Ի՞նչ է կատարվել Արծվանիկի դպրոցում՝ տնօրենի ընտրության ժամանակ. «լավագույն» ավանդույթների շարունակո՞ւմ, թե՞…

17.06.2018 20:49
3924

Հունիսի 15-ին Արծվանիկի միջնակարգում տեղի է ունեցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

Մրցույթն անց է կացրել դպրոցի խորհուրդը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ:

Խորհրդի նիստն իրավազոր էր. խորհրդի  ութ անդամից բացակա էր մեկը:

Խորհրդի նախագահ Գրիշա Գաբրիելյանի հավաստմամբ՝ երեք հավակնորդից մրցույթին չի ներկայացել մեկը՝ Ռոմա Զաքարյանը, ով Սյունիքի մարզպետարանի աշխատակից է: Եւ մրցույթը տեղի է ունեցել երկու հոգու՝ Ռոբերտ Հարությունյանի եւ Լուսինե Հարությունյանի միջեւ:

Մրցույթը, ըստ խորհրդի նախագահի, ընթացել է ՀՀ կառավարության՝ խնդիրը կարգավորող որոշումներին համապատասխան. հավակնորդները ներկայացրել են հաստատության զարգացման իրենց ծրագիրը, անց է կացվել հարցազրույց՝ նրանց գործնական հմտությունները ստուգելու նպատակով:

Այնուհետեւ տեղի է ունեցել փակ քվեարկություն. հինգ հոգի քվեարկել է հօգուտ Լուսինե Հարությունյանի, երկու հոգի՝ հօգուտ Ռոբերտ Հարությունյանի:

Թվում էր, թե ամեն ինչ ընթացել է օրինականության հունով եւ Լուսինե Հարությունյանն ընտրվել է դպրոցի տնօրեն, սակայն…

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչ Մարինե Ղազարյանը նկատել է, որ խորհրդի անդամ Աննա Սահակյանը քվեաթերթիկի վրա նշում կատարելուց հետո այն լուսանկարել է հեռախոսով եւ ուղղարկել ինչ-որ մեկին՝ դրանով իսկ խախտեով փակ քվեարկության սկզբունքը, որ սահմանված է գործող կանոնակարգով:

-Խախտվել է քվեարկության կարգը՝ տնօրենին փակ քվերկությամբ ընտրելու վերաբերյալ, -ասաց Մարինե Ղազարյանը: -Եվ իբրեւ ԿԳ նախարարության ներկայացուցիչ բացասական եզրակացություն եմ գրել, որն էլ սահմանված ժամկետում կներկայացնեմ նախարարություն:

Ակնկալվում է, որ ԿԳ նախարարի կողմից, ինչպես պահանջում է գործող կարգը, կձեւավորվի հանձնաժողով, որն էլ իր եզրակացությամբ կգնահատի տեղի ունեցածը, ինչն էլ, հնարավոր է, հիմք կհանդիսանա ընտրության արդյունքները չեղարկելու համար:

Խորհրդի անդամի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու եւ ինչ-որ մեկին դրանով հաշվետվություն տալու իրողությունը, որ արձանագրվել է խորհրդի նիստի անցկացման վայր-լսարանում՝ բոլորի աչքի առաջ, չի նկատել խորհրդի նախագահ Գրիշա Գաբրիելյանը: Նա հերքում է նաեւ դպրոցում շրջանառվող կարծիքը, թե խորհրդի անդամների վրա մարզպետարանի համապատասխան վարչությունից ճնշումներ են գործադրվել:

Սահմանված ժամկետում խորհրդի նախագահը մրցույթի արդյունքները կներկայացնի Սյունիքի մարզպետարան, կներկայացվի նաեւ ԿԳ նախարարության ներկայացուցչի բացասական եզրակացությունը:

Կարելի է ենթադրել, որ արձանագրված փաստի առկայության պարագայում Սյունիքի մարզպետարանը եւ կրթության ու գիտության նախարարությունը կգնան ընտրության արդյունքները չեղարկելու ճանապարհով, եւ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կհայտարարվի նոր մրցույթ:

Արծվանիկի դպրոցում տեղի ունեցածը նոր մտորումների տեղիք է տալիս:

Խորհրդի անդամն ու՞մ էր ուզում ապացուցել, որ ինքը քվեարկել է հօգուտ Լուսինե Հարությունյանի:

Այնուհետեւ՝ ժամանակներն իբր փոխվում են, իսկ մենք այդպես էլ չենք կարողանում կարգավորել հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության պարզագույն գործը:

Հետադարձ հայացք ձգենք վերջին մեկ-երկու տարում հանրակրթական դպրոցների տնօրենների շուրջ տեղի ունեցած իրադարձություններին:

Կապանի N1 դպրոց, Կապանի N3 դպրոց, Դարբասի դպրոց, Քարաշենի դպրոց, Տեղի N1 դպրոց, Սյունիքի դպրոց, Արծվանիկի դպրոց… Նշված դպրոցներից յուրաքանչյուրում տեղի են ունեցել օրինականության հետ որեւէ աղերս չունեցող ընտրություններ, պաշտոնաթողություններ, ստուգումներ…

Տնօրեն ենք ազատում, երբ որ ուզում ենք:

Տնօրեն ենք հնարում, երբ եւ ում ուզում ենք:

Տնօրենի ընտրության փոխարեն մրցույթ-ներկայացում ենք խաղում, երբ որ մեզ պետք է:

Տնօրենի հավաստագիր ենք ձեռք բերում՝ շրջանցելով ամենակարեւոր չափանիշներն անգամ:

«Լավագույն» տնօրենի կերպար ենք հունցում՝ մի կողմ դնելով տեսչական ստուգման ամոթալի արդյունքները, չասելով նույնիսկ, թե ինչ ասել է «լավագույն» տնօրեն:

Աուդիտորական ստուգումներ ենք հրահրում այն տնօրենների մոտ, ովքեր պատշաճ չեն համարում կրթության վարչությունում ամեն օր սուրճ խմելը;

Տասնմեկ տնօրենի կարգապահական տույժի ենք ենթարկում՝ չասելով, թե ինչի համար:

Կրթության վարչության պետ ենք ազատում եւ նորը հորինում՝ չասելով, թե ինչու ենք ազատում եւ ինչ չափանիշներով ենք նորը նշանակում:

Մարզպետի ընդդիմախոսների դեմ ոստկանությանը դիմումներ գրելու, մատնություններ անելու կարիք է առաջանում՝ նորից դիմում ենք մարզպետարանի կրթության վարչությանն ու դպրոցի տնօրեններին:

Խմբերով ՀՀԿ շարքերը մտնելու եւ այնտեղից խմբերով հեռանալու խնդիր է առաջանում՝ նորից դիմում ենք հանրակթական դպրոցի տնօրեններին:

Եւ այդպես էլ «կառավարում» ենք մարզի հանրակրթության ոլորտը…

Ու պարզագույն հարցեր են ծագում՝ ո՞վ է այդ ամենի համար պատասխանատու, կա՞ մարզպետարանում գոնե մեկը, ով կարող է պատասխանել բարձարացված հարցերին:

Ունե՞նք կրթության վարչություն մարզպետարանում, թե՞ ոչ: Մինչեւ ե՞րբ ենք ոլորտի «պատասխանատուի» արտասվելու, հազալու, հուզվելու, պարելու անմրցելի հմտությունը համարելու մեղմացուցիչ հանգամանք՝ հանրակրթության ոլորտում թեւածող այդ արտառոցություններին հետեւելիս…

Մինչեւ ե՞րբ ենք գլուխներս մտցնելու ավազի մեջ եւ կեցվածք ընդունելու, թե իբր հանրակրթության ոլորտում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով…

 ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Ձեր ձեռքերի վրա ռուսական արյուն կա». ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա է անցկացվել

27.08.2026 20:31

3 նախարարությունների անվանումները կփոխվեն. ԱԺ–ն հաստատեց նախագիծը

27.08.2026 20:06

Իրանի դեմ տնտեսական շրջափակում կիրառելու ծրագիրը կձախողվի․ Ղալիբաֆ

27.08.2026 20:02

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

27.08.2026 16:35

Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը շարունակվում է․ մեկ անձի հաշվով՝ մինչև 5 մլն դրամ

27.08.2026 16:33

Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով

27.08.2026 16:29

Մի դատավարության մասին, որն արհեստականորեն ձգձգվում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձի չներկայանալու պատճառով

27.08.2026 16:08

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

27.08.2026 15:30

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

27.08.2026 14:56

Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան

27.08.2026 12:50

Ուխտագնացություն Խաչի խութ սրբավայր, որ Խուստուփի հյուսիս–արևելյան լանջին է

27.08.2026 12:13

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է

27.08.2026 11:16