ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ…

11.11.2022 10:16
5136

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ անմիջական ջանքերով, նրա ու խմբագրակազմի հեղինակությամբ լույս է տեսել թերթի 256  էջանոց հերթական համարը՝ «ՔԱՋԱԶՈՒՆՆԵՐ ՍՅՈՒՆՅԱՑ» հիշատակարան-մատյանի տեսքով, որը նվիրված է 2020-ի Արցախյան երրորդ պատերազմում զոհված 228  սյունյաց քաջ նահատակներին:

Այն մի հրաշալի ու անզուգական հուշարձան է՝ սերունդներին ու պատմությանը հանձնված, հոգու պարտք ու պատգամ՝ սյունյաց քաջորդիների անմահ հիշատակին:

Խմբագրական խոսքում Սամվել Ալեքսանյանը գրում է.

«Հիշատակարան-խոսքում փորձել ենք վերստին կարևորել 44-օրյա պատերազմում Սյունյաց աշխարհի քաջարի զավակների նահատակությունն ու անմար պահել հիշողությունը նրանց մասին:

Եվ պատշաճ համարեցինք դա անել՝ ինչ-որ առումով նրանց հետ նաև մենախոսելու ձևաչափով:

Հրի և սրի զոհ մեր եղբայրներ, արևաբույր մեր տղաներ, մեր զավակներ, նահատակությամբ սրբացած մեր քաջ զորականներ՝ ողբ ու սուգ այստեղ չենք անելու:

Ձեզանով հպարտանալու ենք, աղոթելու ենք ձեր հոգիների հանգստության համար, ձեր գործած սխրանքների հերոսապատումն ենք ներկայացնելու՝ երդվելով, որ ձեր անկատար երազներն ու իղձերը կյանքի ենք կոչելու:

Իսկ եթե նենգ թշնամին շարունակի իր սուրը ճոճել մեր գլխին, ի զեն ենք կոչելու, և սյունեցիներս ոգեղենացած ձեր գնդերի հետ, մեր սրբազան նահատակներ Սիսակ Նահապետի, Անդովկ իշխանի, Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի, Զորավար Անդրանիկի ու Արսեն Շահմազյանի, Դրոյի ու Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի հաղթական դրոշները վեր պարզած՝ նոր սխրանքների ենք գնալու…

Դուք դարձաք ազատաբաղձ հայ ժողովրդի անպարտելի ոգու ու երազանքների խորհրդանիշը»:

Մագաղաթ-մատյանում ասես՝ ոսկեձույլ տառերով ողջ Սյունիքի ազգաբնակչության սրտի ու հոգու ճիչն է, մեր զսպված ցավը, երախտագիտության ու խնկարկումի խոսքը՝ Սյունյաց նահատակված քաջերին:

Շնորհակալություն «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, թերթի աշխատակազմին՝ հիշատակարան-մատյանը Սյունիքին պարգևելու, նրա պատմության այս մեկ էջն էլ՝ որքան ողբերգական, նույնքան էլ՝ հերոսական, սերունդներին հանձնելու, մեր հավերժելու խորհուրդն ու լինելության հավատո հանգանակը Հայոց պատմության շավիղներում անմար պահելու համար:

Շնորհակալություն համարի հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրինությանը:

***

Հիշատակարան-մատյանի տասնյակ ու տասնյակ համարներ առաջինը հայտնվել են Գորիսի մշակույթի կենտրոնի գրադարանների համակարգում՝ զոհվածների ընտանիքներին խոնարհումով ու խնկարկումով նվիրելու առաքելությամբ:

Ֆոնդերի համալրման և մշակման բաժնի գրադարանավարուհիներ Մանուշակ Ալեքսանյանն ու Արմինե Սարգսյանն այս օրերին առավել մեծ լարվածությամբ ու հուզական պատասխանատվությամբ են աշխատում:

Չեն դադարում Սյունյաց քաջ նահատակների հարազատների հոսքերը՝ դեպի գրադարանի ֆոնդերի բաժին, որտեղ նրանց են հանձնվում սյունյաց քաջ նահատակերին նվիրված այս ինքնատիպ, մտքի ու արտաքին վայելուչ տեսքով հրատարակված բարձրորակ հիշատակարանները:

Այցելում են զոհերի ծնողներ, քույրեր, եղբայրներ, հարազատներ….բոլորի սրտերում հուզմունք է ու երախտագիտության մրմունջներ՝ մատյանի հրատարակման երախտավորներին՝ իրենց զավակներին այս կերպ հիշելու ու հավերժացնելու համար…

Ի դեպ, նշեմ, որ «Սյունյաց երկիր» թերթը հիշատակարան մատյանի տասնյակ օրինակներ էլ նվիրել է Սյունիքի ուժային կառույցներին, մեր փառքի սրահներում, զորաց սրտերում՝ անմահության ոսկեղենիկ անկյուններ զբաղեցնելու…

Լուսանկարում՝ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Շիրազի Մարտիրոսյանի հայրն ու հարազատներն են՝ Քարաշենից…

Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի լրատվության կայքէջը խոնարհությամբ դիմում է Գորիս քաղաքի ու նրա գյուղերի ազգաբնակչության այն հատվածին, ովքեր զավակ, եղբայր ու ծնող են կորցրել 44-օրյա պատերազմում, ներկայանան մշակույթի կենտրոն, վերը նշված բաժին, Սյունյաց մեր թանկ կորուստների հիշատակների մասին գիրքը նշխարքի պես ստանան և որպես թանկ մասունք՝ տանեն ու պահ տան գալիք սերունդների ու մեր պատմության հիշողությանը…

Անմոռանալի են Ռոբերտ Ռոժդենստվենսկու խոսքերը, ասես՝ հենց նրանց համար են գրվել՝ մեր հազարավոր զոհերի…

«Հիշենք բոլորին անուն առ անուն

Եվ հիշենք ցավով.

Դա մեռածներին պետք չէ, ես գիտեմ,

Բայց ապրողներիս շա՛տ է հարկավոր »:

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26