Իմաստավոր և ինքնատիպ ճանապարհ. նա իր ստեղծագործություններով մարդուն առաջնորդում է դեպի մաքրություն ու բարություն, դեպի լույս

02.08.2022 14:33
2010

Հուլիսի 28-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում տոնական մթնոլորտ էր...

Նշվում էր գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի 65-րդ տարեդարձը, նշվում էր յուրօրինակ ձևակերտումով...

Նախ՝ կազմակերպվել էր գեղանկարների ցուցահանդես, ներկայացված էին հոբելյարի 80-ից ավելի կտավ: Ցուցադրված էին տարբեր ոճի ստեղծագործություններ, թեմատիկ կոմպոզիցիաներ, դիմանկարներ, նատյուրմորտներ և բնանկարներ:

Նկարներն արվեստագետի կյանքի տարբեր ժամանակահատվածներում կատարված աշխատանքներ են՝ սկսած 1981-ից:

Տարիների ընթացքում փոխվել են Ժիրայր Մարտիրոսյանի մտածելակերպը, ստեղծագործական մոտեցումները և նախընտրած գույները, ինչն անհնար էր չնկատել ցուցահանդեսը դիտելիս:

Թեմատիկ աշխատանքների կենտրոնում մարդն է՝ բնության հետ ձուլված:

Ներկայացված կտավների մեծ մասում Գորիսն է՝ իր անզուգական բնաշխարհով:

Հոբելյանական ցերեկույթին եկել էին տասնյակ հյուրեր Գորիսի տարածաշրջանի հոգևոր-մշակութային կյանքի գրեթե բոլոր ոլորտներից:

Ցուցադրությանը, կտավներին ծանոթանալուց, դրանց շուրջ միմյանց հետ մտքեր փոխանակելուց հետո ներկաներից մի քանիսն օրվան պատշաճող ելույթներ ունեցան՝ հասարակական գործիչ, լրագրող Գագիկ Հայրումյան, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյան, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Լևոն Սահակյան, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունց, արձակագիր Վարուժան Գալստյան, լրագրող Էլմիրա Բալասանյան, մանկավարժներ Սալոնիկ Ջհանգիրյան և Սևադա Խոջաբաղյան, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչ Արմինե Հովակիմյան:

Ելույթ ունեցողները դրվատանքով անդրադարձան Ժիրայր Մարտիրոսյանի անցած ճանապարհին, Գորիսի մշակութային կյանքում նրա ունեցած ներդրումին, նկատառումներ հայտնեցին նրա գունաշխարհի ու ներկայացված ստեղծագործությունների վերաբերյալ:

Հոբելյարին հանձնվեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գնահատանքի գիրը:

Ժիրայր Մարտիրոսյանի հոբելյանը շնորհավորագրերով նշանավորեցին  Գորիսի պետական համալսարանը, Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը:

Իսկ ցերեկույթի սկզբում Ժիրայր Մարտիրոսյանի կյանքն ու գործունեությունը ներկայացրին պատկերասրահի աշխատակիցներ Մարիամ Դոլունցը և Գայանե Սարգսյանը: Կենսագրականից վերստին իմանում ենք, որ 1957 թ. Գորիսում ծնված Ժիրայր Մարտիրոսյանը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, հետագայում ձեռք է բերել նաև «Նկարչություն և գեղանկարի ուսուցում» մասնագիտություն:

Տևական ժամանակ գլխավորել է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը, ապա՝ Գորիսի մշակույթի բաժինը: Ընթացքում՝ Երվանդ Մանարյանի հետ, ստեղծել է մանկական տիկնիկային թատրոն:

2003-2005 թթ. եղել է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն:

2003թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության, 2014-ին՝ Արցախի նկարիչների միության անդամ, 2005-ին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, 2018-ին դարձել  ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ:

Այդ տարիներին, միաժամանակ, դասավանդել է Գորիսի Գևորգ Պարոնյանի անվան արվեստի դպրոցում, 2017-ից՝ Գորիսի պետական համալսարանի գեղանկարչության ֆակուլտետում:

Բազմիցս անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գորիսում, Ստեփանակերտում, ՌԴ տարբեր քաղաքներում, Սիսիանում, Կապանում, Եղեգնաձորում, Ջերմուկում, Երևանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայի մի շարք երկրներում:

Ակտիվ մասնակցություն է ունեցել 1988-ին սկիզբ առած հայոց ազգային զարթոնքին, հետագայում՝ Շուռնուխի ինքնապաշտպանական մարտերին  (Մեծ Սոսի ջոկատում):

Նրա նկարները պահպանվում են Հայաստանի և Արցախի պատկերասրահների պահոցներում,  Կանադայի պատկերասրահի հայ մշակույթի սրահում, Ֆրանսիայի Վիեն քաղաքի հայ  մշակույթի տանը, ինչպես և մի շարք արվեստասերների մասնավոր հավաքածուներում:

Զբաղվում է նաև քանդակագործությամբ. որոշ քանդակներ տեղադրված են Ակսել Բակունցի տուն-թանգարանում:

Եվ, այդ բոլորով հանդերձ, հոբելյանական ցերեկույթի բարձրակետը վերջում էր, երբ Ժիրայր Մարտիրոսյանը ներկայացավ իր տիկնոջ, երեք զավակի, ինը թոռան, հարազատների ու մերձավորների հետ: Ի լուր ամենքի՝ հոբելյարն ապրելու իր բանաձևն ու պատգամ-հորդորը հղեց նրանց... Պահը համեմվեց տասնմեկամյա Առնո թոռնիկի՝ պապիկին նվիրված  ոտանավորով:

***

Հոբելյանական ցերեկույթի վերջում Ժիրայր Մարտիրոսյանը պատասխանեց «Սյունյաց երկրի» հարցերին:

- Պարոն Մարտիրոսյան, ընդունեք, խնդրեմ, «Սյունյաց երկրի» շնորհավորանքը՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

- Շնորհակալ եմ:

- Երբևէ հաշվարկե՞լ եք, թե քանի կտավ եք վրձնել տարիների ընթացքում:

- Շատ-շատ, մոտ հազար, գուցե և ավելի: Քանի գնում՝ նկարներն ավելանում են, բայց և պակասում՝ նվիրում եմ, վաճառում...

Այսօրվա ցուցահանդեսին ավելի շատ նկար էի նախատեսել, բայց տեղը սահմանափակ էր, 30-40 նկար դուրս մնաց:

- Ի՞նչ տեղ եք զբաղեցնում գեղանկարչության մեջ (թեև դա մասնագետների  գնահատմամբ կարող է որոշարկվել), որևէ ուղղության հետևո՞րդ եք, թե՞ Ձեր սեփական ճանապարհով եք ընթանում:

- Ես շատ եմ ուսումնասիրել և́ մանրանկարչությունը, և́ ժամանակակից արվեստը, և́  Վերածննդի դարաշրջանի նկարչությունը, և́ իհարկե մեր ազգային մշակույթը, ու բոլորից մի բան վերցրել եմ և դրանց հիման վրա ստեղծել իմը..

- Որքանով տեսնում ենք՝ պատկերասրահի առաջին հարկում բնանկարներ են, կոմպոզիցիոն ստեղծագործություններ...

- Ճիշտ եք նկատել՝ հիմնականում գորիսյան բնապատկերներ են, նաև Բակունցի նկարն է...

- Մեր  ձայնապետ Կոմիտասին նույնպես տեսնում ենք այստեղ, Սայաթ-Նովային ևս...

- Հայոց մեծերին նվիրված շարքը նրանցով չի սահմանափակվում: Վրձնել եմ նաև Սերո Խանզադյանի դիմանկարը, Համո Սահյանին, Գուսան Աշոտին, Սուրեն Այվազյանին:

- Ստեղծագործական տարիներին համընթաց գույների փոփոխություն ենք նկատում Ձեր կտավներում:

- Այո, երիտասարդ տարիներին նախընտրած գույներս մռայլ էին, իսկ հիմա ավելի վառ են, թեև հակառակը պետք է լիներ մեր ժամանակներում:

- Անշուշտ, միայն մասնագետները կարող են Ձեր կտավները գեղարվեստական տեսակետից  արժևորել: Ցուցահանդեսի մասնակիցներից յուրաքանչյուրն էլ, անկասկած, յուրովի է ընկալում ամեն մի նկարի ասելիքը, իմաստը: Միգուցե (ընդհանուր գծերով) Դո՞ւք բացահայտեք՝ ո՞րն է Ձեր ասելիքը, դեպի ո՞ւր եք առաջնորդում հայ մարդուն:

- Իմ ապրումներն են, իմ աշխարհայացքը, արտաքին աշխարհի սեփական  ընկալումներս: Իմ գործերում չարություն չեք գտնի, իշխողը բարությունն է, մաքրությունը, սերը, ծաղիկները, կանայք ու աղջիկները:

- Իսկ գաղափարական առումով...

- Իմ գեղանկարչությունը դուրս է քաղաքականությունից, իմ գաղափարախոսությունը մարդն է՝ իր էությամբ, իր շրջապատով: Որքան կապված լինես ընտանիքիդ, ընկերներիդ՝ այնքան երջանիկ կլինես: Դա էլ փորձում եմ արտացոլել...

- Եվ, այնուամենայնիվ,  այսօրվա մեր ազգային ծանր վիճակում արդյո՞ք ինչ-որ բան չեք ուզում ներարկել մարդկանց: Սովորաբար արվեստն առաջնորդելու, կողմնորոշելու առաքելություն ունի նաև: Եվ ուերմն...

- Նոր իրավիճակը, անտարակույս, բավականին տհաճ ու ծանր է, և հոգեբանորեն մեծ ազդեցություն է գործում յուրաքանչյուր ողջամիտ ու արժանապատիվ հայ մարդու վրա: Բայց նոր իրավիճակում, թող զարմանալի չթվա, էլի մնում եմ իմ տեղում: Չեմ սիրում սարսափելի տեսարաններ պատկերել. դրանք ոչ թե օգնում են ապրելուն, մաքառելուն, այլև ավելի են վհատեցնում մարդուն: Համոզված եմ՝ նման իրավիճակներում նույնպես մարդը պիտի կարողանա տեսնել գեղեցիկը, ասել է թե՝ տխուր իրականության դեմ նույնպես պետք է պայքարել գեղեցիկով...

- Դա նշանակում է նաև, որ ծաղրանկարչության ժանրը տեղ չունի Ձեր գեղագիտական պատկերացումների տիրույթում:

- Ուղղակի դա իմ ներսում չկա:

- Իսկ ինչպե՞ս է այսօր ապրում գեղանկարիչը՝ անհրաժեշտ նյութեր, ծախսեր... Կարողանո՞ւմ եք Ձեր գործերը վաճառելով սեփական ծախսերը հոգալ:

- Երջանիկ է այն նկարիչը, ով կարողանում է իր կտավներով ոչ միայն անհրաժեշտ ծախսերը հոգալ, այլ նաև ընտանիք պահել: Ես չեմ դժգոհում... Ամիս է լինում՝ վաճառվում է, ամիս է լինում՝  չի վաճառվում: Ինքը՝ գեղանկարչությունը ծախսատար ոլորտ է՝ կտավ պիտի ունենալ, վրձիններ, ներկեր, վերջում շրջանակի խնդիրն է առաջ գալիս...

- 65 տարեկան եք, ի՞նչ ծրագրեր ունեք:

- Դեռ ստեղծագործական ակտիվ աշխատանքի մեջ եմ, ասելիք շատ ունեմ: Մի գաղտնիք էլ բացահայտեմ՝ ոչ մի նկար իմ ստեղծագործություններից չեմ հավանում, անընդհատ զգում եմ՝ ինչ-որ  բան պակասում է: Չեմ հագենում, իսկ երբ  հագենամ՝ այդ ժամանակ էլ չեմ նկարի:

- Ձեզ՝ հաջողություն:

- «Սյունյաց երկիր» պարբերականին՝ նույնպես:

 

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25