզբնական տեղը Ներքի շենն է:

Նման տեսակետ նախ հայտնում է  Ղեւոնդ Ալիշանը (Սիսական, Վենետիկ 1893 թ. )՝ «Ի Լծենոյ մինչեւ ի սահմանս Տաթեւոյ կամ ի Կամուրջըն Սատանայի մի միայն գիւղ կայ ի ձորեզրն Որոտան՝ յահեկէն, գրեաթէ միջասահման երկոցուն, այն է Եայճի, որ ի դրիցն՝ ըստ պատմութեանց եւ թուրքացի աղաւաղութեան անուանն՝ գուշակի լինել Հարժիք հին գիւղ Ցուցակին եւ պարգեւագրաց տերանց Սիւնեաց…»:

Երվանդ Լալայանը նույնպես կողմնակից է այդ վարկածին. «Լորաձորի եւ Տաթեւի սահմանների մէջ ընկնում է Եայճի գիւղը, որ ըստ Հայր Ալիշանի՝ նախկին Հարժիք գիւղը պիտի լինի: Սա գտնւում է Բազար-չայի ձախ ափին, հովտի լանջին, հիւսիսային կողմից պատած է բարձր ժայռերով…»:

Մեզ համար, սակայն, ընդունելի է առաջին տեսակետը, որը հիմնավորել ենք «Զանգեզուր» թերթում հրապարակած մեր հոդվածում՝ «Հարժիս գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվելու 1150-ամյակի առթիվ» (11 դեկտեմբերի 1990 թ.):

 

Հարժիս անվանման ստուգաբանման փորձ

Գրեթե մեկ իշխող վարկած կա այդ հարցում:

Հարժիք տեղանունը (Հարժիսի նախաձեւը) էթնիկ ծագում ունի, ասել է թե՝ գյուղը կրել է այդտեղ բնակվող տոհմի անունը:

Ք-ն հոգնակիակերտ վերջածանց է:

Այդպես են կարծում ե՛ւ Մորուս Հասրաթյանը, ե՛ւ ճանաչված լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանը:

Հարժիք բառի ձեւափոխությամբ է, որ առաջ է եկել Յայջի անվանումը:

Ղեւոնդ Ալիշանն անվանումի նման փոփոխությունը համարում է «թուրքացի աղաւաղութեան» հետեւանք:

Ալիշանի կարծիքն անվերապահորեն ընդունում է Երվանդ Լալայանը:

Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկի թարգմանության, ներածության եւ ծանոթագրությունների հեղինակ Ա. Աբրահամյանի կարծիքով եւս՝ Հարժիք հին անունը հետո գործածվել է Հարժիս ձեւով (ք-ս), սա էլ ուշ ժամանակներում ժողովրդական ստուգաբանությամբ աղավաղվել ու ստացել է  Յայջի  ձեւը:

Տողերիս հեղինակը 1990 թ. դեկտեմբերի 11-ին «Զանգեզուր» թերթում, ինչպես արդեն նշեցինք, քննարկել է այդ հարցը՝ «Հարժիս գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվելու 1150- ամյակի առթիվ»:

Մեր այդ հոդվածը բարձր գնահատականի է արժանացրել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանը:

Այդ հոդվածում մի քանի հարցի պատասխան է տրվում: Մասնավորապես, ցույց է տրվում, թե ինչպես է կատարվել Հարժիք-Յայջի ձեւափոխությունը: Այն կարող էր տեղի ունենալ բառասկզբի Հ-Յ, բառամիջի ր-յ, ժ-ճ-ջ հնչյունափոխությամբ:

Իսկ հարժի բառարմատը… Ենթադրում ենք, որ այդ բառարմատը էթնիկական հասկացություն է, այն էթնոսի, այն ցեղախմբի, գերդաստանի անունը, որ սկզբնապես բնակվել է այդ տարածքում:

Օրինաչափ է եղել նաեւ Հարժիքի վերածումը Հարժիսի: Ինչպես նշում է Ալեքսանդր Մարգարյանը, հայերենում քիչ չեն դեպքերը, երբ ոչ միայն հասարակ, այլեւ հատուկ անունների հոգնակի հայցականն ինքնուրույն բառային-բառույթային արժեք  է ստանում եւ գործածվում որպես բառի ուղիղ ձեւ:

Հարժիսի տարածքի գյուղատեղերի առնչությամբ ուսումնասիրությունները հանգեցրել են Յայջի անվանումի ստուգաբանման միանգամայն նոր վարկածի, որը խոսակցության առանձին նյութ է։

 

Ներքի շենի Սուրբ Մինաս եկեղեցին. թե ովքեր եւ ինչպես քանդեցին եկեղեցու զանգակատունը

Գեղեցկաշեն այդ եկեղեցու կառուցման տարեթիվը մատենագիտության մեջ չգտանք:

Սակայն պարզորոշ երեւում է, որ կառուցվել է հին եկեղեցու հիման վրա:

Երբ 1970-ականների սկզբին Ներքի շենի այգիներում, դպրոցական արձակուրդին, օգնական էի մեր գյուղի իմաստուն բաղվանչիներին, օրերից մի օր հետաքրքիր դեպք տեղի ունեցավ:

Խաչատուր Սարգսյանը, ով հավանաբար 1920 թ. ծնված էր, ինձ առաջարկեց միասին մտնել եկեղեցի՝ ասելով. «Տեսնում եմ՝ հետաքրքրություն ունես մեր սրբավայրերի, հնությունների հանդեպ: Եվ ուրեմն քեզ ցույց կտամ մի գրություն, որ վկայում է եկեղեցու կառուցման տարեթվի մասին»: Ու ցույց տվեց եկեղեցու հյուսիսային կողմի աջ սյունի արեւելահայաց  պատին դաջված մի արձանագրություն՝ թվ ՌՃԸ, որ նշանակում է 1659 թվական: Հորդորեց նաեւ՝ ուրիշներին ցույց տալ ու հանրայնացնել այդ թվականը:

Վերջին տարիներին եկեղեցու բեմը վերականգնվել է գյուղի դպրոցի տնօրեն Նորայր Եսայանի նախաձեռնությամբ ու ջանքով:

Եկեղեցու ներսում բացառիկ մաքրություն է տիրում, եւ դա՝ շնորհիվ Գրիգոր Օհանջանյանի:

Ճիշտ է, գանձագողերը տարիներ առաջ գրոհել են նաեւ այդ սրբավայրի վրա ու քարասալերով ծածկված հատակը քանդել, բայց այն իր հմայքը չի կորցրել:

1988 թ. մարտի 20-ին, հորս՝ Լազր Ալեքսանյանի մասնակցությամբ, երկար զրույց ունեցանք համագյուղացի Համո Խաչյանի հետ (1905 թ. ծնված):

Նա պատմեց, որ Սուրբ Մինասի զանգը բերվել է Շուշիից: Այն բերել էր Մաքի ապերը՝ Մինասենց ազգից:

Ի՞նչ ճակատագիր ունեցավ եկեղեցու զանգը…

Մամիկոն դային (Մամիկոն Ադամյան, ծնված 1898 թ.) 1988 թ. սեպտեմբերի 14-ին եւ նույն տարվա հոկտեմբերի 3-ին Գորիսում երկար զրույց ունեցավ մեզ հետ:

Ըստ Մամիկոն դայու՝ եկեղեցու զանգակատունը քանդողների ղեկավարն էր Ղառի Սիմին: Ասացին, որ նա է առաջինը բարձրացել եկեղեցու կտուր՝ զանգակատունը քանդելու: Իջեցված զանգը դրել են եկեղեցու ներսում, հետո տարել դպրոց…

Եկեղեցու վրա կատարված գրոհի մասին մեզ պատմել է նաեւ Խաչատուր Հայրապետյանը, 1988 թ. փետրվարի 6-ին (ծնված 1911 թ.):

Ըստ Խաչատուր Հայրապետյանի՝ «Մինչեւ 1927 թ. եկեղեցին կանգուն էր եւ գործում էր: Տեր Ղեւոնդը եւ Տեր Գեւորգն էին վերջին հոգեւոր տերերը:

Գյուղում ժողովի տեղ չկար, հասարակական շենքեր չկային:

Կոմերիտական ժողով հրավիրվեց ձմռանը, քարտուղարն Ապետնակ Մարտիրոսյանն էր:

Հարց բարձրացվեց եկեղեցին վերցնելու եւ հասարակական շենք դարձնելու մասին:

Նույն գիշերը կարմիր դրոշ բարձրացվեց եկեղեցու գմբեթ-զանգակատան վրա, իսկ առավոտյան գմբեթ-զանգակատունն արդեն քանդված էր:

 Այդ գործն արեցին կոմսոմոլի բյուրոյի անդամները…

Գյուղսովետի ներկայացուցիչ Սիմոն Կիրակոսյանի միջոցով գույքի ցուցակը տերտերից վերցրինք, գույքը տեղավորեցինք խորանում:

1930 թ. տեր Գեւորգը Երեւանից եկած մի պաշտոնյայի հարկադրմամբ հրաժարվեց իր հոգեւոր կոչումից: Իսկ 1931 թ. ապրիլի 25-ին Տեր Գեւորգին ստիպեցին, որ հասարակության համար զեկուցում կարդա՝ կրոնի խաբեության մասին:

Դրանից երկու օր անց տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժ եւ գյուղն ավերվեց…»։

Անշուշտ, վերոնշյալ զրուցակիցներս մեզ տեղեկացրին, թե ովքեր են իրականացրել զանգակատան քանդումը, ովքեր են ստորացրել գյուղի հոգեւորականներին: Բայց մենք պատշաճ չենք համարում նրանց անունները հրապարակել՝ գյուղում  հանրային լարվածությունից խուսափելու համար:

 

Զորավոր տապանաքարը, որտեղ Բարձրյալի հետ հաղորդակցության են բերում վախեցած կամ վերջույթներից թույլ մանկահասակ երեխաներին

Ներկայիս Հարժիսից Ներքի շեն ձգվող ճանապարհին՝ Խաչի գլուխ անվանյալ վայրում, առաջին հայացքից սովորական մի տապանաքար կա:

Տարածքի հին գերեզմանատներից է այդ վայրը:

Այն գերեզմանատուն է ծառայել նաեւ 1931-ի երկրաշարժից հետո, երբ գյուղը դուրս է եկել սարավանդ: Ու այդ գերեզմանը գործել է մինչեւ 1950-ական թվականներ:

Ներքի շեն մեքենահարմար ճանապարհ բացելու պատճառով (1950-ականներին), որոշ գերեզմաններ այնտեղից հանվել եւ բերվել են գյուղի ներկայիս գերեզմանատուն:

Սակայն վերոնշյալ տապանաքարը մնացել է ձորի պռնկին:

Անսովոր մի պատկերաքանդակ կա այդ տապանաքարի վրա՝ կրծքերը կտրած աղջիկ…

Ըստ ավանդազրույցի՝ թուրք հրոսակներն են աղջնակին պատժել, ով փորձել էր իր պատիվը փրկել…

Դա եղել է շատ դարեր առաջ: Եվ այդ ընթացքում աղջնակի գերեզմանը ոչ միայն սրբատեղի է դարձել, այլեւ… Զորավոր մի ուժ է իր մեջ ամփոփել այդ տապանաքարը, որի զորավորությունը կենսունակ  է մինչեւ օրս:

Այդ զորավոր տապանաքարի աստվածային ուժով բուժում են ստանում վախեցած կամ վերջույթներից (ոտքերից, ձեռքերից) թույլ մանկահասակ երեխաները:

Տապանաքարի մոտ (իրենց հետ բերած ջրով) լվանում են երեխայի ոտքերը, ձեռքերը եւ երեսը, որից հետո շշերը, որով ջուր է բերվել, փշրում են տվյալ տապանաքարի վրա…

Մինչեւ հիմա էլ, ինչպես հարյուրամյակներ շարունակ, մանկահասակ երեխաներ են բերվում այդ սրբավայր:

Համագյուղացիներս պատմում են, թե մի քանի տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներից են երեխա բերել զորավոր այդ ուխտատեղի, եւ երեխան  բուժվել է…

 

Պառավ խաչը

Ներքի շենում՝ Սուրբ Մինաս եկեղեցուց մոտ 20 մ հարավ-արեւելք գտնվող այդ խաչը, հավանաբար, տարածքի ամենահին սրբավայրն է:

Գրեթե գետնափոր այդ սրբավայրի արեւելյան պատին մի մեծ քար է՝ ուշագրավ պատկերաքանդակով:

Քանդակված է մի մարդ, ով շղթայակապ է արել, սանձել ու իրեն ենթարկեցրել սարսափելի գազանին…

Մեր գյուղի տարեցներն իրենց պապերից լսածն են պատմել՝ «Պառավ խաչը շատ զորավոր է, եւ նրան հավատով այցելողները կարողանում են վերահաս չարը խափանել…»:

Պառավ խաչը շատ անգամ է չարը խափանել եւ դեռ խափանելու է…

 

Խաչի գլուխը

Ներկայիս գյուղից Ներքի շեն իջնող ճանապարհի սկզբնամասում է՝ ձորի պռնկին:

Այդ վայրից ներքեւ Խաչին տակն է, իսկ խաչի գտնվելու վայրը՝ Խաչի գլուխը:

Դարերի պատմություն ունի այդ սրբավայրը, ինչը վկայում են այնտեղ գտնվող՝ հիրավի բացառիկ խաչքարերը:

1980-ականներին սրբավայրի տարածքը կարգի է բերել եւ փոքրիկ ու սովորական մատուռ կառուցել երեւանաբնակ հարժիսեցի, լուսահոգի Բաբկեն Սամսոնյանը:

Գյուղացիք հիմա երբեմն նաեւ Բաբկենի (Բաբոյի) խաչ են անվանում այդ սրբավայրը:

2019 թ. սրբավայրի մերձակայքը նորովի է բարեկարգել մոսկվայաբնակ հարժիսեցի Ավետիք Քոլյանը:

Հարժիսցիների մեծ մասը հենց այդ վայր է մոմավառության կամ մատաղ անելու գալիս հիմա:

 

Հին Հարժիքի կամ Ալան (Ալն) թագավորի Սուրբ Աստվածածինը

Մատենագիտության մեջ այդ սրբավայրի անունը չգտանք, միայն ժողովրդական հիշողությունն է վկայում՝ եկեղեցու անունը Սուրբ Աստվածածին է:

Կառուցված է սրբատաշ քարերով, ունեցել է կամարներ:

Պահպանվել է արեւի ժամացույցը:

Գտնվում է Որոտան գետի ձախափնյա ձորալանջին, Հարժիս-Տաթեւ հետիոտն ճանապարհին, 14-րդ դարում Որոտան գետի վրա կառուցված կամրջի մերձակայքում:

Դա, ինչպես արդեն նշել ենք, Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Հարժիք գյուղն է, որի բնակիչները 16-17-րդ դարի սահմանագծում ենթարկվել են բռնագաղթի, որտեղ այնուհետեւ բնակվել են թրքախոս քրդեր, ինչի համար էլ վայրը հետագայում կոչվել է նաեւ Քրդեր:

Համո Խաչյանն իր հորից՝ 1860 թ. ծնված Ասրի Խաչյանից, լսել է մի պատմություն, որը փոխանցել է մեզ։

Ասրի Խաչյանն էր Հարժիսում (Յայջիում) ընդունել Րաֆֆուն:

Ահա՝ «1881 թ. ամռանը կամ աշնան կողմերը, հայրս՝ Ասրի Խաչյանը, լսել էր, թե Րաֆֆին եկել է մեր կողմերը եւ գտնվում է Ալան թագավորում: Մի քանի հոգու հետ իջնում են այնտեղ՝ տեսնելու եւ գյուղ հրավիրելու նպատակով:

Րաֆֆուն հանդիպում են Քուրդլարի եկեղեցու մոտ գտնվող հայկական գերեզմանատանը՝ շատ հուզված վիճակում: Նա պատահաբար ականատես էր եղել, թե ինչպես են թուրքերը վարուցանք կատարում այդ գերեզմանատանը, գերեզմանաքարեր ջարդում, որոնց մի մասը խաչքարեր էին:

Այդ պահին գերեզմանոց են գալիս մի քանի թուրքեր: Նրանցից մեկը լկտիությամբ առավել աչքի է ընկնում, ըստ երեւույթին  գյուղի իշխանավորներից էր:

Րաֆֆին զայրացած հարցնում է՝՝ «Ո՞վ ես դու»:

-Ես Մաշադին եմ,- պատասխանում է  թուրք իշխանավորը:

-Անունդ դրել են Մաշադի, բայց առանց խղճի ու ամոթի գերեզմանատուն ես ավերում, խաչքարեր կոտրում, ամոթ է, -արձագանքում է Րաֆֆին:

Շատ թեժ բանակռվից հետո թուրք Մաշադին երդվում է Ալլահով, որ այսուհետ թույլ չի տա քրիստոնեական գերեզմանատանը վարուցանք անել»:

Կիսավեր եկեղեցու գավթի մեջ մի մեծ տապանաքար կա՝ արձանագրությամբ, իսկ դուրսը` խաչքարեր:

Այդ գերեզմանաքարի վրա գրված է. ԶԳԵՂԵՑԿԱՏԻՊ ԵԻ ԶԾԱՂԿԱՓԹԻԹ ՔԱՋ ԶԱԻՐԱԿԱՆ ԱԶԱՏԱԾԻՆ, ԴԵՌԱԲՈՅՍ ՄԱՆՈՒԿՆ ԱԼՆ ԿԻՍԱԻՐԵԱ ՓՈԽԵԱԼ ՅԱՇԽԱՐՀԷ, ԹՈՂԵԱԼ ՍՈՒԳ ԱՆՄԽԻԹԱՐ ԱՆԶԱԻԱԿ ԾՆՈՂԱՑՆ ՉԱՂԱՐԻՆ ԵԻ ԲԱԲԱԽԱԹՈՒՆԻՆ ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՍ. ԹՎԻՆ: ՉՀԵ:

Ըստ Սեդրակ Բարխուդարյանի՝ «Անունը կարող է նաեւ ՄԱՆՈՒԿ ՆԱԼՆ կարդացվել: Գերեզմանաքարը եռաստիճան հիմքի վրա սրանկյուն օրորոցաձեւ է. վերին մասերը՝ զարդարված քանդակներով. աջ կողմի տողերը ճակատին են գրված, կենտրոնի բաց մասում՝ հեծյալ որսորդ, որի առաջից փախչում է այծ կամ եղջերու»:

Ցավոք, այդ գերեզմանը 1970-ականներին պղծվել է, քանդել են գերեզմանի ամբողջ խորքը:

Թուրքերը չեն քանդել, մենք ենք քանդել…

Եկեղեցու գավթի մուտքի մոտի խաչքարի վրա գրված է՝ :ՆՂԲ: թվ. յանուն Այ ու արքաուն Սմպատայ ու Տարսաիճին իշխանութեամբ…վերապատրոնութեամբ ես կուոլ միաբանեցավ: Հիշեա ՔՍ. ԱԾ. զՄամիկոյ թագոհի եւ ողորմեա:

Հնագետ Սեդրակ Բարխուդարյանն ավելացնում է. «Անձամբ ստուգելու հնարավորություն չենք ունեցել, դնում ենք ըստ Լալայանի: Բացահայտ է թվականի սխալը. Սմբատ արքան եւ Տարսայիճը հայտնի Օրբելյան եղբայրներն են, 13-րդ դարի գործիչներ»:

 

Քուրդո իշխանի կառուցած տաճարը, որ վերածվեց մզկիթի

Այդ տաճարի մասին գրավոր աղբյուրներում հիշատակություն գտանք, այն էլ Սերո Խանզադյանի գրքում:

Ահա՝ «Ձորակում մի հին ավերակ տաճար կա, դռան կամարին՝ գրեր. «Կանգնեց սրբ դաճարս Քրդիկ իշխան…»» (Հայրենապատում, հատոր Ա):

Սերո Խանզադյանը նաեւ նկարագրում է այդ վայրը:

Դատելով ասվածից՝ այդ վայրը ներկայիս Հարժիսից Հալիձոր եւ Շինուհայր ձգվող դաշտային ճանապարհի վրա է՝ Վերին Քուրդլար կոչվող բնակատեղիի (հյուսիսից հարավ ձգվող) ձորակի արեւելյան ափին:

Կիսավեր այդ շինությունը հիմա էլ կա:

17-րդ դարում, երբ հայկական հնամենի այդ գյուղը բնակեցվեց թրքախոս քրդերով, Աստծո այդ տաճարը վերածվեց մզկիթի, իսկ ձորակը կոչվեց մեջիդի (մզկիթի) ձոր. այդպես էլ կոչվում է մինչեւ հիմա:

Մեծն Սերո Խանզադյան, սակայն, Քուրդո իշխանի հարցում ոչ փաստարկված մտքերի մեջ է ընկնում:

Նրա ասելով՝ «Ձորում Որոտանի վրայի հին կամրջին այստեղ ասում են Քրդիկի կամուրջ: Սա եւս կառուցել է Սյունյաց Քուրդո իշխանը ութերորդ դարի սկզբին: Այս Քրդիկ իշխանի անունն է  կրում կանգուն կամուրջը եւ մոտի ավերակ գյուղատեղին»:

Անշուշտ, դա այդպես չէ, քանզի կամուրջը կառուցվել է 14-րդ դարում, իսկ «մոտի ավերակ գյուղատեղին» Հարժիք գյուղի նախնական տեղն է (առաջին վարկած) կամ Նորիք գյուղը (երկրորդ վարկած, որի հեղինակը Մորուս Հասրաթյանն է):

Իսկ Քուրդո իշխանի կառուցած տաճարը, ամենայն հավանականությամբ, Բերդ խոշոր գյուղի տաճարն է եղել, որը խոսակցության առանձին նյութ է:

Քուրդոն, ի դեպ, Սյունիքի նշանավոր իշխաններից էր: Նրա անունը հիշատակում է Ստեփանոս պատմիչը, երբ նշում է Սյունիքի իշխանների հաջորդականությունը, ով իշխել է Հովհաննեսից հետո՝ 18 տարի:

 

 Պետրոսախաչ. ահա եւ զորավոր ու փափագելի սրբավայրը, որտեղ շատ ուխտավորներ են այցելում

Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային ճյուղավորման գագաթում գտնվող այդ սրբավայր այցելեցինք 2019 թ. նոյեմբերի 17-ին:

Լեռնաշղթայի այդ ճյուղն ընկած է Տաթեւ եւ Հարժիս գյուղերի միջեւ:

Երկու կողմից էլ բարեհարմար է գագաթ բարձրանալը:

Բայց մենք Պետրոսախաչ բարձրացանք Տաթեւի կողմից:

Ընդ որում՝ լեռնագագաթի հարավային ստորոտում գտնվող աղբյուրից հետո ճանապարհը պետք է անցնեինք ձիով կամ ոտքով:

Մենք ճանապարհ ընկանք ոտքով, սակայն գագաթի մատույցներում մեզ միացավ Տաթեւի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Գրիգորյանը՝ իր ձիով:

2031 մ. բարձրության Պետրոսախաչի իշխող բարձունքից երեւում են ե՛ւ Մեծ Իշխանասարն ու Աղոթարանը, ե՛ւ Արամազդն ու Գլուխ Ձագեձորոն, ե՛ւ Հարժիսի կիրճն ու Հարսնաձորը, նաեւ Ուխտասարը:

Պետրոսախաչի մենավոր ու կոտրած խաչի մոտ մենք մոմ վառեցինք եւ աղոթք բարձրացրինք առ Աստված՝ խաղաղության եւ Սյունյաց աշխարհի բարգավաճման համար:

Որոշ մասնագետներ Պետրոսախաչը նույնացնում են Հաբանդ գավառի Պետրոսկա վանք գյուղի սրբավայրի հետ, որը վիճելի է:

Պետրոսախաչից վերադարձանք Հարժիսի կիրճով: Լեռնալանջերով ու անտառներով ձգվող կածաններով նախ իջանք Հին Հարժիք բնակատեղի, որ նաեւ Ալն (Ալան) թագավոր է կոչվում, որտեղից էլ ճանապարհը շարունակեցինք ամենագնացով…

Պետրոսախաչից Հին Հարժիք (Ալան թագավոր), ապա եւ Ներքի շեն ու ներկայիս Հարժիս ձգվող ուղին այն ճանապարհն է՝ հարավից եկող, որ Քարվանսարայում (Հարժիսի տարածք) միանում է Արարատյան դաշտից-Նախիջեւանից դեպի Պարտավ եւ Աղվանք տանող հին ճանապարհին:

Իսկ Որոտան գետն անցանք 14-րդ դարում կառուցված չքնաղ մի կամրջով, որ գտնվում է Հին Հարժիքում (Ալան թագավոր կոչվող վայրում):

Հ.Գ.

1)  Պետրոսախաչի զորավորության հետ կապված մի ավանդազրույց է մեզ փոխանցում Ստեփան Լիսիցյանը «Զանգեզուրի հայերը» գրքում (Էջ 129):

Ահա՝ «Երաշտի ժամանակ մատաղ էին մորթում. խեղդվածի գերեզմանի վրա ջուր էին ածում, եւ այնտեղից բերած ջուրը արտում ցանում, կամ մի զօրավօր քար տեղից վերցնում, գետի կամ աղբյուրի մեջ լողացնում եւ բերում նորից տեղը դնում: Այդպիսի խաչքարեր կամ պարզ  գերեզմանաքարեր գյուղերից շատերի մոտ կային:

Օրինակ՝ ...Պէտրոսախաչը: Տաթեւում «անձրեւ առաջացնելու համար դիմում են եւ այս միջոցին: Կիրակի առավոտ, երաշտի ժամանակ աղջիկները ման են գալիս տնետուն, հավաքում են զանազան ուտելեղեն եւ հետները տանում մի  սարի գլուխ, որտեղ ընդհանուր ճաշ են սարքում, երգում, ուտում, խմում, զվարճանում: Այդ սարից ճաշից հետո վերցնում են  մի քար եւ տանում են մոտակա վտակը: Այդ ծիսակատարության ժամանակ աղջիկները չպիտի ետ նայեն: Քարը ձգում են ջրի մեջ եւ նրա մեջ թողնում մի նկատելի տեղ, որ երբ արդեն հարկավոր չի լինի՝ տանեն ետ դնեն հին տեղը, թե չէ սաստիկ անձրեւը կարող է սրբել՝ տանել բոլոր ցանքսերը»:

2) Ենթադրվում է, որ Պետրոսախաչը Պետրոս ճգնավորի գերեզմանի խաչքարն է (Ստեփան Լիսիցյանը նույնանուն խաչքար է հիշատակում Տաթեւի մերձակայքում, որին վերագրվում էր անձրեւ բերելու կամ դադարեցնելու զորություն):

 

Փեդի խաչը

Այդ սրբավայրը, ցավոք, 1970-ականներին գանձագողերն ավերել են, ու հիմա հետքն անգամ չի երեւում:

Փեդի խաչը գտնվել է Նվածորում:

Դա Հարժիք նախատեղի (Ալան թագավորի) արեւմտյան մասով՝ հյուսիսից հարավ (մինչեւ Որոտան գետ) ձգվող ձորն է:

Մինչեւ հիմա էլ ձորն այդպես էլ կոչվում է:

Նվածորի շարունակությունը հյուսիսում Ղալուջի ձորն է (Բերդի ձորը):

Տարեցները պատմում էին, որ Նվածորի վերին մասը (չհասած Ղալուջի ձոր) նաեւ Խաչի ձոր է կոչվել:

Իսկ Նվածորից արեւելք ընկած փոքրիկ տախտը (Եզնատախտը) նաեւ Խաչի տախտ է կոչվել:

Տարեցները պատմում էին, որ Փեդի խաչը ծառի հսկա քոթուկից (կոճղից) բխող ջուր էր, որն ընկալվում էր իբրեւ սուրբ ջուր:

 

Գեղակերտ խաչքարը, որ Հարժիք բնակատեղիից բերել են Գորիս եւ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում

Խաչքարը Գորիս  է տեղափոխվել 1980-ականներին՝ շրջանի ղեկավարության նախաձեռնությամբ, Գորիս քաղաքում մշակութային նշանակություն ունեցող քարերի թանգարան ստեղծելու նպատակով, որ հետագայում սխալ է համարվել:

 

Դղդղնածակ կոչվող քարանձավը, որ համաշխարհային ճանաչում ունի

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այդ քարանձավ այցելեց 2019 թ. հոկտեմբերի 6-ին:

Երթուղին այսպիսին էր՝ Հարժիս - Ներքի շեն - Հարժիսի լիճ, որտեղից բարձրացանք կիրճի հարավային լեռնալանջը՝ մոտ 700-800 մ հեռավորության վրա գտնվող:

Հատկապես վերջին հատվածը դժվարանցանելի է, եւ մեծ ջանք պահանջվեց բարձրանալու համար:

Մեզ ուղեկցում էին Հարժիս գյուղի մի խումբ երիտասարդներ՝ Հրայր Ղեւոնդյանի գլխավորությամբ (Արմեն Ավանեսյան-Ալեքսանյան, Սամվել Բաբայան, Մուշեղ Օհանջանյան):

Վերջին երեքը ձիերով էին, թեեւ Հարժիսի լճից դեպի բարձունք ձգվող ճանապարհն անանցանելի էր ձիերի համար (ձիերը թողեցինք լճի մոտակայքում):

…Դղդղնածակ խորհրդավոր քարանձավի մասին լսել էի դեռեւս մանկության տարիներին:

Դղդղնածակ այցելած համագյուղացիներս պատմում էին, որ այնտեղ՝ քարանձավի խոռոչներում տեսել են մատյաններ, գորգերի եւ կարպետների կույտեր, որոնք փլվում-մոխրանում էին, երբ ձեռք էին տալիս:

Հետագայում, երբ արդեն սովորում էի պատմության ֆակուլտետում, իմ համագյուղացի Թանգի Հայրապետյանն այդ մատյաններից մի մասունք նվիրեց ինձ, իսկ ես՝ հնագիտության ճանաչված դասախոս Վարշամ Ավետյանին (դա A4 չափսի թղթի մեկ քառորդի չափ կտոր էր):

Գյուղի տարեցներն էլ պատմում էին, թե քարանձավը Տաթեւի վանքի ամենամեծ եւ ապահով ստորգետնյա գաղտնարանն է եղել կամ պատսպարանը:

Բայց տարիների ընթացքում քարանձավի ներսում փլվածքներ են գոյացել, ու հիմա հատուկ եւ մասնագիտացված արշավախումբ է պետք, որպեսզի ստորգետնյա այդ տարածքում կողմնորոշվենք, գնանք մինչեւ վերջ,  ճշտենք քարանձավի ներսի ճանապարհների ճյուղավորումները, անդունդները եւ խոռոչները:

Ասում են՝ Դղդղնածակը երկու մուտք ունի:

Մենք քարանձավ մտանք հյուսիս-արեւելյան մուտքից, որ գլխավոր մուտք է համարվում:

Երկրորդ մուտքը գտնելու համար անհրաժեշտ է, ներս մտնելուց հետո, ճամփա ընկնել աջ խոռոչով…

Մեզ ուղեկցող տղաներից Սամվել Բաբայանն ու Մուշեղ Օհանջանյանը գնացին այդ ուղղությամբ, բայց, ինչպես հետո պարզվեց, երկրորդ մուտքը չգտան: Գտան միայն մի փոքր անցք-լուսամուտ՝ հյուսիսահայաց ուղղությամբ, որտեղից լույսի ճառագայթներ էին թափանցում, իսկ ելք չկար:

Հետո դադարեցրինք առաջխաղացումը, քանի որ չէինք վերցրել համապատասխան պարագաներ՝ թթվածին, լուսավորության միջոցներ, պարաններ, չէինք ձեռնարկել անվտանգության միջոցառումներ…

…Դղդղնածակ կոչվող քարանձավի հանդեպ հետաքրքրություն է առաջացել նաեւ աշխարհի տարբեր երկրներում:

Մի քանի ամիս առաջ էր, որ Մեծ Բրիտանիայից գիտական արշավախումբ եկավ Դղդղնածակ:

Ի՞նչ ծագում ունի Դղդղնածակը:

Այդ առումով երկու կարծիք կա՝ ձեռակերտ եւ անձեռակերտ:

Մեր կարծիքով (առերեւույթ ստացած տպավորությունից)` դա ձեռակերտ քարանձավ է. նման ենթադրության տեղիք են տալիս՝ նախ՝ մուտքից դեպի ձախ ձգվող պատի հետքերը, ապա քարանձավի ներսի ճյուղավորումները, որ իսկական լաբիրինթոս են հիշեցնում, այնուհետեւ քարանձավի ներսի պատերի վրա (20-30 մ բարձրությամբ) փորված փոքր քարանձավները:

Հայաստանի քարանձավագիտական կենտրոնի նախագահ, ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանի կարծիքով՝ դա կարստային քարանձավ է՝ առաջացած երկրաբանական, քիմիական երեւույթների ազդեցությամբ:

Կարստային ասելով՝ Սամվել Շահինյանը նկատի ունի նախկին Հարավսլավիայի հյուսիս-արեւմուտքում (Իստրիա թերակղզուց հյուսիս) գտնվող, աշխարհի ամենանշանավոր քարանձավներից մեկի` Պոստոյնսկա-Յամա քարայրի տեսակը: Կարստ կամ Կրաս սարավանդի անունից առաջացած երեւույթ-քարանձավները (կարստային) ջրի եւ քիմիական պրոցեսների արդյունք են, ինչպիսին կարող է լինել նաեւ Դղդղնածակը:

Բոլոր դեպքերում այդ հարցի գիտական պատասխանը դեռեւս տրված չէ:

Իսկ ինչպե՞ս է ստուգաբանվում քարանձավի անունը՝ Դղդղնածակ:

Սամվել Շահինյանի կարծիքով՝ «Անվանումի արմատը, ամենայն հավանականությամբ, դաղդղան բառն է:

Դաղդղանը կախարդազարդ է, հմայիլ, թալիսման:

Դաղդղաններն օգտագործվել են հին Հայաստանում:

Հին հայերը համարում էին, որ դաղդղաններն իրենց մեջ գերբնական ուժ ունեն եւ պաշտպանում են մարդկանց չար աչքից, դժբախտություններից եւ սատանայից»:

Թե ինչով էր պայմանավորված քարանձավի՝ գերբնական ուժ ունենալը, կարելի է միայն ենթադրություններ անել:

 

***

2019 թ. հուլիսին «Black Rose Caving Club» խմբի անդամներ Ջոն Փրոքթորը, Ալեքս Ռիտչին, Քրիս Սքեյֆը եւ Կառլ Սմիթն արշավ ձեռնարկեցին դեպի Հայաստան, մի երկիր, որն ընդունվել էր որպես եվրոպական քարանձավագետների ֆեդերացիայի անդամ 2018 թ. օգոստոսին։

Հայկական քարանձավագիտական կենտրոնի նախագահը` գիտնական Սամվել Շահինյանն օգնեց հետազոտական արշավը կազմակերպելուն, որին միացավ Armenian Speleo Team-ի անդամ Տիգրան Արմենյանը:

Չնայած աշխարհի չորս ամենախոր քարանձավները գտնվում են Վրաստանի հարեւանությամբ, Հայաստանը քիչ ուշադրության է արժանացել քարանձավագետ-հետախույզներից, այսպիսով՝ այս ուղեւորությունը հիմնականում քարանձավային շրջանների վերանայում էր հետապնդում:

Մենք հետազոտեցինք Դժոխքի ձորն Արարատի մարզում, Գնիշիկը` Վայոց ձորում եւ Որոտանի կիրճը Սյունիքի մարզում։

Արշավախումբը եկավ Որոտանի կիրճ` մի հիանալի եւ հեռավոր կիրճ երկրի հարավ-արեւելյան շրջանում։

Սամվել Շահինյանը պատմեց մեզ, որ սա մի քարանձավ է, որի մուտքերի մասին գիտեն տեղացիները, բայց երբեք չէին համարձակվում ներս մտնել, որովհետեւ վախենում էին, որ կհանդիպեն… վիշապների. կարո՞ղ էր որեւէ մեկը մտածել ավելի գայթակղիչ տեսարանի մասին քարանձավային արշավի համար։

Մենք մեկ շաբաթ անցկացրինք կիրճում` տեղացիների՝ Կոստանդին եւ Մարգարիտա Ղեւոնդյանների հետ։

Կոստանդինն այս տարածքը շատ լավ գիտի, այստեղ է մեծացել, եւ նա մեզ ցույց տվեց մի քանի մուտք դեպի քարանձավ, որը նա ամբողջովին չէր ուսումնասիրել։

Անկասկած, ամենատպավորիչ քարանձավը, որ մենք այցելեցինք Հայաստանում, Դղդղնածակն էր, որն ուսումնասիրեցինք երկու օր։

Նրա ամբողջ երկարությունը 578 մ է։

Հայաստանում երրորդ ամենաերկար քարանձավը` Դղդղնածակը,  մի քանի տպավորիչ ձեւավորումներ ունի` մեծ խոռոչներ, չղջիկների գաղութ, կարճ հոր, խեցեղեն, խցիկներ, որ առաջին զննումից թվում է` հելլենիստական եւ միջնադարյան ժամանակաշրջանից են, նաեւ կաթնասունի ոսկորներ, ներառյալ՝ մուֆլոնի գանգ։

Մենք մտադիր ենք ստեղծել ավելի համապարփակ կարծիք մեր բացահայտումների վերաբերյալ։

 

‘’DESCENT’’ , հոկտեմբեր-նոյեմբեր  2019 թ.

Հ.Գ.

Հոդվածը վերնագրված է այսպես՝ ՛՛ARMENIA Expedition explores third longest՛՛

 

Քարվանսարա

1343 թ. կառուցված այդ հուշարձանը ներկայացնում ենք ըստ հնագետ Սեդրակ Բարխուդարյանի:

Ահա՝ «Կոտրած քարվանսարա. կիսավեր իջեւանատուն, գտնվում է գյուղից մոտ 3 կմ հյուսիս, բաղկացած է մի քանի բաժանմունքներից, շինված է սրբատաշ քարերով, արեւմտյան մուտքի ճակատին գտնվում է խիստ եղծված արձանագրություն, ուր պահպանվել է թվականը՝ 1319 եւ Օրբելյանների անունները՝ Ի ԹՎ. :ՉԿԸ: ԵԻ ԻՇԽԱՆ ՕՐՊԷԼ, ԲԷՇՔԵՆ:

Այս հուշարձանը կարեւոր է նրանով, որ իր տեղադրությամբ պարզում է Արարատյան դաշտից-Նախիջեւանից դեպի Պարտավ ու Աղվանք տանող հին ճանապարհի հատվածների ուղղությունը:

Հնի նման ներկայումս էլ ճանապարհը Նախիջեւան գետի ափերով հասնում է Բիչանագի լեռնանցքը, ապա իջնելով՝ Որոտանի ափերով մտնում է  Անգեղակոթ գյուղը եւ այնտեղից, Սիսիանին չհասած, թեքվում է դեպի հյուսիս եւ բաց դաշտերով ընթանալով, Ուչ թափալարների հյուսիսից անցնում եւ մտնում է Գորիս:

Հին ճանապարհի վտանգավոր տեղամասերում՝ փոթորիկների եւ ձյունի ժամանակ չշեղվելու համար՝ ճանապարհի երկու կողքերին տնկել են ցից քարեր 1,5-2 մ բարձրությամբ. այդպիսի ճանապարհաքարեր մնացել են ընկած եւ կանգուն վիճակում են ինչպես «Կոտրած քարավանասարայի» մոտ, այնպես էլ այլ կետերում:

Քարերի մի մասը վերին ծայրում ունի անցք, որն ապացույւց է, որ քարշ տալու միջոցով են տեղափոխվել եւ հեռու տեղից»:

Այդ ճանապարհը նաեւ Աղի ճանապարհ է կոչվում (Նախիջեւանի աղի հանքերից եկող), որին Քարվանսարայում միանում է հարավից եկող ճանապարհը:

Աղի ճանապարհի նշանակությունը նվազեց Թուրքմենչայի դաշնագրությունից հետո:

 

Միջնադարյան կամուրջ Որոտան գետի վրա

Ճանաչված ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի կարծիքով (Միջնադարյան Հայաստանի քարավանատներն  ու կամուրջները, էջ 101)՝ «…Կառուցված է Որոտանի նեղ մասում. նրա խելերը հենվում են երկու բարձր ժայռերի վրա: Ձախ կողմի խելը փոքր ինչ ցածր է աջափնյա խելից, որի ժայռի հիմքերը կազմում են աջափնյա ժայռերի ուղղակի շարունակությունը:

Պետք է ենթադրել, որ այն կառուցվել է… 14-րդ դարի կեսում:

Այդ երկու կառուցվածքը միասին (նկատի ունի նաեւ Քարվանսարան)… սպասարկում էին դեպի Տաթեւ տանող ճանապարհը:

Կամուրջը, երկու ճակատի կամարներից բացի, որոնք շարված են սրբատաշ սեպաքարերից, ամբողջությամբ կառուցված է բազալտի անտաշ քարերից, կրաշաղախով:

Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում  է  31,0 մ, կամարային բացվածքը՝ 12,0 մ,  իսկ ընդհանուր  լայնությունը՝ 3,5 մ, որից երթեւեկելի մասը կազմում  է 2,15 մ»:

 

Շիշթափա դիցական սարը

Հարժիս գյուղի մերձակայքում է գտնվում Շիշթափա լեռը (Կովկասի 5 վերստանոց քարտեզում՝ Շիշտապա):

Շիշթափան լեռնագագաթ է ՀՀ-ում, Սյունիքի բարձրավանդակում, Սիսիսանի եւ Գորիսի շրջանների սահմանագլխին, Հարժիս գյուղից՝ հյուսիս-արեւմուտք, բարձրությունը՝ 2235 մ :

Սերգեյ Ումառյանը կարծում է (Սյունիքը դիցարան, Երեւան 1981), թե Շիշթափայի սկզբնական անունը եղել է Սիսթափա:

Նույն Ումառյանի կարծիքով (ի դեպ, դա միայն նրա տեսակետը չէ)՝ «Սիս արմատով…տեղանունները նախնական ծագումով արտահայտել են մեկ իմաստ՝ ծիսարան կամ զոհարան» (նշված գրքի էջ 18):

 

Մատուռ-սրբատեղի Շիշթափա լեռան լանջին

Շիշթափա լեռան հարավ-արեւելյան լանջին՝ քարաժայռի հովանու ներքո է գտնվում մի մատուռ-սրբատեղի:

Տարածքի վրա գտնվող մի խաչքար հուշում է նրա ժամանակը՝ 1347 թ.:

 

Մարդու դիմապատկերով վիշապակոթողը

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վիշապակոթողն ուղղաձիգ, նեղ եւ բարձր սյուն է՝ իր ձեւով եւ չափով նման վիշապի, նիստերից մեկի վերջնամասում մարդու դիմապատկեր է՝ երկարավուն դեմքով, կիսաբաց բերանով, կանոնավոր դիմագծերով:

Վիշապակոթողն առնչվում է պտղաբերության Ֆալլիկ պաշտամունքին եւ սլացիկությամբ ուղղված է դեպի երկինք:

Վիշապակոթողը ներկայումս գտնվում է գյուղի մշակույթի տան բակում:

Նորահայտ կուռքը լրացնում է Հարժիսի սրբազան լանդշաֆտից գտնված հուշարձանների շարքը:

Մարդու դիմապատկերով վիշապակոթողը տարիներ շարունակ ցուցադրվում էր Երեւանում՝ Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպված «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսում:

 

Հինգ դիմաքանդակով քարե կուռքը

Գտնվել է ներկայիս գյուղատեղիում:

Կերտված է սպիտակագորշ որձաքարից, ունի 76 սմ բարձրություն եւ զարդարված է հինգ դիմաքանդակով:

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի այդ հուշարձանը պահվում է Գորիսի երկրագիտական թանգարանում:

 

Մենհիրներ

Գյուղի տարածքում գտնվում են բազմաթիվ մենհիրներ՝ նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ՝ նվիրված նախնյաց հիշատակին:

Դրանցից երկուսը գտնվում են գյուղի կենտրոնի խանութի պատի տակ:

 

Հեթանոս աստվածներ եւ կուռքեր

Ներկայիս գյուղատեղիում գտնվել են բազում հուշարձաններ:

1. Մարդակերպ քանդակ կամ կուռք, որ հայտնաբերվել է 2017-ին՝ գյուղի գերեզմանատանը հողային աշխատանքներ կատարելիս:

2. Կնոջ կիսամարմին՝ պոկված գլխով, բազալտ, բարձրությունը՝ 1,25 մ, լայնությունը՝ 50 սմ:

Գտնվում է Հարժիսում՝ Արամ Սարգսյանի տնամերձում (հայտնաբերվել է 1942-ին):

3. Դիմամասը վնասված գլուխ, տեղական սպիտակ քար, բարձրությունը մոտ 50 սմ, լայնությունը՝ 25 սմ:

Գտնվում է Արամ Սարգսյանի տնամերձում:

Այդ,  ինչպես եւ նախորդ հուշարձանը, գտել է նրա հայրը՝ Խաչատուր Սարգսյանը: Հուշարձանների հետ կապված ավանդազրույց կա գյուղում՝ դրանց զորավորության եւ խորհրդավորության մասին:

4. Եւս մի քանի մարդակերպ քանդակներ կամ կուռքեր, որ պահվում են գյուղի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցում:

5. Եւս երկու հուշարձան, որ գյուղի տարածքից հանվել են ոչ օրինական ճանապարհվ.   պատկան մարմինները պարտավոր են դրանք Գորիսից վերադարձնել Հարժիս:

 

Բազում առասպելներից երկուսը, որ իրական հիմքեր ունեն

Հարժիսի մասին կամ գյուղի պատմության շուրջ դարերի ընթացքում հյուսվել են բազում առասպելներ, լեգենդներ:

Դրանցից երկուսը՝ ստորեւ:

Առաջինը Հարժիս անունով աղջկա առասպելն է, որը մի քանի տարբերակ ունի:

Առասպելը վկայում է, թե շատ հին ժամանակներում, Որոտան գետի մյուս երեսին ծվարած Լծեն գյուղից մի տղա գետն ի վար գնում է Հալիձոր գյուղ՝ աղ բերելու:

Մթին անտառի մեջ հանկարծ հանդիպում է մի աղջկա:

Տղան ընկնում է նրա հետեւից եւ բռնում յոթ օր հետապնդելուց հետո:

Աղջկա անունը Հարժիս է լինում:

Տղան ամուսնանում է չքնաղ այդ աղջկա հետ:

Եվ նրանց ամուսնությունից էլ առաջանում են գյուղն ու գյուղանունը:

Երկրորդը Հարժիսի վերածննդի մասին է, որ նոր կյանք առավ Ներքի շենում:

…Գյուղը բռնագաղթի է ենթարկվում: Բնակչությանը տանում են Նախիջեւանի ուղղությամբ:

Ղուկաս անունով մի երեխա աննկատ հետ է ընկնում քարավանից, մնում մի քարի տակ:

Երեք օր հետո երեխային կիսամեռ վիճակում գտնում է մի նախիջեւանցի եւ  տանում-պահում իր վեց տղա երեխաների հետ:

Երեք տարի անց Տաթեւի վանքի վարդապետը լսում է այդ երեխայի մասին, գալիս է Նախիջեւան ու երեխան հետը բերում Տաթեւ:

Եպիսկոպոսը պահանջում է Ղուկասին կուսակրոն դարձնել, բայց վարդապետը չի համաձայնվում.

- Սրա հայրենական գյուղն ամայի է, ավեր, այս երեխայով կենդանացնենք գյուղը:

Այդպես էլ արվում է…

Տարիներ անց նրան ամուսնացնում են Տաթեւ գյուղից մի աղջկա հետ եւ բերում-բնակեցնում իր պապերի ավերակներում:

Հարժիս գյուղը նորից է շենանում եւ բազմանում…

Գյուղ են վերադարձել հիմնականում նրանք, որոնց նախնիները տարիներ առաջ բռնագաղթվել են այդտեղից:

Այդտեղ են տեղափոխվել եւ մշտական բնակություն հաստատել նաեւ Լորաձորի Մրոց գյուղի բնակիչները:

 

 

Սամվել Ալեքսանյան

На изображении может находиться: растение, гора, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: на улице

 

На изображении может находиться: 1 человек, стоит, гора, растение, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, гора, на улице и природа

 

Լուսանկարների շարքը՝ https://www.facebook.com/SyuniacYerkirNewspaper/ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25