Հիշատակի ցերեկույթ եւ անվանակոչություն Հարժիսում

19.02.2022 17:52
4362

Հոգեւոր-մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող բնակավայր է Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղը…

Ավանդույթները կրողներից մեկը, անշուշտ, գյուղի՝ փառավոր ուղի անցած հանրակրթական դպրոցն է, որը 1992-ից կրում է Արցախյան առաջին պատերազմի հերոս Համլետ Մինասյանի անունը:

Դպրոցի պատմությանն առնչվող ամենաուշագրավ վկայությունը, անտարակույս, հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ակսել Բակունցի ակնարկն է՝ «Շատերից մեկը» վերտառությամբ (1925 թ.):

Ակնարկը հին Հարժիսի՝ Յայջիի (Ներքի շենի) դպրոցի մասին է, որի «շենքը ոչնչով չէր տարբերվում սովորական գյուղական խրճիթներից»: Իսկ միակ ուսուցիչը՝ «մի քիչ կորամեջք, հոգնաբեկ… պարապում էր առավոտից իրիկուն, նախ մեկ, հետո մյուս խմբերի հետ, իսկ երեկոյան՝ լիկկայանում»:

Ինը տարի առաջ Բաքվից հայրենի գյուղ վերադարձած ընկեր Արշակն այդպես էր կրթություն տալիս համագյուղացի չորս տասնյակ երեխաներին…

Նրանից առաջ էլ գյուղի կրթական հոգսը (տեւական ժամանակ) իր ուսերին էր կրում Վարժապետ հորջորջումով Հակոբը, ով 1880-ականներին Յայջիից գնացել եւ կրթություն էր ստացել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում՝ Հայոց մեծ Թումանյանի դասընկերությամբ…

Եվ, այդքանով հանդերձ, գյուղի դպրոցը վերելք ապրեց միայն խորհրդային տարիներին…

1960-70-ականներին դպրոցը հասել էր մեծ հաջողությունների: Այդ ամենը՝ նաեւ դպրոցի նվիրյալ մանկավարժների շնորհիվ, որոնց գլխավորում էին երջանկահիշատակ Դրաստամատ Օհանյանն ու Գեւորգ Վարդանյանը…

Այդ նվիրյալների շարքում էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ամալյա Եսայանը, ով երկրային կյանքին հրաժեշտ տվեց 2022-ի հունվարի 10-ին:

Սիրելի ուսուցչուհու հիշատակը հավերժացնելու համար, մանկավարժական խորհրդի 2022 թ. փետրվարի 11-ի որոշմամբ, Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանը կոչվեց Ամալյա Եսայանի անվամբ, ինչի առիթով էլ հանդիսություն տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 19-ին:

Հանդիսությունը սկսվեց հիշատակի ցերեկույթով՝ դպրոցականների, գյուղի հանրության ներկայացուցիչների եւ հյուրերի մասնակցությամբ:

Դպրոցի փոխտնօրեն (դաստիարակչական աշխատանքների գծով) Նարա Մկրտչյանի նախաձեռնությամբ եւ մի խումբ աշակերտների ակտիվ  դերակատարությամբ անցկացվող ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին Ամալյա Եսայանի կյանքն ու գործունեությունը:

Ասմունք, երաժշտություն, պար, գնահատանքի ու երախտագիտության խոսքեր…

Այդ ամենն ուղեկցվում էր լուսանկարների եւ տեսանյութերի ցուցադրմամբ (սահիկաշարի միջոցով):

Այնուհետեւ Գայանե Շափաղաթյանը հրապարակեց դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումը՝ գրադարանն անվանակոչելու մասին:

Ի դեպ, ցերեկույթն ու անվանակոչությունը համընկել էին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, ինչը նկատի ունենալով  ցերեկույթը մեկնարկեց ու ավարտվեց թումանյանական բանաստեղծությունների ասմունքով:

Քիչ անց ներկաները դպրոցի գրադարանում էին, որի նոր կարգավիճակն ավետող կարմիր ժապավենը կտրեցին Ամալյա Եսայանի թոռնուհին եւ ծոռնուհին:

Պատշաճաբար կահավորված գրադարանում դպրոցի մանկավարժական խորհրդին երախտագիտություն հայտնեց կրթօջախի տնօրեն Նորայր Եսայանը՝ Ամալյա Եսայանի հիշատակն այդկերպ հավերժացնելու համար:

Անվանակոչությունն ավարտվեց գրադարանին գրքերի նվիրատվությամբ, որից հետո հանդիսության մասնակիցներն այցի գնացին հանգուցյալ Ամալյա Եսայանի շիրմին. նրա մահվան քառասուներորդ օրն էր:

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28