Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 2-րդ տուրում տեղի է ունեցել կապանյան առաջին «դերբին»: Իրար հետ հարաբերությունները պարզել են «Գանձասարը» եւ Պրեմիեր լիգայի նորեկ «Սյունիքը»: Հանդիպումը կայացել է Երեւանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում: Ընդ որում, նախապես հաստատված խաղացանկի, խաղը նախատեսված էր Սիսանում, որտեղ սեփական հարկի տակ հանդիպումները պետք է անցկացնի «Սյունիքը»: Սակայն փոխվել է եւ դաշտի տերը եւ մրցավայրը։
Երկու թիմ ունենալով ուժեղագույնների մրցաշարում՝ կապանցիները կարոտ են մնում Պրեմիեր լիգայի խաղերը դիտելու հնարավորությունից:
Կարելի է պատկերացնել, որ եթե հաշվետու հանդիպումը տեղի ունենար Կապանում, ֆուտբոլային ինչպիսի իրարանցում եւ շիկացած մթնոլորտ կլիներ: Ցավոք, մարզադաշտի հարցն այդպես էլ չի լուծվում, եւ երկու թիմերն էլ հարազատ քաղաքում խաղալու հնարավորություն չունեն: Մարզադաշտը գտնվում է Կապանի սրտում` քաղաքի կենտրոնում։ Այն մասնավորի կողմից սեփականաշնորհվել է անկախացումից անմիջապես հետո եւ մինչ օրս, այսինքն՝ ավելի քան 30 տարի, «կռվախնձոր» է դարձել: Ոչ սեփականատերն է ներդրում կատարում՝ մարզադաշտը պիտանի դարձնելու համար, ոչ էլ ֆեդերացիան կամ տեղի իշխանություններն են վճռական քայլեր ձեռնարկում խնդիրը լուծելու համար, որը կարեւոր նշանակություն ունի ֆուտբոլը տարածաշրջանում զարգացնելու հարցում։ Մինչդեռ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ անկախացումից հետո Կապանը միշտ մեր՝ հանրապետության ֆուտբոլային կենտրոններից մեկն է եղել։
ԽՍՀՄ տարիներին Կապանն իր ներկայացուցիչն է ունեցել միութենական վարպետ թիմերի մրցաշարերում։ Երկու անգամ «Լեռնագործը» դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր:
Հայաստանից առաջին ֆուտբոլիստը, որն ընդգրկվել էր ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության (1961 թ.) «33 լավագույն» խաղացողների ցուցակում եւ հավաքականում, լեգենդար Գրիգոր Համբարձումյանն էր, որն իր ֆուտբոլային մկրտությունն ստացել էր Կապանում, ապա 11 տարի փայլատակել էր փառապանծ «Արարատի» նախորդ` Երեւանի «Սպարտակում» (1953-1964 թթ.): Նա առաջինն էր Հայաստանից, որը հրավիրվել էր ԽՍՀՄ գլխավոր հավաքական եւ թիմի կազմում նախապատրաստվում էր մասնակցելու 1962 թ. Չիլիի աշխարհի առաջնությանը: Այդ ժամանակ հավաքականում էր նաեւ հայազգի եւս մեկ ֆուտբոլիստ՝ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Վյաչեսլավ Համբարձումյանը: Երկուսն էլ 1962 թ. գարնանը մասնակցել են Հունգարիայում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքին, ինչպես նաեւ ստուգողական 4 խաղի: Հունգարիայի հետ առաջին մրցավեճում, որում ԽՍՀՄ հավաքականը հաղթել էր 4-0 հաշվով, Վյաչեսլավ Համբարձումյանը դարձել էր «դուբլի» հեղինակ, սակայն չէր կարող հաստատվել հավաքականում, քանի որ լեգենդար հարձակվողները շատ էին, ու մրցակցությունն անչափ մեծ՝ Վալենտին Իվանով, Վիկտոր
Պրնեդելնիկ, Սլավա Սերեվելի, Միխայիլ Մեսխի… Բոլորն էլ առաջին մեծության աստղեր էին և 1900 թ., հռչակվել էին Եվրոպայի անդրանիկ առաջնության չեմպիոն:
Այլ էր Գրիգոր Համբարձումյանի պարագան: Նա ԽՍՀՄ երկու լավագույն նոր պաշտպաններից մեկն էր՝ ԲԿՄԱ-ից Էդուարդ Դուբինսկիի հետ մեկտեղ, եւ աշխարհի առաջնություն մեկնելու նրա թեկնածությունը կասկած չէր հարուցում: Ընդ որում, նա Հունգարիայում ստուգողական բոլոր 4 հանդիպումներին մասնակցել էր առանց փոխարինման։ Սակայն հայի բախտը չբերեց: 22 խաղացողից բաղկացած հավաքականի ցուցակից դուրս էին թողել միակ հային՝ Գրիգոր Համբարձումյանին, փոխարենն ընդգրկելով 3-րդ դարպասապահին՝ Սերգեյ Կոտրիկաձեին: Դա դժբախտ հետեւանք էր ունեցել։ Խմբային փուլի Հարավսլավիայի ընտրանու հետ առաջին իսկ խաղում էդուարդ Դուբինսկիի ոտքն էր ջարդվել, եւ հավաքականը մնացել էր առանց աջ պաշտպանի: Ցավոք, վնասվածքն այնքան ծանր էր, որ ժամանակի ընթացքում այն հանգեցրել էր սարկոմայի, եւ ֆուտբոլիստը կյանքին հրաժեշտ էր տվել երիտասարդ տարիքում։ Հատկանշական է, որ աշխարհի այդ առաջնությանը մեկնել էին վրացի 4 ֆուտբոլիստ՝ Սերգեյ Կոտրիկաձեն, Գիվի Չոխելին, Սլավա Սետրեվելին եւ Սիխայիլ Մեսխին։
Հետագայում ԽՍՀՄ հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Գավրիիլ Կաչալինն ափսոսանք էր հայտնել, որ Համբարձումյանին չէր ընդգրկել աշխարհի առաջնությանը մասնակցելու վերջնական ցուցակում: Հատկանշական է, որ մարզչական գործունեության անցնելուց հետո Գրիգոր Համբարձումյանի գլխավորությամբ «Լեռնագործը» ԽՍՀՄ «Բ» խմբի առաջնությունում գրավել էր 1-ին տեղը եւ իրավունք ստացել մասնակցելու ուժեղագույնների խմբում հանդես գալու ուղեգրի համար անցումային հանդիպումներին:
Ի դեպ, Գրիգոր Համբարձումյանը, մեր սպորտի պատմության գերաստղերից մեկի՝ ջրացատկի Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր Դավիթ Համբարձումյանի հայրն էր:
Ավելորդ չէ նշել, որ հենց Կապանի «Լեռնագործից» են «Արարատ» տեղափոխվել մեր փառապանծ թիմի ողնաշարը՝ հանդիսացող երկու առանցքային խաղացողները՝ հայկական ֆուտբոլի անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանը եւ մյուս լեգենդը՝ Արկադի Անդրիասյանը։ Բացի այդ, «Սյունիքում» է խաղացել մեր լեգենդներից դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Անկախացումից հետո էլ Կապանը ֆուտբոլային բուռն կյանքով է ապրել, հատկապես երբ շուրջ 10 տարի ակումբի նախագահն էր այն ժամանակ «Պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն, լուսահոգի Մաքսիմ Հակոբյանը։ «Գանձասարը» մեկ անգամ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն (2016-2017 թթ.). երեք անգամ բրոնզե մեդալակիր (2008, 2011, 2012-2013 թթ.), մեկ անգամ նվաճել է հանրապետության գավաթը (2016-2017 թթ.) եւ 3 անգամ մասնակցել է Եվրալիգիայի գավաթի խաղարկություններին։ Այսքանից հետո Կապանն առանց մարզադաշտի թողնելն աններելի հանցանք է: Հույս ունենանք, որ Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վճռորոշ մասնակցություն կունենա խնդրի կարգավորմանը: Ըստ վերջին տեղեկությունների՝ հանրային քննարկում է ընթանում Կապանի մարզադաշտը պետությանը վերադարձնելու հարցով, որի դեպքում կառավարությունն ամբողջովին կվերանորոգի այն։
Ֆուտբոլ+