Իրանի ճանաչված հայագետների կարծիքով՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը մեծագույն հարված կլինի և՛ Իրանի, և՛ Հայաստանի ինքնիշխանությանը

25.09.2023 10:52
1079

Կապանի համայնքապետարանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի միջև համագործակցությունը նոր դրսևորումներ է ունենում։

Կապանի մշակույթի կենտրոնում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ հայ-իրանական միջազգային գիտաժողով՝ «Սյունիքը՝ պատմական, ռազմավարական նշանակության, տնտեսական համագործակցության և ներդրումային հեռանկարի համատեքստում» խորագրով։

Մասնակցում էին Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի դասախոսներ, պատմաբաններ, արևելագետներ, Իրանի Իսլամական Հանրապետությունից դասախոսներ, փորձագետներ, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, գիտահետազոտական կենտրոնների տնօրեններ: Ընդհանուր առմամբ՝  ընթերցվեց 15 զեկուցում՝ երկու երկրի համագործակցության ամենատարբեր ոլորտներին առնչվող, մասնավորապես, ինչպես հաղորդակցության ուղիների, այնպես էլ Սյունիք-Արցախի՝ տարածաշրջանում ունեցած ռազմավարական նշանակության տեսակետից:

Բացման խոսքում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը  նշեց, որ գիտաժողովը կարևոր իրադարձություն է ոչ միայն գիտական իմաստով, այլև պետական-հասարակական-քաղաքական և երկու ժողովրդի բարեկամության հետագա ամրապնդման տեսակետից: Գիտաժողովը վերջին մեկ-երկու տարում հայ-իրանական բարեկամությանը ու համագործակցությանը միտված բազմաթիվ միջոցառումներից հերթականն  է, ինչը իրականություն է դարձել նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության ջանքերի և հետևողականության շնորհիվ:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը. «Նմանօրինակ անկայուն իրավիճակները տարածաշրջանի խաղաղության համար վնասակար են, մենք հավատացած ենք, որ տարածաշրջանի երկրների քարտեզը որևէ փոփոխության չպիտի ենթարկվի: Այս միջազգային գիտաժողովը Կապանի համայնքապետի ու Իրանի կողմից երկուստեք մտահոգության արդյունքում իրականացավ,  հաշվի է առնվել Սյունիքի կարևոր նշանակությունը թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի համար: Գիտեք, որ մարզով է Իրանի համար ճանապարհ բացվում դեպի Սև ծով: Բազմաթիվ բեռնատարներ են օրական այստեղով անցնում, Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը համագործակցության պայմանագիր են կնքել, այս պահին 700 մլն դոլարի ապրանքաշրջանառություն է իրականացվում, և ձգտում  ենք հասցնել երեք միլիարդի: Եթե տարածաշրջանն անվտանգ չհամարվի, այս ամենը հնարավոր չի լինի իրականացնել: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին շատ հստակ և ստույգ ասել է՝ եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»։

Մեր տարածաշրջանում (Սյունիքի) համենայն դեպս չորս երկրի՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, շահեր են բախվում, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Զանգեզուրյան ենթադրյալ միջանցքի խնդրին: Իսկ ընդհանրապես Սյունիքով  անցնող հաղորդակցության ուղիների համար պայքարը, ինչպես նկատեց զեկուցողներից մեկը, դարերի պատմություն ունի:

Թեհրանի համալսարանի դասախոս և Եվրասիայի հարցերով փորձագետ Քազեմի Ահմադն իր զեկուցման մեջ ևս անդրադարձավ Զանգեզուրի ենթադրյալ միջանցքին, ավելի ստույգ՝ «Թուրանական միջանցքի սադրանքը նոր աշխարհակարգին անցնելու համատեքստում և Սյունիքի նշանակությունը այդ խորապատկերում» վերնագրով. «Միջազգային իրավունքի տեսակետից ժողովրդին շրջափակելն ընդունելի չէ, որևէ տարածաշրջանի բնակչությանը սովամահության ենթարկելը հավասար է ցեղասպանության: Իսրայելի սիոնիստական համագործակցությունը Ադրբեջանի հետ, զենքով աջակցությունը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի շարունակությունն է»:

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանի զեկուցումը ևս ինչ-որ չափով առնչվում էր Զանգեզուրի ենթադրյալ միջանցքին և ընդհանրապես հաղորդակցության ուղիներին՝ «Սյունիքի դերի ուսումնասիրությունը Իրան-Հայաստան միջանցքի ամրապնդման և աշխարհաքաղաքական փոփոխություններին ընդդիմացող առանցքի ամրակայման գործում» վերնագրով:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Ստեփանյանն անդրադարձավ Սյունիք-Արցախի ռազմավարական դերին՝ Իրանի Ատրպատական նահանգի նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների համատեքստում և պատմական էքսկուրս կատարեց. «Երիտթուրքերի  «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը 1908 թվականի հունիսին իշխանություն գալուց հետո 1911 թ. Սալոնիկում կայացած կուսակցության չորրորդ համաժողովում լիովին հրաժարվեց համաօսմանական և համաիսլամական քաղաքականությունից և իրենց գաղափարական զինանոցի համար որդեգրեց պանթուրքիզմի դոկտրինան՝ որպես պաշտոնական գաղափարախոսություն՝ այն բարձրացնելով պետական քաղաքականության մակարդակի»:

 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանը, ով գիտաժողովի կազմկոմիտեի համակարգողն էր, իր զեկուցման մեջ մանրամասնեց Կարմիր Քրդիստանի ստեղծումը՝ Սյունիքն ու Արցախը մասնատելու 1920-ական թթ. ադրբեջանական քաղաքականության համատեքստում:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը ևս անդրադարձավ ժողովրդագրական հիմնահարցին, այն է՝ քրդական ցեղերի տեղաշարժերը պատմական Սյունիքի արևելյան հատվածներում 1804-1813 թթ. և 1826-1828 թթ. ռուս-պարսկական երկու պատերազմից հետո:

Ուշադրությամբ ունկնդրվեց նաև  ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու Լիանա Պետրոսյանի «Սյունիքում հայ-իրանական համագործակցությունը՝  որպես ադրբեջանաթուրքական տանդեմի հակակշիռ» խորագրով զեկուցումը:

Ընդհանուր առմամբ՝ գիտաժողովը տևեց ութ ժամից ավելի, որից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Կարծիք հայտնողներն արժևորեցին գիտաժողովի անցկացումը:    Գիտաժողովում և նրանում արծարծված առանձին հարցերի վերաբերյալ նկատառումներ հայտնեցին «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը, Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցը, «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Հարությունյանը և ուրիշներ:

Սամվել Ալեքսանյանը դրական կարծիք հայտնեց գիտաժողովում ընթերցված զեկուցումների վերաբերյալ և Իրանից ժամանած հյուրերի զեկուցումների առումով մասնավորապես նշեց. «Այնքան փաստարկված և օբյեկտիվ  էին ներկայացված զեկուցումները, որ ասես մեր միջավայրում ծնված լինեին: Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հայերն ու իրանցիները ոչ միայն պատմականորեն իրար հետ կապված են, այլև նույն կերպ են մտածում բազմաթիվ հարցերի շուրջ»:

Սամվել Ալեքսանյանը միևնույն ժամանակ տարակուսանք հայտնեց նախորդ օրն ԻԻՀ արտգործնախարարության՝ Արցախում տեղի ունեցող ողբերգական դեպքերի առնչությամբ արված հայտարարության վերաբերյալ ու փորձեց պարզաբանում ստանալ արտահայտված դիրքորոշման վերաբերյալ։ Արձագանքները, սակայն, ոչ միանշանակ էին։

Հաջորդ հարցը, որը իր ելույթում արծարծեց թերթի խմբագիրը, հետևյալն էր՝ տարիներ շարունակ հայկական և իրանական կողմերը ծրագրեր են նախանշում, նույնիսկ համաձայնագրեր կնքում, անգամ այս կամ այն կառույցի հիմնարկեքը կատարում, բայց դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Եվ այդ հանգամանքը ստվեր է գցում երկու երկրի հարաբերության լրջության վրա։

 Ամենավերջում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը երախտագիտություն հայտնեցին թե՛ զեկուցողներին, թե՛ գիտաժողովի մասնակիցներին:

 

Վահրամ Օրբելյան

 

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09