ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին՝ Ձեր թողտվությա՞մբ է նախարար Ժաննան Գորիսի քոլեջի տնօրենի մրցույթի հիմքերը կեղծում, թե՞ նա այլևս  պետությունից դուրս է և օրենքից վեր

23.03.2026 14:30
249

Անշուշտ, «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին առնչվող հարցերով ՀՀ վարչապետին չէինք դիմի, եթե վերջին շրջանում (թեկուզ և մեկ բնակավայրի օրինակով) ի հայտ չգար իրականությունը՝ վարչապետը, միայն վարչապետն է որոշում՝ ո՞ւմ պետք է նշանակել մանկապարտեզի վարիչ, ում ՝ ոչ:

Տեղի ունեցածից կարելի է ենթադրել, որ Գորիսի քոլեջի տնօրենի ընտրությունը չի կարող կազմակերպվել՝ առանց վարչապետի կողմից թեկնածու նշելու...

Արդեն առիթ ենք ունեցել ասելու, որ 2026 թ մարտի 31-ին, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարության, տեղի է ունենալու «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ։

Ամիսներ շարունակ ներկայացրել ենք նաև նախորդած իրադարձությունների մասին, ինչին անդրադառնալն այսօր անիմաստ է։

Այսօր իմաստ ունի խոսել  այն մասին, թե ինչպես է ԿԳՄՍ նախարարի աթոռը զբաղեցնող տիկինը փորձում կեղծել 2026 թ մարտի 31-ին տեղի ունենալիք մրցույթը։

Նորաստեղծ քոլեջի տնօրենի ընտրությունը պետք է կատարվի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգ»-ի համաձայն՝ հաստատված ՀՀ կառավարության 2014 թ դեկտեմբերի 25-ի №-1494-Ն որոշմամբ։

Հայտարարված մրցույթը, Կարգի համաձայն, պետք է անցկացնի նորաստեղծ քոլեջի Կառավարման խորհուրդը, որի կազմը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի 2026 թ փետրվարի 19-ի հրամանով։

Սակայն, նախարարն այդ հրամանը ստորագրել է Կարգի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների ակնհայտ խախտումներով։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ խախտումների մասին է խոսքը, հիշենք Կարգի 3-րդ կետը, որի համաձայն՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհուրդը պետք է ձևավորվեր միայն ու միայն քոլեջի մանկավարժական կազմի, ուսանողության և պետական որոշ մարմինների կողմից առաջադրված թեկնածուներից։ Ընդ որում՝ թեկնածուները պետք է առաջադրվեին ու ԿԳՄՍ նախարարություն ներկայացվեին նախարարի հրամանը ստորագրելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ (Կարգի 14-րդ կետ)։

Մինչդեռ, 2026 թ փետրվարի 19-ին (հրամանը ստորագրելու պահին) ԿԳՄՍ նախարարը չի ունեցել Կարգի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն առաջադրված թեկնածուներ ո՛չ հաստատության մանկավարժական կազմից, ո՛չ ուսանողներից։

Այսինքն՝ նախարարը սթ փետրվարի 19-ին (ամենաբուռն ցանկության դեպքում ) անգամ չէր կարող ստորագրել հրաման Գորիսի քոլեջի Կառավարման խորհուրդ ձևավորելու մասին։ Չէր կարող, բայց արձակել է հրաման․․․

Այդ կեղծիքը հետին թվով սրբագրելու և օրինականացնելու համար քոլեջի տնօրենի պաշտոնակատարը, ով տնօրենի պաշտոնի հավակնորդն է և նախարարի սրտի թեկնածուն, փետրվարի 20-ին (նախարարի հրամանից մեկ օր անց) կազմակերպել է հաստատության մանկավարժական կազմի այսպես կոչված ժողով (բացառությամբ հնազանդ դասատուների մասնակցությամբ)՝ նախարարի հրամանով նախօրոք Կառավարման խորհրդի անդամ նշանակված երկու անձնավորության կարգավիճակն «օրինականացնելու» նպատակով։

Ավելին, նախարարը, ինչպես նշեցինք, առաջադրված թեկնածու չի ունեցել նաև ուսանողներից։

Կարգի, ինպես և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 18-ի 4-րդ կետի համաձայն՝ սովորողներից Կառավարման խորհրդի անդամի թեկնածուներ կարող է առաջադրել միայն սովորողների ինքնակառավարման մարմնի ընդհանուր ժողովը։

Մինչդեռ՝ փետրվարի 19-ին (նախարարի կողմից հրամանը ստորագրելու պահին) քոլեջում կազմավորված չի եղել ուսանողների ինքնակառավարման մարմին, որն էլ Կառավարման խորհրդի անդամի թեկնածուներ առաջադրելու բացառիկ իրավունքով է օժտված։

Եվ չնայած դրան՝ Կառավարման խորհրդի կազմում նախարարն ընդգրկել է երեք ուսանող։

Այսպիսով՝ «Գորիսի բազամգործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 11 հոգուց բաղկացած խորհրդում 5 հոգին (2 մանկավարժ և 3 ուսանող) նախարարն ընդգրկել է առանց հիմքի և ապօրինաբար։

Այդ հինգ հոգու անունը, առանց որևէ հիմքի, ներկայացրել է տնօրենի պաշտոնակատարը՝ գերազանցելով իր լիազորությունները և կեղծելով իրավունք վերապահող ու իրավական նշանակություն ունեցող փաստաթղթի հիմքերը։

Տեղի ունեցածը վկայում է ոչ միայն նախարարի ու քոլեջի տնօրենի պաշտոնակատարի կողմից թույլ տրված կեղծարարությունների և պաշտոնեական դիրքի չարաշահման, այլև այն մասին, որ Կառավարման խորհուրդն ապօրինաբար հորինված և 0 իրավազորություն ունեցող մարդկանց խմբակ է, որը ոչ մի պարագայում չի կարող նորաստեղծ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ անցկացնել։

Վերոնշյալ կեղծիքներն ու ապօրինությունները (ինչպես և նախկինում թույլ տրվածը) արվել ու արվում են բացառապես մեկ նպատակով՝ Արմինե Կոլյանին քոլեջի տնօրեն դարձնելու (ոչ թե ընտրելու) համար։

Իսկ թե ինչո՞ւ է նախարարը հենց այդ կնոջը փորձում դարձնել տնօրեն, թե նախարարն անձնական ի՞նչ շահ ունի այդ հարցում կամ ո՞ւմ քաջալերանքով է կեղծիքներ գործում՝ պարոն վարչապետն ավելի լավ կիմանա և պետք է բացատրություն տա։

Տվյալ հարցի շուրջ Գորիսում շրջանառվող ասեկոսեներին շատ համառոտ անդրադարձ ենք կատարել ավելի վաղ, որի ուղղությամբ էլ շարունակում ենք մեր լրագրողական հետաքննությունը, բայց․․․

Չմոռանանք նշել՝ այդ կնոջն ամեն գնով  քոլեջի տնօրեն դարձնելու օպերացիան սկիզբ է առել մոտ մեկ տարի առաջ։

Եվ առաջին խնդիրը նրա հնարավոր մրցակիցներին ամեն գնով ասպարեզից հեռացնելն էր, որն իրագործեց ԿԳՄՍ նախարարության Հավաստագրման հանձնաժողովը (փոխնախարար Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ)՝ կեղծելով հավակնորդներից մեկին առնչվող՝ իրավունք վերապահող փաստաթուղթը, որը ներկայումս դատական քննության առարկա է (Թիվ ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործ)։

Ասպարեզը մրցակիցներից մաքրելուն զուգահեռ՝ նախարարի սրտի թեկնածուին 2025 թ սեպտեմբերի 16-ին Արաքսիա Սվաջյանի գլխավորած «Հավաստագրերի ֆաբրիկան» շնորհում է հավաստագիր։ Ընդ որում՝ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ թաքցնում է այդ կնոջ հավաստագրման քննության հարցազրույցի հիմքերը, որի վերաբերյալ դատական հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, ինչի ուղղությամբ ևս դատաքննություն պետք է ընթանա (Գործ ՎԴ/22196/05/25)։

Ժաննա Անդրեսյանի ենթադրյալ հանցագործությունները, սակայն, դրանով չեն սահմանափակվել։

Մասնավորապես՝ 2025 թ հոկտեմբերի 6-ից, նախարարի հրամանով, Արմինե Կոլյանը նշանակվել է դեռևս գոյություն չունեցող «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Եվ նշանակման օրվանից մինչև դեկտեմբերի 2-ը՝ այդ կինը մեկ րոպե անգամ աշխատանքի չի ներկայացել ու որևէ գործառույթ չի իրականացրել։ Եվ երկամսյա գործալքությունից հետո անգամ նա չի հեռացվել աշխատանքից։

Եվ դա այն դեպքում, երբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 16-ի 3-րդ կետի «ե» ենթակետը սահմանում է՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե՝ ե) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի»։

Ու հիմա՝ կեղծված հիմքերով Կառավարման խորհուրդ ստեղծելով, հնարավոր մրցակցին ասպարեզից հեռացնելով, Ժաննա Անդրեասյանը փորձում է մարտի 31-ին տեղի ունենալիք մրցույթ-բեմադրությամբ Արմինե Կոլյանին դարձնել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն։

***

Տեղի ունեցած և ունեցող կեղծարարությունների ու կամայականությունների մասին սթ մարտի 16-ին  տեղեկացրել ենք ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։

Տեղի ունեցածի և տեղի ունեցողի մասին իրազեկ ենք դարձնում նաև ՀՀ վարչապետին։ Բայց պարոն վարչապետից ուզում ենք իմանալ նաև՝ իր թողտվությա՞մբ է նախարար Ժաննան Գորիսի քոլեջի տնօրենի մրցույթի հիմքերը կեղծում, թե՞ նա այլևս դուրս է պետության տիրույթից և վեր է երկրի օրենքներից։ Այլապես ի՞նչ բացատրություն ունի կամայականությունների այդ շքերթը․․․

ՀԳ

Մարտի 31-ին տեղի ունենալիք մրցույթին (դիտորդի իրավունքով) մասնակցելու համար «Սյունյաց երկրի» երկու ներկայացուցչի (լրագրող և օպերատոր) հավատարմագրելու մեր հայտը (ներկայացվել է մարտի 12-ին՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով) նախարարը դեռևս չի պատասխանել, թեև պարտավոր էր պատասխանել 5 օրվա ընթացքում։

Մենք հասկանում ենք նախարարի՝ «Սյունյաց երկրից» սարսափահար վիճակը, բայց նա իրավունք չունի խոչընդոտել լրագրողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը, որը, ի դեպ, քրեորեն  պատժելի արարք է։

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշար. մարզային փուլը Սյունիքում

23.03.2026 15:04

Ֆրանսիայի շունչը Կապանում

23.03.2026 14:56

Կապանում նշվեց Ա. Գրիբոյեդովի անվան գրական ակումբի առաջին տարին

23.03.2026 14:49

ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին՝ Ձեր թողտվությա՞մբ է նախարար Ժաննան Գորիսի քոլեջի տնօրենի մրցույթի հիմքերը կեղծում, թե՞ նա այլևս  պետությունից դուրս է և օրենքից վեր

23.03.2026 14:30

Իրանը ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե Թրամփն իրագործի սպառնալիքները

23.03.2026 14:07

ՀՀ–ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում դեղորայքի տեսքով. Արարատ Միրզոյան

23.03.2026 12:07

Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին ոսկու գինն անկում է ապրել ավելի քան 5%-ով

23.03.2026 12:06

Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է

23.03.2026 11:14

«Ադրբեջանում գտնվող հայերի խնդրի շուրջ տեղեկատվական բլոկադա է»․ Տիգրան Աբրահամյան

23.03.2026 10:53

Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

23.03.2026 10:51

«Ի՞նչ տղամարդկություն. գոռում ու փորձում է նվաստացնել հայ կնոջը, հայ մորն ու նրա երեխային». Թաթոյան

22.03.2026 23:23

Իրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները

22.03.2026 20:12