Հունվարի 2-ին Գորիսը հրաժեշտ տվեց Անժելա Բուդաղյանին

09.01.2017 16:08
2555

2016թ. վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, ութսունմեկ տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց կուսակցական, պետական աշխատող Անժելա Բուդաղյանը:

Ծնվել է 1935թ. նոյեմբերի 23-ին:

Ավարտել է Գորիսի Ա.Բակունցի անվան միջնակարգ դպրոցը (1953թ.), ապա Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը (1958թ.):

1959-ից աշխատանքային գործունեությունը սկսել է կոմերիտմիության Գորիսի շրջկոմում՝ հրահանգիչ, քարտուղար՝ մինչեւ 1964-ը՝ այդ ընթացքում ավարտելով նաեւ կոմերիտմիության բարձրագույն դպրոցը Մոսկվայում:

1964-66թթ. եղել է կուսակցության Գորիսի շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ:

1966-82թթ. աշխատել է կուսակցության Գորիսի շրջկոմի 3-րդ, ապա՝ 2-րդ քարտուղար:

1982-90թթ. Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահն էր: Այդ պաշտոնում առավել ամբողջական ու բազմակողմանի դրսեւորեցին նրա կազմակերպչական ունակությունները: Նկատելի ներդրում ունեցավ Գորիսի շրջանի եւ հատկապես գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական ու հոգեւոր-մշակութային զարգացման գործում:

1990-96թթ. աշխատել է Գորիսի շրջանային մշակույթի բաժնի վարիչ, այնուհետեւ մշակույթի աշխատողների արհմիության շրջկոմի նախագահ:

Անժելա Բուդաղյանը կողակիցն էր ճանաչված լրագրող Էդուարդ Զոհրաբյանի:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմն ափսոսանք է հայտնում Անժելա Բուդաղյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին:

Վերջին ամիսներին Անժելա Բուդաղյանը փորձում էր հուշեր գրել՝ մի մասն ուղարկելով «Սյունյաց երկրի» խմբագրություն: Այդ հուշերից երկու դրվագ՝ ստորեւ:

***

Գորիս, Արցախյան պատերազմի նախօրե, դրվագներ
(Գորիսի շրջգործկոմի նախագահ Անժելա Բուդաղյանի հուշերից)

1988թ. աշնանը Գորիսի իշխանությունների առջեւ մի նոր խնդիր էր ծառացել՝ կապված արցախյան իրադարձությունների հետ: ՀԿԿ կենտկոմը եւ ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում էին ընդունել՝ Լեռնային Ղարաբաղին օգնություն ցույց տալու համար: Մասնավորապես, հաշվի առնելով ձմռան մոտենալը, Ղարաբաղում պետք է կառուցվեին բնակելի տներ՝ Սումգայիթից փրկված հայերին տեղավորելու համար: Այդ նպատակով Ստեփանակերտ պետք է տեղափոխվեին շինանյութ, շինտեխնիկա, սարքավորումներ: Իրավիճակը, սակայն, բարդացել էր  նրանով, որ Լաչինի ղեկավարությունը (չնայած Հայաստանի իշխանություններն այդ քայլը ձեռնարկել էին Մոսկվայի գիտությամբ) կտրականապես մերժում էր իր վարչական տարածքով երթեւեկության վերականգնմանը: Միաժամանակ՝ որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել Կուբաթլուի ղեկավարների հետ՝ տրանսպորտային միջանցք ապահովելու հարցով: Եվ Գորիս-Ստեփանակերտ, Սիսիան-Բաքու երթուղային ավտոբուսներն անցնում էին Կուբաթլուի տարածքով, բայց ուղեկցվում էին Գորիսում տեղաբաշխված զինվորական կոնտինգենտի ներկայացուցիչների կողմից: Այդ պայմաններում Գորիսի իշխանությունները պետք է աջակցեին, որ Հայաստանի տարբեր վայրերից Արցախ առաքվող բեռներն անվնաս տեղ հասնեն: 

1988 թվականի նոյեմբեր ամիսն էր, աշխատասենյակում էի, հեռախոսը զանգահարեց, մեր հայրենակից, արձակագիր Սերո Խանզադյանն էր: Նա ասաց, որ կարեւոր խնդրի մասին պետք է խոսի, եւ այդ խնդիրն անպայման պետք է իրագործվի: Գորիս է գալիս տասը մեքենայից բաղկացած շարասյուն՝ բեռնված շինարարական նյութերով, գործիքներով եւ սարքավորումներով, ուղեկցող մարդկանցով: Նրանք պետք է գնան Ստեփանակերտ՝ օգնելու փախստականների համար բնակելի շենքերի կառուցմանը (մեր շինարար տղաներն ունեին մեկ այլ առաքելություն եւս՝ հարկ եղած դեպքում զենք վերցնել ու պաշտպանել Արցախը): Շարասյունը Գորիս հասավ օրվա երկրորդ կեսին: Վարորդները եւ ուղեկցող անձինք տեղավորվեցին կուսակցության շրջանային կոմիտեի շենքում եւ սպասում էին նոր հրահանգի: Ես հանդիպեցի նրանց հետ, խնդրեցի ներկայանալ, եւ քննարկեցինք հետագա անելիքները: Ավտոշարասյունն ուղեկցողների մեջ էին ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) կենտրոնական մարմնի մի քանի ներկայացուցիչներ՝ Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի դասախոս Բաբկեն Արարքցյան, ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Դավիթ Շահնազարյան, Հայաստանի գրողների միության անդամ Վանո Սիրադեղյան եւ այլք: Նրանք բացատրեցին, որ նպատակ ունեն Ստեփանակերտ հասնել Լաչինով՝ Արցախում փախստականների համար կառուցվելիք բնակելի շենքերի շինարարությանն օգնություն ցույց տալու եւ, իրավիճակը սրվելու դեպքում, հայ բնակչությանը պաշտպանելու համար (վերջին հանգամանքը, իհարկե, գաղտնի էր պահվում): Շրջկոմի առաջին քարտուղարը բացակայում էր՝ գտնվում էր արձակուրդում: Նրան փոխարինում էր երկրորդ քարտուղար Սուրեն Վարդանյանը: Ինձ վրա էր դրված շրջանի ընդհանուր ղեկավարությունը: Խնդիրն այսպես էր դրված՝ ավտոշարասյունը Լաչինո՞վ հասցնել Ստեփանակերտ, թե՞ Խնձորեսկով: Ես դեմ էի Լաչինի տարբերակին, քանի որ այդ ուղին անցնում էր բարձրադիր գոտիով, շարասյունը պետք է գնար ձորերով ու բարձրանար: Մյուս կողմից՝ Լաչինի ղեկավարությունը շատ խիստ էր տրամադրված՝ տարբեր պատճառաբանություններով թույլ չտալ իր տարածքով բեռների փոխադրումը: Այդ ճանապարհին կարող էին նաեւ ադրբեջանցիների կողմից պատրաստված ծուղակներ լինել, մի խոսքով անվտանգությունն ապահովված չէր: Ստեփանակերտ մեկնող շարասյան մասին իմացել էր նաեւ Լաչինի կուսշրջկոմի առաջին քարտուղար Մամեդովը: Նա տեղյակ էր նաեւ մեր տղաների վճռականության մասին՝ Ստեփանակերտ հասնել Լաչինով՝ ամեն գնով: Նա զանգահարեց ինձ եւ խնդրեց, որ շարասյունը Լաչինով չմեկնի: Իհարկե, նա սարսափում էր, որ շարասյունն իր տարածքով անցնելու դեպքում պատասխան պետք է տա Բաքվի իր ղեկավարությանը, բայց պատճառաբանում ու խորամանկում էր, որ ճանապարհը դժվարանցանելի է, որոշ տեղերում՝ սառցակալած: Նրա կարծիքն այս դեպքում բնավ կարեւոր չէր, սակայն համընկնում էր մեր դիրքորոշմանը: Ես տղաներին հորդորեցի մեկնել Խնձորեսկով՝ բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանք էլ մշտական կապի մեջ էին Վազգեն Մանուկյանի հետ: Իմանալով առաջացած դժվարությունների  ու տարաձայնությունների մասին՝ հաջորդ օրը Գորիս է ժամանում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Մեզ հետ եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո նա փորձեց խնդիրը լուծել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ խորհրդակցելով: Բայց Գորիսից չստացվեց կապ հաստատել Բաքվի հետ, եւ Ֆադեյ Տաճատիչը վերադարձավ Երեւան՝ այնտեղից կարգավորելու խնդիրը: Երկու օրից նա նորից է ժամանում Գորիս՝ համաձայնություն ստացած, որ շարասյունը ոչ թե տասը մեքենայով գնա, այլ՝ 4-ական մեքենայով՝ Խնձորեսկով, որն ավելի ապահով է: Տղաներն անցնում են գործի, թեեւ իրենք հակված էին Լաչինով ու ամբողջ շարասյունով գնալու տարբերակին: Մինչ այդ մենք հոգում ենք նրանց հոգսերը (ինձ օգնում էր կոմերիտմիության շրջկոմի քարտուղար Սուսաննա Սարգսյանը): Արդեն պատրաստ էինք շարասյունը ճանապարհելու (ներկա էին նաեւ Կուբաթլուի շրջանի միլպետը եւ Գորիսի ուժային մարմինների պատասխանատուները), երբ Ներքին Խնձորեսկի տարածք հասավ Սիսիան-Բաքու երթուղային ավտոբուսը: Ավտոբուսում կային նաեւ հայեր: Այնտեղ հավաքված տղաները հայ ուղեւորներին հանեցին ավտոբուսից ու ցանկացան նավթաշշերով հրկիզել ավտոբուսը: Ավտոբուսը մեր տղաների կողմից շրջափակման մեջ առնելու լուրը հայտնեցին ինձ, եւ ես շրջանի դատախազ Թաթուլ Խանջյանի, միլպետ Գագիկ Մաղաքյանի ու պետական անվտանգության կոմիտեի տեղական կառույցի ղեկավար Արկադի Հովհաննիսյանի հետ անմիջապես մեկնեցի Խնձորեսկ, եւ ապահովվեցինք ուղեւորների անվտանգությունը, կանխեցինք ավտոբուսի հրկիզումը: Իսկ բեռնատարների շարասյունը Կուբաթլուի ճանապարհով շարժվեց դեպի Ստեփանակերտ: Ֆադեյ Սարգսյանը ցանկություն հայտնեց անձամբ լինել ուղեկցողների հետ, որպեսզի շարասյունն անվտանգ տեղ հասնի: Նրա հետ մենք էլ ճանապարհվեցինք, մեզ հետ էր նաեւ Մոսկվայի ներկայացուցիչը՝ ԽՍՀՄ ՆԳ նախարարի տեղակալ Երինը, ով Գորիս էր ժամանել կառավարության նախագահի հետ: Ճանապարհին ոչ մի խոչընդոտի չհանդիպեցինք: Ընդառաջ եկան Հադրութի շրջանի կուսակցական, խորհրդային ղեկավարները: Ֆադեյ Տաճատիչը ցանկություն հայտնեց շարունակել մնացած ճանապարհը եւս, ես առարկեցի՝ պատճառաբանելով, որ Հայաստանի կառավարության նախագահին սադրանքի մեջ կարող են ներքաշել ճանապարհին: Մենք հետ դարձանք Խնձորեսկ, որտեղ Վանո Սիրադեղյանը զրուցում էր ուղեւորատար ավտոբուսը շրջափակման մեջ առած գորիսեցիների հետ, բացատրելով, որ պետք չէ վնասել ավտոբուսը, եւ ավտոբուսը կճանապարհեն այն ժամանակ, երբ մեր ավտոշարասյունն անվտանգ տեղ կհասնի: Ավտոբուսի ադրբեջանցի ուղեւորներին ստիպված տեղավորեցինք Գորիսի հյուրանոցում, եւ հաջորդ առավոտյան, լսելով մեր տղաների՝ անվտանգ տեղ հասնելու լուրը, նրանց հնարավորություն տվեցինք շարունակել ճանապարհը:

***

Ղարաբաղյան շարժումը մեծածավալ բնույթ էր ստացել, ըմբոստությունը հասել էր նաեւ ուսանողական կոլեկտիվներ, որոնք կազմակերպում էին միտինգներ, ցույցեր, բողոքի երթեր` իրենց մեջ ընդգրկելով նաեւ աշխատավորական կոլեկտիվներին: Կողմնակից լինելով Ղարաբաղյան շարժման եւ Ղարաբաղն Ադրբեջանից ազատելու գաղափարին, մենք՝ ղեկավարներս, դեռեւս պայքարում էինք քաղաքը եւ շրջանի գյուղերն իրարանցումներից, միտինգներից, ցույցերից հեռու պահելու համար:

Այդ ժամանակ կցված ընկերներ կային Երեւանից՝ սկզբում՝ ՀԿԿ կենտկոմի կուսակցական բաժնի վարիչ Արզումանյանը, հետո՝ բնակկոմունալ տնտեսության նախարար Ռաֆայել Մինասյանը: Մեզ կանչեցին կուսշրջկոմ՝ հերթական հանձնարարություն տալու: Լուրեր էին պտտվում, որ այդ օրը՝ ժամը 2-ին, քաղաքի ուսանողները ցույցի պետք է դուրս գային հրապարակում: Կցումներ կատարեցին: Ինձ եւ ներքին գործերի բաժնի պետ Գագիկ Մաղաքյանին կցեցին գյուղտեխնիկումին: Մենք գնացինք գյուղտեխնիկում՝ հավաքեցինք ուսանողներին, ներկայացրինք մեր կարծիքները, խնդրեցինք, որ ցույցի դուրս չգան, որովհետեւ այդ ճանապարհն օգուտ չէ Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը: Նրանք հանգիստ էին եւ ոչինչ չէին ասում, թվում էր, թե ինչպես ասվել է, այդպես էլ կանեն: Ժամը 2-ին մի քանի րոպե էր մնացել, ես իջել եւ կանգնել էի գործկոմի շքամուտքի մոտ, սպասում էի ՆԳ բաժնի պետին, երբ ուսանողների խումբը բացեց դռները՝ ներքաշելով ինձ այդ հորձանուտի մեջ, տարավ մինչեւ քաղաքի գլխավոր հրապարակ: Բոլոր կողմերից եկել էին ուսանողները: Մանկավարժական ինստիտուտի եւ մանկավարժական ուսումնարանի ուսանողներն իրենց հետ բերել էին նաեւ աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներ: Եվ գրավելով քարե ամբիոնը, կազմակերպեցին հանրահավաք: Խոսեցին Ղարաբաղն Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանի կազմի մեջ ներառելու, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կատարած հայերի ջարդերի, վայրագությունների, հայ ազգի նկատմամբ կատարած ոճրագործությունների մասին: Ելույթները գրագետ էին, չափավոր, ամեն ինչ անցավ նորմալ ձեւով: Արդեն օրվա վերջ էր, բայց ցուցարարները չէին ազատում քաղաքի հրապարակը: Ենթադրեցինք, որ այստեղ մի հարց կա՝ նրանց տանջող, եւ փորձեցի իմանալ, թե ինչ է կատարվում: Հանկարծ նկատեցի, որ շրջխորհրդի գործկոմի շենքի տանիքում մարդ կա, ով գնացել էր այնտեղ՝ մոտենալու ծածանվող դրոշին: Նա հանեց Խորհրդային Հայաստանի դրոշը եւ տեղն ամրացրեց եռագույնը… Կանչեցի պահակ Հմայակ Կոլյանին եւ խնդրեցի, որ իջեցնի երիտասարդին ու պետական դրոշը վերականգնի: Երիտասարդը չէր ենթարկվում, եւ քիչ մնաց իրար գցեին տանիքից ցած: Հրապարակում էին կանգնած նաեւ թատրոնի դերասաններ Գագիկը եւ Մովսես Գյորգիսյանը: Խնդրեցի Գագիկին, ով Էդիկի ընկերն էր, որ տանի՝ որտեղ ուզում է կպցնի եռագույն դրոշը, միայն թե գործկոմի շենքի վրա չլինի. դա, բնականաբար, լուրջ հետեւանքներ կարող էր ունենալ: Ընդառաջ գնալով խնդրանքիս՝ եռագույնը տեղադրեցին թատրոնի շենքի տանիքին, իսկ գործկոմի շենքի վրա վերականգվեց Խորհրդային Հայաստանի դրոշը:

Տեւական ժամանակ Գորիսի կենտրոնում միաժամանակ ծածանվում էին ե՛ւ եռագույնը, ե՛ւ Խորհրդային Հայաստանի դրոշը:

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57