Իմ բոլոր քննադատներին, իմ մասին չարախոսողներին հրավիրում եմ հրապարակային բանավեճի

27.09.2016 15:41
2328

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով, Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության 25-ամյակի առիթով, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին (տողերիս հեղինակին) շնորհվել է հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:

Հանրապետության նախագահի այդ գնահատականը «Սյունյաց երկիր» թերթի, ինչպես եւ լրագրի խմբագրակազմի (նախկին եւ ներկա) գործունեությունն արժեւորելու արտահայտություն է, ինչի համար (նաեւ խմբագրակազմի ու ընթերցողների անունից) երախտագիտություն եմ հայտնում պարոն Սերժ Սարգսյանին:

Գնահատությունն արձանագրումն է այն իրողության, որ մայրաքաղաքում գործող բազում լրատվամիջոցների կողքին կան նաեւ մարզային ու համայնքային կենսունակ պարբերականներ՝ բազմահազարանոց լսարանով:

Մեր գործունեության՝ պետական մակարդակով արժեւորման առիթով երախտագիտություն եմ հայտնում նաեւ թերթի ու կայքի ընթերցողներին, բարեկամներին ու գործընկերներին, ովքեր տարիներ շարունակ մեզ համար ոգեշնչման աղբյուր են եղել ու կան, ովքեր անկեղծ ուրախություն ապրեցին թերթի խմբագրին պատվավոր կոչում շնորհելու առիթով եւ շնորհավորանքով, քաջալերանքի ու բարեմաղթանքի խոսքերով վերստին պատվար դարձան մարզային լրատվամիջոցի համար:

Մեր բազմահազար ընթերցողներին մեկ անգամ եւս վստահեցնում եմ՝ «Սյունյաց երկիրը» եղել եւ մնում է մեր ժամանակի ճշմարիտ վավերագրողը Սյունիքի մարզում. դրա փայլուն վկայություններից մեկը ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ներկայիս ընթացքում խմբագրության որդեգրած գործելակերպն է: Նաեւ շարունակելու ենք թերթի հատուկ (բացառիկ) համարների թողարկումը: Վերջինը Հայաստանի 3-րդ հանրապետության 25-ամյակին էր նվիրված, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը լույս կընծայվի հատուկ համար՝ նվիրված գյուղական ուսուցիչ, լուսահոգի Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցուն:

ՀՀ նախագահի հրամանագրի առիթով մեզ հղած հարյուրավոր շնորհավորանքների հետ մեկտեղ եղան նաեւ չորս-հինգ լրատվամիջոց կամ անձնավորություն (մեկը՝ կեղծ ստորագրությամբ եւ անհայտ տիկնոջ դիմանկարով), որոնք չթաքցրին իրենց վիշտը՝ տողերիս հեղինակին նման կոչում շնորհելու համար, եւ գնացին հայհոյախոսության ու զրպարտության ճանապարհով:

Այդպիսի իրավիճակներում (թերթի գործունեության ամբողջ ընթացքում) սովորաբար արձագանքել եմ նման հրապարակումներին, հարկ եղած դեպքում ընդունել քննադատությունը կամ մատնանշված բացթողումը: Այս անգամ, սակայն, չեմ ուզում արձագանքել (պատասխան խոսք ասել) նրանցից եւ ոչ մեկին՝ ցուցաբերելով մարդկային ամենամեծ արժանիքը՝ ներողամտությունը, թեեւ նման զազրախոսությունների հեղինակներն արժանի են համարժեք պատասխանի: Աստված ամեն օր ներում է բոլորիս, եւ Սուրբ գրքի հորդոր ունենք՝ հատկապես այդ հարցում նմանվել Բարձրյալին:

Դրանով հանդերձ՝ այն կարծիքն ունեմ, որ հարյուրավոր շնորհավորանքների կողքին մի քանի հայհոյախոսությունը չպետք է անտես արվի: Առնվազն դրանք պետք է պարզաբանվեն: Մտածում եմ նույնիսկ՝ միգուցե եւ այդ հեղինակները «Սյունյաց երկիր» թերթից նեղանալու օբյեկտիվ պատճառնե՞ր ունեն: Իսկապես, մտածելու տեղ կա, ինչը հաշվի կառնենք մեր հետագա աշխատանքում, թեեւ (անկեղծ լինեմ) գրեթե հնարավոր չէ ապահովել լրատվամիջոցի այնպիսի վարք, որ բավարարի յուրաքանչյուրին (եթե հանրապետությունում հայտնաբերվի թեկուզ եւ մեկ լրատվամիջոց կամ լրագրող, որ բավարարում է հանրության բոլոր խավերին ու անդամներին, ապա մենք հաճույքով կընդօրինակենք նրան եւ կլինենք երկրորդը):

Մեր հասցեին հնչած քննադատություններում եւ չարախոսություններում քանիցս արծարծվեց «մայրաքաղաքային լրատվամիջոցներ» կեղծ եւ շինծու արտահայտությունը, եւ ինչ-որ մարդիկ փորձեցին հանդես գալ այդ համքարության անունից: Եթե նույնիսկ կա լրատվամիջոցների նման «դաս» կամ վերնատուն, ապա դրանք որեւէ առավելություն կամ արժանիք չունեն մարզային, համայնքային լրատվամիջոցների հանդեպ: Ընդհակառակը՝ մարզերում եւ համայնքներում կան լրագրողներ, ովքեր իրենց ներկայությամբ պատիվ կբերեին մայրաքաղաքի ցանկացած լրատվամիջոցի, պետական ցանկացած ատյանի:

Եվ ուրեմն՝ եթե նույնիսկ ոմանց համար օգտագործելի է «մայրաքաղաքային լրատվամիջոցներ» արտահայտությունը՝ այլ լրատվամիջոցների հանդեպ դրանց գերազանցությունն ու վերադասությունը շեշտելու համար, ապա մեզ համար շատ վաղուց «մայրաքաղաքային լրատվամիջոցներ» ասվածը ճաշակի, բարոյականության, հայրենասիրության, քաղաքացիության չափանիշ կամ օրենսդիր չի կարող լինել (հարկ եղած դեպքում կթվարկեմ պատճառները): Ավելին, մերօրյա պրովինցիայի անսակարկելի արժանիքներից մեկն այն է, որ մայրաքաղաքից արտանետվող, սփռվող արժեհամակարգին ու պատվիրված հոդվածներին, քննադատական նյութերին լուրջ չեն վերաբերվում:

Իմ գործընկերներից եւ թերթի ընթերցողներից շատերը պնդում են, որ քննադատության եւ չարախոսության ներկա ալիքը մարտնչող նախանձի սովորական դրսեւորում է. հայաստանյան մի քանի տասնյակ լրատվամիջոցների բույլում ինչո՞ւ հենց «Սյունյաց երկիր» թերթին ու նրա խմբագրին եւ ոչ մեզ, ինչո՞ւ ոչ մայրաքաղաքային որեւէ լրատվամիջոցի, այլ մարզային պարբերականի:

Ես, իհարկե, չեմ ուզում այդպես մտածել, բայց եւ չեմ կարողանում այլ պատճառներ գտնել:

Մայրաքաղաքային անհայտ լրագրողներից մեկի տրտմության, անհամաձայնության պատճառն այն է, որ չի ճանաչում Սամվել Ալեքսանյանին, ուստի եւ վերջինս չի կարող վաստակավոր լրագրող լինել: Սիրելի գործընկերոջս հակադարձեմ՝ իսկ միգուցե հենց դա՞ է իմ արժանիքներից մեկը, որ երեւանյան միջանցքներում ու սրճարաններում թռսխած, թթված լրագրող կոչվածը մեզ չի ճանաչում: Հետաքրքիր է, այդ աղջնակը գոնե քարտեզի վրա գիտի՞ Սյունիքի տեղը:

Երկու-երեք հոգի էլ, իրենց բթության կուսությունը չխախտելով, գրում են՝ Սյունիքի մարզպետին համեմատել է Հիսուսի հետ: Երբ նմաններից մեկին հարցրի՝ կարո՞ղ եք ցույց տալ երբեւէ գրված այդ տողը, ասաց՝ ոչ, չեմ կարող, նման բան չկա: Բա ինչո՞ւ եք սրբապղծությամբ զբաղվում՝ հարցրեցի նրան: Դե, ասել են, ես էլ կրկնում եմ, - հնչում է պատասխանը: Եվ, այդքանից հետո, մի՞թե մեղավոր եմ, որ գործ ունեմ մի քանի պսպղուն տգետի հետ, ովքեր ոչ միայն ծանոթ չեն Գրքին, այլեւ պարզագույն նախադասություններն ընթերցել ու ընկալել չեն կարող:

Այս օրերին, որերորդ անգամ, ուշագրավ պահվածք դրսեւորեց եւ դատավորի ավանդական կեցվածքից չհրաժարվեց «Առավոտ» թերթի կայքը՝ սեպտեմբերի 24-ին հրապարակելով «168 ժամ»-ի հեղինակի հոդված-խեղկատակությունը: Մեկ-երկու օր հետո էլ կայքի լրագրողը հեռախոսով հարցազրույց վարեց հետս՝ հրապարկելով այն, ինչ որ հաճո է իրենց քիմքին: Զրույցի ընթացքում, որպես կանոն, հազարերոդ անգամ արծարծվեցին 2005 թվականին մեքենաս հրկիզելու փաստը եւ այդ օրերի ենթադրություններս: Ի դեպ, դա Հայաստանի միակ լրատվամիջոցն է, որտեղ խնամքով պահվում են վերջին տասը-քսան տարվա հոդվածներս, հարցազրույցներս եւ տարեկան մի քանի անգամ, անհրաժեշտության դեպքում, դրանց մի մասը հրապարակ հանվում: Այդ ամենի համար, իհարկե, շնորհակալ եմ, բայց… Գիտե՞ք, թե որն է իմ եւ Արամ Աբրահամյանի առաջին տարբերությունը: Նրա խմբագրած թերթը տարեկան մի քանի անգամ անդրադառնում է տասնամյակների վաղեմության հրապարակումներիս, իսկ իմ խմբագրած թերթը գոնե մեկ անգամ չի հարցնում՝ պարոն Աբրահամյան, ի՞նչ ավարտ ունեցավ պատահարը, երբ Երեւանի թերթերից մեկը քեզ ներկայացրեց գրեթե կիսամերկ վիճակում՝ ինչ-որ գործողություններ անելիս, որին հաջորդեց թերթի խմբագրին անհայտ մարդկանց կողմից ծեծելը եւ…

Ըստ էության ժամանակն է, որ երբեմն-երբեմն ընդօրինակենք Երեւանի «առաջադեմ» թերթերին:

Եվ, այդ բոլորով հանդերձ, եթե մի քանի մարտչնող տգետ փորձում են կասկածի տակ առնել լրագրողի իմ կարողությունն ու արժանավորությունը, եթե փորձում են կասկածի տակ առնել «Սյունյաց երկիր» թերթի 13 տարվա գործունեությունը, ապա ստիպված եմ իմ բոլոր քննադատներին, իմ մասին չարախոսողներին հրավիրել հրապարակային բանավեճի, որի ընթացքում կներկայացնենք մինչեւ հիմա մեր հեղինակած նյութերը, մեր տեսական գիտելիքները լրագրությունից եւ օժանդակ մասնագիտություններից, այդ գիտելիքները կիրառելու գործնական հմտությունները: Կներկայացնենք խոսք կառուցելու, որեւէ իրավիճակ վերլուծելու մեր կարողությունները, եւ էլի շատ հարցեր, որ կկամենան քննադատ-մրցակիցներս: Ընդ որում՝ ամենն արվելու է հրապարակավ, բաց…

Ի դեպ, մրցույթ-բանավեճին առանձնահատուկ հրավեր եմ ուղարկում «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկին ու նրա լրագրող Արմինե Սարգսյանին, «Ասեկոսե» (բամբասանք) կայքի խմբագրին (անունը հայտնի չէ) եւ նրա լրագրող Լիլիթ Վանեցյանին, Վարդ Սիմոնյան անուն ճենճերահոտ ինչ-որ գոյության եւ բոլոր ծպտյալներին, ովքեր կհամաձայնվեն բացահայտվել:

Ու եթե քննադատներս ու իմ մասին չարախոսողներն իրենց իմացությամբ եւ կարողությամբ ակնհայտ առավելություններ ցուցանեն, ապա մեծագույն սիրով կհրաժարվեմ պատվավոր կոչումից, կթողնեմ լրագրությունը եւ վերջ կդնեմ «Սյունյաց երկիր» թերթի գործունեությանը:

Հակառակ պարագայում կնշանակի, որ գործ եմ ունեցել լրագրողի անվամբ ծպտված երեւանյան մի քանի սրբապիղծ գոյության եւ սովորական բոշաների հետ:

Բոլորիդ (ձեզ համար հարմար օրերի) սպասում եմ Սյունիքում:

Մինչեւ հանդիպում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53