Կապանի պարարվեստի նվիրյալները

09.02.2024 11:58
997

Իմ կյանքում եղել են մարդիկ, ովքեր ապրել և ապրեցրել են մի քանի հայրենատեր ու հայասեր սերունդ։ Այդ դաստիարակության կենտրոնաձիգ ոլորտը հայկական մշակույթն էր՝ երաժշտությունն ու պարը։

Խորհրդային տարիներին մեծ հնարավորություն չկար խոսելու ազգային գաղափարների մասին, այն պետք է տարրալուծվեր ինտերնացիոնալիզմի և այլ իզմերի մեջ։ Եվ, այնուամենայնիվ, գտնվեցին նվիրյալներ, ովքեր քաջություն ունեցան ոչ միայն խոսելու, այլ նաև հայկական պարի, երաժշտության միջոցով գործելու՝ ներարկելու երիտասարդ սերնդի մեջ ըմբոստ ոգի, անկոտրում կամք, անսահման նվիրվածություն և ամենից կարևորը՝ հայկականությանը տեր կանգնելու վճռականություն՝ ամեն տեղ ու ամեն օր։ Այսպես ծնվեց Արցախյան ազատամարտի ոգին՝ ի դեմս նրա կապանցի ակտիվիստներ՝ Համլետ Քոչարյանի, Բորիկ Հարությունյանի, Մարտուն և Սերյոժա Բադալյանների, Ալբերտ և Արմեն Պետրոսյանների, Աշոտ Նավասարդյանի, Սամվել և Սոս Մարգարյանների, Բորիկ Մինասյանի, Գառնիկ Դավթյանի և այլոց, ովքեր № 27 գիշերօթիկ դպրոցի պարի անսամբլի տղաներն էին...

Գառնիկ Խաչատրյանի պարող տղաները և աղջիկները...

Եվ այսպես՝ Գառնիկ Խաչատրյան անհատականությունը, նրա կյանքն ու գործը, ցավոք, սակավ է լուսաբանված։ Առանձնապես Ռուզաննա Ավանեսյանի (Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն) շնորհիվ երաժշտական դպրոցի դասարաններից մեկը կոչվեց Գառնիկ Խաչատրյանի անունով։

Երկուսիս մեծ ջանքերով էլ նրա «Կապան» երգը մասսայականացվեց և դարձավ մեր քաղաքի օրհներգը։

Սակայն ժամանակակիցներից քչերը գիտեն, թե նա ինչ մեծ ավանդ ունի Կապանի պարարվեստի զարգացման գործում։

Կապանում՝ կուլտուրայի տներում և դպրոցներում, ժամանակ առ ժամանակ ստեղծվում էին պարի խմբեր, բայց նրանք երկար չէին գոյատևում։

Իմ խոսքը № 27 գիշերօթիկ դպրոցում գործող պարի դպրոցի մասին է։ Այո, դպրոց դպրոցի մեջ։ Միայն 2 խոշոր անհատականության՝ Ավիս Էլչյանի (գիշերօթիկ դպրոցի տնօրեն) և երաժիշտ, երգահան, տաղանդաշատ Գառնիկ Խաչատրյանի մեծ ջանքերով այն դարձավ մշակութային երևույթ։ Այդ մասին հետագայում անդրադարձ կատարեցին արտասահմանյան հայերի համար «Սփյուռք-Հայաստան» ռադիոհաղորդումները և ժամանակի լրատվամիջոցները, որոնք պատմում էին դպրոցի յուրահատուկ պարի անսամբլի մասին։ Այդ անսամբլում բեմադրություններ է արել ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Արտյուշա Կարապետյանը (Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի պարային խմբի ղեկավար և պարուսույց)։

1967 թ. հոկտեմբերին 120 հոգանոց խումբը՝ երգչախումբը և պարի անսամբլը միասին, մեկնեցին Երևան՝ մասնակցելու Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված ժողովրդական արվեստի համամիութենական փառատոնին։ «Սյունիք սյուիտը», որը բեմադրել էր բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտյուշա Կարապետյանը, արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակին՝ ոսկե մեդալի և «դափնեկիր» կոչմանը։ Առաջին անգամ երգչախմբի հետ իրականացվեց պարային կոմպոզիցիա Ալ Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնի բեմում։ Դրան հաջորդեց երգչախմբի ելույթը, որը կատարում էր Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նախերգանքը՝  քառաձայն։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էմմա Ծատուրյանը՝ որպես փառատոնի ժյուրիի ղեկավար, անձամբ հանձնեց մրցանակը։ Բոլոր դափնիները վաստակած՝ վերադարձանք Կապան։

Անսամբլի խաղացանկը հարստացավ Էդուարդ Մանուկյանի բեմադրած «Հոտաղների պար», «Ձկնորսների պար», «Ծամերով պար», «Մոլդովական պար», «Ուկրաինական պար», «Քոչարի», «Բերդ» և հայկական այլ ազգագրական պարերի շարանով։ Այս խաղացանկով անսամբլը շրջագայում էր Հայաստանի քաղաքներով, ելույթ ունենում Կապանի բոլոր միջոցառումների ժամանակ։

Շարունակվեց պատմությունը, եկան հաջորդ սերունդները՝ փոխարինեցին ավագներին, և ամենակարևորը՝ նրանցից շատերը Գառնիկ Խաչատրյանի գործի շարունակողներն էին։

Ալբերտ Պետրոսյանն ընդունվեց պարարվեստի ուսումնարան և, միաժամանակ, դարձավ Հայաստանի պարի պետական անսամբլի պարող։ Հետագայում ղեկավարեց նաև Կապանի նորաբաց մշակույթի պալատի պարի խումբը և զուգահեռ բեմադրեց պարեր Կապանի պրոֆտեխուսումնարանի պարի անսամբլում, որի ղեկավարը Բորիկ Հարությունյանն էր։ Մարդ, ով մի քանի պարի համույթներ ստեղծեց Կապանում, ավելի քան 40 տարի ղեկավարեց Կապանի մշակույթի կենտրոնի պարի անսամբլը։ Նրա հայրենանավեր գործերին կանդրադառնանք քիչ անց։

1978 թ. Հայաստանում տոնվում էր Հայաստանը Ռուսաստանին միավորելու 150-ամյակը։ Կապանի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչ Մուշեղ Համբարձումյանը հրավիրում է Գառնիկ Խաչատրյանին և Բորիկ Հարությունյանին՝ գործող պարի անսամբլում բեմադրություն իրականացնելու։ Բեմադրությունը նվիրված էր Հայկ Բժշկյանցին՝ Գային, ով Վլադիմիր Լենինին հեռագրում է նրա ծննդավայր Սամարան ազատագրելու մասին։ Գայի դերում Բորիկ Հարությունյանն էր։ Կոմպոզիցիան բեմադրված էր երգչախմբի հետ՝

Գայ, անվախ, դու մեր քաջ զորավար,

Դու հայոց ազգի անպարտ զորավար։

Բեմադրությունը ժողովրդական ստեղծագործության համամիութենական 3-րդ փառատոնում հաղթող ճանաչվեց՝ նվաճելով «դափնեկիր» կոչումը և արժանացավ ոսկե մեդալի։ Հիշարժան է, որ այս կոմպոզիցիան ներկայացվեց նաև Կապանում՝ Դավիթ Բեկի արձանի բացման ժամանակ։

Կապանի աստեղային օրերից մեկն էր՝ Դավիթ Բեկը մեր մեջ էր, իսկ դա նշանակում էր, որ պայքարի ոգին անմար է։

Եկան 80-ականները...

Մի տխուր դիպվածի առումով (հրդեհվել էր մշակույթի պալատի առաջին մասնաշենքը, բեմը վերածվել էր ածխակույտի, այրվել էին ռոյալները, էստրադային գործիքները, բեմական հագուստները)  հրավիրվեցի կուսշրջկոմ և նշանակվեցի մշակույթի ու տեխնիկայի պալատի տնօրեն։ Սկսվեց վերականգնման տքնաջան աշխատանքը։ Զուգահեռ պիտի իրականացվեր ստեղծագործական կոլեկտիվների նորացման, վերալիցքավորման և նոր փուլի անցնելու գործընթացը։ Գլխավորը, իհարկե, ազգային մշակույթի ակունքներին անդրադառնալն էր, այն պահպանելն ու հանրահռչակելը։

Այդ գործը գլուխ բերելը լի էր խոչընդոտներով։ Դեռ ԽՍՀՄ-ն էր իր կուռ գաղափարախոսությամբ, և ազգայինն առաջ մղելը լի էր վտանգներով՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատվելը։ Բայց ես էլ Գառնիկ Խաչատրյանի սաներից էի, ու իմ առաջ խնդիր էի դրել նպաստել հայ արվեստի զարգացմանը, և ոչ միայն։ Հնարավորինս ամեն ինչ արվեց հայ արվեստը Մոսկվա, Դոնեցկ, Կիև և Սիբիր «արտահանելու» համար։ Մշակույթի պալատի խմբերը ելույթներ ունեցան վերոնշյալ քաղաքներում։ Այդ ամենը հնարավոր էր իրականացնել՝ միախմբելով նվիրյալներին։ Այստեղ է, որ սկիզբ դրվեց մի հրաշալի ստեղծագործական բարեկամության, որի անդամներին էին՝ Բորիկ Հարությունյան, Արմեն Պետրոսյան, Անահիտ Բաղդասարյան, Վարդիթեր Գասպարյան, Ֆելիքս Հայրապետյան, Շամիր Հարությունյան, Ալբերտ Ասատրյան, Աշոտ Բեգլարյան։

Բայց այստեղ հարկ եմ համարում անդրադառնալ Բորիկ Հարությունյան պարուսույցի, պարարվեստի նվիրյալի կերպարին, ով Կապանում պարարվեստի ոլորտի ամենավառ դեմքերից էր։ Ստեղծեց 3 խումբ՝ ավագ, միջին և կրտսեր։ Հենց այդ տարիներին էլ ի հայտ եկան այն լավագույն պարողները (Աշոտ Հակոբյան և ուրիշներ), ովքեր հետագայում շարունակեցին պարարվեստի զարգացման գործը։ Առանձնահատուկ սիրով նշում եմ անսամբլի մենապարուհի Մելանյա Մարտիրոսյանի անունը, ով ավարտեց հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի պարի բաժինը, վերադարձավ Կապան և այսօր, առանց Մելանյայի գործունեության, անհնար է պատկերացնել կապանյան և քաջարանյան պարարվեստը։

Մշակույթի պալատի ավագ խմբի պարի անսամբլը պատրաստ էր ելույթներին, բայց որակյալ բեմական կոստյումների հարցը չէր լուծվում։ Հարկավոր էին ազգային տարազի էսքիզներ, որպեսզի մեզ թույլատրեին պատվերներ տալ «Նոր տարազ» կարի արտադրամասին. հանրապետության միակ կարի արտադրամասն էր, որ հագուստներ էր կարում պարի պետական անսամբլների համար...

ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի, ազգագրագետ, երջանկահիշատակ Ս. Գևորգյանը հանձն առավ մեր պարերի հագուստների մոդելավորումը։ Որքան մեծ եղավ մեր ուրախությունը, երբ գեղարվեստական ֆոնդը հաստատեց մեր էսքիզները, և մենք անցանք գրոհի՝ «Նոր տարազ» հագուստի արտադրամաս։ Պետք էր տեսնել, թե Բորիկ Հարությունյանը քանի անգամ ինձ հետ Երևան մեկնեց՝ հարցը լուծելու նպատակով։ Վերջապես հաջողեցինք։ Առաջին երեք բեմադրված պարերի համար՝ «Քոչարի», «Զանգեզուր» և ազգագրական պարերի հագուստները հասցրեցինք Կապան՝ Հայրենական մեծ պատերազմի 60-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման համերգին։ Զգալ էր պետք մեր հպարտությունը, երբ անսամբլն առաջին անգամ այսպիսի որակով բեմ դուրս եկավ։

Հիմա այդ ամենը հեքիաթի է նման, բայց ասվածը նվիրյալ մարդկանց (ընդգծում եմ Բորիկ Հարությունյան բեմադրիչին) ստեղծագործական կյանքից ընդամենը դրվագներ են։

Հավելեմ նաև, որ որոշ ժամանակ Բորիկ Հարությունյանը մեկնեց Սիբիր՝ առողջական խնդիրներով պայմանավորված։ Այնտեղ էլ հայ համայնքում ստեղծեց պարի անսամբլ։

Համառոտ այս պատմությունը Կապան քաղաքում գործող պարարվեստի նվիրյալների մասին էր։ Անուրանալի է նրանց վաստակը։ Ուրախալի է, որ այսօր պարարվեստը շարունակում է զարգանալ Կապանում։ Մշակույթի կենտրոնում գործում են հրաշալի պարային խմբեր, որոնք համայնքապետի ուշադրության կենտրոնում են։

Թող որ բոլոր նրանց հոգիները, ովքեր մեծ ներդրում ունեցան Կապանի պարարվեստի զարգացման գործում, խաղաղ թևածեն հայոց երկնակամարում, քանզի նրանց գործը շարունակվում է։ Կապանը շարունակում է պարել...

Սուսաննա Մարտիրոսյան

 

 

 

 

 

 

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46