Հոկտեմբերի 15-ին Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ «Բնապահպանական մարտահրավերների շուրջ համախմբման երկխոսություն․ միասին՝ հանուն կայուն ապագայի» խորագրով Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը։
Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկման նպատակն էր համախմբել տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, մատնանշել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի բնապահպանական հիմնախնդիրները, բացահայտել առկա մարտահրավերներն ու համատեղ ուղիներ որոնել դրանց լուծման համար։
Հանդիպման սկզբում մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց ACTED միջազգային մարդասիրական կազմակերպության Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Մարիա Հարությունյանը։ Նա կարևորեց բնապահպանական խնդիրների լուծման գործում տարբեր ոլորտների համագործակցությունը՝ ընդգծելով բաց երկխոսության, փոխըմբռնման և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը։ Մարիա Հարությունյանն առանձնահատուկ կարևորեց նման քննարկումների անցկացումը Սյունիքում՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրների ազդեցությունը համայնքների կենսապայմանների, բնակչության բարեկեցության և տարածաշրջանի զարգացման վրա։
Այնուհետև ելույթ ունեցավ Convergences-ի հայաստանյան համակարգող Մարգարիտա Հակոբջանյանը՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները։
2008 թվականին Ֆրանսիայում հիմնադրված Convergences կազմակերպությունն առաջ է մղում «3ZERO» տեսլականը, որի երեք հիմնական նպատակներն են՝ զրո բացառություն, զրո ածխածնային արտանետում և զրո աղքատություն։ Հայաստանում Convergences-ը, համագործակցելով ACTED միջազգային մարդասիրական կազմակերպության հետ, նպաստում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև երկխոսությանը և կայուն զարգացմանն ուղղված համատեղ լուծումների որոնմանը։
Մարգարիտա Հակոբջանյանն այնուհետև խոսքը փոխանցեց ACBA բանկի Կապանի մասնաճյուղի կառավարիչ Կարեն Սոխոյանին։ Վերջինս ներկայացրեց բանկի ստեղծման պատմությունը, գործունեության սկզբունքներն ու արժեքները՝ անդրադառնալով նաև բնապահպանական ոլորտում իրականացվող և նախատեսվող նախաձեռնություններին։ Նա ընդգծեց կայուն զարգացման կարևորությունը և ֆինանսական կառույցների դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։
Քննարկման հիմնական մասը նվիրված էր բնապահպանական երեք ուղղության։ Մասնակիցները բաժանվեցին երեք խմբի՝ յուրաքանչյուրն իր թեմայի շրջանակում բացահայտելու առկա խնդիրներն ու հնարավոր ռիսկերը և քննարկելու դրանց լուծման ուղիները։
Առաջին խումբն անդրադարձավ անտառների պահպանությանն ու հրդեհների կանխարգելմանը՝ կարևորելով անտառային տարածքների պաշտպանությունը և հանրային իրազեկվածության բարձրացումը։
Երկրորդ խումբը քննարկեց հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և մարդու առողջության փոխկապակցված խնդիրները՝ անդրադառնալով ոլորտի բնապահպանական մարտահրավերներին, դրանց հնարավոր հետևանքներին և լուծման ուղիներին։
Երրորդ խմբի քննարկման առանցքում բնապահպանական կայունության ապահովումն ու համայնքային նախաձեռնությունների խթանումն էր։ Մասնակիցներն ընդգծեցին բնակիչների ներգրավվածության և տեղական նախաձեռնությունների զարգացման կարևորությունը։
Խմբային քննարկումներից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքի արդյունքները՝ առանձնացնելով հիմնական խնդիրները, հնարավորությունները և առաջարկվող լուծումները։
Այնուհետև մասնակիցները համատեղ քննարկեցին ներկայացված առաջարկությունները, փոխանակեցին կարծիքներ և դիտարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և փորձի փոխանակման մթնոլորտում։ Մասնակիցները ներկայացրին իրենց տեսակետները, լսեցին միմյանց և քննարկեցին բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համատեղ քայլերը։
Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին։
Կապանում կայացած քննարկման ընթացքում ձևավորված առաջարկություններն ու գաղափարները կնպաստեն 2026 թվականի նոյեմբերին Երևանում նախատեսվող Convergences Armenia Forum-ի ծրագրի և առաջնահերթությունների ձևավորմանը։
Քննարկումը հնարավորություն տվեց Սյունիքի բնապահպանական խնդիրները դիտարկելու տարբեր տեսանկյուններից, համախմբելու տարբեր ոլորտների ներկայացուցիչներին և նախանշելու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ հանուն ավելի կայուն ապագայի։
Մարի Նավասարդյան
Լուսանկարները՝ Արմինե Մարգարյանի