Ի՞նչ է կատարվում Սիսիանում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչությունում

22.02.2019 12:14
2222

Դեռեւս 2018 թվականի օգոստոսի 14-ին պաշտոնանկ արվեցին Հարավային մաքսատուն-վարչության պետ Աշոտ Մինասյանը, ապա Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Սամվել Հայրապետյանը:

Օգոստոսի 24-ին «Սյունյաց երկիրն» անդրադարձավ այդ զարգացումներին: «Պաշտոնանկություն, որոնք, ըստ էության, պատճառաբանված չեն» վերտառությամբ հոդվածում արձանագրվեց, որ ե՛ւ Աշոտ Մինասյանի, ե՛ւ Սամվել Հայրապետյանի պաշտոնանկության համար ՊԵԿ-ի նախագահը որեւէ հիմնավոր պատճառաբանություն չի բերել:

Այդ ամենից հինգ-վեց ամիս անց պաշտոնանկությունների նոր փոթորիկ է բարձրացել Հարավային մաքսատուն-վարչությունում:

Փետրվարի 15-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Սիսիանում հանդիպեց աշխատանքից ազատված մաքսավորներից մի քանի հոգու հետ:

Ստորեւ՝ նրանց բացատրությունն առանց միջամտության:

***

Արտակ Վարդանյան- (աշխատում էր մաքսատան անվտանգության ծառայությունում)

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչությունից մարդ էր եկել, հերթով մարդկանց կանչում եւ հարցեր էին տալիս: Քրոջս տղայի կողմից մեքենա եմ նվեր ստացել ապրիլին, հենց մտա, հարցրին՝ «Ինֆինիտիի» տե՞րն ես, հետո էլ թե՝ բա այդ ավտոն ունեցողը կգա 90 հազար դրամով կաշխատի՞, ասի՝ նախ ավտոն այստեղ աշխատելով չենք առել, երկրորդն էլ այդ իննսուն հազարի համար այլ պայմանները չկան, որ թողել ենք, զուտ եկել ենք այստեղ աշխատելու: Հարցրին՝ քանի՞ տարվա աշխատող եմ՝ ասի՝ 17, ուրեմն բոլորի հետ շփվել ես: Գործի բերումով՝ այո,- պատասխանեցի: Մինասյան Աշոտի հետ ո՞նց ես եղել, ասի՝ ընդամենը պետ-ենթակա հարաբերություններ էին: Ասաց՝ որպես անձնավորություն ինչպե՞ս կբնութագրես նրան, ասի, որ այս խաղաղ պայմաններում նստած եւ ինձ հետ զրուցում ես, ապա դա նաեւ Աշոտ Մինասյանի շնորհքն է, նկատի ունեի Մինասյանի մարտական հրամանատար եւ երկու պատերազմի մասնակից լինելը: Սա որոշ չափով զայրացրեց զրուցակցիս, թե՝ գեներալ Մանվելն էլ է կռվել: Ասի՝ Աշոտ Մինասյանը միշտ իր անունը բարձր է պահել: 

Հետո մեղադրանքներ ներկայացրեց. դուք ուղղորդված եք, երբ մեքենան մտնում է հիմնարկի տարածք, փոխադրման ամփոփագիրը վերցնում եք, փոխանցում զննման բաժնի պետ Աբունցին, նա էլ տալիս է Մինասյան Աշոտին ենթարկվող բրոկերական կազմակերպությանը: Ես նախ իրավունք չունեմ թուղթը տամ տվյալ բրոկերին կամ մի այլ անձի, մենք պարտավոր ենք թուղթը վերցնել, գրանցել եւ հանձնել զննման բաժնին, նա էլ որոշում է՝ ում է ուղղված: Դա արդեն իրենց խնդիրն է:

Մեկ էլ ասացին, որ պիտի մեզ ինֆորմացիա տաք, թե այստեղ ինչ է կատարվում: Ասի լսիր՝ ինչ ինֆորմացիա պիտի տամ, եթե ղեկավարությունը որոշել է, որ մեր պահակակետից ոչ մի քայլ կողմ չպիտի գնանք, տեղաշարժվենք:

Եվ հետո, եթե լինում ենք վարչական շենքում, կաշառք տվող կամ վերցնողը մեր ներկայությա՞մբ է այդ ամենն անում, որ ես էլ դա նկատեմ:

Մեզ հետ պայմանագիր չկնքեցին, չգիտեմ դա՞ է խնդիրը, որ իրենց ինֆորմացիա չենք տալիս, թե՞ տարիքս չի բավարարում կամ մի այլ բան, չգիտեմ:


Գագիկ Փանյան (աշխատում էր անվտանգության ծառայությունում)

Նախ ծանուցագիր են ուղարկել կրճատման վերաբերյալ: Ասեմ, որ մենք պայմանագրային աշխատող ենք, նախօրոք զգուշացրել էին, որ կարող է՝ կառուցվածքային փոփոխություններ լինեն, որի պատճառով հաստիքներ են կրճատվելու: Հունվարի 31-ին Երեւանից ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության աշխատակիցն էր եկել, փետրվարի 1-ից մեզ ազատեցին աշխատանքից: Ասին՝ կաշառակերության դեմ չեք պայքարում. հետո էլ թե՝ բա էն ռեստորանները, կառույցները, որ շինել են, աշխատավարձո՞վ են արել (չասացին՝ ումն է, բայց մենք հասկացանք): Ասի՝ երբ ընդունվեցի աշխատանքի, արդեն կառուցված են եղել:

Հետո ընդհանուր հարցեր տվեցին՝ նաեւ իմ ընտանիքի հետ կապված. իմացավ, որ երեխաներս ինստիտուտում են սովորում, թե՝ բա 100 հազար դրամ աշխատավարձով դու ո՞նց ես ե՛ւ ուսման վարձ տալիս, ե՛ւ երեխա պահում Երեւանում: Ես էլ՝ գնանք բանկերը՝ նայենք, թե ինչքան վարկեր եմ մուծում:

Մեզ ազատել են, մեր տեղը մարդ են ընդունել: Չասացին՝ ինչի մեջ ենք թերացել, մեր կրթությո՞ւնը չի բավարարում, թե՞ աշխատանքային հմտությունները: Եթե թերացել ենք, ինչու որեւէ զգուշացում ու նկատողություն չի եղել: Ուղղակի իմանանք պատճառները: Լավ, էդ հինգ հոգու մեջ (նկատի ունի անվտանգության աշխատակիցներին) մեկը չկա՞ր խելքը գլխին, նորմալ աշխատող… Գոնե իմանայինք, թե մեզ աշխատանքից ազատելու պատճառն ինչ է:

Հրայր Ալեքսանյան (աշխատում էր մաքսատան անվտանգության ծառայությունում)

ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունից եկել էին մեզ մոտ, հետաքրքրվում էին, թե երբ մաքսազերծման փաստաթղթերը վերցնում ենք, ո՞ւմ ենք հանձնում դրանք: Ինձ առանձնապես շատ հարցեր չեն տվել, մեկ էլ թե՝ բա կինդ է՞լ է այստեղ աշխատում, ասել եմ՝ այո: Մինասյանի հետ ի՞նչ կապի մեջ ես, ասացի՝ հրամանատարս է, մարտական ընկերս, հարցրեց, թե քանի՞ տարի եմ նրա հետ միասին աշխատում, պատասխանեցի՝ երեք: Բա կուզե՞ս մեզ հետ համագործակցել, ասի ի՞նչ պիտի անեմ, թե ինֆորմացիա պիտի տաս մեզ, ասացի՝ դրսում եմ աշխատում, ներսի ինֆորմացիան ո՞նց պիտի տամ, թե որ զանգեմ, ասեմ՝ պետի մոտ ո՞վ կա, կարողանալո՞ւ ես ինձ ասես, պատասխանել եմ, որ դրսում եմ, ինչպես կարող եմ ասել: Այնուամենայնիվ, մի քանի հարցեր էլ տվեցին. բա դուք չպիտի իմանա՞ք՝ արդեն անցել եք ներքին անվտանգության, թե տվյալ փաստաթուղթը որ բրոկերի մետ է գնում: Ասի՝ մեկ ամիս առաջ մեզ մոտ եղել է մեկ բրոկերական ծառայություն: Հիմա է, որ երկրորդը բացվել է: Բա պիտի հսկեք, որ տվյալ փաստաթուղթը մտնի նոր բացված բրոկերական ծառայությունը:

Հունվարի 31-ին ազատման հրամանները եկել է, փետրվարի 1-ից ազատվել ենք՝ հինգ հոգի: Ամսի 10-ից էլ՝ 9-ը հոգի, ընդհանուր առմամբ 14 հոգու կրճատել են:

Հ.Գ.

Ինքն ու կինն աշխատանքի էին ընդունվել, որ կարողանան երեխա որդեգրեն, 20 տարի է՝ ամուսնացած են, բայց երեխա չունեն: Ազատվելով աշխատանքից՝ զրկվեցին երեխա որդեգրելու հնարավորությունից եւ իրավունքից:

Անդրանիկ Սարգսյան (աշխատում էր մաքսատան անվտանգության ծառայությունում)

Երեւանից եկան, սկսեցին հարցեր տալ, նախ ցանկացան իմանալ, թե ինչպե՞ս եմ աշխատանքի ընդունվել: Պատասխանեցի, որ թափուր տեղ կար, ընդունվեցի: Յոթ ամիս եմ աշխատել: Հարցրին, ծանոթ եղե՞լ եմ Աշոտ Մինասյանին, ասի՝ ծանոթ չեմ եղել, պատահական իմացել եմ թափուր տեղի մասին: Բա ընդունվելիս փող ես տվե՞լ, ասի՝ փող ունենայի կծախսեի իմ կարիքների համար, ինչո՞ւ եմ գալիս այստեղ պահակ աշխատելու: Հետաքրքրվեցին իմ ընտանեկան վիճակով, ունեմ երեք անչափահաս երեխա, կինս մանկապարտեզում է աշխատում, 50 հազար դրամ աշխատավարձ է ստանում, դայակ է: Ասին՝ ի՞նչ ունես, ի՞նչ չունես, պատասխանեցի, թե ինչքան անասուն ունեմ: Նորից կրկնեցին, Մինասյանի հետ բարեկամական կապեր ունե՞ս, փող տվե՞լ ես աշխատանքի ընդունվելու համար: Ասի՝ ոչ:

Ուզում եմ գոնե իմանալ, թե ինչի համար են ինձ աշխատանքից ազատել, ունեմ երեք անչափահաս երեխա, պատճառն ի՞նչ է: Շատ եմ ուզում իմանալ, թե ինչո՞ւ ինձ ազատեցին աշխատանքից: Ստացվում է, որ մեզ հետ անմարդկայնորեն են վերաբերվել: Դիմում չեմ գրել, ծանուցում է եկել, ստորագրել եմ:

Սամվել Գեւորգյան (գանձումների համակարգման բաժնի նախկին պետ)

25 տարի է՝ մաքսատանն եմ աշխատում, օպտիմալացման քողի տակ կրճատումներ են արել, Մինասյանի մոտիկներին են հիմնականում աշխատանքից ազատում, ինձ հետ Մինասյանի հետ կապված զրույց չի եղել, ուղղակի ինձ համարել են Մինասյանի մտերիմներից: Աշխատանքից ազատվածների փոխարեն նոր մարդ են ընդունել: Այսքանը կասեմ:

Հովիկ Ավետիսյան (աշխատում էր մաքսատան անվտանգության ծառայությունում) 

13 տարի է՝ աշխատում եմ հարավային մաքսատուն-վարչությունում: Փետրվարի 1-ից ազատվել եմ աշխատանքից: Այս ամենը կապված է Աշոտ Մինասյանի հետ, նոր պետն ասել է՝ 40 տարի մտերիմ հարաբերություններ ունես նրա հետ: Ինձ պարզապես ասաց՝ դու այլեւս չես կարող աշխատել, ասի՝ ի՞նչ է եղել, ասաց մի չորս հոգու աշխատանքից պիտի ազատես, ասի՝ ախպեր ջան, ինչո՞ւ պիտի հանեմ, պատճառն ի՞նչն է: 

(Հ. Ավետիսյանը մաքսատան անվտանգության ծառայության ղեկավարն էր):

Ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը, որ հունվարի 31-ին եկել էր, վերջինն ինձ կանչեց, նախ հետաքրքրվեց, թե Աշոտ Մինասյանի հետ ի՞նչ կապ ունեմ, պատասխանեցի՝ դասընկերն եմ:  Թե՝ ամսվա վերջին 20-25 հազար դրամ տամ, դարձիր ինձ համար ինֆորմացիա բերողը: Ասի ո՞նց, 59 տարի ճիշտ եմ ապրել, ո՞նց կարող եմ նման բան անել: Տեսավ, որ բան չի ստացվում, թե՝ ձեր բաժնում մարդ կա՞, որ կարող է անել: Ասի՝ թող անի, դա ինձ չի վերաբերում:

Հետո շարունակեց հարցեր տալ: Տասներեք տարի Աշոտ Մինասյանի հետ ես աշխատել, դու ավտո չունե՞ս, բա միասին փող չե՞ք աշխատել: Ասի՝ որ փող ունենայի, ինչո՞ւ էի մնում այստեղ: Մի քանի անգամ այս միտքը կրկնեց, կարծես ուզում էր ինձ հունից հանել: Կատարվածը շատ վիրավորական էր: Այնքան վիրավորական, որ ես այլեւս հետ չեմ դառնալու: (Դրանով խմբագրության այն հարցին պատասխանեց, թե արդյո՞ք տասնչորս հոգուց ոչ մեկը չի ուզում դատական կարգով իր իրավունքները վերականգնել): Տպավորությունս այն է, որ հիմնարկն ուզում են Աշոտ Մինասյանի մոտիկներից մաքրել: 


***

Հետգրություն՝ ուղղված ՊԵԿ-ի նախագահ Դ. Անանյանին

Պարոն Անանյան 

Ի՞նչ է կատարվում Հարավային մաքսատուն-վարչությունում:

Ըստ աշխատանքից ազատված մաքսավորների՝ մարդիկ աշխատանքից ազատվել են առանց հիմնավորումների:

Եթե կրճատում է, ապա ինչո՞ւ նրանց փոխարեն նոր մարդիկ են ընդունվել աշխատանքի:

Եթե նրանք ազատվել են միայն այն բանի համար, որ Աշոտ Մինասյանն է նրանց աշխատանքի ընդունել, ապա դա, մեղմ ասած, բարոյական մոտեցում չէ հատկապես մեր օրերում, երբ, գոնե խոսքով, առաջնորդվում ենք սիրո եւ համերաշխության դրոշով:

Ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ մարդկանց առաջարկում ենք մնալ աշխատանքում՝ պայմանով, որ զինվորագրվեն «ստուկաչության»:

Շատ ցավալի է, որ մարդկանց աշխատանքից հեռացնելիս անհատական մոտեցում չի ցուցաբերվել:

Մինչդեռ, այդ ամենի արդյունքում գործազուրկ է դարձել Արցախյան հերոսամարտի մասնակիցը, մյուս երկուսը զրկվել են երեխա որդեգրելու հնարավորությունից, հաջորդը հայտնվել է երեք անչափահասի խնամքը հոգալու խնդրին դեմ հանդիման, մեկ ուրիշն էլ վարկ է վերցրել, որ պիտի մարի, մյուսն էլ ուսանող-զավակի ուսման վարձը պետք է վճարի…

Խնդրում ենք Ձեզ՝ մի քանի ակնթարթ մոռանալ օպտիմալացում, կրճատում ոչինչ չասող բառերը եւ կոնկրետ փաստարկներով ներկայացնել, թե 14 հոգուց յուրաքանչյուրն ի՞նչ հիմքերով է աշխատանքից ազատվել, եւ ի՞նչ առավելություններ ունեն նոր ընդունվածները:

Հավատացեք, Սյունիքում սպասում են Ձեր (անձամբ Ձեր) պարզաբանումին, այլապես դա կդիտվի (առնվազն) խտրականություն եւ կամայականություն՝ ընդդեմ հայ մարդու, ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

«Սյունյաց երկիր»

 

 

 

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06