Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նոյեմբերի 8-ին ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենքոթին պաշտոնապես հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարությունը։ Էյզենքոթը 28 օր ունի խորհրդարանական աջակցություն ապահովելու և կառավարություն կազմելու համար։ Անհրաժեշտության դեպքում նախագահը կարող է այդ ժամկետը երկարաձգել ևս 14 օրով։ Այս մասին հայտնում են Իսրայելի նախագահի գրասենյակից։
Հերցոգի որոշմանը նախորդել են հոկտեմբերի 27-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում քաղաքական ուժերից ոչ մեկը չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։
Իսրայելի նախագահի գրասենյակի տվյալներով՝ 120-տեղանոց Քնեսեթում 67 պատգամավոր ներկայացնող խմբակցությունները կառավարության ձևավորման մանդատն առաջարկել են վստահել Այզենկոտին, 46 պատգամավոր ներկայացնող խմբակցությունները՝ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Յոթ պատգամավոր ունեցող մեկ խմբակցություն որևէ թեկնածուի չի աջակցել։
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմում՝ նախագահի նստավայրում, Հերցոգը պաշտոնապես մանդատը փոխանցել է Այզենկոտին։ Վերջինս հայտարարել է, որ ձգտելու է հնարավորինս արագ ձևավորել ազգային արտակարգ կառավարություն։
«Մենք արտակարգ իրավիճակում ենք, մոտենում ենք Իսրայել պետության համար անվերադարձ կետի»,- ասել է Այզենկոտը՝ ընդգծելով, որ նոր կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ կլինեն «ստեղծագործական և ոչ ավանդական քաղաքական քայլեր»։
Այզենկոտին մանդատ տրամադրելը, սակայն, դեռ չի նշանակում, որ նա դարձել է երկրի վարչապետը։ Կառավարությունը պետք է ստանա Քնեսեթի վստահությունը։ Մինչ այդ Բենիամին Նեթանյահուն շարունակում է պաշտոնավարել որպես անցումային կառավարության ղեկավար։
Ընտրությունների արդյունքներով Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ստացել է 27 մանդատ՝ դառնալով խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը։ Նրա աջակողմյան և կրոնական դաշնակիցների հետ միասին ձևավորված ճամբարը ստացել է 53 տեղ՝ անհրաժեշտ 61-ից պակաս։
Էյզենքոթի «Յաշար» կուսակցությունը ստացել է 21 մանդատ, իսկ նրան աջակցող հրեական չորս կուսակցությունների դաշինքը՝ ընդհանուր 48 տեղ։ Արաբական երկու կուսակցությունները, որոնք միասին ունեն 19 մանդատ, նույնպես աջակցել են Այզենկոտին կառավարության ձևավորման մանդատը տրամադրելու հարցում։
Սակայն արաբական կուսակցությունների աջակցությունը դեռ չի ապահովում կառավարության ձևավորումը։ Էյզենքոթն ու նրա դաշնակիցները նախկինում բացառել են այդ կուսակցությունների հետ կառավարական կոալիցիա կազմելը։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Իսրայել մեր տունը» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը դեմ է նաև արաբական կուսակցությունների արտաքին աջակցությամբ փոքրամասնության կառավարություն ձևավորելուն։
Reuters-ի փոխանցմամբ՝ Էյզենքոթի հնարավոր տարբերակներից են փոքրամասնության կառավարության ձևավորումը, ուլտրաօրթոդոքսական կուսակցությունների հետ համագործակցությունը կամ Նեթանյահուի հետ ազգային միասնության կառավարության շուրջ համաձայնությունը։ Սակայն բոլոր տարբերակների դեպքում կողմերի միջև էական տարաձայնություններ կան։
Նոյեմբերի 8-ին Էյզենքոթը սկսել է կոալիցիոն բանակցությունները՝ հանդիպելով նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ։ Նոյեմբերի 9-ին նախատեսված է նրա հանդիպումը Ավիգդոր Լիբերմանի հետ՝ տարաձայնությունները հաղթահարելու նպատակով։
Նեթանյահուն իր հերթին առաջարկել է ձևավորել ազգային միասնության կառավարություն, սակայն չի հայտնել՝ պատրաստ է արդյոք աշխատել Այզենկոտի ղեկավարությամբ։
Իսրայելի նոր գումարման Քնեսեթի պատգամավորների երդմնակալությունը նախատեսված է նոյեմբերի 10-ին։
Եթե Էյզենքոթին չհաջողվի սահմանված ժամկետում կառավարություն ձևավորել, նախագահը կարող է մանդատը փոխանցել մեկ այլ պատգամավորի, այդ թվում՝ Նեթանյահուին։ Եթե հետագա փորձերը նույնպես ձախողվեն, երկիրը կարող է գնալ նոր խորհրդարանական ընտրությունների։