Ուխտագնացություն Խուստուփի լեռնալանջին գտնվող Կոզնի աղբյուր, որտեղ վերաթաղված է Նժդեհ Գարեգինի նշխարների մի մասը

11.07.2021 11:55
5233

 

Մի քանի օր առաջ առիթ ենք ունեցել խոսել Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի աճյունի մասին, որ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից 1983-ին բերվել էր Հայաստան:

Նշել էինք նաեւ, որ մասունքների մի մասը վերաթաղվել է Խուստուփի լանջին՝ Կոզեն աղբյուր կոչվող վայրում, որ 1983 թ. հոկտեմբերի 7-ից սրբավայրի պես մի տեղ է դարձել:

Մարդիկ սովորաբար այդ սրբավայր են այցելում հոկտեմբերի 7-ին. այդ օրը, կարծեք, Նժդեհյան տոն է լինում, թեեւ հռչակված չէ պետականորեն: 1983-ի հոկտեմբերի 7-ին Սպարապետի մասունքների մի մասն այդ վայրում հողին հանձնվեց:

Եվ ինչո՞ւ մենք չսպասեցինք հոկտեմբերի 7-ին եւ պաշտելի վայր այցելեցինք հիմա՝ հուլիսի 8-ին:

Պատճառները շատ են, բայց կա եւ գլխավոր պատճառը՝ Սպարապետ Գարեգին Նժդեհի հոգին անհանգիստ է, քանզի 2021 թ. մայիսի 12-ից թուրք-ազերի ասկյարները Սյունիքում են: Եվ նրանց ոչ ոք չի պատրաստվում քշել մեր սրբազան հողից: Եվ նրանք էլ, ինչպես տեսնում ենք, հեռանալու մտադրություն չունեն:

Ինքը՝ Նժդեհն էր ասել՝ Սյունիքի վտանգների ժամանակ իր անհանգիստ հոգին օգնության պիտի փութա:

Ահա նրա այդ խոսքն ամբողջապես՝ «Կ՛ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակնէրի մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:

…Ուր  եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:

Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937 թ., Սոֆիա»:

Եվ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը ուխտագնացություն կատարեց Կոզեն աղբյուր:

Մեզ առաջնորդում էր այդ վայրերին քաջածանոթ, Կապանա տան արժանավոր զավակ, Արցախյան երեք պատերազմի քաջարի մասնակից Լեոնիդ Գրիգորյանը:

***

Դա տողերիս հեղինակի երկրորդ այցն էր Կոզեն աղբյուր…

Առաջին անգամ պաշտելի այդ վայր այցելեցինք 1998 կամ 99 թվականի հոկտեմբերի 7-ին:

Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանը եւ Քաշաթաղի ղեկավար Ալեքսան Հակոբյանն այդ օրն ուխտագնացություն էին կատարում Սպարապետի խուստուփյան գերեզմանին (Ալեքսան Հակոբյանը որդու հետ էր):

Ռոման Շմավոնիչ հարգելի մարդն ու մարզպետը կարեւորեց իմ մասնակցությունն այդ ուխտագնացությանը եւ հրավիրեց ինձ: Նաեւ Գրիգոր Թադեւոսյանը հրավիրվեց, ով ճանապարհին քաջատեղյակ էր եւ պետք է մեզ առաջնորդեր:

Եվ մենք միասին այցելեցինք Կոզեն աղբյուր, խոնարհվեցինք Սպարապետի շիրմին…

Մինչեւ աղբյուր բարձրանալը Բաղաբուրջ գյուղում եղանք Ստեփան Կարապետյանի տանը: Դա այն օրհնյալ օջախն է, որտեղ 1983 թ. հոկտեմբերին գիշերել էին Նժդեհի մասունքները Խուստուփ բերած հայրենասերները՝ պրոֆեսոր Վարագ Առաքելյանի գլխավորությամբ:

Ստեփան Կարապետյանի տանը հանդիպեցինք Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխելու առաքելությունն իրականացրած ուխտյալներից մի քանիսին, նրանք արդեն վերադարձել էին Կոզեն աղբյուրից:

Հիշում եմ հատկապես Արցախ Բունիաթյանի (արդեն հանգուցյալ)  խոսքը:

 

***

Եվ այսպես՝ 2021 թ. հուլիսի 8-ին մեր ստեղծագործական խումբը (Լեոնիդ Գրիգորյան, Վահրամ Օրբելյան, Սամվել Ալեքսանյան) ճանապարհվեց Կոզեն աղբյուր:

Ճամփա ընկանք հավանաբար միակ ճանապարհով՝ Բաղաբուրջ գյուղով, որ Կապան քաղաքից 3-4 կմ հարավ-արեւմուտքում է (մատենագիտության մեջ հիշատակվում է նաեւ Բաղավերջ, Բաղավիրջ, Բեխեվերջի, Պղավերջ անվանումներով):

1958 թվականից գյուղը միացած է Կապան քաղաքին եւ կազմում է նրա թաղամասերից մեկը:

Գյուղի հարավ-արեւմտյան կողմերում է Սուրբ Հռիփսիմե անունով թաղակապ, սրբատաշ քարերով կառուցված եկեղեցին (10-րդ դար), որի բեմի մոտ պահպանվել են երկու սրբատաշ քարերով խաչարձաններ: Եկեղեցու մերձակայքում կա ավերակ գյուղատեղի:

Մենք այցելեցինք Սուրբ Հռիփսիմե, որը, ցավոք, ծայրահեղ անմխիթար վիճակում է:

Գյուղի անցյալից ուշագրավ դրվագներ ներկայացրեց մեր վաղեմի բարեկամ Լեւոն Պետրոսյանը, ով Բաղաբուրջի իր առանձնատանն ընդունեց ուխտավորներիս, երբ արդեն վերադառնում էինք:

 

***

Բաղաբուրջում մեր պարտքը համարեցինք այցելել նաեւ Ստեփան Կարապետյանի տուն:

Ցավոք Ստեփան Կարապետյանն այլեւս հանգուցյալ է:

Տանը միայն տիկին Սուսաննան էր:

Նա հետաքրքիր զրույցներ արեց 1983 թ. հոկտեմբերյան օրերի մասին, երբ Նժդեհի մասունքների մի մասը բերել էին իրենց տուն, քանի դեռ չէին որոշել, թե որտեղ պիտի հողին հանձնեն դրանք:

-Ես եւ կեսուրս  չգիտեինք, թե ինչի համար են այդ մարդիկ մեր տուն այցելել եւ ինչ խնդիր  ունեն լուծելու, ամեն ինչ գաղտնիության պայմաններում էր արվում,-պատմում է տիկին Սուսաննան:

Մինչեւ հիմա մնում է նաեւ Ստեփան Կարապետյանի «Վիլիս» մեքենան, որով մասունքը տարել են Կոզեն աղբյուր:

Ըստ Սուսաննա Մարգարյանի՝ Նժդեհի հուշաքարը պատրաստվել է Ռուդիկ Վարդազարյանի բարերարությամբ (ժամանակին Երեւանի գաջի գործարանի տնօրենն էր), իսկ հուշաքարը Երեւանում պատրաստող քարագործ վարպետի անունը չի հիշում:

 

***

Սպարապետի մասունքների վերաթաղման հետ կապված  որոշ հարցեր պարզաբանելու համար ընթացքում հեռախոսազրույց ունեցանք Ժորա Բարսեղյանի հետ. նա այն նժդեհապաշտներից է, ովքեր նախաձեռնեցին Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխելը:

Ըստ Ժորա Բարսեղյանի՝ Կոզնի աղբյուրում  հողին է հանձնվել Նժդեհի գոտկատեղի առաջին ողը, իսկ Կապանի հուշահամալիրում են աջ բազուկը եւ երկու ոսկրակտոր:

Մեր հարցին՝ արդյո՞ք ողջամիտ էր Նժդեհի աճյունից մասունքներ առանձնացնելը, Ժորա Բարսեղյանը պատասխանեց՝ «Սրբերի աճյունից կարելի է մասունքներ առանձնացնել: Նժդեհը թեեւ սրբադասված չէր, բայց հայ ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվել եւ ընկալվում է իբրեւ սուրբ եւ հերոս: Ուստի եւ թույլատրելի էր նրա աճյունից մասունքներ վերցնելը»:

Իսկ վայրի ճիշտ անվանումը…Կոզնի՞, թե՞ Կոզեն:

Ժորա Բարսեղյանի վկայությամբ՝ ժամանակին Ստեփան Կարապետյանը Կոզնի էր ասել, բայց տեղական խոսվածքի ազդեցությամբ օգտագործվում է նաեւ Կոզեն ձեւը:

 

***

Բաղաբուրջից դեպի արեւմուտք շարժվեցինք անտառամիջյան ոչ բարեհարմար ճանապարհով: Մոտ 5 կմ անցնելուց հետո Կոզեն աղբյուրի մերձակայքում էինք:

Վերջին տարիներին այդ տարածքում՝ չհասած Նժդեհի գերեզմանին եւ աղբյուրին, մի հուշաքար է կանգնեցվել (Նժդեհի դիմապատկերի փորագրությամբ)՝ ճանապարհի աջ կողմում, բարձունքի վրա, որի վրա այսպիսի մակագրություն կա՝ «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել: Գ. Նժդեհ»:

Չհաջողվեց ճշտել, թե ովքեր են կանգնեցրել հուշաքարը:

Այդտեղից մոտ 20 մ հեռավորության վրա է այլեւս հռչակավոր Կոզնի (Կոզեն) աղբյուրը:

Անմիջապես աղբյուրի վրա մի հուշարձան է կառուցված՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում բաղաբուրջցիների եւ բարաբաթումցիների հիշատակին (չհաջողվեց ճշտել, թե ինչու բաղաբուրջցիների հետ մեկտեղ նաեւ բարաբաթումցիների հիշատակն է դրանով հավերժացված):

Հուշարձանից  մի քանի մետր դեպի արեւմուտք քայլելուց հետո արդեն Սյունյաց Սպարապետի հուշաքարն է՝ արահետի աջ կողմում՝ ծառերի արանքում, վերեւից իջնող մեկ այլ ձորակի ափին:

Հուշաքարը պարփակող ծառաճյուղերից կախված էր Հայոց եռագույնը (հարգանք նրան, ով ձեռնարկել է այդ գործը):

Իսկ դեպի հուշաքար բարձրացող արահետի  գրեթե սկզբնամասում «քարե գիրք» է՝ բացված, որը 2006-ին տեղադրվել է այլեւս մեզ հանրածանոթ հերոսածին Կարին Տոնոյանի նախաձեռնությամբ:

«Քարե գիրքն» այսպիսի մակագրություն ունի՝ «Հայ ասպետ, 2006 թ., Հերոսները չեն մեռնում՝ հազարապատկվում են: Նժդեհիկներ»:

Մենք խոնարհվեցինք Գարեգին Նժդեհի հուշարձանի առջեւ…

Ավելի ուշ փոքր-ինչ շրջագայեցինք հուշաքարի մերձակայքի անտառում՝ տարածքն ավելի լավ ճանաչելու համար:

 

***

Հուշաքարի մոտ վերհիշեցինք Սպարապետի աճյունից մասունքներ բերելու եւ այդտեղ հողին հանձնելու պատմությունը: Բայց որպեսզի օգտակար լինենք ընթերցողին, ներկայացնում ենք այդ առիթով Վարագ Առաքելյանի եւ Արցախ Բունիաթյանի հուշերից հատվածներ:

Ահա, թե ինչ է գրում Վարագ Առաքելյանը «Նժդեհի կյանքն ու գործունեությունը» գրքույկում. «1983-ի օգոստոսի 31-ին Նժդեհի աճյունն արդեն Երեւանում էր: Մենք ընկերներով, հուզմունքով ընդունեցինք աճյունը եւ փոխադրեցինք գյուղ՝ ցինկե տուփի մեջ, որ մասունքի նման պահվում էր իմ տանը: Փորձ արինք կաթողիկոսի միջոցով գերեզմանի տեղ ստանալ հերոսի աճյունի համար, բայց կաթողիկոսն այդքան արի չգտնվեց, մերժեց տեղ տալ նվիրական աճյունին՝ չնայած խոստովանեց, որ ինքը նրան տեսել է, որ նա իսկապես հերոս էր, բայց ժողովուրդը գերեզմանատունը կդարձնի ուխտատեղի, իսկ դա այնքան էլ հարմար չէ: Այս պատասխանը նա տվեց իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո: Մենք չհանդգնեցինք ամբողջ աճյունը Կապան տանել: Որոշեցինք աճյունից մի նշխար տանել Կապան եւ խորհրդանշական թաղում կատարել այնտեղ, իսկ ողջ աճյունը պահել ավելի բարվոք ժամանակի սպասելով: Նույն տարվա՝ 1983-ի հոկտեմբերի 7-ին աճյունից մի նշխար վերցրինք եւ … գնացինք Կապան: Կապանից բարձրացանք դեպի Խուստուփը՝ նժդեհյան լեռը…Մենք բարձրացանք Բաղաբուրջ գյուղը եւ այդ գյուղից դեպի արեւմուտք, Խուստուփին կից  մի անտառապատ լեռնաբազուկի վրա՝ Կոզնի կոչված աղբյուրի մոտ ամփոփեցինք մասունքը հատուկ արարողությամբ…Իսկ աճյունը ցինկի արկղի մեջ 1983-ի օգոստոսից մինչեւ 1987-ի մայիսը պահվում էր գյուղի իմ տանը»:

Արցախ Բունիաթյանն էլ այսպես է հիշում. «…Առավոտյան ժամը վեցին բոլորս արթուն էինք: Նախաճաշելուց հետո շարժվեցինք դեպի Կապան: Երեքով էինք՝ մեզ էր միացել Անդրանիկ Կարապետյանը:

1983 թ. հոկտեմբերի յոթն էր:

Անկրկնելի, աստվածատուր բնություն էր: Անառիկ էին լեռները: Տեղեր կային, որ թվում էր, թե բնական քանդակագործության արվեստանոցներ էին: Քանդակված էին ժայռերը, լեռներն ու կիրճերը: Ճանապարհի ոլոր-մոլոր ձգվածությունը հիշեցնում էր արյունատար համակարգ, եւ թվում էր, թե մենք շարժվում ենք Զանգեզուրի մարմնի միջով…

…Խուստուփը  փառահեղ, թեւերը բացած արծվի էր նման, որն ահա ուր որ է պիտի թռչեր՝ այդ տարածքը հավիտյան պաշտպանելու համար: Ինչ-որ աստվածային վեհություն էր պարուրում Խուստուփին, նրան դարձնում հզոր, ըմբոստ, աննկուն: Խուստուփ… Նժդեհը վերադառնում է դեպի քեզ, ումից վաթսուներեք տարի առաջ խլել էին…

Կապանի երկաթուղային կայարանում էինք…

Գնացքն ուշացած եկավ: Գարեգինը թեպետ ամբողջ գիշեր ոտքի վրա կանգնած էր եղել, առույգ էր: Բոլորիս տրամադրությունը բարձրացավ: Ես այն ներշնչվածությունն ունեի, որ եթե Գարեգինը մեզ հետ է՝ ամեն ինչ պետք է լավ լինի:

Մենք չգիտեինք, թե ինչպես պիտի բարձրանանք Խուստուփ: Հարցրեցինք: Մեկը մեզ մատնացույց արեց Կապանից վերեւ գտնվող Բաղաբուրջ գյուղը եւ ասաց, որ այդտեղով կարելի էր բարձրանալ: Մեքենան վարեցի դեպի Բաղաբուրջ:

Այս գյուղը թառած էր Կապանի ուսերին: Դեպի վերեւ անտառոտ սարերն են, դեպի ներքեւ՝ հայացքի համար լայն տարածք…Գյուղից վերեւ բարձրանալու փորձ չկատարեցինք, մեր մեքենայի համար դա անհնարին էր:

Պիտի համապատասխան մեքենա ճարեինք: Ոչ հեռվում ապրում էր Ստեփան  անունով մի հայ, որը «Վիլիս» մեքենա ուներ: Միանգամից համաձայնեց: Ճանապարհը խորդուբորդ էր: Ինչքան հնարավոր էր՝ «Վիլիսը» բարձրացավ: Որոշեցինք  մնացածը քայլելով բարձրանալ: Եղանակը պարզ էր: Խուստուփը՝ մոտիկ, վեհ ու բարի, ուղեկցում էր մեզ, կարծես կանչում էր իր մոտ: Գագաթի ձյունը առանձին մի գեղեցկություն էր նրան պարգեւում, դարձնում անձեռակերտ գեղեցկուհի, որից հայացք շեղելն անհնար էր: Պրոֆեսորը շատ առույգ էր: Դժվար չէր հասկանալ, թե յոթ տասնյակը բոլորած այդ մարդուն ի՞նչ ուժ էր առաջնորդում դեպի բարձունքները: Հանդիպեցինք մի աղբյուրի: Դա Կոզնի աղբյուրն էր: Երկու երիտասարդ քչքչան աղբյուրի մոտ նստած հաց էին ուտում: Հրավիրեցին: Տեսնելով, որ հրաժարվում ենք, տղաներից մեկն ասաց.

-Թթի է, տնական:

Ես եւ Գարեգինն օգտվեցինք տղաների հյուրասիրությունից, հետո նկարվեցինք: Կապանից էին, առավոտյան բարձրացել էին անտառները՝ հոն քաղելու… Հասցե տվեցին, որ նկարներն ուղարկենք: Տղաները գնացին: Նրանց հեռանալուց հետո մենք շարժվեցինք տարբեր ուղղություններով՝ Նժդեհի մասունքի ամփոփման տեղը գտնելու համար: Չնայած լեռան գագաթը չէր, բայց էլի Խուստուփն էր…Մի քանի րոպե անց Անդրանիկը մեզ կանչեց աղբյուրից մոտ 50-60 մ հեռավորության վրա աջակողմյան ձորակի հարավակողմ թեքության վրա ճաքճքած քարաշերտից բարձրացող ծառաբների մոտ՝ ասելով.

-Ես տեղը գտել եմ: Այս միեւնույն արմատից բարձրացող երեք ծառաբները հիշեցնում են մեր եռագույնը: Նժդեհի ողնաշարի առաջին ողը պիտի ամփոփենք հենց այս ծառաբնի տակ, ժայռի մեջ:

Բոլորս հավանություն ենք տալիս տեղի ընտրությանը: Կես ժամ անց Նժդեհի մասունքն արդեն պահ էր տրված Խուստուփին: Մեր հոգիներում ինչ-որ խորհրդավոր բան էինք զգում, որը եւ տագնապ էր, եւ անասելի քաղցրություն: Մեր օրապահիկը բացել էինք աղբյուրի մոտ: Պրոֆեսորը բարձրացրեց բաժակը.

-Վերջապես, թեկուզ ոչ լրիվ, Նժդեհը «վերադարձավ» Զանգեզուր: Ի դեմս Նժդեհի՝ «վերադարձան» այն բազմաթիվ հայ զինվորները, ովքեր զոհվեցին այս լեռներում իրենց հայրենիքի համար,-հուզմունքով ասաց նա:

Մենք բոլորս արտասվում էինք: Արտասվում էինք ինքնաբուխ, աննկատ: Չէ՞ որ այս լեռներում զոհված հայ գեղջուկների՝ Նժդեհի զինվորների վրա արտասվողներ շատ քիչ են եղել… Հետո անցյալը մի պահի մեջ ձգել, կապել էինք ներկային, եւ մեզ շատ էր մոտ ապագան: Սպարապետն արդեն Զանգեզուրում էր, նա չէր լռելու…Թվում էր, թե մենք եկել ենք Խուստուփ մենամարտի, շարունակելու Նժդեհի եւ նրա քաջ զինվորների ընդհատված պայքարը: Պիտի արդեն մենամարտենք…հետո կգան ուրիշները:

-Նժդեհի կտակը, թեկուզ ոչ լրիվ, բայց կատարվեց:

Ապագայում այստեղ սրբատեղի է դառնալու,-ասաց Գարեգինը:

Երկինքը պարզ էր, կապույտ: Կարծես անցած, արյունով ներկված ժամանակները տեսանելի դարձան Խուստուփի լանջերում, լանջեր, որոնք նման էին մագաղաթների: Խուստուփում Հայրենիքի համար նահատակվածների ոսկորները չեն փտել: Որպես զգուշության ու տագնապի ճիչ, ժայռերի վրա, թվում էր, պահպանվել է նրանց լերդացած արյունը: Խուստուփը նման էր վշտերով, կանխատեսումներով լի նավի, որ դուրս էր լողում թանձր երկարատեւ մշուշի միջից…»:

Հ.Գ.

Մենք  Կոզնի աղբյուրից վերադարձանք ոգեւորված, նույնիսկ խանդավառված:

Մեզ թվում էր, թե Խուստուփի անտառապատ լանջին, բարձր երկնքում մի արծիվ է թեւատարած ճախրում…Երա՞զ էր, տեսի՞լք, իրականությո՞ւն…

Հավանաբար Սպարապետ Նժդեհի անհանգիստ հոգին էր, որ մինչեւ այսօր թեւածում է ոչ միայն Սյունիքի, այլեւ Արցախի ու Նախիջեւանի վրա…

Չէ, անհնար է լինելու Սյունյաց սրբազան հողն իր պատմական դերից ու առաքելությունից, ինչպես եւ արժանապատվությունից զրկելը…

Եվ գալու է Նժդեհի հոգու հանգստության օրը, անպայման գալու է…

Սամվել Ալեքսանյան

 

 

 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29