Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանի տարեկան հաշվետվությունը

30.12.2016 10:56
1887

Դեկտեմբերի 29-ին Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 2015թ. դեկտեմբերի 1-ից 2016թ. դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի գործունեության վերաբերյալ համառոտ հաշվետվություն:

Ըստ որի՝ Կապան քաղաքի 2016թ. բյուջեով եկամուտների գծով պլանը կազմում է 1 մլրդ 296 մլն 600 հազար դրամ, որը 2015թ. համեմատ ավելի է 1.8 տոկոսով: Դեկտեմբերի 28-ի դրությամբ հավաքվել է 1 մլրդ 235 մլն 200 հազար դրամ, կամ բյուջեն կատարվել է 95.3 տոկոսով, 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0.3 տոկոսով ավելի: 2015թ. համայնքի բյուջեն եղել է 1 մլրդ 273 մլն դրամ, հավաքվել է 1 մլրդ 256 մլն դրամ, կատարումը՝ 98.6 տոկոս: Սեփական եկամուտները 2016թ. 385 մլն 400 հազար դրամ են, դեկտեմբերի 28-ի դրությամբ հավաքվել է 324 մլն 100 հազար դրամ, կամ կատարվել է 84.1 տոկոսով, 2015թ. նույն ժամանակահատվածի դրությամբ՝ 10 տոկոսով պակաս: 2015թ. սեփական եկամուտները կազմել են 384 մլն դրամ, հավաքվել է 367 մլն դրամ, կատարվել՝ 95.5 տոկոսով:

ՀՀ 2016թ. պետբյուջեի միջոցներից որպես սուբվենցիա համայնքին տրամադրված 55 մլն դրամով՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող ծրագիր, վերանորոգվել են համայնքի Մ.Հարությունյան, Ձորք եւ Լենհանքեր թաղամասերի ճանապարհները: Բարեկարգվել են նաեւ դեպի Բաղաբուրջ (մասամբ) եւ Բեխ տանող ճանապարհները: Ավարտին է մոտենում Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճի հատակի վերանորոգման աշխատանքը, որ իրականացվում է պետբյուջեից հատկացված մոտ 40 մլն դրամով: Սկսվել են Կապանի արվեստի դպրոցի վերակառուցման աշխատանքները, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 87 մլն 800 հազար դրամ եւ իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ համայնքի 10 տոկոս համաֆինանսավորմամբ:

Ստորագրվել է համագործակցության հուշագիր «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի հետ, համագործակցության շրջանակներում Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 13 եւ 14 շենքերի հարակից տարածքում կկառուցվի ապրիլյան քառօրյա պատերազմի կապանցի զոհերի հիշատակին նվիրված պուրակ: Աշխատանքների ընդհանուր արժեքը 14 մլն դրամ է, որից մոտ 2 մլն դրամը կհատկացնի «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, 4.6 մլն դրամ հատկացրել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն: Համայնքապետը նշեց, որ տեղի ընտրությունը պայմանավորված էր թե՛ բնակիչների պահանջով, թե՛ տարածքի բարեկարգման անհրաժեշտությամբ: Ի դեպ, 2017թ. նույնպես կշարունակվեն քաղաքի տարբեր թաղամասերի բարեկարգման, կանաչապատման աշխատանքները:

Աշոտ Հայրապետյանը մանրամասն ներկայացրեց նաեւ ողջ տարվա ընթացքում կատարված շինարարական, կառուցապատման, հոգեւոր-մշակութային, մարզական եւ մի շարք այլ բնագավառներում իրականացված աշխատանքներ: «Եվ այնուամենայնիվ, կատարվածի ֆոնին ո՞րն է համայնքի համար ամենաառաջնային խնդիրը» հարցին համայնքապետը պատասխանեց՝ գործազրկության բարձր մակարդակը: Հարցի մասնակի լուծմանը, ինչպես նախկինում տեղեկացրել ենք, կնպաստեն Կապանում բացվելիք նոր ընկերությունները:

Գաղտնիք չէ, որ հանրապետությունում սկսվել է հաստիքների կրճատման գործընթաց, ինչից անմասն չի մնացել նաեւ Կապան համայնքը: Քաղաքապետի տեղեկացմամբ՝ համայնքապետարանում եւ նրան ենթակա կառույցներում կկրճատվի մոտ 40-50 հաստիք: «Իհարկե, հասկանում ենք, որ այդ աշխատավարձով մարդիկ իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները մասամբ լուծում էին, բայց դրանք հաստիքներ են, որոնք ոչ միայն անհրաժեշտ չեն, այլեւ դրանք պահելը մեզ համար ճոխություն է», - մասնավորապես նշեց Ա.Հայրապետյանը:

Մանավանդ տարվա այս ժամանակահատվածում կոմունալ ծառայության համար դժվարին շրջան է սկսվում՝ կապված ձնամաքրման աշխատանքների հետ: Համայնքապետը նշեց, որ ձնամաքրման տեխնիկա ձեռք բերելու ծրագիր չկա, իսկ 2017թ. համայնքն աղբահանման նոր մեքենա կունենա: Ձնամաքրման աշխատանքների համար համայնքին աջակցում են հանքարդյունաբերական ձեռնարկությունները, որոշ տնտեսվարող սուբյեկտներ:

«Կապան» հիմնադրամը 2016թ. ունեցել է 29 մլն դրամ մուտք, գումարները ծախսվել են սոցիալական օգնությունների տրամադրման, մանկական ճամբարի եւ ուսանողական ամառ փառատոնի կազմակերպման, Բաղաբուրջի հուշահամալիրում նորոգման աշխատանքների, քանդակագործության սիմպոզիումի համար տուֆե քարերի եւ այլ պարագաների ձեռքբերման, տարբեր նորոգումների, խաղահրապարակների բարեկարգման, դրանց համար խաղասարքերի, նստարանների ձեռքբերման համար:

2015թ. դեկտեմբերի 1-ից 2016թ. դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կապանի քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժնում գրանցվել է 449 ծնունդ, 452 մահ, 220 ամուսնություն, 49 ամուսնալուծություն, 177 հայրության որոշման ակտ, 1 որդեգրում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00