Իրանն ահազանգում է․ կղզիների շուրջ հնարավոր բախումը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի

26.03.2026 10:52
219

Երեկոյան Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն արել է օրվա ամենաուշագրավ հայտարարությունը՝ միաժամանակ և՛ զգուշանալու, և՛ զգուշացնելու նշաններով։

«Որոշ տվյալներով՝ Իրանի թշնամիները տարածաշրջանային պետություններից մեկի աջակցությամբ պատրաստվում են օկուպացնել իրանական կղզիներից մեկը։ Թշնամական բոլոր տեղաշարժերը մեր զինված ուժերի լիարժեք հսկողության տակ են։

Եթե նրանք հատեն այդ գիծը, տարածաշրջանային այդ պետության բոլոր կենսական ենթակառուցվածքները, առանց բացառության, կդառնան անողոք հարձակումների թիրախ»։

Ղալիբաֆը հիմա փաստացի Իրանի ամենածանրակշիռ գործիչներից մեկն է։ Ասում են՝ նա է համակարգում ԻՀՊԿ գործողությունները։ Եվ նրա ասածին էլ, ըստ այդմ, պետք է լուրջ վերաբերվել։ Սա կարող է նաև մարտավարական սուտ կամ սպառնալիք լինել, բայց անտեսել չարժե։ Ըստ այդմ՝ մի քանի կետ սրա շուրջ։

Նախ կղզիների մասին․ հակամարտության համատեքստում ֆունկցիոնալ նշանակությամբ դրանք կարելի է բաժանել 2-3 խմբի (երրորդը՝ պայմանական «մյուսներն» են)։

Բուն ռազմական գործողությունների համար կարևորագույնը Հորմուզի նեղուցի հատվածում եղած կղզիներն են։ Սրանք թույլ են տալիս, որ Իրանը լիարժեք հսկողություն ունենա նեղուցի նկատմամբ։

Այստեղից կարող են և՛ հրթիռների / ԱԹՍ-ների արձակումներ լինել, և՛ ծովային ականների տեղակայում։ Սրանց շնորհիվ է, որ նեղուցը սահմանափակվում է, քանի որ միայն ցամաքից հսկողությունը նույնքան արդյունավետ չէր լինի։

Ֆունկցիոնալ բաժանմամբ՝ երկրորդը Խարգ կղզին է, որն Իրանի նավթային արդյունահանման ամենակարևոր կենտրոններից է, եթե ոչ ամենակարևորը։ Այն Պարսից ծոցի հյուսիսում է, նեղուցից հեռու։

Եթե նեղուցի կղզիները հարձակման համար են, ապա այստեղ առաջնահերթ է պաշտպանությունը, քանի որ կղզին ինքը կարող է թիրախ լինել ԱՄՆ-ի, Իսրայելի համար։

Խորհրդավոր տարածաշրջանային պետությունը կարող է լինել կա՛մ ԱՄԷ-ն, կա՛մ Սաուդյան Արաբիան։ Առաջինը ամենաշատ հրթիռներն է ստացել Իրանից ընթացիկ պատերազմի ընթացքում։

Բայց ավելի կարևոր է, որ ԱՄԷ-ն հավակնություններ ունի Իրանի վերահսկողության տակ գտնվող նեղուցամերձ կղզիներից երեքի նկատմամբ (Աբու Մուսա, Մեծ Թունբ, Փոքր Թունբ)։ Այս կղզիներն Իրանի զորքը զբաղեցրել է 1971 թվականին, երբ բրիտանական ուժերը դուրս էին գալիս տարածաշրջանից։

Այս հավակնությունը կարող է պատրվակ ստեղծել ԱՄՆ-ի համար՝ այդ կղզիները գրավելու, այնտեղ ԱՄԷ դրոշ տեղադրելու և այդ երկրի դրոշի ներքո այնտեղ ամրանալու համար։

Խորհրդավոր տարածաշրջանային պետության մյուս տարբերակը կարող է լինել Սաուդյան Արաբիան, որը Իրանի հիմնական մրցակիցներից է տարածաշրջանում։ Երկու երկրները բոլորովին վերջերս են իրար հետ լեզու գտել Չինաստանի միջնորդությամբ։

Արաբական մյուս պետությունների մասնակցությունը նվազ հավանական է։ Կատարի ու Բահրեյնի դեպքում աշխարհագրությունը թույլ չի տալիս, քանի որ ամերիկացի զինվորները առնվազն ևս մեկ պետության տարածքով էլ պետք է անցնեն։

Օմանը չեզոք է պահել իրեն և եղել է ԱՄՆ-Իրան բանակցությունների միջնորդը։ Իրաքի և Քուվեյթի դեպքում էլ Իրանից եկող վտանգը շատ ավելի մեծ է, քան մյուս պետությունների դեպքում։

 Իրանական կղզիների գրավման տարբերակի մասին արևմտյան մասնագետները խոսում են արդեն առնվազն երկու շաբաթ։ Դիտարկում են և՛ Խարգը, և՛ նեղուցի մոտ կղզիները։

Առաջին դեպքում՝ Խարգի գրավմամբ, ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են Իրանին զրկել նավթի մատակարարումից, խեղդել էներգետիկ-տնտեսական կողմից և ստիպել գնալ զիջումների։

Երկրորդ դեպքում՝ նեղուցի կղզիների գրավմամբ, կարող են դադարեցնել գոնե այդ կղզիներից ծովային ականների սփռումը և այդ կղզիները պլացդարմ դարձնել հետագա գործողությունների համար։ Նեղուցը դրանով դժվար թե բացվի, բայց նավերի անցման ժամանակ հակաօդային պաշտպանությունն ավելի շատ ժամանակ կունենա իրանական հրթիռներին արձագանքելու համար։

Բայց կղզիները գրավելը առաջին ծանր գործողություն է, և դրանից հետո գալու է երկրորդը՝ ավելի ծանրը՝ դրանց վրա ամրանալն ու դրանք պահելը։ Կղզիների տարածքը շատ ավելի մոտ է Իրանի տարածքին, հետևաբար դրանց թիրախավորումը շատ ավելի հեշտ ու հասանելի է Իրանի համար։

Եվ նույնիսկ այս դժվարությունների հաղթահարման դեպքում կա հաջորդ խնդիրը․ կղզիների գրավումը կարող է ավելի սրել իրավիճակը (Ղալիբաֆի սպառնալիքը վկա) ու տանել ավելի երկարատև պատերազմի կամ առնվազն նմանատիպ սպասման ձևավորման։

Իսկ նավթի / էներգակիրների շուկայի համար դա արդեն աղետաբեր կլինի։ Հիմա շուկայում դեռ հույս ունեն, որ պատերազմն ի վերջո կգա մի փուլի, որ նեղուցով անցումը հնարավոր կդառնա, և նավթն ու գազը նորից կհոսեն։

Իսկ եթե պատերազմը թևակոխեց ցամաքային գործողությունների, Իրանի տարածքում ամերիկյան զինվորների հայտնվելու փուլ, պատերազմի սպասվող տևողությունը վստահաբար մի քանի անգամ երկարելու է, սպասումներն էլ գնալու են թանկացման ուղղությամբ։

 Սրա հետ կապված է, ի դեպ, նաև պարարտանյութերի հարցը։ Անցած շաբաթ մի դասախոսության էի (այլ թեմայով), ուսանողներից մի քանիսը, որոնց ընտանիքները հողագործությամբ են զբաղվում, հաստատեցին, որ պարարտանյութը թանկացել է։

Եվ այո, դա նաև կապված է Հորմուզի նեղուցի իրավիճակի հետ։

Պարարտանյութերի արտադրությունն էներգատար է, իսկ Իրանում վառելիքը սուբսիդավորվում է։ Հետևաբար պարարտանյութի արտադրությունն էժան է, կարող է արտահանվել (նաև Հայաստան)։

Բայց երբ Հորմուզի նեղուցը փակ է, պարարտանյութերի համար անհրաժեշտ էներգակիրները թանկանում են, այլ երկրներում արտադրությունը թանկանում է, Իրանի սեփական արտադրության պարարտանյութերի մատակարարումն էլ դադարել է, պարարտանյութերն աշխարհում ընդհանուր թանկացել են։

Առիթից, իհարկե, օգտվում է Ռուսաստանը, որը նույնպես պարարտանյութ արտահանող է։ Բայց ընդհանուր սակավության պայմաններում ռուսական պարարտանյութն էլ է թանկացել։

168.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10