Շինուհայր. նրանք կռվեցին հայրենիք Արցախի պաշտպանության համար, հերոսացան, զոհվեցին ու անմահացան

22.01.2021 11:23
6903

Գավրոշա (Կոլյա) Ջանիկի Խաչատրյան

Ծնվել է 2001 թ. մայիսի 6-ին Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղում։ Որպես շարքային ծառայել է Արցախի պաշտպանության մարտական դիրքերում։ Մեկ տարի երեք ամիս Մարտունի 3-ում էր։ Այնուհետեւ տեղափոխել են Մարտունի-2։ Պատերազմի օրերին մշտապես օպերատիվորեն է կատարել հրամանատարության կողմից տրված առաջադրանքներն ու հրամանները։ Նռնականետաձիգ զինվորականը հպարտացել է, որ Մոնթեի անվան զորամասում է ծառայում։ Նա լավ գիտեր զինվորականի գործը, մարտնչել գիտեր առաջնագծում։ 
Մարտունի 2-ում թեժ ու աննահանջ մարտեր էին մղվում, թշնամին անօրեն պատերազմում անխնա օգտագործում էր չթույլատրված զենքեր, օդից թիրախավորում մեր մարտական դիրքերն ու մյուս օբյեկտները։ Մոնթեի անվան զորամասի զինվորականները, այդ թվում` Գավրուշա Խաչատրյանը, դիմադրում ու չէին նահանջում։ Հենց այդտեղ էլ թշնամու գնդակը խոցում է զինվորականի կուրծքը…
Համարձակ զինվորը խփել էր թշնամու երկու տանկ եւ հակառակորդին պատճառել մոտ 50 զոհ։ Հրամանատարության կողմից արժանացել էր խրախուսանքների։
Ավաղ, այդ մասին արդեն խոսում ենք անցյալ ժամանակով…

 

Ազնիվ Արգամի Աղամալյան

Շինուհայր գյուղի նշանավոր գերդաստաններից մեկի շառավիղն էր…
Հայրը եւ մայրը Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո` 2001 թ. օգոստոսի 13-ին, ծնվել է Ազնիվը: Սերտորեն կապված է եղել հոր ծննդավայր Շինուհայրին: Այդտեղ են ծնվել ու ապրել նրա հարազատները:
Դպրոցական կրթությունը ստացել է Երեւանում: 9-ամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Հայ-ամերիկյան բժշկական քոլեջ: Ուսմանը զուգահեռ ինը տարի սովորել է մարզադպրոցում` հմտանալով «Ուշու Սանդու» մարզաձեւում: Տարիների ընթացքում տիրապետել է սպորտի այդ ձեւին եւ մասնակցել մրցումների՝ արժանանալով մի շարք մեդալների, պատվոգրերի ու խրախուսանքների:
Կարմիր դիպլոմով ավարտել է քոլեջը` ստանալով ատամնատեխնիկի մասնագիտություն: Գործող օրենքի համաձայն՝ արտոնյալ կարգով ընդունվել է Երեւանի բժշկական ինստիտուտի երկրորդ կուրս:
2019 թ. սեպտեմբերին, մի քանի ամիս սովորելուց հետո, զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Հայոց բանակի զինվորը ծառայում էր Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասում: 
Զինվորական ծառայության ժամանակ աչքի է ընկել, նկատվել հրամանատարության կողմից: Առաջադրանքները կատարել է ժամանակին եւ անթերի, կարճ ժամանակում տիրապետել է գործածության մեջ մտած նոր զինատեսակների։
27 սեպտեմբերի 2020 թվական…
Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ազնիվն առաջնագծում էր, մարտերը թեժ էին: Կրակ էր թափվում ոչ միայն դիմացից, այլեւ գլխավերեւից…
Ազնիվը հոկտեմբերի 12-ին վերջին խոսակցությունն է ունեցել հարազատների հետ, մասնավորապես՝  Շինուհայրում բնակվող Խիկար հորեղբոր հետ: 
Հոկտեմբերի 13-ին Ազնիվը զոհվեց թշնամու գնդակից:
Մեկ ամսից ավելի հարազատները փնտրում էին հերոսաբար զոհված Ազնիվի աճյունը...

Մեսրոպ Վաչեի Հարությունյան

Ծնվել է 1996 թ. փետրվարին Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղում։ Ծննդավայրում միջնակարգ կրթություն ստանալուց հետո զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Պատվով ծառայել է հայոց բանակում ու զորացրվել։ Տիրապետել է ռազմական գործին ու տեխնիկային։ Նա հստակ գիտեր` ինչ է պատերազմը, ինչ է հայրենիքի պաշտպանությունը…
2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական ուժերը` վարձկան ահաբեկիչների հետ, լայնածավալ հարձակում սկսեցին Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով` նպատակ ունենալով ծնկի բերել հերոսական ժողովրդին ու նրա բանակը։
Այդ բոլորի մասին իմանալով` երիտասարդ Մեսրոպը զինվորագրվում եւ ջոկատի հետ մեկնում է Արցախ` հասնելով Ֆիզուլի։
Արցախին սպասվող վտանգը մեկ ուրիշ ռազմավարություն եւ նպատակ ուներ։ Կայծակնային պատերազմով Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում էին կարճ ժամանակում ծնկի բերել Արցախի բանակը` մարտի դաշտ նետելով սիրիացի ու այլ երկրների վարձկաններ` օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, ժամանակակից այլ ռազմական տեխնիկա։
Մեսրոպը զենքը ձեռքին կռվում է Ֆիզուլիի տարածքում` համառ դիմադրություն ցույց տալով հակառակորդին։ Կրակ էր թափվում անօդաչու սարքերի ռմբահարումից եւ թշնամու կողմից օգտագործվող չթույլատրվող բազմաթիվ զենքերից։ «Գրադ» կայանքներից արձակած արկերի բեկորները հասնում են նաեւ հերոսաբար կռվող Մեսրոպ Հարությունյանին… Զոհվում է մարտի դաշտում։ 
Դժվարությամբ են հայտնաբերել նրա դին… Երկար փնտրտուքից հետո Երեւանի դիահերձարաններից մեկում հարազատների կողմից ճանաչվել է` թեւին կապած ժամացույցով։
Հերոսաբար զոհված Մեսրոպ Վաչեի Հարությունյանը 2021 թ. հունվարի 10-ին հողին է հանձնվել Եռաբլուրում…

Ժորա Մանուցյան


 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12